Cover Image
փակիր այս գիրքըԽուրշուդյան Լենդրուշ Արշակի (1927-1999)
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը ծնվել է 1927 թ. մայիսի 1-ին, ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, գյուղացու ընտանիքում:
1936 թ. ընդունվել է Երևանի Ստ. Շահումյանի անվ. միջնակարգ դպրոց: 1943 թ. ընդունվել է կոմերիտմիության շարքերը: 1946 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 1950 թ. համալրել է ԽՄԿԿ շարքերը, եղել է ԵՊՀ կուսակցական կոմիտեի անդամ: 1951 թ. ավարտել է ԵՊՀ վերոհիշյալ ֆակուլտետը և ընդունվել է ասպիրանտուրա՝ ԽՄԿԿ պատմության գծով (ԵՊՀ մարքսիզմ – լենինիզմի ամբիոն): 1954 թ. ավարտել է ասպիրանտուրան:
1956 -1974 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ստեփան Շահումյանի կուսակցական և պետական գործունեությունը 1917-1918 թթ.», իսկ 1966 թ.՝ դոկտորական՝ «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում»: 1980 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1974 թ – 1976 թթ. վարել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչի պաշտոնը:
1977 - 1999 թթ. ղեկավարել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնը:
1979 թ. գիտական գործուղման է մեկնել Լեհաստան:
Զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ: Հաշվառումից հանվել է հասակի պատճառով:
Զբաղվել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, սոցիալիստական շինարարության, ազգային հարաբերությունների, հայ ազգային-ազատագրական պայքարի, Լեռնային Արցախի, Հայկական հարցի, հայ քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի պատմության հարցերով: Այդ թեմաներով ունի 68 հրապարակված ուսումնասիրություն, այդ թվում 7 (յոթ) մենագրություն:
Եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության և արևելագիտության ինստիտուտների մասնագիտացված խորհուրդների, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության պատմություն» պրոբլեմային խորհրդի անդամ: Զեկուցումներով բազմիցս հանդես է եկել միջազգային և համամիութենական գիտաժողովներում:
Լ. Ա. Խուրշուդյանի տեսադաշտում գտնվող պրոբլեմների թվում կարևոր տեղ է գրավել Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատմության հետազոտությունը: Նա պատկանում է խորհրդային այն պատմաբանների թվին, որոնք առաջինն են ձեռնամուխ եղել այդ պրոբլեմի ուսումնասիրությանը: Այդ թեմայով է «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում» խորագիրը կրող աշխատությունը, և մի շարք հոդվածներ, որոնց մի մասը հրատարակվել է Մոսկվայում: Սույն պրոբլեմի մշակումը զգալի տեղ է գրավում Լ. Ա. Խուրշուդյանի մյուս աշխատություններում ևս: Խորհրդահայ պատմագրության մեջ տվյալ պրոբլեմի գիտական ուսումնասիրությունը փաստորեն սկսվում է Լ. Ա. Խուրշուդյանի վերոհիշյալ մենագրությամբ և հոդվածներով:
Լ. Ա. Խուրշուդյանը, որպես Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատմության մասնագետ, լայնորեն ճանաչված է խորհրդային պատմագիտական շրջաններում: Նա, Խորհրդային Միությունում, պատկանել է քաղաքական կուսակցությունների պատմությամբ զբաղվող առաջատար գիտնականների թվին:
Հայ քաղաքական կուսակցությունների պատմության հետ առնչված, Լ. Ա. Խուրշուդյանն առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի ուսումնասիրությանը, որն իր արտացոլումն է գտել վերոհիշյալ աշխատությունում և հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության 8-րդ հատորում զետեղված տեքստում:
Լ. Ա. Խուրշուդյանի ուսումնասիրության շրջանակներում գտնվող երկրորդ հիմնական պրոբլեմը Անդրկովկասի և Հայաստանի հեղափոխական շարժումների, խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարի օրինաչափությունների ու առանձնահատկությունների, Բաքվի հերոսական կոմունայի, Հայկական հարցի պատմության, սոցիալական և ազգային-ազատագրական պայքարի հարաբերակցության հարցերի լուսաբանումն է: Այդ հարցերի քննարկմանն են նվիրված Լ. Ա. Խուրշուդյանի «Ստեփան Շահումյան: Պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թվականներին», «Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը», «Սովետական իշխանության հաղթանակն Անդրկովկասում» աշխատությունները և մի շարք հոդվածներ, որոնց մի մասը լույս են տեսել Մոսկվայում, Թբիլիսիում, Քիշինևում, Ռիգայում:
Այդ աշխատանքների համար հատկանշական է այն, որ դրանցում հեղինակը գերազանցապես անդրադարձել է մինչ այդ շրջանցված կամ վիճելի թեմաների: Նա վեր է հանել Անդրկովկասում սոցիալիստական հեղափոխության առանձնահատկությունները, ցույց է տվել ազգային-ազատագրական պայքարի տեղը և դերը սոցիալական պայքարի պրոցեսում:
Լ. Ա. Խուրշուդյանի ուսումնասիրությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են գրավում ազգային հարցը և, հատկապես, Լեռնային Արցախի պրոբլեմը, որոնք արծարծվել են հետևյալ աշխատություններում՝ «Պատմագիտության միակ չափանիշը ճշմարտությունն է. Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի կապակցությամբ Ադրբեջանում ծավալված հակահայկական արշավանքի նոր փուլը և նկրտումները», «Լեռնային Ղարաբաղի պատմության մի քանի հարցեր», «Լեռնային Ղարաբաղ. պատմական տեղեկանք», «Վերակառուցումը և ազգային հարցի լուծման ուղիները» և այլն: Հենվելով հարուստ փաստական նյութերի վրա, հեղինակը համոզիչ կերպով հերքում է Լեռնային Ղարաբաղի պատմության ադրբեջանական կեղծարարների հակագիտական հայեցակարգերը և ցույց տալիս ազգային հարցի ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Լ. Ա. Խուրշուդյանի հետաքրքրությունների շրջանակում ուրույն տեղ են զբաղեցնում նաև պատմագրության պրոբլեմին նվիրված հարցերը, որոնք արծարծվել ևվերլուծվել են բազմաթիվ հոդվածներում: Սոցիալիստական հեղափոխության, քաղաքացիական կռիվների, միջազգային իմպերիալիզմի ինտերվենցիայի, բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդների, սոցիալիստական շինարարության, ազգային-պետական շինարարության պատմության պատմագրության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններում հանրագումարի են բերված խորհրդահայ պատմաբանների՝ կեղծիքների բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքները, և առաջ են քաշված պատմագիտության առաջնահերթ խնդիրները:
Լ. Ա. Խուրշուդյանի հետաքրքրության շրջանակում են գտնվել նաև սոցիալիստական շինարարության և սոցիալիստական մրցության հարցերը: Խորհրդահայ պատմագրության մեջ սոցիալիստական մրցությանը նվիրված առաջին մենագրությունը հրատարակվել է Լ. Ա. Խուրշուդյանի կողմից՝ «Հայաստանում սոցիալիստական մրցության պատմությունից» խորագրով: Այս թեմայով նա ունի նաև մի շարք հոդվածներ:
Լ. Ա. Խուրշուդյանը եղել Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության 8-րդ հատորի հեղինակային կոլեկտիվի անդամ, նաև՝ 7-րդ հատորի խմբագրական կոլեգիայի անդամ: Նա ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի «Հայ ժողովրդի պատմության» ռուսերեն քառահատորյակի հեղինակային կոլեկտիվի անդամ էր, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի», «Հայկական համառոտ հանրագիտարանի», «Հայկական հարց. հանրագիտարանի» ստեղծման գործին, եղել է գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ, գլխավորել է Պատմաբանների հայկական րնկերությունը։
Ամբիոնի վարիչ աշխատելու տարիներին Լ. Ա. Խուրշուդյանն իրեն դրսևորել է որպես ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական աշխատանքների հմուտ կազմակերպիչ, լավ դասախոս: Նրա դասախոսություններն աչքի են ընկել մասնագիտական բարձր մակարդակով, գաղափարական ուղղվածությամբ, գիտական խորությամբ: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ: Մեծ գնահատանքի է արժանի նաև այն, որ նրա ղեկավարությամբ ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ, հրատարակել է հայ ժողովրդի պատմության ուսումնական 25 (քսանհինգ) քարտեզ, հայ ժողովրդի պատմության քառահատոր քրեստոմատիա, պատմական քարտեզների ատլաս և այլն:
Ամբիոնը կազմել է հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ծրագրեր, միաժամանակ աշխատանքներ է տարել բուհական երկհատոր և դպրոցական դասագրքեր ստեղծելու ուղղությամբ:
Լ. Ա. Խուրշուդյանը տարել է նաև ակտիվ հասարակական աշխատանք. եղել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամության թեկնածու, Երևանի պետական համալսարանի կուսակցական կոմիտեի անդամ:
Գիտական մեծ վաստակի համար Լ. Ա. Խուրշուդյանը 1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1991–1993 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղարի տեղակալի պաշտոնը, 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: