Cover Image
close this bookՆալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)
View the documentՎ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վաչե Սմբատի Նալբանդյանն իր երկարամյա եռանդուն գործունեությամբ զգալի ավանդ է ներդրել հանրապետության գրականագիտական մտքի զարգացման, հայագիտական աշխատանքների կազմակերպման ու խթանման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:
Վ. Նալբանդյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում , արհեստավորի ընտանիքում: Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո 1937 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլ տետը, որտեղ սովորելու տարիներին էլ նրա մեջ որոշակի նախասիրություն է ձևավորվում հայ հին և միջնադարյան գրականության նկատմամբ:
Սկսվում է հայրենական մեծ պատերազմը, և 1941 թ. ամռանը Վ. Նալբանդյանը զորակոչվում է գործող բանակ: Ավարտելով Թելավիի զինվորական ուսումնարանը` նա մեկնում է Հյուսիսային Կովկաս` ռազմաճակատի առաջավոր գիծ: Ռազմաճակատում վիրավորվում է, ապաքինվելուց հետո շարունակում է զինվորական ծառայությունը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով, «Մարտական ծառայության համար» և բազմաթիվ այլ մեդալներով:
Վ. Նալբանդյանը 1946 թ. զորացրվում է բանակից և շարունակում ուսումնառությունը Երևանի համալսարանի ասպիրանտուրայում` ընտրելով «Հայ հին գրականության պատմություն» մասնագիտությունը: 1949-1951 և 1954-1956 թթ. նա կուսակցական աշխատանք է կատարում Երևանի շրջանային և քաղաքային կազմակերպություններում, ՀԿԿ Կենտկոմում: Բայց իր խառնվածքով ու մղումներով առավելապես հակված լինելով դեպի գիտահետազոտական աշխատանքն ու դրա կազմակերպման բնագավառը` 1950-ական թթ. նա մի շարք պատասխանատու պաշտոններ է վարում հանրապետության գիտական և մշակութային կարևորագույն կենտրոններում. եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն (1952-1953 թթ.), պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1956-1965 թթ.), ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (1965-1977թթ.): 1978-1998 թթ. Վ. Նալբանդյանը ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահն էր և ակադեմիայի ֆունդամենտալ գիտական գրադարանի տնօրենը:
1948 թ. սկսած, գրեթե կես դար, Վ. Նալբանդյանն անընդմեջ հայ հին գրականության պատմություն էր դասավանդում համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ուսանողների շատ սերունդներ են ունկնդրել նրա դասախոսությունները` առաջին անգամ մոտիկից հիմնավոր պատկերացում կազմելով հայ հին պատմագիրների ու բանաստեղծների գրական հարուստ ժառանգության մասին: Վ. Նալբանդյանը 1953 թ. պաշտպանում է թեկնածուական, իսկ 1969 թ.` դոկտորական դիսերտացիա: 1971 թ. նա ընտրվում է հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, 1994 թ.` ակադեմիկոս:
Ասպիրանտական տարիներից ի վեր Վ. Նալբանդյանն զբաղվում է գիտահետա զոտական մի շարք թեմաների մշակմամբ, հրատարակում բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ` նվիրված բազմադարյան հայ գրականության պատմության տարբեր խնդիրների: Նրա հետազոտական գործունեության հիմնական բնագավառը հին և միջնադարյան մատենագիտությունն է` գրապատմական և գեղարվեստական բացառիկ նշանակություն ունեցող հանգուցային խնդիրների արծարծմամբ:
Նրա ուշադրության կենտրոնում են ազգային գրերի ստեղծման, ոսկեդարի գրական մշակույթի կազմավորման, հայ հին պատմագրության գաղափարախոսական, ճանաչողական և գեղարվեստական յուրահատկության հարցերը: Այս առումով հիշատակման են արժանի «Մեսրոպ Մաշտոց», «Ազգային գրականության կազմավորման գործում անտիկ, բյուզանդական և տեղական ավանդույթների դերի մասին» ծավալուն հետազոտությունները և Եղիշեին նվիրված մենագրությունը: Հայկական գրերի գյուտի մասին շատ է գրվել, և ապագայում նույնպես սերունդները հաճախ են անդրադառնալու այդ բախտորոշ իրադարձության իմաստավորմանը: Վ. Նալբանդյանը, սակայն, երևույթին նայում է մի տեսանկյունից`ցույց տալով գրերի ստեղծման ազգային-քաղաքական և հոգևոր-մշակութաբանական դրդապատճառները` ընդդեմ պարսկական և բյուզանդական բռնությունների, հանուն հայության գոյատևման: Այս կապակցությամբ անցյալում արվել են ոչ քիչ առողջ ու ճիշտ կռահումներ` հիմնականում մատնանշելով գրերի ստեղծման ուղղությամբ հայոց Վռամշապուհ թագավորի ցուցաբերած եռանդուն շահագրգռվածությունը: Մինչդեռ բանասերը, հատկապես ծանրանալով Մաշտոցի կյանքի և գործունեության պետական, պալատական ծառայության շրջանի վրա, կարևոր նշանակություն է տալիս սկզբնաղբյուրներում բազմիցս ընթերցված, բայց առանձին ուշադրության չարժանացած այնպիսի տվյալների, որոնց համատեղումն ու նպատակադիր քննությունը որակական նոր լիցք է հաղորդում խնդրի ազգային-քաղաքական բնույթի լուսաբանմանը:
Անդրադառնալով V դարի հայ ինքնուրույն մատենագիտության թռիչքատիպ և յուրօրինակ կազմավորման նախադրյալների հարցին` հետազոտողը զարգացնում է այն տեսակետը, թե այդ գործում անտիկ և բյուզանդական մշակույթների ստեղծագործական յուրացման, հունարենից և այլ լեզուներից արված բազմաբնույթ, հարուստ ու մեծարժեք թարգմանությունների ազգայնացման հետ մեկտեղ կարևոր ու վճռական դեր են խաղացել նաև հեթանոսական Հայաստանի մատենագիտական և բանահյուսական ավանդույթները: Թեզն առաջ քաշելիս ուսումնասիրողը բնականաբար հենվում է ազգային հինավուրց գրավոր հուշարձանների և հարուստ բանահյուսության գոյության մասին օտար ու հայ աղբյուրներում առկա վկայությունների վրա: Առանձնապես գնահատելի են ուսումնասիրության այն մասերը, որտեղ փորձ է արվում ցույց տալու , թե անտիկ արվեստի տեսությունից յուրացված առաանձին դրույթներ ինչպես են Հայաստանի իրականության յուրահատկությունների թելադրանքով վերամշակել ու զարգացրել հայ մտածողները:
Եղիշեին նվիրված մենագրությունը, որն ամփոփում է պատմիչի կյանքի և ստեղծագործության հանգամանալից քննությունը, հատկապես ուշագրավ է «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի գեղարվեստական շերտերի հայտնաբերման, համակարգման և լուսաբանման տեսակետից: Իր վերլուծությունները հեղինակը ձգտում է տանել հայ իրականության մեջ պատմագրական ժանրի ձևավորման խնդիրը պարզաբանելու հունով, շեշտը դնելով հայ պատմագրության ճանաչողական և գեղարվեստական բնույթի միասնականության, աշխարհիկ-քաղաքական բովանդակության և հայրենասիրական-քաղաքացիական պաթոսի բացահայտման վրա: Եղիշեի արվեստը նա մեկնաբանում է բազմակողմանիորեն, մի կողմից ցույց տալով այն ընդհանրությունները, որոնցով նրա երկը աղերսվում է անտիկ պատմագրության (հատկապես Թուկիդիդեսի և Տակիտոսի երկերի օրինակով) ժանրային գլխավոր գծերի հետ, մյուս կողմից` այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված էին դարաշրջանի հայ կայնքի ու մտածողության հանգամանքներով: Աշխատությունն ունի տեսական և ճանաչողական արժեք: Նկատի ունենք թե´ պատմագրական արձակի վերաբերյալ անտիկ մտածողների, հայ պատմիչների, եվրոպացի, ռուս և հայազգի հետազոտողների արած տեսական բնութագրումների առկայությունը և թե´ ուսումնասիրվող հուշարձանից բերված ուղղակի վկայակոչումները՝ հիրավի խնամքով ընտրված, առաջ քաշված դրույթները անվերապահորեն հաստատող գեղեցիկ հատվածներ, որոնք պատիվ կբերեին անգամ ամենահարուստ մշակույթն ունեցող ցանկացած քաղաքակրթության:
Վ. Նալբանդյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում նշանակալից տեղ են գրավում նաև միջնադարյան հայ քնարերգուները: Մի կողմ թողնելով “Միջնադարի հայ տաղերգուները” գրքույկը, որ, փաստորեն, ներկայացնում է X-XVIIIդարերի դասական բանաստեղծների գրական վաստակի հանրամատչելի բնութագրությունը, պետք է նշել, որ գրականագետը հիմնականում մասնավոր քննության նյութ է դարձրել երեք խոշոր մեծությունների` Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության հարցերը: Ընդ որում`վերջին երկու քնարերգուներին նա անդրադառնում է առանձին մենագրական աշխատանքներով, որոնք լույս են տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով: Այս աշխատությունների մեջ կարելի է նկատել մի ընդհանուր գիծ. իր ուսումնասիրության ընթացքում Վ. Նալբանդյանն, ըստ ամենայնի, հենվում է հիշյալ բանաստեղծների մասին առկա ողջ գիտական գրականության, նախորդ հետազոտությունների ձեռքբերումների վրա, միաժամանակ նկատում և բացահայտում է նաև շատ նոր կողմեր, որոնք հատկապես հետաքրքիր են մեր օրերի համար: Դրանց թվին կարելի է դասել Գրիգոր Նարեկացու “Մատյանում” մարդու ճակատագրի, մարդկայինի և աստվածայինի փոխհարաբերության կամ Սայաթ-Նովայի հումանիզմի ինքնատիպ գծերի վերլուծությունները, որոնց զգալի տեղ է հատկացնում հետազոտողը:
Հիշատակված հանգուցային խնդիրները, նշանավոր դեմքերի կյանքն ու գործերը քննելիս գրականագետը մշտապես ձգտում է բացահայտել հայ հին գրականության մեջ առկա համամարդկայրին արժեքները, հայ մատենագիրներին ու բանաստեղծներին գնահատել միջազգային գրական փորձի դիրքերից: Դա հատկապես բնորոշ է Վ. Նալբանդյանի այն գործերին, որոնք հասցեագրված են այլալեզու ընթերցողին և տպագրվել են ռուսերեն: Առաջին հերթին նկատի ունենք բարձրագույն դպրոցի համար Մոսկվայում հրատարակված հայ գրականության դասագիրքը, որի հին և միջնադարյան գրականության գլուխները պատկանում են նրա գրչին, մասնավորապես` V-XVIII դարերի հայ գրականությանը վերաբերող հատվածները, որոնք զետեղված են այնպիսի մի հեղինակավոր ու կոթողային հրատարակության մեջ , որպիսին է “Համաշխարհային գրականության պատմություն” բազմահատորյակը: Այդ հրատարակության 2-5-րդ հատորներում տեղ գտած հայ գրականության բաժինները շարադրելու համար հեղինակը մեծ ջանքեր է թափել` ներկայացնելով մեր ազգային գրական մշակույթի գլխավոր արժեքները:
Հայ մատենագրական հուշարձանների հետազոտման ուղղությամբ Վ. Նալբանդյանի կատարած որոնումները առանձին դեպքերում դուրս են գալիս գրականագիտական քննության սահմանից և ընդունում պատմագիտական բնույթ: Նման աշխատանքներից են “Հայերի կողմից պարսկական տիրապետության դեմ ուղղված 451 թ. ապստամբության սոցիալ-քաղաքական պատճառների հարցի շուրջը”, “451 թ. ազատագրական շարժման հետ կապված մի հարց”, “Գնել-Տիրիթյան վիպական ավանդության պատմական հիմքի հարցի շուրջը”, “Հայոց թագավորության վեականգնման հարցը Վարդանանց պատերազմի ժամանակ” ծավալուն հոդվածները, որոնք գրավոր այլևայլ սկզբնաղբյուրներում պահպանված մի շարք փաստերի համադրման վերլուծությամբ և նորովի իմաստավորմամբ շոշափում են վաղ ավատատիրության ժամանակների հայոց պատմության ` Արշակ Երկրորդի վարած ազգային կենտրոնաձիգ քաղաքականության և Վարդանանց ապստամբության հետ առնչվող խնդիրներ` ստանալով համոզիչ բացատրություն: Օրինակ` սկզբունքային կարևոր արժեք է ներկայացնում նրա հաստատած այն միտքը, թե Ավարայրի պատերազմի նախօրեին հայ հայրենասեր նախարարները նպատակ են ունեցել հանձին Վարդան Մամիկոնյանի վերականգնել հայոց թագավորությունը: Մեր հին մատենագիրների թողած առանձին աղոտ տեղեկությունների հիման վրա առաջ քաշված այս տեսակետը ժամանակին արժանացել է նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի անվերապահ պաշտպանությանը` տեղ գտնելով նրա “Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության” առաջին հատորում:
Տասնամյակներ շարունակ Վ. Նալբանդյանին զբաղեցրել են նաև ժամանակակից պատմագեղարվեստական գրականության հարցերը: Իր հետազոտական գործունեության հենց սկզբից նա կողմնորոշվեց դեպի պատմության գեղարվեստական մարմնավորման խնդիրների քննությունը, մի բնագավառ, որ պահանջում է բանասերի, գրականագետի ու պատմաբանի հմտություն: Այս շարքի առաջնեկն էր “Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի “Վարդանանքը” մենագրությունը, որին հաջորդեցին Ստ. Զորյանի եռապատումին (“Պապ թագավոր”, “Հայոց բերդը”, “Վարազդատ”), Վ.Դավթյանի “Թոնդրակեցիներին” և Պ. Զեյթունցյանի “Արշակ Երկրորդին” նվիրված ուսումնասիրությունները: Նշված ստեղծագործությունների գաղափարական ու գեղարվեստական առանձնահատկությունները գրականագետը հիմնականում լուսաբանում և գնահատում է մատենագրական աղբյուրների և պատմական իրականության հետ ունեցած առնչակցության մեջ, շոշափելով փաստի և ստղծագործական հնարանքի փոխհարաբերության,գրողի կողմից պատմական ճշմարտության հայտնաբերման , կերպարի և սյուժեի ձևավորման խնդիրները: Այս աշխատություններում ուսումնասիրողը ոչ միայն նոր ու ուշագրավ տվյալներով վերահաստատում է պատմագեղարվեստական երկի պատմականության և արդիական նշանակության չափանիշի վերաբերյալ հայտնի դրույթը, այլև բացահայտում և ընդհանրացնում է մատենագիտական նյութերի ստեղծագործական նորօրյա մշակման, գեղարվեստական հին ավանդույթների յուրովի օգտագործման ու կատարելագործման այն ուղիները, որ նվաճել է նորագույն շրջանի գրական փորձը: Միաժամանակ նշելի է, որ հեղինակն իր վերլուծություններն անում է նախորդ գրական մշակումների (Ղ. Ալիշանի, Գ. Սրվանձտյանի, Ս. Հայկունու, Մ. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու և ուրիշների համապատասխան երկերի) արդյունքների վերագնահատման ֆոնի վրա` ի հայտ բերելով նոր ու նորագույն շրջանների գրականության մեջ տվյալ թեմաների գծով ազգային գեղարվեստական մտածողության անընդհատ հարստացման իրողությունը: Հիշարժան է նաև, որ իր կարծիքները հիմնավորելիս նա ոչ միայն լայնորեն օգտագործում է գրականագիտական մտքի անհրաժեշտ դիտարկումները (Հեգելի, Լեսինգի, Բալզակի, Բելինսկու, Միքայել Նլբանդյանի, Րաֆֆու, Ա.Տոլստոյի. Ստ. Զլոբինի և ուրիշների տեսակետները) այլև վստահորեն հենվում քննական պատմագրության (Ա. Գարագաշյան, Մ. Օրմանյան, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան, Ա. Հովհաննիսյան) կատարած եզրակացությունների վրա:
Պետք է ասել, որ Վ. Նալբանդյանի բոլոր հիմնական աշխատությունները տպագրվել են թարգմանաբար` ռուսերեն, իսկ «Թբիլիսին հայ մատենագիտության մեջ» գիրքը, որը վերլուծաբար ընդգրկում է վրաց հազարհինգհարյուրամյա մայրաքաղաքին վերաբերող աղբյուրագիտական հարուստ տեղեկություններ, նաև վրացերեն:
Տասնամյակների ընթացքում Վ. Նալբանդյանը ծավալել է գիտակազմակերպչական խոշոր աշխատանք` մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով հայագիտության հետագա զարգացման, մասնագետների որակի բարձրացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման հոգսերը: Շատերն են հիշում շնորհալի երիտասարդներին գրականագիտության մեջ ներգրավելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերը: Նրա անմիջական ղեկավարությամբ հայոց հին և միջնադարյան գրականության գծով մասնագիտացել են շատերը, որոնք այսօր գիտական տարբեր կոչումներ ստացած, օգտակար աշխատանք են կատարում հանրապետության բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում:
Վ. Նալբանդյանը զեկուցումներով հանդես է եկել գրականագիտական միջազգային համաժողովներին:
Գիտական և գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց Վ. Նալբանդյանը զբաղվել է նաև հասարակական եռանդուն աշխատանքով. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի. (1955-1971 թթ) պատգամավոր, հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ (1959-1967 թթ.): Որպես խմբագրական հանձնախմբի և գրականության գիտաճյուղային խորհրդի անդամ նա գործուն մասնակցություն է ունեցել հայկական հանրագիտարանի աշխատանքներին: