Cover Image
close this bookԵրեմյան Սուրեն Տիգրան (1908-1991)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.Տ. ԵՐԵՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.Տ. ԵՐԵՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Տիգրանի Երեմյանը ծնվել է 1908 թ. ապրիլի 10-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում: Տակավին տեղի ռուսական դպրոցի վերջին դասարաններում դրսևորվեցին պատանի Երեմյանի պատմության և աշխարհագրության նկատմամբ ունեցած հակումները:
1928 թ. Ս. Երեմյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակադեմիկոս Հ. Մանանդյանի ղեկավարությամբ նա գրում է առաջին գիտական աշխատանքը` Անդրկովկասի առևտրական ուղիների մասին IV դարում`ըստ հռոմեական ճանապարհացույց “Պևտինգերյան քարտեզի”: 1931թ. նա մասնակցում է հին Վաղարշապատի պեղումներին:
Համալսարանն ավարտելուց հետո Ս. Երեմյանը 1932 թ.ընդունվում է ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան մասնաճյուղի կովկասագիտական ինստիտուտի ասպիրանտուրան: Գիտական ղեկավար է նշանակվում ակադեմիկոս Ն.Մառը: 1935 թ. երիտասարդ մասնագետի կյանքում նոր շրջան է սկսվում: Կովկասագիտության ինստիտուտի գիտաշխատող Ս. Երեմյանը գործուղվում է Լենինգրադ, սովետական պատմական գիտության խոշորագույն կենտրոններից մեկը` ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտ: Այստեղ, նույն տարում, նա հաջողու թյամբ պաշտպանում է “Քարթլիի (Արևելյան Վրաստանի) ֆեո դալական կազմավորումները մարզպանական շրջանում” թեմայով ատենախեսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրան հանձնարարվում է “ՍՍՀՄ պատմություն” բազմահատորյակի համար գրել Հայաստանի և Աղվանքի ամբողջական պատմության բաժինը` հնագույն շրջանից մինչև XI դարը: Դա երիտասարդ գիտաշխատողին վստահված պատասխանատու և միաժամանակ խիստ դժվարին գործ էր, քանի որ հրապարակի վրա դեռևս չկար Հայաստանի և Աղվանքի հին և միջնադարյան պատմության սիստեմատիկ մարքսիստական շարադրանքի որևէ փորձ: Ս. Երեմյանը հաջողությամբ իրականացնում է գիտական հանձնարարությունը, դրան կից ներկայացնելով նաև Հայաստանի և Կովկասի պատմական քարտեզները:
Ս. Երեմյանի մանկավարժական գործունեության սկզբնավորումը ևս կապվում է Լենինգրադի հետ: 1935 թ. սկսած նա հայ ժողովրդի պատմություն է ավանդում Լենինգրադի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետներում:
ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնա ճյուղի հրավերով 1941 թ. մարտին Ս. Երեմյանը Լենինգրադից տեղափոխվում է Երևան և իր կյանքն առմիշտ կապում Հայաստանի գիտությունների ակադեմիայի, նրա պատմության ինստիտուտի հետ: 1945 թվականին, երբ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում կազմակերպվում են առանձին բաժիններ, նա դառնում է հին և միջին դարերի (1964 թ.-ից` միջին դարերի, իսկ 1971 թ.-ից`հին դարերի) պատմության բաժնի վարիչը:
Ս. Երեմյանը 1953 թ. Մոսկվայում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` “Հին Հայաստանի ստրկատիրականհասարակարգը” թեմայով: Նույն տարում նա ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ և նշանակվում Պատմության ինստիտուտի դիրեկտոր (1953-1959թթ.): 1963 թ. Ս. Երեմյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակա դեմիկոս, 1965-1968 թթ. վարում ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարիպաշտոնը: Խորապես գիտակցելով հին և ժամանակակից արևելյան և եվրոպական լեզուների նշանակությունը հայագիտության և, մասնավորապես, հայոց պատմության ուսումնասիրության համար, նա գիտակազմակերպական պաշտոններ վարելիս, և առհասարակ, մեծ ջանքեր է թափում այդ լեզուներին տիրապետող երիտասարդ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այժմ հունարեն, ասորերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և այլ լեզուներին հիմնավորապես տիրապետող և սովետահայ պատմագրության մեջ առաջատար դեր կատարող մասնագետների մեծ մասը Ս. Երեմյանի հետևողական աշխատանքի շնորհիվ պատրաստված կադրեր են:
Հայաստան տեղափոխվելուց հետո էլ Ս. Երեմյանը շարունակեց մանկավարժական աշխատանքը: Նա հայ և վրաց ժողովուրդների պատմություն և պատմական աշխարհագրություն էր դասավանդում Երևանի պետ. համալսարանի, Խ. Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվ. ռուսական մանկավարժական ինստիտուտների տարբեր ֆակուլտետներում, Մարքսիզ-լենինիզմի երեկոյան համալսարանում: Խոշոր են Ս. Երեմյանի ծառայությունները հատկապես երիտասարդ գիտական կադրեր պատրաստելու գործում: Բավական է նշել, որ նա ղեկավարել և աճեցրել է երկու տասնյակից ավելի ասպիրանտներ ու նույնքան էլ դիսերտանտներ:
Ս. Երեմյանը ակտիվորեն մասնակցում էր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին: Նա որպես պատգամավոր մասնակցել է Հայաստանի կոմունիստական կուսակ ցության XVII համագումարի աշխատանքներին: Որպես տերմինաբանական կոմիտեի, բազմաթիվ գիտական խորհուրդների անդամ, Հայաստանի գրքասերների ընկերության նախագահ, Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ, իր գործուն մասնակցությունն է բերել հանրապետության հասարակական և մտավոր կյանքին:
Կուսակցությունը և կառավարությունը բարձր են գնահատել Ս. Երեմյանի ծառայությունները: Պատմական գիտության ասպարեզում բեղմնավոր գործունեության համար նա պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, “Պատվո նշան” շքանշաններով և մի շարք մեդալներով:
Հայագիտական փայլուն կրթությունը, հին ու նոր վրացերենի հիմնավոր իմացությունը, կովկասագիտական խոր գիտլիքներն այն ամուր հիմքը հանդիսացան, որը հնարավորություն տվեց Ս. Երեմայանին ծանրակշիռ ներդրում կատարել սովետահայ պատմագրության, հին ու միջին դարերի պատմության պրոբլեմների գիտական մշակման գործում:
Լայն և ընդգրկուն են Ս.Երեմյանի գիտական հետաքրքրությունների շրջանակները: Նրան հավասարապես զբաղեցնում են հայ ժողովրդի կազմավորումից մինչև ուշ միջնադար հասնող ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմության, հայ-վրացական, հայ-բյուզանդական հարաբերությունների, կովկասագիտության, Հայաստանի և Կովկասի պատմական աշխարհագրության ու քարտեզագրության խնդիրները:
Իր գիտական գործունեության ընթացքում Ս. Երեմյանը ավելի քան երեք տասնամյակ հետազոտում և իր հետաքրքրությունների կենտրոնում է պահում հայ ժողովրդի ծագման ու կազմավորման բարդ խնդիրը: Հենվելով հայագիտության նվաճումների վրա, նա գիտականորեն հիմնավորված տեսակետ զարգացրեց հայ ժողովրդի կազմի մեջ որպես նրա բաղադրիչ մասեր մտած գլխավոր էթնիկական`տեղական և եկվոր տարրերի աշխարհագրական տարածվածության և միավորման վերաբերյալ: Նա առաջ քաշեց և հիմնավորեց այդ պրոցեսի չորս փուլերի տեսությունը, փուլեր, որոնք հետևողականորեն կապվում էին Հայկական լեռնաշխարհի չորս շրջանների` Հայասայի, Արմե-Շուպրիայի, Վանա լճի ավազանի և, վերջապես, Արարատյան դաշտի հետ: Ս. Երեմյանի հետազոտությունները գալիս են ճշտելու և ըստ ամենայնի արժեքավորելու այն ցեղերի ու ցեղային միությունների տեղն ու դերը, որոնց միավորումը հանգեցրեց Հայկական լեռնաշխարհում առաջին ժողովրդի` հայ ժողովրդի առաջացմանը: Նա ապացուցեց, որ հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ (ավտոխտոն) ժողովուրդ են:
Ս.Երեմյանի վաստակը մեծ է նաև հին Հայաստանի հասարակական կարգի, նրա բնույթը հետազոտելու ասպարեզում: Տակավին 1930-ական թթ. վերջերինՍ. Երեմյանը, հենվելով հայ պատմագրության նվաճումների և այդ շրջանում հին արևելյան հասարակությունների ստրկատիրական բնույթի մասին սովետական պատմագրության մեջ տիրապետող դարձած տեսության վրա, նոր տեսակետ մշակեց հին Հայաստանի հասարակարգի մասին: Նա նախաֆեոդալական Հայաստանի գյուղատնտեսության, արհեստների, առևտրի, առևտրական ուղիների և այլ հարցերի համակողմանի լուսաբանման հիման վրա ներկայացրեց հին Հայաստանի տնտեսության ամբողջական պատկերը: Ս. Երեմյանը բացահայտեց մասնավորապես արևելյան ստրկատիրական համակարգերին հատուկ և նախաֆեոդալական Հայաստանում մեծ կշիռ ունեցած գյուղական համայնքի էությունը, ցույց տվեց, որ Հայաստանում լայն տարածումգտած դաստակերտներն ու ագարակները սեփականատիրական տնտեսություններ են եղել, ուր լայնորեն կիրառվել է ստրուկի աշխատանքը: Նա ըստ ամենայնի անդրադարձավ Հայաստանի պետական կառուցվածքի հարցերին. այստեղ նույնպես արտահայտվել է հին Հայաստանի ստրկատիրական բնույթը: Հատկապես “Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը” դոկտորական դիսերտացիայում և մյուսաշխատություններում Ս. Երեմյանն ավելի խորացրեց ու հիմնավորեց իր նոր տեսությունը: Դրանով նա որոշակի ու հիմնավոր կերպով սահմանազատեց հին Հայաստանի հասարակարգը միջնադարյան, ֆեոդալական հասարակարգից:
Այսպիսով, սովետական պատմագրության մեջ առաջին անգամ ակադեմիկոս Ս. Երեմյանը խիզախեց դուրս գալ նախնադարյան համայնական կարգերից ուղղակի ֆեոդալական հասարակարգին անցնելու հայ պատմագրության մեջ արմատացած ուղուց և հին արևելյան ու հելլենիստական երկրների պատմության ընդհանուր հետնախորքի վրա գիտականորեն հիմնավորեց հին Հայաստանի համակարգի ստրկատիրական բնույթը:
Այս սկզբունքորեն կարևոր պրոբլեմի բնական շարունակությունը հանդիսացան Հայաստանում ֆեոդալիզմի ծագման խնդրին նվիրված Ս. Երեմյանի ուսումնասիրությունները: Հայ պատմագրության մեջ ֆեոդալական հարաբերությունների ձևավորման հարցը տևականորեն հարուցել է տարակարծություններ ու վեճեր: Ակադեմիկոս Ս. Երեմյանը ֆեոդալիզմի առաջացումը կապեց ստրկատիրական հասարակարգի ճգնաժամի հետ և ցույց տվեց, որ մեր թվարկության III-IV դդ. Հայաստանում ֆեոդալական արտադրաեղանակը վերջնական հաղթանակ էր տարել: Նա շեշտում էր նաև այն հանգամանքը, որ ստրկատիրության ընդերքում, մ.թ. առաջին դարերից սկսած, հայ հասարակության զարգացումն ընթացել է ֆեոդալական տարրերի աստիճանական հանդես գալով և աճով: Խոսելով երկրի ֆեոդալականացման պրոցեսի մասին, նա միաժամանակ նշում է, որ Հայաստանի ծայրամասային նահանգներում, որտեղ ստրկությունը թույլ էր արտահայտ ված, նախնադարյան-համայնական հասարակարգը և շահագործման նահապետական ձևերն ուղղակիորեն փոխարինվում են վաղ ֆեոդալական ձևերով: “Հասարակության զարգացումը, - գրում է Ս. Երեմյանը,- այստեղ` ընթացել է ուղիղ ճանապարհով` նախնադարյան համայնական հասարակար գից դեպի ֆեոդալիզմը”:
Հայ ժողովրդի միջնադարյան շրջանի կարևոր, առանցքային պրոբլեմներից է ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության պարբերացումը: Հայ բուրժուական պատմագրությունը ֆեոդալիզմը դիտել է ոչ թե որպես արտադրության որոշակի եղանակ, այլ քաղաքական-իրավական կազմակերպության որոշակի ձև: Մեթոդոլոգիական նման սխալ դիրքերից մոտենալով, բնականաբար, նրան չի հաջողվել նաև գիտական մեկնություն տալ սույն պրոբլեմին:
1940-ական թթ. սովետահայ պատմագրության մեջ ակտիվ բանավեճ սկսվեց Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության պարբերացման հարցի շուրջ: Հանրապետական և միութենական գիտական ամսագրերում տպագրվեցին իրարամերժ բազմաթիվ հոդվածներ: Ս. Երեմյանը 1951 թ. “Вопросы истории” կենտրոնական ամսագրում հրատարակեց “Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության պարբերացման փորձ” համեստ խորագիրը կրող հոդվածը: Գիտական լուրջ հետաքրքրություն ներկայացնող այս հոդվածում ֆեոդալական հասարակարգի սկզբնավորումը Հայաստանում դիտվում է III-IV դարերից և հասցվում է մինչև XIX դարը: Ս. Երեմյանի մշակած պարբերացման համաձայն Հայաստանում ևս ֆեոդալական հասարակությունը անցել է երեք հիմնական պատմական փուլ`վաղ ֆեոդալիզմը, որն ընդգրկում է IV-IX դդ., զարգացած ֆեոդալիզմը` IX-XIV դդ. և ֆեոդալիզմի վայրէջքի կամ, հեղինակի խոսքով ասած, ֆեոդալիզմի քայքայման ժամանակաշրջանը` XIV-XVIII դդ.: Հեղինակը միջնադարյան Հայաստանի ֆեոդալիզմի ընդհանուր պատմությանը հատուկ երեք հիմնական դարաշրջաններն իրենց հերթին բաժանում է առանձին ենթափուլերի և տալիս դրանց բնորոշ կողմերն ու առանձնահատկությունները: Ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության պարբերացման Ս. Երեմյանի մշակած ուրվագիծն ընդունվեց ու ճանաչում գտավ:
Ակադեմիկոս Ս. Երեմյանի գիտական ստեղծագործության մեջ էական տեղ է գրավում նաև հին և միջնադարյան Հայաստանի քաղաքական պատմությունը: Հայաստանի և Անդրկովկասի պատմության ընդհանուր շարադրանքի ընթացքում քաղաքական պատմության մեծ ու փոքր բազմաթիվ հարցեր են դրվել ու լուծվել: Դրանք հիմք են հանդիսացել և դուռ բացել նոր հետազոտությունների համար, խթանել պատմագիտական միտքը: Նա գիտական պատշաճ մակարդակով բացա հայտել է վաղ հայկական շրջանի մ.թ.ա. VI դ.-մ.թ. առաջին դարերի պատմության, ինչպես V-VI դդ. Պարսկական տիրապետության տակ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի հարցերը, հայկական պետության վերականգնման, Բագրատունյաց ժամանակաշրջանի քաղաքական և մշակութային պատմության բազում էջեր:
Ս. Երեմյանի պատմագիտական հետազոտությունների հատկանշական կողմը համաշխարհային պատմական պրոցեսի ըմբռնումն է: Այս առումով նա Ն. Ադոնցի և Հ. Մանանդյանի գործի և ավանդների արժանավոր հետևորդն է:
Ճանաչված պատմաբանի գիտական վաստակի մի զգալի մասը դուրս է գալիս հայագիտության ոլորտից: Վրացերենի և Վրաստանի պատմության հիմնավոր իմացությունը հնարավորություն են ընձեռել անդրադառնալու վրացագիտության ու կովկասագիտության պրոբլեմներին: Ս. Երեմյանի հատկապես միջնադարի պատմությանը վերաբերող շատ աշխատություններում հանգամանալից քննվում է հայ և վրացի ժողովուրդների տնտեսական և մասնավորապես քաղաքական կապերն ու փոխազդեցությունները, իսկ որոշակի դարաշրջաններում` նրանց պատմական ճակատագրի ընդհանրությունը: Առանձնապես լավ է լուսաբանված հայ-վրացական համատեղ պայքարը` Հայաստանը սելջուկ-թուրքերի տիրապետությունից ազատագրելու գործում: Զաքարյանների մասին գիտական հետազոտություններում(“Յուրի Բոգոլյուբսկին ըստ հայկական և վրացական աղբյուրների”, “Լիպարիտ զորավարի հաջորդները և Դանիշմանյան պոհմի ծագման խնդիրը ”) և ուրիշ աշխատություններում բացահայտվում են հայ-վրաց-ռուսական, հայ- վրաց-բյուզանդական և այլ փոխհարաբերությունների բազմաթիվ հարցեր: Հայաստանի և Կովկասի պատմաաշխարհագրական և քարտեզագրական ուսումնասիրությունների մեջ, որտեղ նա հանդիսանում է եզակի մասնագետ, առավել մեծ չափով է փայլատակում Երեմյան-հետազոտողի տաղանդը:
Ս. Երեմյանի կազմած առաջին քարտեզները հրատարակվել են դեռևս 1931 թ.-ն, իսկ 1948-ին նրանք տեղ գտան ՍՍՀՄպատմության միջնակարգ դպրոցների ձեռնարկում: 1952 թ.”Հայ ժողովրդի պատմություն” դպրոցական դասագրքի հետ հրատարակվեց յոթ քարտեզից բաղկացած ատլասը: Ապա տարբեր հրատարակություններում, այդ թվում հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի տարբեր հատորներում, հրատարակվեցին բազմաթիվ քարտեզներ, որոնց ընդհանուր քանակը հասնում է ութ տասնյակի: Նրանցում ցույց է տրված հայ ժողովրդի,նրա պետական կազմավորումների զարգացման, տարածքային ու էթնիկական տեղաշարժերի ամեն մի փուլը` հնագույն ժամանակներից մինչև նոր շրջանը: Ս. Երեմյանի պատմական աշխարհագրությանը նվիրված աշխատանքների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում VIIդարի “Աշխարհացույցի” հետազոտությունը, որում կարծես թե բևեռանում են այս ճյուղում ունեցած նրա բացառիկ գիտելիքները: Հայ միջնադարյան գիտական մտքի մեծարժեք այդ հուշարձանը` VII դ. “Աշխարհացույցը” իր նշանակությամբ դուրս է գալիս հայ իրականության շրջանակներից: Ինչպես ցույց է տվել Ս. Երեմյանը, Եվրոպայում գիտության անկման շրջանում հայկական այդ հուշարձանը պահպանել է իր անտիկ շրջանի աշխարհագրության լավագույն ավանդները:
Բազմավաստակ գիտնականին հաջողվեց բացահայտել կարևոր այն իրողությունը, որ “Աշխարհացույցը ” տարբեր երկրների աշխարհագրական նկարագրության կամ աշխարհագրական ձեռնարկ չէ, ինչպես կարծել են ավանդաբար, այլ չպահպանված քարտեզների մի ամբողջ մատենաշարի`աշխարհի ատլասի բացատրագիր, որն այդպես էլ կոչվել է` “Աշխարհացույց”: Բացատրական այդ բնագրի միջոցով էլ Ս. Երեմյանը վերականգնում է անդարձ կորած քարտեզների ժողովածուն` ատլասը “Աշխարհացույց” անունով, ինչպես նաև VII դարի հայկական գլոբուսը: 1963 թ. լույս տեսած “Հայաստանը ըստ “Աշխարհացույց”-ի ” աշխատությունը դարձավ ոչ միայն պատմաբանների ու աշխարհագրագետների, այլև ազգագրագետների, լեզվաբանների, կենդանաբանների, բուսաբանների սեղանի գիրքը: Եթե Ս. Երեմյանը պատմության և բանասիրության ասպարեզում ունեցել է այնպիսի անվանի ուսուցիչներ, ինչպիսիք են Հ. Մանանդյանը, Ն.Մառը, Վ.Ստրուվեն, Հ. Օրբելին, Ի. Ջավախիշվիլին և ուրիշներ, ապա պատմական աշխարհագրության ասպարեզում ինքն է առաջինը ուղի հարթել և մեզանում դարձել գիտության այդ ճյուղի հիմնադիրը: Ս. Երեմյանը մշակել է գիտական հետազոտության պատմաքարտեզագրական մեթոդը, որը լայն ճանաչում է գտել սովետական պատմագրության մեջ: Սովետական Միության և արտասահմանյան հրատարակություններում տպագրված Ս. Երեմյանի քարտեզներն ընդհանուր ճանաչում են գտել և սովետահայ պատմական աշխարհագրությունն ու քարտեզագրությունը բարձրացրել համաշխարհային առաջավոր գիտության մակարդակի:
Երեմյան-գիտնականին բնորոշ է գիտության առաջընթացի ու մասնագիտացման մեր ժամանակներում խիստ արժեքավոր մի հատկանիշ: Նա հմտորեն հենվում և լայնորեն օգտագործում է պատմության օժանդակ գիտությունները: Ս.Երեմյանի հեղինակությամբ, խմբագրությամբ, առաջաբանով կամ կարծիքներով ու խորհուրդներով հրապարակվել են հնագիտության, ազգագրության, վիմագրության, դրամագիտության, բանագիտության, ինչպես նաև հայկական մշակույթի այլ մարզերին վերաբերող բազմաթիվ աշխատություններ:
Ակադեմիկոս Ս. Երեմյանի ուսումնասիրությունների գերակշռող մասը հրատարակվել է կոլեկտիվ, ընդհանրացնող աշխատություններում: ՍՍՀՄ ժողովուրդների պատմության բազմահատորյակում նա հանդես է եկել ոչ միայն որպես հին և միջնադարյան Հայաստանի, այլև հարևան ժողովուրների պատմության հեղինակ: Սովետահայ պատմագրության նվաճումներն ընդհանրացնող “Հայ ժողովրդի պատմության ” ակդեմիական հրատարակության ութհատորյակի առաջին և երկրորդ հատորների պատասխանատու խմբագիրը և հիմնական հեղինակներից է Ս. Երեմյանը: Նա գործուն մասնակցություն է ունենում սովետական հանրագիտարանների և հատկապես “Հայկական սովետական հանրագիտարան”-ի աշխատանքներին:
Ս. Երեմյանը ակտիվ մասնակցություն է բերում հայագիտական, բյուզանդագիտական, կովկասագիտական և արևելագիտական համամիութենական ու միջազգային շատ գիտաժողովների, ուր պատվով է ներկայացնում հայրենական պատմական գիտությունը:
Ամբողջովին գիտությանը նվիրվելը, իր հետաքրքրութունները, իր կյանքը միայն և միայն գիտության մեջ տեսնելու նրա վարքագիծը դաստիարակիչ օրինակ է հանդիսանում գիտության դռները բախող երիտասարդության և իր կրտսեր գրչակիցների համար: Գիտության էնտուզիաստի այդ խառնվածքը զուգակցվում է նրա անձնական հատկանիշներին` արտակարգ համեստությանը, բարյացակամությանը,շրջապատին օգնելու մշտական պատրաստակամությանը, երիտասարդ կադրերի նկատմամբ հոգատարությանը:
Սովետական նշանավոր պատմաբան Տ.Ս. Երեմյանի ավելի քան կեսդարյա գիտական ընդգրկուն ու բեղուն գործունեությունը և նրա անձնական հատկանիշները դառնում են այն խորը հարգանքի հիմքը, որ նրա նկատմամբ տածում է մեր մտավորականությունը և ողջ հասարակությունը: