Cover Image
փակիր այս գիրքըՀարությունյան Յուրիկ Վարդանի (1929-2016)
Դիտել փաստաթուղթըՅ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


2016թ.-ի հունիսի 26-ին կյանքից հեռացավ մեծանուն գիտնական Յուրիկ Վարդանի Հարությունյանը (1929-2016)։

ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի Միջէթնիկ հարաբերությունների հետազոտման կենտրոնին կից էթնսոցոիոլոգիայի խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ խոհրդատու, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արտսահմանյան անդամ, Վիեննայի սոցիալական գիտական ոլորտի հետազոտման և փաստաթղթավորման կենտրոնի անդամ:
Յուրիկ Վարդանի Հարությունյան-ականավոր գիտնական, նորագույն գիտական ուղղության էթնոսոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը, շուրջ 300 գիտական աշխատանքների հեղինակ՝ թարգմանված աշխարհի շատ լեզուներով:
1949թ.-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Անցնելով մանկավարժական գործունեության՝ շուտով ընդունվում է ասպիրանտուրա (ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ): 1952թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և դարձել պատմության ինստիտուտի գիտաշխատող: 1964թ.-ին պաշտպանել է «ԽՍՀՄ գյուղատնտեսության զանգվածային ինդուստրիալ կադրերը» վերնագրով ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1971թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում:
1964-1969թթ. աշխատել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, նախ որպես՝ ավագ դասախոս, ապա փիլիսոփայության ֆակուլտետում՝ որպես սոցիոլոգիական լաբորատորիայի ղեկավար:
Սկսած 1966թ.-ից իր աշխատանքային գործունեությունը վարել է ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում (նախկինում ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության և մարդաբանության ինստիտուտ), որտեղ արդեն 1967թ.-ից բաժանմունքի վարիչ էր, իսկ 1986թ.-ից ՝ սոցիոլոգիայի բաժնի ղեկավար (ներկայումս՝ ՌԴ ԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի խումբ):
Յու. Վ. Հարությունյանի անվան հետ է կապված երկու հեռանկարային և կարևորագույն սոցիոլոգիականուղղությունների առաջացումը, որոնք գտնվում են սոցիլոգիայի, պատմության և ազգագրության սահմանագծում: Դրանք են՝ գյուղի պատմասոցիոլոգիական հետազոտությունների և ժամանակակից հասարակության էթնոսոցիոլոգիական ուսումնասիրությունների ուղղությունները:
Յու. Վ. Հարությունյանը նախաձեռնել է ռուսական գյուղերի ծավալուն սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը: Հետազոտությունները ներառել են հարցերի լայն շրաջանակ, որոնք վերաբերում են գյուղի ժամանակակից սոցիալական կառուցվածքի ձևավորմանը, դրա զարգացման հիմնական փուլերին ու միտումներին, գյուղական բնակչության և ընդհանուր հասարակության սոցիալ-մասնագիտական և ղեկավարող խմբերին, դրանց բնորոշմանը կյանքի տարբեր ոլորտներում (սոցիալ- տնտեսական, ընտանեկան-կենցաղային, մշակութային ոլորտ և այլն), սոցիալական մոբիլության գործընթացներին:
Յու. Վ. Հարությունյանը նշանակալի ներդրում է ունեցել ներդասային և միջդասային տարբերությունների հետազոտման խնդրում՝ մեծ ուշադրությունդարձնելով հասարակության սոցիալական կառուցվածքի բազմազանությանը՝ կապված էթնիկ առանձնահատկությունների, ինչպես նաև երկրի առանձին տարածաշրջանների տնտեսական և աշխարահագ- րական պայմանների հետ:
Նրա ղեկավարությամբ հիմնվել է էթնոսոցիոլոգների մի ամբողջ դպրոց, որի ներկայացուցիչները աշխատում են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող համալսարաններում և գիտական կենտրոններում, մշակվել են էթնոսոցիոլոգիայի դասագրքեր, որոնք լայն կիրառություն են ստացել սոցիոլոգների, մշակութաբանների, ազգաբանների, հոգեբանների և այլ մասնագետների շրջանում:
Հաշվի առնելով Հարությունյան գիտականի համաշխարհային ճանաճումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Անգնահատելի է Յուրիկ Հարությունյանի ավանդը հայկական գիտության մեջ: Նրա աջակցությամբ և գիտական ղեկավարությամբ 1976թ.-ից սկսվել են լայնամաշտաբ էթնոսոցիոլոգիական հետազոտություններ Հայաստանում և հայկական սփյուռքում, որոնք արդեն 40 տարի իրականացվում են մեր հանրապետության հինգ շրջաններում, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի և Ֆրանսիայի հայկական համայնքներում: Նրա ջանքերի շնորհիվ 1977թ.-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում ստեղծվել են էթնոսոցիոլոգիայի, ապա 2011թ.-ին սփյուռքի հետազոտությունների բաժիննները: Նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան տասնյակ գիտական կադրեր, հրատարակվել են հայ էթնոսոցիոլոգիայի ժամանակակից խնդիրներին նվիրված հարյուրավոր գիտական աշխատություններ, որի արդյունքում հայագիտության մեջ ձևավորվել և զարգացել է, ըստ էության, նոր գիտական ուղղություն: Նույնիսկ կյանքի վերջին շրջանում Յու. Վարդանի Հարությունյանը չէր դադարում զբաղվել գիտական ակտիվ և բեղմնավոր գործունեությամբ և վերջերս Հայաստանում հասցրեց հրատարակել իր հերթական՝ «Российские армяне» գիտական աշխատությունը:
Խորին վշտակցություն ենք հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, հուլիս-օգոստոս, № 7-8