Cover Image
close this bookՄկրտչյան Լևոն Մկրտչի (1933-2001)
View the documentԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչի Մկրտչյանը ծնվել է Ախալցխա քաղաքում 1933 թվականի մարտի 2-ին։ Բաթումի ծովագնացության ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1954 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1958 թվականին ավարտելով համալսարանը՝ դասախոսական աշխատանքի է անցել մայր բուհում։
Լևոն Մկրտչյանը 1965 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, 1971 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի կոչման է արժանացել 1973 թ.։ Ակադեմիկոս Լ. Մկրտչյանը Երևանի պետական համալսարանի ռուսական լեզվաբանության ու թարգմանության տեսության , ռուս գրականության ամբիոնների վարիչն է եղել 1974-1978, 1978-2000 թթ.։ Իր գիտամանկավարժական գործունեության 18 տարիներին / 1980-1998 թթ. / նա Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկանն էր։
1981 թվականին Լևոն Մկրտչյանն արժանացել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ 1975-1979-ին նա Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարն է եղել, 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Նա 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 1998 թ. Լևոն Մկրտչյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն ունեցավ Ռուս-հայկական / սլավոնական / համալսարան, որի հիմնադիրն ու առաջին ռեկտորը ակադեմիկոս Լևոն Մկրտչյանն էր մինչև իր մահկանացուն կնքելը։
«Լևոնի վաստակն ուրիշ չափ ու կշիռ ունի, գնահատանքի ուրիշ խոսքեր են վայելում նրան։ Գրիգոր Նարեկացու տողերը զարդարում են մեր ժամանակի մեծագույն գրողներից մեկի՝ Չինգիզ Այթմատովի վեպի ճակատը, և Միխայիլ Դուդինն Այթմատովին գրել է, թե ինքը գիտե, որ այդ տողերը նրան պարգևել է Լևոն Մկրտչյանը, որից բացի «աշխարհում ոչ ոք» չի կարող այդպիսի նվեր մատուցել»։
Արդարև, Լևոն Մկրտչյանի ջանքերով Գրիգոր Նարեկացու աստվածային «Մատյանը» ՝ որպես անփոխարինելի ու անմրցակից պարգև, մատուցվել է նախկին Միության գրեթե բոլոր հանրապետությունների ընթերցողներին, այժմ էլ ազգ առ ազգ փոխանցում են միմյաց՝ թարգմանաբար։
Լևոն Մկրտչյանը իր ձեռնարկած թարգմանություններով, իր հոդվածներով ու մեկնաբանություններով մեր քնարերգության բազմադարյան գանձերը պարգևել է աշխարհին։
«Եթե Բաբելոնում թարգմանիչներ լինեին» արդեն թևավոր խոսք դարձած արտահայտությունը Լևոն Մկրտչյանինն է։ Նա միութենական գրական աշխարհին է ներկայացրել թարգմանության տեսության մասին իր թարմ ու համարձակ տեսակետները, որոնք հիացնում են այդ գործի նույնիսկ հին ու հայտնի վարպետներին։ Կասկած չկա, որ ոչ հեռու ապագայի թարգմանական ոլորտի համար օրենքի ուժ են ստանալու նրա առաջարկները՝ բնագրի ոգուն և ոչ թե տառին հարազատ մնալու, տողացիի նկատմամբ գերագույն պահանջկոտու թյան և նման հարցերի վերաբերյալ։ Ակադեմիկոս Լ. Մկրտչյանը այն մարդկանցից է, ովքեր իրավունք ունեն ասելու, թե իրենց ապրած տարիներից, օրերից, ժամերից ոչ մեկն էլ իզուր չի անցել։
Բայց... Լևոն Մկրտչյանը ամենից առաջ գրող է։ Նա ժամանակակից ընթերցողի համար բացահայտել է Նարեկացուն, նրա կրքերն ու տառապանքները, իմաստությունն ու երաժշտականությունը՝ ճշմարիտ պոեզիայի նրա որոնումները նեցուկ դարձնելով ժամանակակից մարդու խռովահույզ հոգուն։
Լևոն Մկրտչյանը մեծ հումանիստ է ։ Նա ոչ միայն հիանալի գիտե հայ դասական ու ժամանակակից պոեզիան, այլև քաջատեղյակ է արդի համաշխարհային պոեզիայի հավերժահոս ընթացքին։ Նա իր գրքերով ու հոդվածներով ակտիվորեն մասնակցում է այդ ընթացքին՝ տարածելով լավն ու առաջավորը։ Մրցանակի ներկայացված նրա բոլոր աշխատություններն էլ տաղանդի, համոզվածության, իր գործին նվիրվածության կնիքն են կրում, գրված են փայլուն ոճով, որը գրողի խորը գիտելիքների և բնատուր ձիրքի ապացույցն է։ Գիտնականի ու գրողի, ժամանակակից պոեզիայի ամենաբանաստեղծական քննադատներից մեկի իր ողջ գործունեությամբ Լևոն Մկրտչյանը կարողանում է կենդանի պահել ժամանակների ու սերունդների կապը։
Լևոն Մկրտչյանը ճշմարիտ ժառանգորդն է գրական-մշակութային մի մեծ ավանդույթի՝ հայ և ռուս գրականությունների խորքային առնչությունների, գրական-թարգմանական կապերի, լինելության և փոխհարստացման ընթացքի, նա այդ կենդանի պատմության լիիրավ կրողն ու շարունակողն էր։ Մշակութային այս ծիրը, որ կնքված է Հովհաննես Թումանյանի, Վալերի Բրյուսովի, Մաքսիմ Գորկու, Վահան Տերյանի և ուրիշ մեծերի անուններով, բարեբախտաբար, մեզանում շարունակություն ունեցավ։ Աներկբայելի է՝ կատարած գործի եզակիությամբ, նշանակությամբ ու կարևորությամբ արժևորվում է հայ և ռուս մշակույթների երախտավորի, Ռուս-հայկական / սլավոնական/ պետական համալսարանի հիմնադրի և առաջին ռեկտորի՝ Լևոն Մկրտչյանի շնորհակալ գործը, ում վաստակն ուղղակի անչափելի է այս ասպարեզում, մարդ, ում ջանքերի շնորհիվ հայ գրականության շատ մեծարժեք նմուշներ դուրս եկան միջազգային ասպարեզ՝ թարգմանվելով մի շարք լեզուներով, հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ Խոսքը հատկապես մեր միջնադարյան գրականության, մեր էպոսի, միջնադարյան հայրենների բազմալեզու և բազմաթիվ թարգմանությունների և դրանց հրատարակությունների, ինչպես նաև օտարալեզու և ամբողջական հատորային հրատարակությունների՝ իրենց նշանակությամբ բացառիկ ծրագրերի փայլուն կատարման մասին է։ Հարկ է նշել նաև այն կարևոր ներդրման մասին, որ ունեցավ ակադեմիկոս Մկրտչյանը ռուս գրականության մեջ՝ ոգևորելով և սատարելով ռուս տաղանդավոր բանաստեղծուհի Մարիա Պետրովիխին՝ կազմելու իր բանաստեղծությունների ժողովածուն։ Ի հպարտություն մեզ՝ գիրքն առաջին անգամ լույս տեսավ Երևանում և երևույթ դարձավ ռուս գրականության մեջ։ Այդ կենդանի ստեղծագործական կապերի շնորհիվ Մարիա Պետրովիխը՝ հայ պոեզիայի նվիրյալը, հայ պոեզիայի բարձրարվեստ թարգմանը դարձավ։ Մեծ է ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի դերը մշակույթներ մերձեցնելու, տարբեր ազգերի սերունդների բարեկամացնելու գործում։ Իր ստեղծագործական հղացումներով, մեծ արարումներով ու բռնկումներով նա իսկական սարոյանական կերպար էր, մի բարի հսկա...
Նա ամբողջ կյանքում հայ մշակույթը տարավ հոգևոր խաչասերումների ուրիշ մեծ մշակույթների հետ՝ ընդգծելով, շեշտելով մեր մշակույթի ինքնությունը, բացառիկությունը, տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Յուրաքանչյուր շփում ճշմարիտ, բարձրարվեստ գրականության հետ նա ընկալում էր գյուտ արածի հրճվանքով։ Նրա ողջ կյանքն ու գործունեությունը հոգևոր կապի առհավատչյա է, երբ մարդու գիրն ու գործը իրենից հետո ոչ միայն չի օտարվում, այլ ապրում է՝ տարիների ընթացքում ձեռք բերելով նոր նշանակություն և իմաստավորում։