Cover Image
close this bookՏեր-Կյուրեղյան Արմեն Սմբատի (1947-)
View the documentԱ. Ս. ՏԵՐ-ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Միացյալ Նահանգների Կալիֆոռնիական համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 4-ին Նոր Ջուղայում (Սպահանի նահանգ, Իրան): Նրա հայրը՝ Սմբատ Տեր-Կյուրեղյանը, ճանաչված գեղանկարիչ էր և իրանական այդ հինավուրց քաղաքում հայտնի իր արվեստի և արհեստի գործերով: 1944 թ. Սմբատ Տեր-Կյուրեղյանը և Արաքս Աֆթանդիլյանը ամուսնացել են: 1945 թ. ծնվել է նրանց առաջնեկ Սիրուշը, 1947 թ.՝ Արմենը և 1959 թ.՝ Թագուշը: 1983 թ. Արմեն Տեր-Կյուրեղյանը ամուսնացել է Նելլի Ուզունյանի հետ (Գլենդել, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ունի երկու զավակ, դուստրը՝ Նաիրա, որդին՝ Սեպուհ:
Արմեն Տեր-Կյուրեղյանն ավարտել է Թեհրանի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության բաժինը և 1971-ին ստացել մագիստրոսի կոչում: Թեկնածուական թեզը նա պաշտպանել է 1975 թ. Իլինոյսի Ուրբանա- Չեմպեյն համալսարանում կառույցների ճարտարագիտություն մասնագիտությամբ և ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Երեք տարի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում աշխատելուց հետո Արմեն Տեր-Կյուրեղյանը տեղափոխվել է Կալիֆոռնիայի նահանգի Բերկլի համալսարան, որտեղ աշխատել է որպես օգնական-պրոֆեսոր (1978-1981 թթ.), պաշտոնակից-պրոֆեսոր (1981-1985 թթ.), իսկ 1985 թվականից՝ պրոֆեսոր: 1990-93 թթ. Արմեն Տեր-Կյուրեղյանը կառույցների ճարտարագիտություն, մեխանիկա և նյութեր ամբիոնի վարիչի տեղակալն էր, իսկ 1997-2001 թթ.՝ ամբիոնի վարիչ: Այնուհետև 2007-2009 թթ. նա քաղաքացիական շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալն էր: Նա հեղինակ է մի շարք հետազոտական աշխատանքների՝ տեսական մեխանիկայի, սեյսմոլոգիայի, ռիսկերի վերլուծության և կառուցվածքների անվտանգության ասպարեզում:
Արմեն Տեր-Կյուրեղյանը Կալիֆոռնիայի համալսարանի մասնաճյուղ Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիրն է, որտեղ 1991-2007 թվականներին աշխատել է ճարտարագիտական ֆակուլտետի հիմնադիր դեկան և ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն: Հայաստանյան գործունեությունը նա համատեղում էր Բերկլիի իր աշխատանքի հետ: Այդ ընթացքում նա զարգացրել է երեք մագիստրոսական ծրագիր՝ երկրաշարժերի ճարտարագիտություն, մեքենաշինական ճարտարագիտություն ու համակարգերի ղեկավարում և կոմպյուտոր: Արմեն Տեր-Կյուրեղյանը նաև Հայաստանի Ամերիկյան hամալսարանի հոգաբարձուների հիմնադիր խորհրդի անդամ է:
Ճանաչված գիտնական Արմեն Տեր-Կյուրեղյանը մի շարք հայտնի կազմակերպությունների անդամ է. քաղաքացիական ճարտարագետների ամերիկյան ընկերության, երկրաշարժերի ճարտարագիտական հետազոտման ինստիտուտ, սեյսմոլոգների ամերիկյան ընկերության, երկրաշարժերի ճարտարագիտական հայկական ասոցիացիա, կառուցվածքային անվտանգության և հուսալիության միջազգային ասոցիացիա, քաղաքաշինական ճարտարագիտության ռիսկ և հուսալիություն ասոցիացիա: Նա նախկին ՔՃՌՀԱ-ի նախագահն էր և 2003 թ. հուլիսին Սան Ֆրանցիսկոյում կազմակերպել է կոնֆերանս: Արմեն Տեր-Կյուրեղյանը նախագահն է հուսալիություն և օպտիմիզացիա ու ԻԱՍՍԱՌ համակարգի ու նաև նախագահել է ԱՀՔՃ-ին կից փորձարարական մեթոդների ճարտարագիտական մեխանիկայի տեխնիկական կոմիտեի բաժանմունքներում: Նա ճարտարագիտական մեխանիկա ամսագրի խմբագրական կազմի փոխնախագահն է: Ներկայումս Արմեն Տեր-Կյուրեղյանը մի շարք խմբագրական խորհուրդների անդամ է՝ փորձարարական Ճարտարագիտական մեխանիկա, կառուցվածքի անվտանգություն, երկրաշարժերի ճարտարագիտություն և կառուցվածքային դինամիկա, կայունության ճարտարագիտություն և անվտանգության համակարգեր, Միջազգային սեյսմոլոգիայի և երկրաշարժերի ճարտարագիտություն ամսագրերում:
1998 թ. Արմեն Տեր-Կյուրեղյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ և Ճարտարագիտական ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նա արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների. դրանցից են Վալտեր Լ. Հյուբերի անվան քաղաքացիական ճարտարագիտության գիտական մրցանակը (1988 թ.), քաղաքաշինական ճարտարագիտության ռիսկերը և կայունությունը CERRA Award (1999 թ.): Իսկ 2006 թ. քաղաքացիական ճարտարագիտության ամերիկյան ընկերության կողմից արժանացել է Ալֆրեդ Մ. Ֆրոյդենթալի մեդալին և Թոմաս Ա. Միդլբրուկի մրցանակին:
Արմեն Տեր-Կյուրեղյանը Թեհրանի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի ականավոր շրջանավարտի մրցանակի դափնեկիր է և Իլինոյսի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության և շրջակա միջավայրի ֆակուլտետի մրցանակակիր: 2011թվականին նա ընտրվել է Ամերիկյան ազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ: Հաշվի առնելով նրա ներդրումը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման գործում` 2001թ. Արմեն Տեր-Կյուրեղյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով:
Արմեն Տեր-Կյուրեղյանի գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակը լայն է և ընդգրկուն. կառուցվածքների և համակարգերի կայունություն, ռիսկերի վերլուծություն, հավանական կառուցվածքների դինամիկա և երկրաշարժերի ճարտարագիտություն: Նա ունի 320-ից ավելի տպագրված աշխատանքներ:
Արմեն Տեր-Կյուրեղյանն ազատ ժամերին նկարում է: Այդ ձիրքը նա ժառանգել է իր գեղանկարիչ հորից, որը, ինչպես վերևում նշեցինք, անվանի և ճանաչված նկարիչ էր:
Այսօր էլ մեծանուն գիտնականը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և սերտորեն համագործակցում ՀՀ գիտական հաստատությունների հետ՝ իր գիտելիքներն ի նպաստ բերելով հայ գիտական մտքի զարգացմանը:
«Գիտություն» 2011, սեպտեմբեր, № 9