
| Թախտաջյան Արմեն Լևոնի (1910-2009) |
|
Բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910թ. հունիսի 10-ին՝ Շուշիում, մտավորականի ընտանիքում: 1918 թ․ նրա ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս։
Բուսաբանության նկատմամբ հետաքրքրությունն Արմեն Թախտաջյանի մեջ արթնացրել է նրա ուսուցիչը՝ Ալեքսանդր Մակաշվիլին, Թիֆլիսում ուսանելու տարիներին: Դպրոցն ավարտելուց հետ Արմեն Թախտաջյանն ընդունվել է Լենինգրադի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, լսել հանրահայտ բուսաբան Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները։ Նա նաև ուսանել է Թիֆլիսի Մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտում: Դեռևս ուսանողական տարիներին Կովկասի ուսականության մեծագույն գիտակ Դմիտրի Սոսնովսկու ղեկավարությամբ նա կատարել է իր առաջին հետազոտությունները՝ բարձրակարգ բույսերի դասակարգման և էկոլոգիայի վերաբերյալ՝ դառնալով Դմիտրի Սոսնովսկու սիրելի աշակերտներից մեկը։
1932թ. երիտասարդ Թախտաջյանը հրավիրվել է Երևան՝ աշխատելու պատմաբանագիտական թանգարանում: Թանգարանի հիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Շելկովնիկովը հրաշալի բուսաբանական հավաքածուներ ուներ, որոնց հենքի վրա հետագայում ստեղծվեց Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը: Բուսաբանական հավաքածուների համալրման համար Թախտաջյանը գիտարշավներների էր մեկնում ողջ Հայաստանում: Նա ուղեկցել է մշակաբույսերի հայտնի գիտակ Նիկոլայ Վավիլովին նրա Հայաստան կատարած գիտարշավների ընթացքում։ Առաջին անգամ Հայաստան այցելած Վավիլովին Հայաստանի բուսական աշխարհը տառացիորեն ապշեցրել է տեսակների և ձևերի հարստությամբ, բազմազանությամբ և հատկապես կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցների առատությամբ։ Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հիմք են հանդիսացել հետագայում «Էրեբունի» արգելոցի ստեղծման համար:
Ա․ Թախտաջյանը կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը, գրել Հայաստանի քսերոֆիլ բուսականությանը նվիրված մենագրություն, իսկ 1941թ.՝ Հայաստանի բուսաշխարհագրական չափազանց կարևոր ակնարկ, որն այժմ էլ լավագույն տեղեկատուն է կենսաբանների համար:
1943 թ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենը, որը ղեկավարել է մինչև 1948 թ․:
1949 թ. Ա․ Թախտաջյանը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ սկսվել է Ա․ Թախտաջյանի գիտակրթական գործունեության նոր ժամանակաշրջանը: Լենինգրադ տեղափոխվելուց հետո Թախտաջյանը երբեք չի խզել կապերը Հայաստանի հետ: Նրա աշակերտները հիշում են, որ Թախտաջյանն ամեն տարի գալիս էր Հայաստան, իրականացնում գիտարշավներ: Նա մասնակցել է Խոսրովի արգելոցի փրկման գործին: Շարունակել համալրել իր կողմից ստեղծված հայկական բուսաբանական դպրոցը՝ միաժամանակ կրթելով այլազգի աշակերտների: Այսօր նրանք շարունակում են իրենց ուսուցչի նվիրական գործը։
Նա սիրում էր ճանապարհորդել: Այցելել է աշխարհի բազմաթիվ քիչ ուսումնասիրված տարածքներ՝ անելով նորանոր բացահայտումներ: «Դմիտրի Մենդելեև» ջերմանավով մեկնել է խաղաղօվկիանոսյան գիտարշավի, այցելել Սինգապուր, Ֆիջի, Սամոա, Նոր Գվինեա, Նոր Զելանդիա, Նոր Կալեդոնիա, Ավստրալիա:
Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանն ու մարդկությանը ծառայելուն: Նա թողել է հարուստ գիտական ժառանգություն և ձևավորել արժեքավոր ավանդույթներ։ Հեղինակ է շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 20 մենագրությունների, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Նրա կարևորագույն աշխատանքներից են՝ «Высшие растения» (Մոսկվա, 1956), «Die Evolution der Angiospermen» (Յենա, 1959), «Система и филогения цветковых растений» (Մոսկվա, 1966), «Flowering Plants: Origin and Dispersal» (Էդինբուրգ, 1969), «Floristic Regions of the World» (Կալիֆոռնիա, 1986) և այլ հիմնարար ուսումնասիրություններ։
Գիտության նվիրյալ Ա. Թախտաջյանը իր ամբողջ գործունեությամբ կարևոր դեր է ունեցել ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային բուսաբանության զարգացման մեջ։ Տարիներ շարունակ նա ղեկավարել է մի շարք գիտական կառույցներ՝ լինելով Հայկական աշխարհագրական ընկերության և Համախորհրդային բուսաբանական ընկերության նախագահ։ Նրա հեղինակությունը լայնորեն ճանաչված էր միջազգային մասնագիտական շրջանակներում․ Թախտաջյանը ընտրվել է Լոնդոնի Լինեյի ընկերության արտասահմանյան անդամ, Հնդկաստանի Հնէաբուսաբանական ընկերության պատվավոր անդամ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ։ Նա անդամակցել է նաև Գերմանիայի հեղինակավոր «Լեոպոլդինա» բնագիտության ակադեմիային։ Գիտական գործունեության մի կարևոր էջ էլ եղել է նրա երկարամյա խմբագրական աշխատանքը՝ որպես «Ботанический журнал» և «Жизнь растений» ամսագրերի գլխավոր խմբագիր, «Палеонтологический журнал» և «Журнал общей биологии» ամսագրերի խմբագրակազմի անդամ։
Հայաստանում հայտնաբերել է արոսի, գազի, մոշենու, տանձենու, օշանի և այլ բույսերի նոր տեսակներ, որոնք կոչվում են իր անունով։
Ա. Թախտաջյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի շքանշանով, երկու անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով, «Անձնվեր աշխատանքի համար» ոսկե մեդալով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Նա ԽՍՀՄ պետական մրցանակի, Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր էր: Գիտության վաստակավոր գործիչ Ա․ Թախտաջյանի պատվին նկարագրվել և անվանակոչվել են բազմաթիվ կարգաբանական տաքսոններ. բրածո բույսերից՝ 1-ական կարգ, ընտանիք, ցեղ և 8 տեսակ, ժամանակակից բույսերից՝ 1-ական ընտանիք, ենթաընտանիք, տրիբա, 4 ցեղ և 21 տեսակ, կենդանիներից՝ 2 տեսակ: Նա հայկական բուսաբանական դպրոցի ստեղծողն է, նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը։
Ա. Թախտաջյանը 20-րդ դ. մեծագույն բուսաբաններից է և նշանակալի դեր է խաղացել Հայաստանում և Ռուսաստանում բուսաբանական գիտության մի շարք ճյուղերի զարգացման ու կայացման ուղղությամբ: Նա իրավամբ համարվում է բարձրակարգ բույսերի ֆիլոգենիայի խոշորագույն մասնագետ: