Cover Image
close this bookՆալբանդյան Արամ Բագրատի (1908-1987)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արամ Բագրատի Նալբանդյանը ծնվել է 1908 թ. հունվարի 1-ին Ղարաքիլիսայում (ներկայումս՝ Կիրովական), ծառայողի ընտանիքում։ 1926 թ. ավարտել է Կիրովականի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Այն ավարտելուց հետո աշխատել է համալսարանում որպես ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։ 1931 թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադում)։ Նրա գիտական ղեկավարն էր ակադեմիկոս Ն.Ն. Սեմյոնովը։ 1935 թ. Ա.Բ. Նալբանդյանը հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գտնվելով էվակուացման մեջ Կազան քաղաքում, նա բեղմնավոր գիտական հետազոտություններ է կատարում պայթուցիկ նյութերի ստացման և նրանց հատկությունների ուսումնասիրման բնագավառում։
1943 թ. Ա.Բ. Նալբանդյանին շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1947 թ.՝ պրոֆեսորի կոչում։
1957 թ. Ա.Բ. Նալբանդյանը գլխավորում է ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիան Մոսկվայում, 1959 թ., շարունակելով ղեկավարել նշված լաբորատորիան, կազմակերպում է ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիան Երևանում։ 1960 թ. նա ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1963թ.՝ ակադեմիկոս։
1967 թ. Ա.Բ. Նալբանդյանը տեղափոխվում է Երևան և նշանակվում Քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն։ Նույն թվականին նա ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտողար և ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ։ 1975 թ. լաբորատորիան վերակազմվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, որի անփոփոխ տնօրենը մինչև իր կյանքի վերջը Ա.Բ. Նալբանդյանն էր։
Նա ավելի քան 400 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են ինչպես Միության տարբեր ամսագրերում, այնպես էլ արտասահմանում։ Նրա գրչին են պատկանում նաև 5 մենագրություններ։
Առաջին իսկ աշխատանքներից ի հայտ է գալիս Ա.Բ. Նալբանդյանի փորձարարական տաղանդը, նրա արտասովոր նպատակասլացութունը, երևույթի մեջ գլխավորը կռահելու կարողությունը, գիտության հանդեպ ունեցած մեծ սերը, բացառիկ պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ։
Ա.Բ. Նալբանդյանի գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված էին ճյուղավորված շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրության հետ։
1931-1950 թթ. ժամանակահատվածում Ա.Բ. Նալբանդյանի հետազոտությունները նվիրված են եղել ջրածնի օքսիդացման մեխանիզմի հանգամանալից վերլուծությանը։ Այդ հետազոտությունների արժեքը կայանում էր ոչ միայն փորձառական հարուստ փաստերի ստացման, այլ նաև նրանց մանրակրկիտ տեսական մշակման մեջ։ Աշխատանքը ամբողջությամբ դարձավ ճյուղավորված շղթաների տեսության փայլուն հաստատումը, որի հիմնադրույթներն առաջին անգամ ձևակերպել էր Ն.Ն. Սեմյոնովը 30-ական թվականների սկզբներին։
Ըստ ակադեմիկոս Վ.Ն. Կոնդրատևի, Ա.Բ. Նալբանդյանն առաջիններից մեկն էր, ով փորձնականորեն ապացուցեց, որ ճյուղավորված շղթայական ռեակցիաների բնորոշ հատկանիշը նրանց զգայունությունն է քիմիապես ակտիվ նյութերի չափազանց աննշան ավելացումների նկատմամբ։ Ածխածնի օքսիդի և ջրածնի այրման դեպքում այդպիսի ակտիվ հավելուրդներ են ջրածնի դոնոր հանդիսացող միացությունները։ Ջրածնի և ածխածնի օքսիդի բոցավառման սահմանի վրա նրանց ազդեցության փաստը օգտագործվեց որպես ածխաջրածինների ու նրանց ածանցյալների մոլեկուլների և ջրածնի ու թթվածնի ատոմների միջև ընթացող տարրական ռեակցիաների արագությունները որոշելու մեթոդ։ Այդ պարզ և նուրբ կինետիկական մեթոդը, որ առաջին անգամ առաջարկել էր Վ.Վ. Վոյևոդսկին, հետագայում զարգացվեց Ա.Բ. Նալբանդյանի և նրա աշխատակիցների (Վ.Վ. Ազատյան և մյուսներ) կողմից։ 1960 թ. սկսած այդ մեթոդով որոշվեցին թթվածնի ու ջրածնի ատոմների և մի ամբողջ շարք ածխաջրածինների, սպիրտների և այլ միացությունների միջև ընթացող տարրական ռեակցիաների արագությունների հաստատունները։ Հետազոտությունների այս շարքը ուղղակիորեն առնչվում է մոլեկուլների կառուցվածքի և ռեակցիոն ունակության միջև եղած կապի հարցերի հետ։ Այն մեծ նշանակություն ունի նաև վառելանյութային խառնուրդների տեսության և պրակտիկայի համար։
Ա.Բ. Նալբանդյանի վերջին աշխատությունը՝ «Մագնիսական ռեզոնանսը գազերում», գրված Յու.Մ. Գերշենզոնի և Վ.Բ. Ռոզենշտեյնի հետ համատեղ (1987 թ.), նվիրված է բարձր և գերբարձր լուծելիության սպեկտրոսկոպիայի և գազերում մագնիսական ռեզոնանսի (ԷՊՌ և ԼՄՌ) տեխնիկայի ֆիզիկական հիմունքների շարադրմանը։
Ա.Բ. Նալբանդյանը վերջնականապես հաստատել է շառաչող խարնուրդի բոցավառման ներքին սահմանի միանշանակ ֆունկցիոնալ կախումը ռեակցիոն անոթի մակերեսի ֆիզիկաքիմիական հատկություներից. այդ անոթի մակերեսի վրա է տեղի ունենում ակտիվ կենտրոնների ադսորբցիան, որը հանգեցնում է ռեակցիոն շղթաների խզմանը։ Ռեակցիոն անոթի բնույթից և մակերեսի մշակման եղանակից ներքին սահմանի վիճակի կախման մասին Ա.Բ. Նալբանդյանի հետազոտությունները ապացուցեցին շղթաների հետերոգեն ընդհատման գոյության փաստը։ Նա ապացուցեց նաև արծաթյա անոթում ցածր ջերմաստճանային բոցավառման առկայությունն ու որոշեց նրա ներքին սահմանը։ Այդ արդյունքը առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ արծաթյա անոթում բոցավառման բացակայությունը երկար ժամանակ եղել է ջրածնի այրման շղթայական տեսության արգելքներից մեկը։ Ա.Բ. Նալբանդյանին հաջողվեց փոքրացնել խառնուրդը ռեակցիոն անոթ ներմուծելու ժամանակը, հասցնելով այն 0,02 վրկ-ի, և դիտել բռնկումը ինչպես այդ անոթում, այնպես էլ այլ նյութերից պատրաստված ռեակտորներում։
Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում պատի վրա շղթայի ակտիվ կենտրոնի մահվան հավանականության թվային արժեքների որոշումը Ա.Բ. Նալբանդյանի կողմից։ Ցույց է տրվել, որ ոչ մետաղյա պատից ակտիվ կենտրոնի անդրադարձման հավանականությունը բարձր ջերմաստիճանում խիստ մեծ է և կախված է մակերեսի վիճակից։ Այդ տեսակետից առանձնապես ակնառու են այն փորձերը, որոնք ցույց են տալիս ռեակցիոն խառնուրդը իներտ գազով նոսրացնելու ազդեցությունը բոցավառման սահմանի վրա։
Մակերեսի ակտիվ կենտրոնների անկման վերաբերյալ Ա.Բ. Նալբանդյանի ուսումնասիրությունների գեղեցիկ եզրափակումը հանդիսացավ ճյուղավորված շղթայական պրոցեսների ղեկավարման կարևորագույն հարցի լուծումը։
Ա.Բ. Նալբանդյանը իր աշխատանքներում չէր սահմանափակվում միայն ռեակցիան տանող ակտիվ կենտրոնների մահվան երևույթի մանրակրկիտ վերլուծությամբ։ Նույնքան հանգամանորեն նա ուսումնասիրության է ենթարկում առաջնային ակտիվ կենտրոնների բնույթի և դերի հարցը։ Թթվածնի ջրածնի հավելուրդների ազդեցության ուսումնասիրությունը և հետազոտման ֆոտոքիմիական մեթոդների օգտագործումը նրան հնարավորություն տվեցին ղեկավարելով ռեակցիայի սկզբնային կենտրոնների կոնցենտրացիան, անցկացնել ջրածնի օքսիդացման ռեակցիայի մեխանիզմի բազմակողմանի կինետիկական վերլուծություն։
Ստացված մեծածավալ էքսպերիմենտալ և տեսական նյութերը Ա.Բ. Նալբանդյանը, Վ.Վ. Վոյեվոդսկու հետ համատեղ, 1949 թվին ամփոփեց «Ջրածնի օքսիդացման և այրման մեխանիզմը» մենագրության մեջ, որը 1952 թ. արժանացավ Դ.Ի. Մենդելեևի անվան մրցանակի։ Աշխատանքների այս շարքը անգլիացի ականավոր գիտնականներ Լյուիսը և Էլբեն իրենց «Այրումը, բոցը և պայթյունները գազերում» նշանավոր մենագրության մեջ գնահատեցին որպես հիանալի աշխատանք։
Լայն ճանաչում են գտել Ա.Բ. Նալբանդյանի հետազոտությունները ածխաջրածինների օքսիդացման բարդ շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի բնագավառում։ Քիմիական այդ փոխարկումները, որոնք, ինչպես հայտնի է, ընթանում են վերասերված ճյուղավորման մեխանիզմով, խիստ կարևոր են արդյունաբերության համար։ Չնայած այս պրոբլեմի նկատմամբ գոյություն ունեցող մեծ հետաքրքրությանը ամբողջ աշխարհում, գիտնականներին երկար ժամանակ չէր հաջողվում որոշել նույնիսկ պարզագույն ածխաջրածինների օքսիդացման հաստատորոշ մեխանիզմը։ Պատճառն ամենից առաջ այն էր, որ ածխաջրածինների օքսիդացման ռեակցիայի հարուցման համար պահանջվում էին համեմատաբար բարձր ջերմաստիճաններ, որոնց դեպքում միջանկյալ նյութերի (ալդեհիդներ, գեր օքսիդներ, սպիրտներ) մեծ մասը անկայուն է և ռադիկալների ու ատոմների հետ փոխազդեցության մեջ մտնելիս հեշտութամբ քիմիական փոխարկման է ենթարկվում։ Ա.Բ. Նալբանդյանը առաջին անգամ կիրառեց գազային վիճակում գտնվող պարզագույն ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների ֆոտոքիմիական հարուցման մեթոդը։ Դա հնարավորություն տվեց օքսիդացման ջերմաստիճանն իջեցնել ընդհուպ մինչև սենյակայինը և այդպիսով ուսումնասիրել պրոցեսի մեխանիզմը, որը բարդացված չէ երկրորդային ռեակցիաներով։ Այժմ զգայունացված (սնդի կի գոլորշիներով, ամյակով և այլն) ֆոտոքիմիական հարուցման մեթոդը լայնորեն կիրառվում է ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանուն։ Այս հետազոտությունները նպաստեցին գազային փուլում գտնվող ածխաջրածինների բարձրջերմաստիճանային օքսիդացման շատ օրինաչափությունների և յուրահատկությունների ըմբռնմանը։
Բնական գազի օքսիդացման մեխանիզմի ուսումնասիրությանը նվիրված Ա.Բ. Նալբանդյանի աշխատանքների շարքն ավարտվեց մեթանի ուղղակի օքսիդացման միջոցով ֆորմալդեհիդ ստանալու արդյունաբերական եղանակի առաջարկմամբ, որի համար նրա ղեկավարած հեղինակաային կոլեկտիվը 1965 թ. արժանացավ ՍՍՀՄ ԺՏՆՑ-ի Ոսկյա մեծ մեդալին և ՍՍՀՄ ԳԱ նախագհության մրցանակին։ 1959 թ. լույս տեսավ «Ֆորմալդեհիդը ելանյութ է պլասմասսաների համար» գիտահանրամատչելի գիրքը, որը Ա.Բ. Նալբանդյանը գրել է իր աշակերտ, այժմ ակադեմիկոս Ն.Ս. Ենիկոլոպյանի համահեղինակությամբ։ Գրքում նկարագրված են ֆորմալդեհիդի ստացման մեթոդները, նրա հիմնական հատկություններն ու այլ նյութերի հետ նրա կարևորագույն ռեակցիաները, որոնք հանգեցնում են սինթետիկ խեժի և պլաստմասսաների առաջացմանը։
Ա.Բ. Նալբանդյանը հատուկ ուշադրություն էր դարձնում հետազոտությունների ֆիզիկական մեթոդների կիրառմանը՝ քիմիական բարդ պրոցեսների մեխանիզմի ուսումնասիրման և քիմիական ռեակցիաները վարող միջանկյալ ակտիվ մասնիկների նույնացման համար։ Էլեկտրոնային պարամագնիսային ռեզոնանսի (ԷՊՌ) մեթոդի լայն կիրառումը Ա.Բ. Նալբանդյանին և նրա աշխատակիցներին հնարավորություն տվեց թթվածնի հետ ջրածնի այրման նոսր բոցերում հայտնաբերելու թթվածնի ատոմների և հիդրոքսիլ ռադիկալների գերհավասարակշիռ կոնցենտրացիաներ։ Ածխածնի օքսիդի և թթվածնի խառնուրդի այրման նոսր բոցերում, ջրածնի տարբեր դոնորների առկայությամբ, հայտնաբերվել են ջրածնի, թթվածնի ատոմների և հիդրոքսիլ ռադիկալների մեծ կոնցետրացիաներ, գտնվել են նրանց կուտակման օրինաչափությունները՝ կախված ռեակցիոն համակարգի տարբեր պարամետրերից։
Ծծմբածխածնի, ածխածնի ծծմբօքսիդի, ծծմբաջրածնի, ծծմբի գոլորշիների նոսրացված բոցերում հայտնաբերվել են ազատ ատոմների և ռադիկալների մեծ կոնցենտրացիաներ։ Ա.Բ. Նալբանդյանը պարզաբանել է ջրածնի, ածխածնի օքսիդի և ծծմբածխածնի այրման մանրամասն մեխանիզմները։ Ուսումնասիրելու համար վերասերված-ճյուղավորված մեխանիզմով ընթացող ռեակցիաները, որոնցում ռադիկալների կոնցենտրացիաները անհնար է չափել գազային փուլում ԷՊՌ մեթոդով (նրանց փոքրության և ռադիկալների բազմատոմ կառուցվածքի պատճառով), ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում Ա.Բ. Նալբանդյանի ղեկավարությամբ և նրա անմիջական մասնակցությամբ մշակվել է ԷՊՌ սպեկտրոմետրի հետ զուգորդված նոր կինետիկական մեթոդ։ Նոր մեթոդը լայն կիրառություն ստացավ մեր երկրի և արտասահմանի տարբեր լաբորատորիաներում և թույլ տվեց առաջին անգամ ընդհուպ մոտենալ քիմիական ռեակցիաների տարրական ակտերի (շղթաների ծնման և խզման) ուսումնասիրությանը։ Այս մեթոդով որոշվել է շղթաների ծնման մեխանիզմը ջրածնի, ածխաջրածինների, ալդեհիդների, սպիրտների և այլ միացությունների, ինչպես նաև հալոիդ պարունակող մի շարք ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաներում։
Ա.Բ. Նալբանդյանի հետազոտությունների մի մեծ շարք նվիրված է վերասերված-ճյուղավորված շղթայական մեխանիզմով ընթացող օքսիդացման ռեակցիաների ընդարձակ դասի կինետիկային և մեխանիզմին։ Դրանց թվին է պատկանում C1 –C3 սահմանային ածխաջրածինների, ինչպես նաև ալդեհիդների օքսիդացումը։ Վերջիններիս օքսիդացումը դիտվեց ինչպես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմում նրանց՝ որպես ռեակցիայի միջանկյալ նյութերի դերի բացահայտման տեսանկ յունով, այնպես էլ համապատասխան օրգանական թթուների և գերթթուների նպատակաուղղված սինթեզման պրոցեսի ստեղծման նպատակով։
Ա.Բ. Նալբանդյանի աշխատանքների արժեքն այն է, որ կինետիկական հետազոտությունները իրականացվել են ոչ միայն ռեակցիայի միջանկյալ և վերջնական նյութերի, այլ ազատ ռադիկալների մակարդակով։ Պարաֆինային ածխաջրածինների թերմիկ և ֆոտոքիմիական օքսիդացման գազաֆազային ռեակցիաներում նույնացվել են ազատ ռադիկալները (ալկիլ- և հիդրոգերօքսիդային, ալկոքսիլային և այլն), որը հաստատեց այդ ռեակցիաների շղթայական ռադիկալային բնույթը։ Հետազոտման տվյալները թույլ տվեցին նաև ազատ ռադիկալների մակարդակով բացատրել պարաֆինային ածխաջրածինների օքսիդացման փորձնականորեն դիտարկվող կինետիկական օրինաչափությունները։
Ա.Բ. Նալբանդյանի ուսումնասիրություններով հայտնագործվել է օրգանական գերօքսիդների գոլորշիների՝ պինդ մակերևույթի վրա ռադիկալային քայքայման և ռադիկալների գազային փուլ դուրս գալու հետևանքով շղթաների հետերոգեն ճյուղավորման երևույթը։ Ընդ որում, Ա.Բ. Նալբանդյանին հաջողվել է ոչ միայն ի հայտ բերել և հետազոտել հետերոգեն գործոնների կարևոր դերը օքսիդացման պրոցեսում, այլև օգտագործել գերօքսիդային միացությունների հետերոգեն տրոհումը որպես հարուցող մասնիկների աղբյուր՝ թթվածին պարունակող, բարձր սելեկտիվության արժեքավոր օրգանական միացությունների ստացման պրոցեսի իրականացման համար։
1960-1980 թթ. ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքները, որոնք կապված են ԷՊՌ-ի հետ զուգակցված՝ ռադիկալների սառեցման կինետիկական մեթոդի նկարագրման և օգտագործման հետ, ամփոփված են Ա.Բ. Նալբանդ յանի և Ա.Հ. Մանթաշյանի 1975 թ. լույս տեսած «Տարրական պրոցեսները դանդաղ գազային ռեակցիաներում» և Ա.Բ. Նալբանդյանի ու Ի.Ա. Վարդանյանի «Օրգանական միացությունների գազաֆազային օքսիդացման պրոբլեմի ժամանակակից վիճակը» (1986 թ.) մենագրությունների մեջ, որոնցից առաջինը արժանացել է 1977 թ. գիտության և տեխնիկայի բնագավառում ՀՍՍՀ Պետական մրցանակի։
1972 թվականից ՀՍՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում Ա.Բ. Նալբանդյանի և Ա.Գ. Մերժանովի նախաձեռնությամբ զարգանում է գիտական հետազոտությունների նոր՝ դժվարահալ միացությունների բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի ուղղությունը։ Մշակվել են մի մեծ շարք դժվարահալ անօրգանական միացությունների ստացման արդյունաբերական տեխնոլոգիաներ, որոնք լայն կիրառություն են գտել և կգտնեն կարծր համաձուլվածքների արդյունաբերության մեջ, բարձր ջերմաստիճանային տեխնիկայում և ժողովրդական տնտեսության այլ բնագովառներում։ Այդ աշխատանքի հիման վրա 1979 թ. Կիրովականի բարձր ջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում տնտեսական մեծ էֆեկտով ներդրվեց մոլիբդենի երկսիլիցիդի ստացման տեխնոլոգիան։
Գիտակցելով կատալիտիկ պրոցեսների կինետիկայի և մեխանիզմի բնագավառում հետազոտությունների կարևորությունը,Ա.Բ. Նալբանդյանը կյանքի վերջին տարիներին կազմակեր պեց կինետկայի և կատալիզի լաբորատորիա։ Հետազոտությունների թեման ընդգրկեց գազային և հեղուկ փուլերի օրգանական միացությունների նպատակաուղղված փոխարկման նոր կատալիզատորների մշակումը և այդ պրոցեսների կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրությունը։ Ազատ ռադիկալների մակարդակով կատալիտիկ ռեակցիաների ուսումնասիրությունը լաբորատորիայի համար դարձավ բնորոշ ուղղություն, որով նա հատուկ տեղ գրավեց ՍՍՀՄ գիտական կենտրոնների համանման լաբորատորիաների շարքում։
Ա.Բ. Նալբանդյանը մասնավորապես ուսումնասիրեց CH3OH-ի արծաթե կատալիզատորի վրա արդյունաբերական տեսակետից կարևոր օքսիդացման ռեակցիաների մեխանիզմի կինետիկական օրինաչափությունները, ինչպես նաև C3H6-ի օքսիդացումը մի շարք օքսիդային համակարգերի վրա։ Նա առաջինը ցույց տվեց ռադիկալների դերը արծաթե կատալիզատորի վրա ֆորմալդեհիդի առաջացման և պրոպիլենի կատալիտիկ օքսիդացման ռեակցիայի նյութերի գոյացման մեջ։
Ա.Բ. Նալբանդյանը ըստ արժանվույն էր ներկայացնում սովետական գիտությունը արտասահմանում՝ մասնակցելով և զեկուցումներով հանդես գալով բազմաթիվ միջազգային գիտաժողովներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիա յում, ԳՖՀ-ում, ԳԴՀ-ում, Բուլղարիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Հունգարիայում, Ռումինիայում և այլուր, լայնորեն պրոպագանդելով ՀՍՍՀ ԳԱ և ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտների գիտական կոլեկտիվների նվաճումները։ Կանադայի 9 քաղաքներում նա դասախոսությունների մի ամբողջ շարք է կարդացել։ 1973 թ. Ա.Բ. Նալբանդյանը հրավեր է ստանում Գյոթինգենի համալսարանում որպես Գաուս-պրոֆեսոր դասախոսություններ կարդալու համար։
1979 թ. Ա.Բ. Նալբանդյանը Նյու Յորքի ազգային ակադեմիայի անդամ էր։
Նա մեծ երախտիք ունի կադրերի պատրաստման գործում։ Մոսկվայում և Երևանում Ա.Բ. Նալբանդյանի ղեկավարությամբ թեկնածուական դիսերտացիա են պաշտպանել ավելի քան 50 հոգի, որոնցից շատերը այժմ արդեն դոկտորներ են։
Ա.Բ. Նալբանդյանը գիտահասարակական մեծ աշխատանք էր կատարում. նա «Հայկական քիմիական ամսագրի» գլխավոր խմբագիրն էր, «Քիմիական ֆիզիկա» ամսագրի և «Օքսիդացման պրոբլեմները» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիա ների, «Հայկական սովետական հանրագիտարանի» խմբագրական կոլեգիայի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պետական մրցանակներ շնորհող կոմիտեի անդամ էր։ Գիտության կազմակերպման բնագավառում Ա.Բ. Նալբանդյանի ակտիվ գործունեությունը բացահայտվեց նաև ՀՍՍՀ ԳԱ քիմիական (այժմ՝ քիմիական և երկրաբանական) գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի պաշտոնում։
Նա ակտիվորեն պաշտպանում և պրոպագանդում էր նոր նվաճումները քիմիական գիտությունների ասպարեզում։ Նրա նախաձեռնությամբ բաժանմունքի ինստիտուտներում լայնորեն ծավալվեցին հետազոտական աշխատանքները։ Այսպես օրինակ՝ նա մեծ օգնություն ցույց տվեց սիլիցիդի երկօքսիդի, արհեստական վոլոստանիդի ստացման պրոցեսի մշակման և ներդրման ընթացքում։
Ա.Բ. Նալբանդյանի գիտական գործունեությունը մեծ ճանաչում է գտել և ըստ արժանվույն գնահատվել։ Գիտության զարգացման բնագավառում ակնառու ներդրման համար Ա.Բ. Նալբանդյանը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։