Cover Image
փակիր այս գիրքըԿարապետյան Բորիս Կարապետի (1924-2019)
Դիտել փաստաթուղթըԲ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԲ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Կարապետի Կարապետյանը ծնվել է 1924 թ. ծառայողի ընտանիքում Պյատնգորսկ քաղաքում, որտեղ ապրել է մինչև 1929 թ., այնուհետև բնակվել՝ Գորիսում։ 1932-1942 թվականներին ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում։ Մեկ տարի սովորել է Երևանի բժշկական համալսարանում։
Նա 1943 թ. ընդունվել և 1948 թ.գերազանց գնահատականներով ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով ինժեներ-շինարարի կոչում։ Նույն տարվա նոյեմբերին ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտ «Հակասեյսմիկ շինարարության» գծով ասպիրանտուրա։ 1952-1961 թթ. այդ ինստիտուտում աշխատել է ՝ որպես ավագ լաբորանտ, կրտսեր, հետագայում՝ ավագ գիտական աշխատող, գիտական գծով քարտողար և սեկտորի վարիչ։
Բ.Կ. Կարապետյանը 1954 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և արժանացել տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչման, 1959 թ. նրան շնորհվել է ավագ գիտական աշխատողի կոչում։ 1964 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ ինժեներական սեյսմոլոգիայի ասպարեզում։
1961 թ. օգոստոսի 1-ից Լենինականում Գեոֆիզիկայի ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտ կազմակերպելու կապակցությամբ տեղափոխվել է այդ ինստիտուտ՝ ինժեներային սեյսմոլոգիայի բաժնի վարիչի պաշտոնով։
Բորիս Կարապետի Կարապետյանը հեղինակ է ավելի քան 200 տպագիր գիտական աշխատությունների, այդ թվում՝ 10 մենագրությունների և գրքերի։
Նրա հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ շենքերի և կառուցվածքների վրա ազդող սեյսմիկ ուժի, հիմնատակերի հետ դրանց փոխազդման ուսումնասիրությունները, պայթեցումների միջոցով երկրաշարժերի մոդելացումը, սեյսմիկ ազդեցության կրկնողականության հաշվառումը հան րապետության ընդհանուր սեյսմիկ ցանցի նախագծման մշակման համար. ստացված արդյունքների սեյսմիկ շրջաններում շինա րարության վերաբերյալ ստեղծվող նորմատիվ փաստաթղթերում հաշվի առնելու նպատակով։ Բ.Կ. Կարապետյանին են պատկանում երկրաշարժերի և հզոր պայթեցումների ուսումնասիրության և շենքերի ու կառուցվածքների վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնարար ուսումնասիրությունները։
Պրոֆեսոր Բ.Կ. Կարապետյանը «Ինժեներային սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության» խնդիրների ուղղությամբ ճանաչված խոշոր հեղինակություն է։ Նա առաջինն է եղել, որ առաջարկել է սեյսմիկ ազդեցությունը երկրաշարժերի ժամանակ մոդելացնել՝ օգտագործելով կարճատև դանդաղեցված պայ թեցումները։ Նա նույնպես առաջինն է նշել, որ երկրաշարժերի ժամանակ նպատակահարմար է ուսումնասիրել ոչ միայն շենքի և նրա հիմնատակի փոխազդեցությունը, այլ մի շարք շենքերի և դրանց հիմնատակերի (բնահողի) փոխազդեցությունը։
Բ.Կ. Կարապետյանի գիտական գործունեությունը մշտապես ուղղված է ժողովրդական տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող պրակտիկ խնդիրների լուծմանը։ Առաջին այդ բնույթի աշխատանքները նրա կողմից սկսվել են այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր որոշել Գյումուշի հիդրոկայանի մոտակայքում ջրավազանի ստեղծման նպատակով կատարվող պայթեցումների ուժի անվտանգ մեծությունը ։ Հետագայում նույնանման աշխատանքներ նա կատարել է հանրապետության մյուս օբյեկտների վրա, ապահովելով դրանց անվտանգությունը։ Հատուկ, միութենական նշանակություն ունեցող «Հարված» թեմայի գիտական և արտադրա-փորձարարական կոմպլեքս աշխատանք ները, որոնք կատարվում էին Սեմիպատատինսկի փորձարարական պոլիգոնում, գլխավորել է Բ.Կ. Կարապետյանը։ Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվել են շենքերի և կառուցվածքների վրա միջուկային պայթեցումների ազդման և դրանց նորմալ շահագործումը ապահովելու վերաբեյալ հետազոտությունները։
Հիմք ընդունելով իր սեփական աշխատանքները և վերլուծելով մի շարք ուրիշ տվյալներ, Բ.Կ. Կարապետյանը առաջինն է եղել, որ առաջադրել և հիմնավորել է սկզբունքորեն նոր մոտեցում երկրաշարժերի կանխման խնդրի լուծման վերաբերյալ, որը գիտական և պրակտիկ մեծ հետաքրքրություն է առաջացրել (Հայ ինժեներների, գիտնականների և արդյունաբերողների 1-ին համաշխարհային կոնգրեսում, որը տեղի ունեցավ Լոս-Անջելոսում 1989 թ. օգոստոսին)։ Նրա ղեկավարությամբ՝ խնդրի պրակտիկ լուծման նպատակով իրականացվեց աշխատանքների մի նոր կոմպլեքս։
Բ.Կ. Կարապետյանը Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է գիտության և տեխնիկայի ասպարեզում։ Նա Հայաստանում ստեղծել է ինժեներային սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության դպրոց և պատրաստել՝ մի շարք մասնագետներ այդ ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ պաշտպանել են 1 դոկտորական, 16 թեկնածուական ատենախուսություններ, ունեցել է 5 ասպիրանտներ (2-ը՝ արտասահմանից)։
Մեծ են Բ.Կ. Կարապետյանի արժանիքները ինժեներային սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության ասպարեզում գիտական ու արտադրական աշխատանքների կազմակերպման ու զարգացման ուղղությամբ։ Նա հանդիսանում է Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի կազմակերպիչ-հիմնադիր ներից մեկը, որտեղ նա աշխատեց 10 տարի և ակտիվորեն ընդառաջեց ինստիտուտի կազմավորմանը և ամրապնդմանը։
Ակադեմիկոս Բ.Կ. Կարապետյանը մեծ գիտական և կազմակերպչական աշխատանքներ է կատարել Սպիտակի 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետազոտման ուղղությամբ։ Նա հայտնաբերեց այդ երկրաշարժի սպեցիֆիկ առանձնահատկությունները, որոնք արտահայտվել են նրա ազդման կրկնողականությամբ՝ ուղղաձիգ բաղադրիչի մեծ արժեքով, բնահողի «երակի սեյսմիկ էֆեկտով»։ Նա եղել է այդ երկրաշարժը ուսումնասիրող և միջոցառումներ մշակող բազմաթիվ հանձնաժողովների կազմում, գումարել է իր կողմից ղեկավարվող Պրոբլեմային խորհրդի նիստերը, որտեղ քննարկվում էին այդ ուսումնասիրությունների արդյունքները։
Բ.Կ. Կարապետյանը, Յունեսկո-ի կողմից կազմակերպված «Սպիտակ - 88» Միջազգային սեմինարի նախաձեռնողն ու կազմակերպողն էր , որի աշխատանքներին մասնակցեցին սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության գծով աշխարհի խոշոր մասնագետները։
Նա մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես է եկել զեկուցումներով Ճապոնիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում։ Նրա զեկուցումները ներկայացվել են նաև Նոր Զելանդիայում և Չիլիում։ Բ.Կ. Կարապետյանը հանդիսացել է մի շարք գիտական խորհուրդների և կոմիտեների, այդ թվում՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի անդամ, ՍՍՀՄ սեյսմակայունության ազգային խորհրդի նախագահության, հանրապետության շինարարության գծով գիտա-տեխնիկական ընկերության վարչության և նրա «Սեյսմակայուն շինարարություն» սեկցիայի նախագահ, հանրապետության «Գիտելիք» ընկերության մեթոդական խորհրդի նախագահ, ՀՍՍՀ ԳԱ ՔԵԳ բաժանմունքին կից սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության գիտական պրոբլեմային խորհրդի նախագահ։
Բորիս Կարապետովիչը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտին կից շինարարական մեխանիկայի և կառուցվածքների գծով թեկնածուական դիսերտացիայի պաշտպանության հատուկ խորհրդի նախագահի տեղակալն էր։ Նա 1986 թ.-ից ԱՄՆ-ի Սեյսմոլոգիական ընկերության, իսկ 1987 թ.-ից՝ Ինժեներա-սեյսմոլոգիական ընկերության անդամ էր։
Աշխատանքային արիության համար Բորիս Կարապետովիչը պարգևատրվել է ՍՍՀՄ 5 մեդալներով և Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1996 թվականին Բորիս Կարապետի Կարապետյանը արժանացավ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսի բարձրագույն կոչման։