Cover Image
close this bookՎարդանյան Սարգիս Համբարձումի (1917-1997)
View the documentՍ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Սարգիս Համբարձումի Վարդանյանը Հայաստանում օրգանական քիմիայի դպրոցի հիմնադիրներից է: Նրա անունը լայնորեն հայտնի է ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ացետիլենի քիմիայի, հագեցած հետերոցիկլիկ միացությունների ասպարեզում նրա կատարած հետազոտությունները շատ քիմիկոսների համար աշխատանքային ուղեցույց են:
Սարգիս Համբարձումի Վարդանյանը ծնվել է 1917 թ. սեպտեմբերի 20-ին , Շուլավեր գյուղում(այժմ Վրաստանի Մարնեուլի շրջանի Շահումյան ավան): 1936 թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան և 1937 թ. ընդունվում Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: 1941 թ. վերջին կուրսն ավարտելուց անմիջապես հետո մեկնում է ռազմաճակատ, հասնում մինչև Բեռլին: Ռազմաճակատում ցուցաբերած արիության ու խիզախության համար Ս.Հ. Վարդանյանը պարգևատրվում Է մի շարք շքանշաններով ու մեդալներով: 1946 թ. նա զորացրվում է բանակից և նույն տարում Երևանի համալսարանում հանձնում պետական քննությունները, միաժամանակ աշխատելով ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում: Նույն թվականին ընդունվում է ՍՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1949 թ., ժամկետից շուտ ավարտելով այն, Ս.Հ. Վարդանյանը պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա: Մոտ երկու տարի Մոսկվայում աշխատելուց հետո, 1951 թ. վերադառնում է Երևան և շարունակում Մոսկվայում սկսած աշխատանքները ենինային և դիենինային համակարգերի քիմիական փոխարկումների ուսումնասիրության ուղղությամբ: 1951 թ. Ս.Հ. Վարդանյանն ընդունվում է ՍՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի դոկտորանտուրան և առանց արտադրությունից կտրվելու կատարում լայնածավալ հետազոտություններ տարբեր ալկօքսիկետոնների սինթեզի և փոխարկման ասպարեզում, 1955 թ. սկզբին հաջողությամբ պաշտպանում է դոկտորական դիսերտացիա «Ալկօքսիկետոնների և տարբեր դիրքերում ալկօքսիլ խումբ պարունակող վինիլացետիլենային սպիրտների սինթեզը և փոխարկումները» թեմայով:
Ս.Հ. Վարդանյանը մանրամասն ուսումնասիրել է ֆունկցիոնալ խմբեր պարունակող տարբեր ացետիլենային միացությունների հիդրատացման ռեակցիայի մեխանիզնը և ուղղվածությունը, բացահայտել եռակի կապի հիդրատացման ուղղվածության կախումը միջանկյալ π-կոմպլեքսի կառուցվածքից, ինչպես նաև տարածական գործոններից:
Բեղմնավոր գիտական գործունեությունը, տեսական հիմնավոր պատրաստվածությունը Ս.Հ.Վարդանյանին հնարավորություն են տալիս անցնելու ղեկավար աշխատանքի ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում: 1953 թ. նշանակվում է ացետիլենի քիմիայի լաբորատորիայի վարիչ, իսկ 1956 թ., նույն ինստիտուտի դիրեկտորի տեղակալ` գիտական գծով: Նա գլխավորում է գիտական աշխատակիցների և ասպիրանտների մի մեծ խմբի աշխատանքները: Ս.Հ.Վարդանյանի ղեկավարությամբ խոր հետազոտություններ են տարվում ացետիլենի և նրա ածանցյալների քիմիայի ասպարեզում: Այստեղ դրսևորվում է նրա տաղանդն ու ինտուիցիան չհագեցած միացությունների քիմիայի ուսումնասիրման գործում, որն այդ ժամանակ օրգանական քիմիայի բնագավառում հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկն էր: Ս.Հ.Վարդանյանին են պատկանում ացետիլենային, վինիլացետիլենային և դիվինիլացետիլենային համակարգերին նուկլեոֆիլ և էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների մանրակրկիտ հետազոտությունները: Ացետիլենի, վինիլացետիլենի և նրանց ածանցյալների քիմիայի ասպարեզում պարբերական ուսումնասիրությունները հանգեցրին բազմաթիվ պոլիֆունկցիոնալ միացությունների սինթեզի մեթոդների մշակմանը և ացետիլենալլեն-կումուլենային նոր վերախմբավորման բացահայտմանը, որն իրավամբ կրում է «Վարդանյանի վերախմբավորում», անունը: Այդ հետազոտությունների շնորհիվ մատչելի դարձած տեղակալված վինիլացետիլենային կարբինոլները ելանյութ ծառայեցին նոր, նախկինում անհայտ մի մեծ խումբ դիվինիլկետոնների սինթեզի համար: Դրանց ստացման համար առաջարկվեց երկու ուղի` դեհիդրատացում, դրա ընթացքում ստացվող դիվինիլացետիլենային համակարգերի հետագա հիդրատացմամբ և ելանյութ` կարբինոլների անմիջական իզոմերացում: Ծծմբաջրածնի ներգործությամբ այդ վինիլկետոնները փոխակերպված են տետրահիդրոթիոպիրան-4-ոնների, իսկ դրանց ջուր միացնելու միջոցով ստացված են տետրահիդրոպիրան-4-ոններ: Ամյակի և առաջնային ամինների ու դիվինիլկետոնների փոխազդեցությամբ սինթեզված են բազմաթիվ պիպերիդին-4-ոններ: Ս.Հ.Վարդանյանի վինիլացետիլենի քիմիայի ասպարեզում հիմնական հետազոտությունները և կոնցեպցիաներն արտացոլված են «Վինիլացետիլենի և նրա ածանցյալների քիմիան», մենագրության մեջ, որտեղ հնարավորին չափ ամփոփված են գոյություն ունեցող բոլոր գրական տվյալները, որոնք վերաբերում են տեսականորեն ու գործնականորեն կարևոր այդ հարցին: Քիմիական գրականության մեջ դավինիլացետիլենի քիմիային նվիրված առաջին մենագրությունն է ոչ միայն ՍՍՀՄ-ում,այլև արտասահմանում: Ս.Հ.Վարդանյանը առաջիններից մեկը գիտակցեց, որ գիտության զարգացման նոր փուլը պահանջում է ոչ միայն սերտ կապ քիմիայի ու կենսաբանության միջև, այլև այդ երկուսի խոր, փոխադարձ ներթափանցում: Նա շատ ջանքեր ներդրեց այդ գաղափարի իրականացման համար: Վինիլացետիլենային միացությունների ստացման դյուրությունը և մատչելիությունը, դրանց ճկունությունը քիմիական փոխարկումներում Ս.Հ.Վարդանյանին հնարավորություն տվեցին կամուրջ գցել ացետիլենի քիմիայի և հետերոցիկլիկ միացությունների քիմիայի միջև, որոնք դեղամիջոցներ ստեղծելու անհրաժեշտ ելանյութերի հիմնական խմբերից են: Այդպիսով նա տվեց չհագեցած միացությունների հիման վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի հիմնական ուղղությունները: Այդ պատճառով 1968 թ. հունվարին Ս.Հ.Վարդանյանն իր լաբորատորիայով փոխադրվում է Ա.Լ. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ` որպես ացետիլենի հիման վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի լաբորատորիայի վարիչ:
Ազոտ պարունակող հետերոցիկլերը նոր դեղանյութեր որոնելու և ընտրելու համար օգտագործվող քիմիական միացությունների հիմնական խմբերից են: Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում հագեցած հետերոցիկլերի այնպիսի սակավ ուսումնասիրոած համակարգերը, ինչպիսիք են տետրահիդրոպիրանը և տետրահիդրոթիոպիրանը, որոնք պիպերիդինից տարբերվում են միայն հետերոատոմով` օղակում: Առաջին անգամ ցույց է տրված, որ տարբեր կառուցվածք ունեցող տետրահիդրոպիրան-4-ոնները, տետրահիդրոթիոպիրան-4-ոնները և 4-պիպերիդոնները փոխադարձաբար փոխարկելի են: Այսպիսով լաբորատորիայում հայտնաբերվեց հետերոցիկլիկ միացությունների քիմիայի համար կարևոր` նշված հետերոցիկլերի փոխադարձելիությունը: Միացությունների բոլոր երեք համակարգերի հետ զուգահեռաբար տարվող հետազոտությունները թույլ տվեցին բացահայտել օղակում հետերոատոմի դերն ու նշանակությունը ինչպես օրգանական քիմիայի դիրքերից, այնպես էլ միացությունների ակտիվության տեսակետից: Նման մեթոդաբանական մոտեցում էր կիրառված հագեցած հետերոցիկլերի ածանցյալների սինթեզի և փոխարկումների ուսումնասիրության հիմքում: Հետազոտությունների հիմնական ուղղություններ հանդիսացան 4-և 4,4- տեղակալված տետրահիդրոպիրանների և պիպերիդինների սինթեզը, հետերոցիկլերի բիցիկլիկ ածանցյալների ստեղծումը, որոնք իրենցից ներկայացնուն են հիմնական հետերոցիկլերի կոնդենսված, չկոնդենսված և սպիրոցիկլիկ ածանցյալներ: Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստեղծման ասպարեզում ձեռք բերված հաջողությունները սերտորեն կապված են նոր սինթետիկ մեթոդների և ռեակցիաների մշակման հետ, որոնք թույլ են տալիս ստանալ պոլիֆունկցիոնալ սինտրոններ` նրանց ռեակցիոն կենտրոններն առաջադրված խնդիրների լուծման համար օգտագործելու նպատակով: Այսպիսով, սինթեզված հագեցած վեցանդամանի 4-կետոնները օգտագործվեցին մի շարք դեռևս անհայտ ամինների, հիդրազինների, ալդեհիդների ու կետոնների, թթուների, նիտրիլների, β-կետոէսթերների ու β-դիկետոնների, β-կետոալդեհիդների, օքսինիտրիլների և ամինաթթուներիստացման համար: Վերջինները լայնորեն օգտագործվեցին կոնդենսված, չկոնդենսված, չկոնդենսված և սպիրոցիկլիկ համակարգերի սինթեզի համար: Մասնավորապես 3-ֆորմիլ-4-կետոտետրահիդրոպիրանների, տետրահիդրոթիոպիրանների և պիպերիդինների օգտագործումը հետերոցիկլացման ռեակցիաներում տարբեր ռեագենտների հետ թույլ տվեցին ստանալ վերը նշված հետերոցիկլերով կոնդենսված մի շարք պիրազոլներ, իզոքսազոլներ և պերիմիդիններ: Վերջինների նատրիումական աղերի`քլորական արիլդիազոնիումի հետ փոխազդեցության և ստացված հիդրազոնների հետագա ցիկլացման հետևանքով սինթեզվեցին ինդոլատետրահիդրոպիրաններ և պիպերիդիններ: Կոնդենսված պոլիցիկլիկ համակարգերի ստացմանն է հանգեցնում նաև վերը նշված հետերոցիկլիկ 4-կետոնների փոխազդեցությունը մալոնական թթվի նիտրիլի կամ ցիանքացախաթթվի էսթերի հետ` ծծմբի առկայությամբ, որի հետևանքով ստացվում են 2-ամինա-3-էթօքսիկարբոնիլ(ցիանա) թիոֆեններ` կոնդենսված տետրահիդրոպիրանային, տետրահիդրոթիոպիրանային և պիպերիդինային օղակներով: Ստացված միացություններում ֆունկցիոնալ խմբերի օգտագործումը թույլ տվեց ստանալ ավելի բարդ պոլիցիկլիկ համակարգեր և, մասնավորապես, թիենոպիրիմիդիններ` կոնդենսված թթվածին, ծծումբ և ազոտ պարունակող հագեցած վեցանդամանի հետերոցիկլերի հետ: Լայնորեն հետազոտվեցին ուսումնասիրվող հետերոցիկլերի ֆունկցիոնալ ածանցյալների հետերոցիկլացման ռեակցիաները, որոնք հանգեցնում են չկոնդենսված բիհետերոցիկլերի սինթեզին: Ուսումնասիրվեցին, մասնավորապես, տետրահիդրոպիրանի և տետրահիդրոթիոպիրանի ստացված դիկարբոնիլային ածանցյալների փոխազդեցության ռեակցիաները տարբեր 1,2-, 1-3- և 1,4 – բինուկլեոֆիլների, ինչպես նաև նույն բինուկլեոֆիլների փոխազդեցությունը դիկարբոնիլային ածանցյալներին համապատասխանող էթօքսիմեթիլենային ածանցյալների հետ: Լայնորեն օգտագործված են տետրահիդրոպիրանի, տետրահիդրոթիոպիրանի և պիպերիդինի 4-ֆորմիլածանցյալները նոր, նախկինում անհայտ սպիրոհետերոցիկլիկ համակարգերի սինթեզի համար:
Կատարվող հետազոտությունների ընթացքում մանրամասն ուսումնասիրված է տարբեր կառուցվածք ունեցող գլիցիդային թթուների դեկարբօքսիլացման ռեակցիան: Հաստատված է , որ հակառակ օքսիրանային ցիկլի β(C-O) կապի պարտադիր բացման մասին գոյություն ունեցող պատկերացումների, կանգլիցիդային թթուների բազմաթիվ կառուցվածքային տիպեր, որոնցում դեկարբօքսիլացման ժամանակ տեղի է ունենում a(C-O) կապի բացում: Ստացված տվյալները հանգեցրին մի ընդհանուր օրինաչափության`ցանկացած կառուցվածք ունեցող գլիցիդային թթուների դեկարբօքսիլացման ընթացքում օքսիրանային ցիկլի բացմանն ուղղություն տալու համար: Դա հնարավորություն է տալիս կանխագուշակել ստացվող կարբոնիլային միացության կառուցվածքը: Գտնված է 2-տեղակալված-5-կարբէթոքսի-4-մեթիլպիրիմիդինների ռեցիկլացման ռեակցիան` 2-տեղակալված-5-ացիլ-4-օքսիպիրիմիդինների: Բացահայտված է 5-բենզիլիդենամինա-1,3-դիֆենիլպիրազոլների 4-բենզիլիդեն-5-իմինապիրազոլներին վերախմբավորման փաստը: Ստացված միացությունների կենսաբանական փորձարկումը բացահայտեց մի շարք հետաքրքիր օրինաչափություններ, որոնք հիմք են հանդիսանում ցավազրկող-անզգայացնող, հակաստրեսային, հակաջղաձգային, հանգստացուցիչ, հոգեբուժական և հակադեպրեսիվ ներգործություն ունեցող նոր, բարձր էֆեկտիվությամբ միացությունների հետագա նպատակադրված սինթեզի համար: Առաջարկված է հիպոթեզ, որը բացատրում է տարբեր ծագում ունեցող թմրեցնող ցավազրկողների և տարբեր համակարգերի պատկանող քիմիական միացությունների շարքում միատեսակ ակտիվության դրսևորումների պատճառը: Այդ հիպոթեզի դրույթների հիման վրա սինթեզված է պիպերիդինի մի շարք ածանցյալներ, որոնք ընտրովի դրսևորում են ցավազրկող կամ դրան հակառակ էֆեկտ: Սինթեզված միացությունների քիմիական կառուցվածքի և դեղաբանական ազդեցության միջև եղած կապի հետազոտությունը հանգեցրեց որոշակի եզրակացությունների.
1.Տետրահիդրոպիրանի ածանցյալները, հատկապես տետրահիդրոպիրան-4-կարբոնային թթվի ամինաէսթերներն ունեն սրտի անոթները լայնացնող հատկություն:
2. Չկոնդենսված բիցիկլերը` տետրահիդրոպիրանի և տետրահիդրոթիոպիրանի ածանցյալները գործնականորեն, անկախ նշված հագեցած հետերոցիկլերի 4-րդ դիրքում գտնվող հետերոցիկլի տիպից, ցուցաբերում են հակամուտագեն ակտիվություն:
3. Սպիրոհետերոցիկլիկ միացությունները դրսևորում են ինչպես հակադեպրեսիվ, այնպես էլ սերո տոնինի նկատմամբ MAO-ի ակտիվությունն ընտրովի բարձրացնելու հատկություն:
4. Տետրահիդրոպիրանային և տետրահիդրոթիոպիրանային օղկով կոնդենսված թիոֆենները, թիենոպիրիմիդինները և թիենոդիազեպիններն ունեն հակաջղաձգային ազդեցություն: Ընդ որում ավելի շեշտված ազդեցություն ունեն տետրահիդրոպիրանի ածանցյալները: Նշված համակարգերի պիրիմիդինային օղակում, որոշակի փոխարինողների առկայության դեպքում, միացություններն սկսում են դրսևորել համակցված հակաջղաձգային և հանգստացուցիչ ազդեցություն: Նշված թիենոպիրիմիդինների նատրիումական աղերը փորձարարական պայմաններում ունեն կենդանիների ֆիզիկական աշխատունակությունը և դիմացկունությունը բարձրացնելու մեծ ունակություն: 5. Պիպերիդինի ածանցյալների չկոնդենսված բիցիկլերն ունեն հոգեբուժական ազդեցություն և, մասնավորապես, հոգեխթանիչներ են հանդիսանում:
6. Ամինապիպերիդինի ածանցյալները`կախված տեղակալող խմբերի բնույթից, կարող են դրսևորել կա´մ ցավազրկող ակտիվություն, կա´մ թմրադեղային ցավազրկողներին հակառակ ազդեցություն:
Այսպիսով, Ս.Հ. Վարդանյանի կողմից ստեղծագործաբար մշակվում է օրգանական միացությունների կառուցվածքի և նրանց կենսաբանական ներգործության միջև եղած կապի պրոբլեմը: Հարուստ փաստացի տվյալների հիման վրա հայտնաբերվեցին օրինաչափություններ, որոնք թույլ տվեցին իրագործել նոր` կենսաբանորեն ակտիվ միացությունների նպատակաուղղված սինթեզ: Արդյունքում նրանց ստեղծած մեկ պրեպարատը ենթարկվում է կլինիկական փորձարկման, իսկ երեքը գտնվում են նախակլինիկական հետազոտությունների շրջանում: 1970 թ. Ս.Հ. Վարդանյանը նշանակվում է ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն: Նա զարգացնում է այն բաժինների գործունեությունը, որոնք էական դեր են կատարում քիմիական գիտության հարստացման և դեղանյութերը բժշկության մեջ ներդնելու գործում: Նա շատ աշխատանք ու ջանքեր ներդրեց ինստիտուտի բարեկարգման և աշխատասեր կոլեկտիվ ստեղծելու գործում: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվեցին ժամանակակից գիտական սարքավորումներով հագեցած նոր լաբորատորիաներ, որոնք հանրապետությունում դարձան քիմիական հետազոտությունների հայտնի կենտրոններ: 1971 թ. Ս.Հ. Վարդանյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1977 թ.` իսկական անդամ: 1973 թ. նա ընտրվում է քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ, իսկ 1987 թ.` քիմիական և երկրաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ինչպես նաև ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ: Լայն է ակադեմիկոս Ս.Հ. Վարդանյանի գիտահասարակական գործունեության շրջանակը: Քիմիայի զարգացումը հանրապետությունում պահանջում է համապատասխան կադրերի պատրաստում, և Ս.Հ. Վարդանյանը զգալի ժամանակ և ուժեր է ներդնում բարձր որակավորում ունեցող քիմիկոսների պատրաստման կարևոր գործում: Ս.Հ. Վարդանյանի ինքնատիպ քիմիական դպրոցը մեծ ճանաչում ունի: Նրա ղեկավարությամբ գրվել են 45 թեկնածուական և 5 դոկտորական դիսերտացիաներ: Նա կատարել և նաև մանկավարժական աշխատանք Երևանի պետական համալսարանում: Ս.Հ. Վարդանյանը Հայկական սովետական հանրագիտարանի, ,«Химия природных соединений», «Химико фармацевтический журнал»- ի և «Հայկական քիմիական անսագրի», խմբագրական խորհրդի անդամ է, իսկ 1988 թվականից` վերջինիս գլխավոր խմբագիր:
Ակադեմիկոս Ս.Հ. Վարդանյանը բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների. նա զեկուցումներով հանդես է եկել Կանադայում, Հարավսլավիայում, Հնդկաստսնում, ԳՖՀ-ում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Կիպրոսում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում և ԳԴՀ-ում:
Գիտական բեղմնավոր գործունեության համար Ս.Հ. Վարդանյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՀՍՍՀ ԳԱ նախագահության «Վաստակագրով» , նրան շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Իր բազմակողմանի գործունեությամբ, կազմակերպական ընդունակություններով, շրջապատի հանդեպ ցուցաբերած ուշադրությամբ Ս.Հ. Վարդանյանն արժանացել է համընդհանուր սիրո և հարգանքի: