Cover Image
close this bookՍահակյան Գուրգեն Սերոբի (1913-2000)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ.Ս.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սերոբի Սահակյանը ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 10-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում, գյուղացու ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1933−1934 ուս. տարում աշխատել է Սպիտակի շրջանի Մեծ Պառնի գյուղում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ մեկ տարի անց ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1939 թվականին, գերազանց ավարտելով համալսարանը, նա ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մի քանի ամիս անց Գ. Ս. Սահակյանը զորակոչվել է սովետական բանակ և Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը:
Զորացրվելուց հետո Գ. Ս. Սահակյանը շարունակել է ուսումը ՍՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում` ականավոր սովետական ֆիզիկոսներ, ակադեմիկոս Ի. Ե. Տամմի և ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Դ. Ի. Բլոխինցևի ղեկավարությամբ: Նրա առաջին աշխատանքները նվիրված էին բարձր էներգիաներով էլեկտրոնների առաձգական ցրման պրոցեսների օգնությամբ ատոմի միջուկի և նուկլոնի կառուցվածքի ուսումնասիրությանը: Նա առաջինը կանխագուշակեց նուկլոնների բարդ կառուցվածքը և մտցրեց ֆորմֆակտորի գաղափարը այդ մասնիկների համար: Միայն հիսունական թվականների կեսերին նուկլոնների բարդ կառուցվածքի ուսումնասիրությունը դարձավ բարձր էներգիաների ֆիզիկայի կարևորագույն խնդիրներից մեկը:
1950 թվականին, թեկնածուական դիսերտացիայի պաշտպանությունից հետո, Սահակյանը վերադառնում է Հայաստան և իր գործունեությունը կապում Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ նա աշխատում է մինչև այսօր: 1951 թվականին նա կազմակերպում է համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, որի անփոփոխ ղեկավարն էր մինչև 1985 թվականի հոկտեմբերը:
1950 թվականին, թեկնածուական գիսերտացիան պաշտպանելուց հետո, Սահակյանը վերադառնում է Հայաստան և 1951 թվականին կազմակերպում Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, որի անփոփոխ ղեկավարն էր մինչև 1985 թվականի հոկտեմբերը։ Պրոֆեսոր Գ. Ս. Սահակյանի հետագա գիտական գործունեությունը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների: Առաջին շրջանում` 1951-ից մինչև 1958 թվականները, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Ն. Մ. Քոչարյանի և աշխատակիցների հետ նա կատարում է մի շարք ֆունդամենտալ աշխատանքներ տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բնագավառում` նվիրված միջուկաակտիվ մասնիկների և µ - մեզոնների էներգետիկական սպեկտրների, պրոտոնների և π-մեզոնների նյութի հետ փոխազդեցության հետազոտություններին, որոնք թույլ տվեցին գտնել միջուկային փոխազդեցությունների կտրվածքի կախվածությունը միջուկի պարամետրերից և մասնիկների էներգիաներից: Նա հաշվել է նաև մթնոլորտում π- և µ-մեզոնների ծնման սպեկտրները: Այդ շրջանի աշխատանքները ընկան պրոֆեսոր Գ. Ս. Սահակյանի` 1960 թ. լույս տեսած “Տիեզերական ճառագայթման մասնիկների էներգետիկական սպեկտրները և միջուկային փոխազդեցությունները” մենագրության հիմքում: Գ. Ս. Սահակյանի գիտական գործունեության երկրորդ շրջանի հիմնական ուղղությունը այլասերված պլազմայի տեսության, գերխիտ երկնային մարմինների տեսության և ձգողականության ալտերնատիվ տեսությունների մշակումն է :
1959-1960-ական թվականներին տպագրված աշխատանքների շարքը նվիրված է միաֆոտոն աննիհիլիացիայի և զույգերի ծնման պրոցեսների , մեծ խտությունների և ջերմաստիճանների ժամանակ էլեկտրամագնիսական ալիքների դիսպերսիայի, ինդուկցված չերենկովյան ճառագայթման ուսումնասիրությանը: Այդ պրոցեսները կարող են տեղի ունենալ նեյտրոնային աստղերի և սպիտակ թզուկների այլասերված նյութում: 1960-ական թվականների սկզբին ակադենիկոս Վ. Հ. Համբարձումյանի հետ համատեղ կատարած հիմնարար աշխատանքների շնորհիվ Հայաստանում ստեղծվում և բուռն զարգացում է ստանում տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի մի նոր ուղղություն՝ “Գերխիտ երկնային մարմինների տեսությունը”: Այդ աշխատանքներում դրվեցին այլասերված նյութի թերմոդինամիկական տեսության և այլասերված աստղային կոնֆիգուրացիաների տեսության հիմքերը: Այդ աշխատանքները ընկան Գ. Ս. Սահակյանի դոկտորական դիսերտացիայի հիմքում, որը նա հաջողությամբ պաշտպանեց 1963 թվականին ՍՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում:
Նկատի ունենալով Սահակյանի այդ տարիների գիտական գործունեությունը, պրոֆ. Յա. Ա. Սմորոդինսկին նշել է. «Սահակյանի աշխատանքները իրենցից ներկայացնում են բացառիկ երևույթ տեսական աստղաֆիզիկայում: Հարցերի լայն շրջանակը, պրոբլեմի անսովոր, համարձակ դրվածքը, խնդրի որակյալ լուծման ժամանակակից ոճը և, որ ամենագլխավորն է, նոր հետազոտությունների համար բազմաթիվ գաղափարները, անկասկած ապացուցում են հեղինակի գիտական բարձր մակարդակը»:
Առավել խիտ բարիոնային կոնֆիգուրացիաներում (pc >1016գ սմ-³) զանգվածի գրավիտացիոն պակասորդը ∆M = Nmp−M(mp-պրոտոնի զանգվածը, N-բարիոնների թիվը աստղում, M-աստղի զանգվածը) ունի անոմալ արժեք, այսինքն դառնում է բացասական: Սա նոր էֆեկտ է հարաբերականության ընդհանուր տեսությունում, պայմանավորված համապատասխան կոնֆիգուրացիաներում ներքին էներգիայի ադիտիվության կատաստրոֆիկ խախտմամբ: Ակադեմիկոս Գ. Ս. Սահակյանի այս աշխատանքները հույժ կարևոր նշանակություն ունեն երկնային գերխիտ մարմինների կոսմոգոնիայի և, մասնավորապես, բաբախիչների տեսության համար:
Գ. Ս. Սահակյանի, որպես Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտական ղեկավարի, հմուտ գործունեության շնորհիվ ստեղծվել է հետազոտական մի կոլեկտիվ, որը ավելի քան քսան տարի աշխարհում առաջատար տեղերից մեկն է գրավել երկնային գերխիտ մարմինների տեսությունը զարգացնող գիտական խմբերի շարքում: 1963-1965 թվականներին ուսումնասիրվել է նյութի վիճակը վերմիջուկային խտությունների տիրույթում, հետազոտվել են միջուկային ռեակցիաները սառը պլազմայում և ջերմաստիճանի ազդեցությունը այդ ռեակցիաների արագության վրա, նեյտրոնիզացման երևույթը նյութի Ae-փուլում: Ճշգրտվել է նյութի վիճակի հավասարումը միջուկային և միջուկայինից բարձր խտությունների տիրույթում` հաշվի առնելով միջուկային փոխազդեցությունները:
1968-1976 թվականների ընթացքում Գ. Ս. Սահակյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ տեսական ֆիզիկայի ամբիոնում զարգացվել է պտտվող գերխիտ կոնֆիգուրացիաների ռելյատիվիստական տեսությունը, մշակվել է բարիոնային աստղերի քվազիստացիոնար մագնիսոլորտի մոդելը այն ենթադրությամբ, որ մագնիսական դաշտը դիպոլային է: Ցույց է տրված, որ այդ մագնիսոլորտը կարող է բարձրէներգետիկ տիեզերական ճառագայթման աղբյուր հանդիսանալ:
1960-ական թվականներին և 1970-ականների սկզբում կատարված աշխատանքների արդյունքները հիմք ծառայեցին Գ. Ս. Սահակյանի «Այլասերված գազային զանգվածների հավասարակշիռ կոնֆիգուրացիաները» մենագրության համար (Մ., 1972), որը թարգմանվել է անգլերեն և լույս տեսել ԱՄՆ-ում 1974 թվականին: Այս մենագրությունը գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիայի սիստեմատիկ շարադրման առաջին փորձն է համաշխարհային գրականության մեջ: Ըստ ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանի, “պրոֆեսոր Գ. Ս. Սահակյանի գիրքը հանդիսանում է այն մենագրությունը, որում դիտարկվում է միջուկային խտությամբ խիստ այլասերված նյութի վիճակի հավասարման տեսությունը և նրա վրա հիմնված` այլասերված աստղային զանգվածների հավասարակշիռ կոնֆիգուրացիաների տեսությունը:
Գրքի հեղինակ Գ. Ս. Սահակյանը քննարկվող բնագավառում խոշոր հեղինակություն է: Նրան են պատկանում գրքում շարադրված արդյունքներից շատերը: Ինչպես իր այլ աշխատանքներում, այնպես էլ այս գրքում նա կատարում է հարցի խիստ և հետևողական դիտարկում: Դրա հիման վրա կարելի է հուսալ, որ նրա մենագրությունը կօժանդակի այդ պրոբլեմի շուրջ ստեղծված ինֆորմացիոն քաոսում, ուր տեղ են գտել նաև գործի համար շատ վնասակար աղմուկներ, որոշ կարգ մտցնելուն”:
1970-ական թվականներին պրոֆ. Գ. Ս. Սահակյանը զբաղվում է էներգիայի այն աղբյուրների պրոբլեմով, որոնք կարող են ապահովել բաբախիչների ակտիվ կյանքը: Մասնավորապես հաշվարկված են էներգիայի տարբեր աղբյուրներով աստղերի կոնֆիգուրացիաները և պարզված է էներգիայի բազմապիսի պաշարների դերը, որոնցից հատկանշական են մնացորդային միջուկային էներգիան և դեֆորմացիայի լրացուցիչ գրավիտացիոն էներգիան` պայմանավորված պտույտով:
Գ. Ս. Սահակյանը 1975 թվականից հետո աշխատակիցների հետ համատեղ վերանայել է այլասերված պլազմայի տեսությունը, հաշվի առնելով տարրական մասնիկների ֆիզիկայի վերջին նվաճումները: Այն հիմնականում կապված է եղել այլասերված աստղային նյութի թերմոդինամիկայում պիոնների դերի ընդունման և հադրոնների քվարկային կառուցվածքի մասին պատկերացման հաստատման հետ: Հետազոտվել են այլասերված գերխիտ նյութի թերմոդինամիկական հատկությունները խտությունների ամբողջ դիապազոնում: Զարգացվել է միջուկային նյութի բացասական պիոնային կոմպոնենտի դերի հաշվառման հետևողական կիսաէմպիրիկ մեթոդ, որը թույլ տվեց զգալիորեն ճշգրտել մեր պատկերացումները այլասերված պլազմայի հատկությունների վերաբերյալ` միջուկային և նրանից ցածր խտությունների դեպքում: Մասնավորապես հաստատվել է երկնային գերխիտ մարմինների տեսության մեջ հատուկ հետաքրքրություն ներկայացնող պիոնիզացիայի էֆեկտի գոյությունը։ Նոր են նաև եզրահանգումները Ae-պլազմայից հոծ միջուկային նյութի փուլային անցման թռիչքային բնույթի, այդ նյութի քիմիական կազմի և նրա վիճակի բնութագրի վերաբերյալ: Մանրակրկիտ հետազոտված է քվարկային փուլը, որը կազմված է քվարկներից և լեպտոնների ոչ մեծ քանակության խառնուրդից, նրա կազմավորման շեմը, մասնիկների կոնցենտրացիաները և այլ պարամետրեր՝ կախված պլազմայի բարիոնային լիցքի խտությունից: Այդ հետազոտությունների հիման վրա արտածված է միջուկային նյութում պիոնային կոմպոնենտի առկայությունը և հադրոնների քվարկային կառուցվածքը հետևողականորեն հաշվի առնող այլասերված պլազմայի վիճակի հավասարումը: Գերխիտ երկնային մարմինների հաշվարկված պարամետրերը որակապես համաձայնեցվում են եղած դիտողական տվյալների հետ: Այստեղ նոր է տեսական այն եզրակացությունը, որ գոյություն ունեն կոնֆիգուրացիաների մոդելներ, որոնց կենտրոնական տիրույթը կազմում է համեմատաբար նոսր Ae-պլազմայի թաղանթով շրջապատված անսեղմելի միջուկային նյութը:
Վերջին տարիներին Գ. Ս. Սահակյանը աշխատակիցների հետ համատեղ մշակում է ձգողականության տեսության մեջ վակուումի հնարավոր դերի հաշվառման ֆենոմենոլոգիական մոտեցում, որը հիմնված է ձգողականությամբ կորացած տարածություն-ժամանակում լարվածությունների հատուկ վակուումային դաշտի գոյության մասին պատկերացումների վրա:
Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում Գ. Ս. Սահակյանի ղեկավարությամբ հետազոտություններ են կատարվում «Գերխիտ մարմինների ֆիզիկական և դինամիկ զարգացումը» պրոբլեմի վրա, ընդգրկելով ամբիոնի բոլոր աշխատակիցներին և բարձր կուրսերի որոշ ուսանողների: 1979 թվականից սկսած «Գերխիտ երկնային մարմինների ֆիզիկա» պրոբլեմով ամբիոնը առաջատարն է Սովետական Միությունում: Գ. Ս. Սահակյանի աշխատանքները զգալի ազդեցություն են թողել գերխիտ երկնային մարմինների տեսության ասպարեզի մասնագետների և հատկապես գրավիտացիայի տեսությամբ զբաղվող նրա աշակերտների աշխատանքների վրա:
Գ. Ս. Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 5 դոկտորական և 11 թեկնածուական դիսերտացիա:
Մեծ է նրա դերը Հայաստանում բարձրորակ տեսաբան-ֆիզիկոսների պատրաստման գործում: Համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը պրոֆ. Սահակյանի ղեկավարությամբ ամենօրյա տքնաջան աշխատանք էր տանում շնորհալի երիտասարդ տեսաբան-ֆիզիկոսների ընտրության և դաստիարակության ուղղությամբ, ուսանողական նստարանից նրանց ներարկելով սեր դեպի ինքնուրույն գիտական աշխատանքը:
«Տեսական ֆիզիկա» առարկայի դասավանդումը տարվում էր ֆիզիկայի ամենավերջին նվաճումների հաշվառումով; Այսօր ամբիոնի բազմաթիվ շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են Հայաստանի բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում:
Պրոֆեսոր Սահակյանը զգալի աշխատանք էր տանում տեսական ֆիզիկայի դասագրքերի և ձեռնարկների ստեղծման ուղղությամբ: 1972 թվականին Է. Վ. Չուբարյանի հետ համատեղ նրանք տպագրում են «Քվանտային մեխանիկա» հայերեն լեզվով առաջին դասագիրքը, որի ընդլայնված և լրացված ռուսերեն հրատարակությունը լույս տեսավ 1982 թվականին: Ի տարբերություն գոյություն ունեցող բազմաթիվ դասագրքերի, Սահակյանի գրքում քվանտային մեխանիկայի բոլոր հիմնական հարցերը շարադրված են ատոմական ֆիզիկայի կոնկրետ պրոբլեմներից առաջ: Ուսումնական գրականության մեջ առաջին անգամ քննարկված է քվանտային մեխանիկայի ֆեյնմանյան մեկնաբանությունը՝ ինտեգրալները ըստ հետագծի, որը նոր հետաքրքիր մոտեցում է մասնիկների շարժման և միկրոաշխարհի փոփոխության մեկնաբանման մեջ:
Այդ ուսումնական ձեռնարկը ըստ էության նաև խնդրագիրք է: Յուրաքանչյուր գլխի վերջում բերված բազմաթիվ խնդիրները կազմված են նյութի ընկալումը խորացնելու և լրացնելու նպատակով: Վերջապես, գրքում զետեղված է միկրոաշխարհի ֆիզիկայի զարգացման և քվանտային մեխանիկայի ստեղծման պատմությանը նվիրված գլուխ:
Հատուկ ուշադրության է արժանի պրոֆ. Սահակյանի «Տարածություն-ժամանակ և գրավիտացիա» դասագիրքը, որը լույս է տեսել 1985թ. Երևանի պետական համալսարանի հրատարակությամբ: Նրանում տրադիցիոն ֆորմալիզմի հետ մեկտեղ, երբ թենզորները ներկայացվում են որպես բաղադրիչների համախումբ՝ հարաբերված կոորդինատային համակարգին, օգտագործված է նաև Կարտանի աբստրակտ երկրաչափության ապարատը: Մեծ ուշադրություն է դարձված դիֆերենցիալ ձևերի և արտաքին դիֆերեցման ֆորմալիզմին, նրա կիրառությանը՝ էլեկտրամագնետիզմի և կորության թենզորի բաղադրիչների հաշվման հանդեպ: Հատուկ գլուխ է նվիրված այլասերված աստղային նյութից կազմված գրավիտացվող մարմինների ներքին լուծումների հայտնաբերմանը: Պրոֆ. Սահակյանը տանում էր նաև լայն գիտակազմակերպչական աշխատանք: 1967-1972 թթ. Գ. Ս. Սահակյանը եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: Նա մեծ ջանք է ներդրել ֆակուլտետում նոր գիտական ուղղությունների, ամբիոնների և գիտական լաբորատորիաների ստեղծման գործում: Մասնավորապես մեծ է նրա դերը առաջին բուհական գիտահետազոտական ինստիտուտի՝ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի ստեղծման գործում:
Գ. Ս. Սահակյանը սովետական բոլոր գրավիտացիոն կոնֆերանսների կազմկոմիտեների անդամ է եղել: 1972 թվականին նրա ղեկավարությամբ Ծաղկաձորում կազմակերպվել և բարձր մակարդակով անց է կացվել Երրորդ սովետական գրավիտացիոն կոնֆերանսը, համամիութենական առաջին աշխատանքային խորհրդակցությունը Երևանում՝ գերխիտ երկնային մարմինների տեսության գծով: Գ. Ս. Սահակյանը ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության գիտատեխնիկական խորհրդի գրավիտացիայի սեկցիայի անդամ էր, ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ֆիզիկայի գիտական սեկցիայի նախագահ՝ «տեսական և մաթեմատիկական ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված գիտական խորհրդի նախագահ, ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի «աստղաֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառման պրոբլեմների ինստիտուտի «պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված գիտական խորհուրդների անդամ: Գ. Ս. Սահակյանը Երևանի պետական համալսարանի, նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի , ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանի և ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ էր: Նա «Աստղաֆիզիկա», «ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր. Ֆիզիկա» և «Երևանի պետ. համալսարանի գիտական տեղեկագիր» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ էր, Հայկական սովետական հանրագիտարանի ֆիզիկայի բաժնի գիտաճյուղային խորհրդի խմբագիր:
Գ. Ս. Սահակյանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին և նրա մանկավարժական ու գիտական բեղմնավոր գործունեությունը նշվել է կառավարական բարձր պարգևներով: Նա պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով, ինչպես նաև մեդալներով և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: 1970 թվականին նրան շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: