Cover Image
close this bookՍեյրանյան Ալեքսանդր Պարույրի (1947-)
View the documentՍ. Ա. ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ԳԱԱ սփյուռքի բաժինը շարունակում է «Գիտություն» թերթի միջոցով ներկայացնել ԳԱԱ արտասահմանյան անդամներին՝ հայազգի նշանավոր գիտնականներին, ովքեր մեծ ավանդ ունեն Հայաստան-սփյուռք գիտական կամրջի ամրապնդման գործում: Այսօր մեր խորագրի հյուրն է Ալեքսանդր Սեյրանյանը:
Ա. Սեյրանյանը ծնվել է 1947 թ. փետրվարի 15-ին Մոսկվայում: Այդ տարիներին նրա հայրը՝ Պարույր Սեյրանյանը, ուսանում էր ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին կից Մոսկվայի հասարականան գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո Պարույր Սեյրանյանը պաշտպանեց գիտական թեզը՝ «Ղարաբաղի միացումը Ռուսաստանին» թեմայով:
1949 թ., վերադառնալով Հայաստան, նա զբաղեցրեց Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փոխռեկտորի պաշտոնը, իսկ ապա՝ ռուսական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:
Ալեքսանդր Սեյրանյանի մանկությունը և պատանեկությունը անցել են Հայաստանում: Նա սովորել է Երևանի Կիրովի անվան N 12 դպրոցում, որը գերազանցությամբ ավարտել է 1965 թվականին: 1965 թ. երիտասարդ Սեյրանյանը ճանաչվեց ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հաղթող և համամիութենական ֆիզիկայի օլիմպիադայի մրցանակակիր: Ի դեպ, մանուկ հասակից նա հետաքրքրվում էր ավիամոդելիզմով:
1965 թ. Ա. Սեյրանյանն անհատական հրավեր ստացավ՝ ուսանելու Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ավարտելով այն, նա աշխատանքի անցավ Ն.Ե. Ժուկովսկու անվան աերոդինամիկայի կենտրոնական ինստիտուտում, որպես հետազոտող-ճարտարագետ: 1973 թ. Ալեքսանդր Սեյրանյանն ընդունվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ և (հետագայում ակադեմիկոս) Ֆ. Լ. Չեռնաուսկոյի գիտական ղեկավարությամբ ավարտեց ու 1977թ. պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Задачи оптимизации конструкций при наличии нескольких ограничений» թեմայով: 1976 թվականից մինչ 1991 թ. նա աշխատել է մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում:
1991-92 թթ. Ալեքսանդր Սեյրանյանն աշխատել է դանիական տեխնիկական համալսրանում՝ հրավիրյալ դասախոսի կարգավիճակով: 1993թ.-ից Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտում առաջատար գիտաշխատող է: Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտում շուրջ 15 տարի Ալեքսանդր Սեյրանյանը կարդում է հատուկ դասընթաց «Устойчивость и катастрофы в механических системах»թեմայով: Նա նույն դասընթացը կարդացել է այնպիսի առաջատար համալասարաններում, ինչպիսիք են՝ դանիական տեխնիկական համալսարանը և Օլբորգսի համալսարանը (Դանիա), Դալյանի տեխնոլոգիական համալսարանը (ԿԺՀ), Հռոմի և Ակվիլ քաղաքի համալսարանները (Իտալիա), Ռիո դե Ժանեյրոյի տեսական և կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը:
Սեյրանյանը 150 գիտական աշխատանքների հեղինակ է (որից 5-ը՝ մենագրություն) և մեծ ներդրում ունի կայունության և կատաստրոֆաների (աղետների) տեսության զարգացման մեջ:
Արժեքավոր են նրա «Կառուցվածքային կայունության ժամանակակից հիմնահարցերը», «Բազմաչափ կայունության տեսությունը մեխանիկայում ունեցած կիրառությամբ» գիտական աշխատությունները;
Նրա գիտական մի շարք ուսումնասիրություններ արժանացել են համաշխարհային ճանաչման:
1995 թ. Ալեքսանդր Սեյրանյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի անդամ, 1994 թ. նշանակվել է Դալյանի տեխնոլոգիական համալսարանի ազգային լաբորատորիայի պատվավոր խորհրդական, իսկ 1995 թ.՝ կոնստրուկցիաների օպտիմալ նախագծման միջազգային ընկերության հիմնադիր անդամ:
1998 թ. ընդգրկվեց «Տեսական և կիրառական մեխանիկա» (Հարավսլավիա), 2004 թ.՝ «Կառուցվածքային բազմաճյուղային նպատակահարմարեցման հանդես» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի կազմում, իսկ 2009 թ.՝ Հայաստանում տպագրվող «Մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդում:
1995 թ. Սեյրանյանն Ամերիկյանն գիտական ֆոնդի և ՆԱՏՕ-ի համատեղ դրամաշնորհի շրջանակներում դասախոսությունների շարք կարդաց ու գիտական հետազոտություններ իրականացրեց ամերիկյան գիտնականների հետ Ռ. Կուրանտի անվան մաթեմատիկական ինստիտուտում (Նյու Յորքի համալսարան), Միչիգանի համալսարանում, Հյուսթոնի Ռաիս համալսարանում, Մերիլենդ և Յուտա նահանգների համալսարաններում:
2001 թ. Սեյրանյանը Իտալիայի մեխանիկայի միջազգային կենտրոն համարվող Ուդինե քաղաքում կազմակերպեց կայունության տեսություն ժամանակակից ձեռքբերումների մասին դասընթաց: 2002թ. նա ստացավ «Էլսևիեր» հրատարակչության մրցանակ՝ լավագույն աշխատանքի համար:
Ա. Սեյրանյանը միջազգային դրամաշնորհների շրջանակներում հետազտություններ է կատարել Ճապոնիայում (2005) և Կորեայում (2007):
Ա. Սեյրանյանը դասախոսությունների շարք է ունեցել Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Բրազիլիայում:
Հայաստանի Հանրապետության գիտություների ազգային ակադեմիան բարձր գնահատելով Ա. Սեյրանյանի ներդրումը մեխանիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցությունը Հայաստանի գիտական շրջանակների հետ, 2008 թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ալեքսանդր Սեյրանյանը 2009 թ. այցելել է Հայաստան, մասնակցել ԳԱԱ ընդհանրուր ժողովին և հանդես եկել զեկույցով:
2010 թ. Ալեքսանդր Սեյրանյանը ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Սեյրանյանը մի շարք գիտական ամսագրերի գրախոս է. «Կիրառական մեխանիկա», «Մեխանիկայի եվրոպական հանդես», «Կառուցվածքային և բազմաճյուղային նպատակահարմարեցում», «Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի հանդես»:
Նրա կենսագրական տվյալներն ընդգրկված են «Ով ով է աշխարհում», նաև «Ով ով է գիտության և ճարտարագիտության մեջ», ինչպես նաև «Նշանավոր հայերը» հանրագիտարանում:
Ալեքսանդր Սեյրանյանն այսօր էլ շարունակում է համագործակցել ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների հետ, փոխանցում իր փորձն ու հմտությունները, հանդես գալիս ուշագրավ զեկույցներով:
«Գիտություն» 2012, հունվար, № 1