Cover Image
փակիր այս գիրքըՇահինյան Արամ Արտաշեսի (1938-2020)
Դիտել փաստաթուղթըԱ. Ա. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արամ Արտաշեսի Շահինյանը ծնվել է 1938 թվականի հւնիսի 26-ին ք. Երևանում ակադեմիկոս Արտաշես Շահինյանի և Քնարիկ Շահինյանի ընտանիքում: Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվորմ և ավարտում է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը «Պելիմերների ֆիզիկա» մասնագիտությամբ: 1962 թվականին նա դառնում է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, աշակերտելով մեծանուն քիմիկոս՝ ակադեմիկոս Ն.Ս.Ենիկոլոպովին: Այնուհետև Ա.Շահինյանը ձևավորվեց որպես լայն հետաքրքրությունների տեր մի գիտնական, որը հետագայում իր գիտելիքներն ու փորձը ներդրեց Հայաստանում գիտական նոր ուղղությունների ստեղծման և զարգացման գործում: Աշխատելով մասնագիտությունների հանգուցակետում, նա մեծ ներդրում ունեցավ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հարակից մի շարք կարևոր պրոբլեմների լուծման մեջ, որոնցում նա սկզբնավորել և զարգացրել է գիտական նոր ուղղություններ: Նա ունի զգալի ներդրում իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման մեջ: Նրա աշխատանքներում, որոնք կատարվել են պրոֆ. Վ.Վ.Իվանովի հետ համատեղ բացահայտվել է խզման միջոցով շղթայի փոխանցման նոր էլեմենտար ռեակցիայի պայմաններում առաջացող պոլիմերի մոլեկուլազանգվածային բաշխման տեսությունը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ալ.Ալ.Բեռլինի բնորոշմամբ, այս բնագավառում «Ա.Ա.Շահինյանի ստացած արդյունքները դարձան դասական և օգնեցին ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն»: Այս արդյունքները ամփոփվել են Ա.Շահինյանի կողմից 1967 թվականին Մոսկվայի ֆիզ-տեխ ինստիտուտում պաշտպանված ֆիզ-մաթ գիտ. թեկնածուի ատենախոսությունում:
Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Ա. Շահինյանը (պրոֆ. Լ.Մելքոնյանի մասնակցությամբ) մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա, համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Ցույց է տրվել, որ էմուլսիոն պոլիմերման ընթացքում կարելի է հասնել սինթեզվող պոլիմերների ցանկալի հատկությունների, ազդելով համակարգի կառուցվածքի վրա: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Սինթետիկ պոլիմերային նյութերի» ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ն.Ս.Ենիկոլոպովի բնութագրմաբ «Ա.Ա.Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումները մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ թույլ են տալիս զարգացնել մի նոր գիտական ուղղություն, որը իր մեջ ներառում է ոչ միայն պոլիմերման պրոցեսները, այլև միցելային կատալիզը, հեղուկ բյուրեղները և այլն»: Այս արդյունքները ամփոփվել են Ա.Շահինյանի կողմից 1982 թվականին ԽՍՀՄ ԳԱ-ի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանված քիմ.գիտ. դոկտորի ատենախոսությունում:
Լիոտրոպ հեղուկ բյուրեղների քիմիայի և ֆիզիկայի ասպարեզում Ա.Շահինյանը առաջիններից մեկն էր, որ նախկին ԽՍՀՄ-ում սկսեց հիմնարար հետազոտություններ կատարել, բնության մեջ լայն տարածում ունեցող լիոտրոպ հեղուկ բյուրեղների բնագավառում: Այդ համակարգերի կառուցվածքային նմանությունները միցելների և բջջային թաղանթների հետ, թույլ տվեցին, որ այն պատկերացումները և մոտեցումները, որոնք առաջարկվել էին Ա.Շահինյանի կողմից միցելային համակարգերի համար օգտագործվեն նաև լիոտրոպ հեղուկ բյուրեղների ուսումնասիրության մեջ: Ցույց է տրվել, որ լիոտրոպ հեղուկ բյուրեղների մոլեկուլային և վերմոլեկուլային կառուցվածքների միջև գոյություն ունի որոշակի կորելյացիա, որը մեծ հնարավորություններ է ստեղծում լիոտրոպ հեղուկ բյուրեղների կիրառության նոր ոլորտներ բացահայտելու համար: Առաջի անգամ այս համակարգերը առաջարկվեցին որպես ճշգրիտ չափիչ սարքերի զգայուն էլեմենտներ: Ստեղծվեցին սարքեր, որոնք ներդրվեցին և ցուցադրվեցին Լեյպցիգի Միջազգային տոնավաճառում: հայտնի գիտնական, Ռուսաստանի ԳԱ «Կրիստալոգրաֆիայի» ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Բ.Կ.Վայնշտեյնի գնահատմամբ «Ա.Ա.Շահինյանի կողմից ստեղծվել է լիոտրոպ հեղուկ բյուրեղների հիմնական կառուցվածքային միավորներում տեղի ունեցող կառուցվածքային ձևափոխումների վերաբերյալ տեսություն և նրան կարելի է համարել Հայաստանում լիոտրոպ հեղուկ բյուրեղների քիմիայի և ֆիզիկայի գիտական ուղղության հիմնադիր»:
Այս բնագավառում ստացված արդյունքները ամփոփվել են Ա.Շահինյանի կողմից 1992թ. ՀԽՍՀ ԳԱ-ի ՖԿՊ ինստիտուտում պաշտպանված ֆիզ.մաթ. գիտ. դոկտորի ատենախոսությունում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաշվողական ռեսուրսների թափ առնող զարգացումը և դրանց կիրառության հնարավորությունները տարբեր ոլորտներում, 1990-ական թվականի վերջերից գիտության և գիտելիքահենք տեխնոլոգիաների բնագավառում բերեցին մի որակապես նոր իրավիճակի, որը հիմք հանդիսացավ արձանագրելու, որ ոտք ենք դնում «21-րդ դարի գիտության» դարաշրջան: Բնական գիտությունների մասով այս նոր ուղղությամբ իր ծանրակշիռ մասնակցությունն է բերում նաև Ա.Շահինյանի ղեկավարած գիտական անձնակազմը:
Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվեցին Մոլեկուլային Դինամիկայի և Համակարգչային Թաղանթաբանություն գիտական ուղղությունները, ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների օգտագործման շնորհիվ ստացվեցին նորագույն գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում և մեծ հեղինակություն են վայելում: Ամերիկյան BioMedLab հետազոտությունների վարկանիշը գնահատող կազմակերպությունը Ա.Շահինյանի և նրա աշակերտների, այս բնագավառ կատարած աշխատանքները դասել է նույն ոլորտի լավագույն աշխատանքների շարքին:
Ներկայումս, Ա.Շահինյանի ղեկավարությամբ գործող գիտական անձնակազմը իրականացնում է բնական գիտություններում բարձր արտադրողական հաշվողական ռեսուրսների օգտագործմամբ կատարվող աշխատանքներ, օգտվելով ինչպես «Հայ Գրիդի», այնպես էլ մի շարք այլ երկրներում գտնվող գերհամակարգիչների հնարավորություններից: Այս բնագավառում ձեռք բերված կարևոր արդյունքների համար Ա.Շահինյանը իր աշակերտի հետ 2008թ.-ին արժանացել է Նախագահի մրցանակի:
Ա.Շահինյանը շուրջ 190 գիտական հոդվածների հեղինակ է: Նա հեղինակ է նաև 3 մենագրության, ինչպես նաև երեք գրքերի առանձին գլուխների, որոնք լույս են տեսել Nova Science Publishers, Inc.(ԱՄՆ) հրատարակչության կողմից: Իր գիտական վաստակի համար Ա.Շահինյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից (2000թ.), այնուհետև իսկական անդամ (2010թ.): 2009թ. նա արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման:
Ա.Շահինյանը մեծ դեր է կատարել նաև գիտության ոլորտը համակարգող օրենսդրական դաշտի ձևավորման գործում: 1992-1999թթ. լինելով ՀՀ գիտության և բարձրագույն կրթության (ապա՝ գիտության և կրթության) փոխնախարար, իսկ անուհետև 1999-2011 թվականներին ՀՀ ԳԱԱ Նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնակատար, նա կարևոր դերակատարում է ունեցել «ՀՀ գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» և «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենների ստեղծման մեջ, որոնք թույլ տվեցին սահմանել անկախ Հայաստանում գիտական կազմակերպությունների, այդ թվում և ՀՀ ԳԱԱ-ի իրավական կարգավիճակը և գործունեության առանձնահատկությունները:
Ա.Շահինյանը զգալի ավանդ է ունեցել նաև գիտության բնագավառում միջպետական համագործակցության կայացման գործում: Իր գոյության ողջ ժամանակաշրջանում (1996-2007թթ.) նա եղել է Եվրոպական INTAS կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ. եղել է «Հայ-Ռուսական (Սլավոնական)» համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ, եղել է Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի (ՄԳՏԿ) համակարգող խորհրդի անդամ և այլն:
Ա.Շահինյանը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները:
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում, գիտական ղեկավար (2011-ից մինչ այսօր),
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնակատար և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2008 – 2011), ,
ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս քարտուղար (2007 - 2008),
ՀՀ ԳԱԱ փոխնախագահի տեղալալ և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2004 - 2007),
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (2002-2004),
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի թեմայի ղեկավար (2004թ.-ից,)
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի տնօրեն (1999-2002),
ՀՀ ԳԱԱ Նախագահի տեղակալ (1999-2002),
ՀՀ գիտության և կրթության նախարարի տեղակալ, այնուհետև առաջին տեղակալ(1992-1999),
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1985-1992),
ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ և խմբի ղեկավար (1974-1985),
ՀՀ ԳԱԱ Գորիսի ֆիզիկա տեխնիկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ (1971-1974),
Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ գիտ. աշխատող (1967-1971),
ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ստաժյոր հետազոտող (1965-1967):
Ա.Շահինյանը վախճանվել է փետրվարի 4-ին 2020 թ., Երևանում: