Cover Image
close this bookԱղաբեկով Վլադիմիր Ենոքի (1940-)
View the documentՎ. Ե. ԱՂԱԲԵԿՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ֆիզիկական քիմիայի բնագավառի խոշոր գիտնական, Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ենոքի Աղաբեկովը ծնվել է 1940 թվականի հունվարի 19-ին Ռուսաստանի Գրոզնի քաղաքում: Նա նաև Չեչենական Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է:
Վլադիմիր Աղաբեկովի ընտանիքը սերում Է Լեռնային Ղարաբաղից: Հայրը՝ Ենոք Գրիգորի Աղաբեկովը, ծնվել է 1907թ. Լեռնային Ղարաբաղի Կարմիր Գյուռտ գյուղում: 1921թվականից նրա ընտանիքը բնակություն Է հաստատել Գրոզնիում: Մայրը՝ Լուսիկ Սարուխանի Աղաբեկովան (Սարգիսյանց), ծնվել է 1910թ. Լեռնային Ղարաբաղի Ներքին Սեզնեք գյուղում: Աղաբեկովների ընտանիքը ունեցել է 5 երեխա (Վլադիմիրը ամենակրտսերն Է): Հետպատերազմյան տարիներին Աղաբեկովի հայրը Գրոզնիում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:
1963 թվականին Գրոզնու նավթային ինստիտուտի քիմիական-տեխնիկական ֆակուլտետը ավարտելուց հետո Վլադիմիր Աղաբեկովը գործուղվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկա-օրգանական քիմիայի ինստիտուտ՝ որպես հայցվոր-հետազոտող: 1965-ից մինչև 1968 թվականը նա սովորել է ասպիրանտուրայում ԲՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ն.Ի. Միցկևիչի և պրոֆեսոր Ե.Տ. Դենիսովի (ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, ք. Չեռնոգոլովկա) ղեկավարությամբ, պաշտպանել Է թեկնածուական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1969 թ.): 1969-ից ավագ գիտական աշխատող է: Վլադիմիր Աղաբեկովի բազմակողմանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը սերտորեն կապված է Ֆիզիկաօրգանական քիմիայի ինստիտուտի հետ (ИФОХ): 1981թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1987-ին՝ պրոֆեսորի կոչում: 1996 թվականին նա ընտրվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003-ին՝ ակադեմիկոս:
1985 թվականից Վ.Ե. Աղաբեկովը աշխատել է ֆիզիկաօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, իսկ 1988-ից՝ նույն ինստիտուտի «Կինետիկայի և ռեակցիոնունակություն» բաժնի վարիչ: Այստեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր գիտական ուղղություն երկչափ համակարգերում քիմիական ռեակցիաների կարգավորման սկզբունքների մշակման համար:
1998 թվականի հոկտեմբերին Բելառուսի ԳԱԱ նախագահությունը որոշեց ստևեղծել նոր նյութերի քիմիայի ինստիտուտ (ИХНМ): Ինստիտուտի տնօրեն ընտրվեց Վ.Ե. Աղաբեկովը: Նրա առաջարկությամբ ձևավորվեցին ինստիտուտի գործունեության հիմնական գիտական ուղղությունները՝ միավորելով ֆիզիկաքիմիական և օրգանական գիտական ենթակառուցվածքների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ Բելառուսի Հանրապետությունում զարգացնել փոքրածավալ քիմիան։
Աղաբեկով գիտնականի կերպարին բնորոշ է նաև իր ստեղծած ուղղությունը զարգացնելու մեծ ձգտումը: Աղաբեկովը ծավալում է ակտիվ գիտակազմակերպչական և մանկավարժական գործունեություն: Նա դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության խորհուրդների անդամ է:
Նա միաժամանակ մի շարք ռուսական և բելառուսական գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է։
Վ.Ե.Աղաբեկովը 1996 թ. բելառուսական հիմնարար հետազոտումների ֆոնդի քիմիա և երկրի մասին գիտությունների բաժնի վարիչն է: Ավելի քան տասը տարի նա եղել է բելառուսական քիմիական միության փոխնախագահ:
Վ.Ե. Աղաբեկովը գիտության նվիրյալ է, խորը գիտելիքներ ունի ոչ միայն ֆիզիկական քիմիայի ոլորտում, այլ նաև հարակից մասնագիտություններում, ունի լայն մտահորիզոն, գիտական կանխազգացում և ոչ ստանդարտ մտածողություն:
Վ.Ե. Աղաբեկովին բնութագրում են սկզբունքայնությունը, աշխատասիրությունը, պահանջկոտությունը իր և գործընկերների նկատմամբ, պատասխանատվությունը և օգնելու պատրաստակամությունը:
Վլադիմիր Աղաբեկովը բազմիցս բելառուսական գիտությունը ներկայացրել Է տարբեր միջազգային կոնֆերանսներում: Նրա աշխատանքները քաջ հայտնի են թե՛ Բելառուսում և թե՛ արտասահմանում: Նա 600 գիտական աշխատանքների հեղինակ է, որից 350-ից ավելին տպագրվել են միջազգային հրատարակչություններում: Նա հեղինակ է 110 հեղինակային իրավունքի և արտոնագրի, չորս մենագրության, որոնց թվում՝ 2004 թվականին Վ.Ե. Աղաբեկովի համահեղինակությամբ տպագրված «Նավթ և գազ։ Արտահանում, համալիր վերամշակում և օգտագործում» մենագրությունը:
Վ.Ե. Աղաբեկովի ղեկավարությամբ պայմանագրային կարգով համատեղ գիտական հետազոտություններ են անցկացվում հայրենական և արտասահմանյան առաջատար գիտնականների հետ (Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վիետնամ, Հունգարիա, Մեքսիկա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան), և նույնպես պայմանագրով՝ Բելառուսի հիմնարար հետազոտությունների և գիտատեխնիկական համագործակցության մասին բանակցությունների հանրապետական ֆոնդի շրջանակներում:
Վ.Ե. Աղաբեկովը եղել է Մինսկում հաջողությամբ անցկացված КОЛЛИД-2003, РЕАКТИВ-2005, РЕАКТИВ -2007 և АИСТ-2009 Միջազգային կոնֆերանսների կազմակերպիչը:
Նա մեծ ներդրում ունի Բելառուսի Հանրապետությունում քիմիական գիտության զարգացման գործում։
Ֆիզիկական քիմիայի զարգացման մեջ նշանակալի ներդրման, արժեքավոր օրգանական նյութեր ստանալու բարձր տեխնոլոգիաների մշակման, գիտական կադրերի պատրաստման համար Աղաբեկովին շնորվել է Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ (2000թ.), Բելառուսի ԳԱԱ դրամաշնորհ՝ հատուկ ձևի թաղանթներ ստեղծելու համար (2005թ.), Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի պատվոգիր (2007թ.), Բելառուսի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2008թ.):
Հաշվի առնելով Վլադիմիր Աղաբեկովի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն Վ.Աղաբեկովի նախաձեռնությամբ, իր ղեկավարած ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջև 2009 թ. կնքվել է գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր:
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտը ( տնօրեն՝ Վ.Աղաբեկով) համատեղ մշակել են «Ակտիվ թթվածին պարունակող «Բիօքսիլ-1» ախտահանիչի մշակում և փորձնական արտադրության կազմակերպում» ծրագիրը և ներկայացրել Աբդուլազիզ թագավորի անվան գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն (Սաուդյան Արաբիա) ֆինանսավորում ստանալու համար: Վ.Աղաբեկովի հետ համագործակցության հիմքի վրա, ՀՀ ԳԱԱ և Բելառուսի ԳԱԱ միջև կնքվել է գիտական համագործակցության պայմանագիր, որով մասնավորապես նախատեսվում է համագործակցություն Բելառուսի ԳԱԱ ֆիզիկա-օրգանական քիմիայի ինստիտուտի ու ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտների հետ:
Այսօր էլ մեծանուն քիմիկոսը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ՝ իր գիտելիքները ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը:
Որպես վերջաբան: Վերջին տարիների սերտ կապերը հայ գիտնականների հետ Վլադիմիր Աղաբեկովին սկսեց անհանգստացնել մայրենի լեզվին բավարար չափով չտիրապետելը: Եվ Աղաբեկովը սկսեց հաճախել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գործող կիրակնօրյա հայկական դպրոց:

«Գիտություն» 2011, փետրվար, № 2