Cover Image
close this bookԱդամյան Կառլեն Գրիգորի (1937-)
View the documentԿ. Գ. ԱԴԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Գ. ԱԴԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կառլեն Գրիգորի Ադամյանը ծնվել է 1937թ-ին։ 1953թ-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկ բաժինը, որն ավարտել է 1959 թ-ին։
1959-1960 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։
1962թ-ին ընդունվել է ՀԽՍՀ ԱՆ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1965-1967 թթ. նույն ինստիտուտում եղել է կրտսեր գիտական աշխատող։
1966 թ. հաջողությամբ պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի դիսերտացիան։ 1967 թ. հունվար ամսին մրցույթով ընտրվել է սրտի բնածին արատների բաժանմունքի ավագ գիտական աշխատող, իսկ սեպտեմբեր ամսից մինչև 1972 թ. ղեկավարել է նույն բաժանմունքը որպես վարիչ։
1971 թ., հանրագումարի բերելով իր կլինիկական և փորձարարական հետազոտությունները սրտի կծկողական գործունեության վերաբերյալ, հաջողությամբ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։
1972 թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության՝ ակադեմիկոս Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտի սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդության բաժանմունքի վարիչ։
1979 թ. նշանակվել է Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության՝ ակադեմիկոս Լ. Ա.. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտի տնօրեն։ 1982 թ. միաժամանակ, հասարակական կարգով, գլխավորել է նույն ինստիտուտի սրտամկանի ինֆարկտի բաժանմունքը (բաժանմունք վարիչ)։
Կառլեն Գրիգորի Ադամյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունները հանդիսանում են սրտի իշեմիկ հիվանդության ու սրտամկանի սուր ինֆարկտի ֆունկցիոնալ հիմունքների ուսումնասիրումը, բուժման դիֆերենցված մոտեցման մշակումը, արյան շրջանառության անբավարարության պատճառահետևանքային կապերի և դրա կանխման հնարավոր ուղիների որոշումը։
Կառլեն Գրիգորի Ադամյանի կողմից մշակված է նաև սրտի սուր ինֆարկտի ժամանակ արյան շրջանառության անբավարարության ուսումնասիրման նոր ինքնատիպ ուղղություն, կատարելագործված են դրա վաղ ախտորոշման մեթոդները։ Աշխատելով ինստիտուտի տնօրենի պաշտոնում Կառլեն Գրիգորի Ադամյանը մեծ ուշադրություն է հատկացնում գիտական հետազոտությունների պլանավորմանը և իրականացմանը, նպաստում է տեսական ու կլինիկական ուսումնասիրությունների միջև կապերի ուժեղացմանը՝ կարևոր նշանակություն տալով տեսական հետազոտությունների նվաճումների ներդրմանը կլինիկական բաժանմունքների աշխատանքում։
Կառլեն Գրիգորի Ադամյանը եղել հանրապետության գլխավոր սրտաբանը։ Նրա կողմից հսկայական աշխատանք է կատարվել սրտաբանական ծառայության կազմակերպման ու զարգացման ուղղությամբ։ Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվել և գործել են 57 սրտաբանական կաբինետ, ծավալվել են 800 սրտաբանական մահճակալ, աշխատել են շտապ օգնության 16 մասնագիտացված սրտաբանական բրիգադ, ստեղծվել են սրտաբանական դիսպանսերը և դիստանցիոն-ախտորոշիչ կենտրոնը։ Մշակվել է կանխարգելիչ սրտաբանության ուղղությունը, սկսվել են զարկերակային գերճնշման ու սրտի իշեմիկ հիվանդության ծագման, զարգացման ու կախարգելման առանձնահատկությունների բացահայտումը և ուսունասիրությունը։
Կառլեն Գրիգորի Ադամյանի հետազոտությունների արդյունքները մեծ ավանդ են ժամանակակից սրտաբանության զարգացման մեջ։ Նրա կողմից հրապարակվել են 215 գիտական աշխատություն, «Բեռնվածության փորձերը և սրտի իշեմիկ հիվանդությունը» մենագրությունը, «Սրտի իշեմիկ հիվանդություն» ուսումնական ձեռնարկը, մի շարք մեթոդական հանձնարարականներ և հայտնագործություններ, որոնք ստացել են լայն տարածում ու համապատասխան գնահատական, կայուն կերպով մուտք գործելով առողջապահության տեսության և պրակտիկայի մեջ։
Կառլեն Գրիգորի Ադամյանը մասնակցել է միջազգային ու համամիութենական բազմաթիվ կոնգրեսների, համագումարների, կոնֆերանսների ու սիմպոզիումների աշխատանքներին։
Պրոֆեսոր Կ. Գ. Ադամյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 9 դոկտորական և 19 թեկնածուական դիսերտացիաներ, մասնագիտացվել են 40 բժիշկներ՝ կլինիկական օրդինատորներ, գործնական սրտաբանության բնագավառում աշխատելու համար։
Կ. Գ. Ադամյանը իր բեղմնավոր գիտական ու բուժական կոնսուլտատիվ աշխատանքը հաջողությամբ զուգակցել է հասարակական աշխատանքի հետ։ Նա եղել է Հայաստանի սրտաբանների ընկերության ու սրտաբանության հանրապետական պրոբլեմային հանձնաժողովի նախագահը, հանդիսացել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության սիրտ-անոթային հիվանդությունների գիտական խորհրդի, «Զարկերակային գերճնշում, աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն» պրոբլեմային հանձնաժողովի, Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի աշխատանքային խմբի, «Կարդիոլոգիա», «Հայաստանի բժշկական հանդես» և «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամը, ինչպես նաև դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացված խորհրդի նախագահը։
1988 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկրի կոչման սիրտ-անոթային համակարգի հիմնական հիվանդությունների ցիրկուլյատոր հոմեօստազի և օրգանների արյան հոսքի պատոֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրման ռադիոնուկլիդային մեթոդների մշակման ու ներդրման համար։
Կ. Գ. Ադամյանը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու անվան մեդալով, Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով "Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար", ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկիր (1988 թ.)։