Cover Image
փակիր այս գիրքըԲարդակչյան Գևորգ Պարգևի (1942-)
Դիտել փաստաթուղթըԳ. Պ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, հայագիտության և արևելագիտության դոկտոր, գրականագետ Գևորգ Բարդակչյանը ծնվել է 1942թ. Բեյրութում, բայց մանկությունն անցկացրել Դամասկոսում: Նրա հայրը ատաղձագործ էր, հետագայում օծվեց քահանա, մայրը տնային տնտեսուհի էր:
Գևորգ Բարդակչյանը հաճախել է Հալեպի հայկական նախակրթարան, հետագա ուսումը շարունակել արաբական դպրոցում: Ծնվելով և ապրելով օտար հողում՝ Գևորգ Բարդակչյանը, այնուամենայնիվ, համոզված էր, որ բարձրագույն կրթություն պետք է ստանա ոչ այլուր, քան մայր Հայաստանում, քանի որ մեծ էր ձգտումը հայրենի հողի և ժողովրդի նկատմամբ։ Երիտասարդ Գևորգի ինքնության ձևավորման վրա խոր հետք էր թողել հատկապես Եղիշե Չարենցը, որն էլ նրան առհավետ կապեց հայոց լեզվի և գրականության հետ:
1964թ. նա դիմեց Սիրիայում ԽՍՀՄ-ի դեսպանատուն՝ թույլտվություն ստանալու գալ Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու:
1964թ. նա ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նախապատրաստական բաժինը: Հաջորդ տարի հաջողությամբ ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, ուր նրան դասավանդել են լեզվաբանության և գրականության ոլորտի այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին՝ Գ. Ջահուկյանը, Հ. Բարսեղյանը, Մ. Մկրյանը: Բարձր առաջադիմությամբ ավարտելով բանասիրական ֆակուլտետը՝ նա որոշեց կրթությունը շարունակել ասպիրանտուրայում: Մեկ տարուց ավելի աշխատեց Էդուարդ Ջրբաշյանի հետ, այնուհետև 1969թ. դիմեց Օքսֆորդի համալսարան և հետագա կրթությունը շարունակեց այնտեղ:
1971-74թթ., սովորելուն զուգընթաց, աշխատում էր Բրիտանական թանգարանում՝ որպես հայագիտական նյութերի հատուկ մասնագետ: Գևորգ Բարդակչյանը դեռ չէր ավարտել ասպիրանտուրան, երբ ստացավ աշխատանքի երկու հրավեր՝ մեկը Բրիտանական թանգարանից, որտեղ նա արդեն աշխատում էր, մյուսը՝ Հարվարդի համալսարանից: Նրա գիտական թեզը վերաբերում էր Հակոբ Պարոնյանին: Գիտական ղեկավարը Չարլզ Դաուսեթն էր, որը հայտնի հայագետ էր և զբաղվում էր միջին հայերենով: Անգլիացի գիտնական գործընկերների և գիտական ղեկավարի խորհրդով Գևորգ Բարդակչյանը 1974թ. մեկնեց Հարվարդի համալսարան: Արդեն 1979 թվականից նա այստեղ դասախոսում էր, իսկ 1982թ. ավագ դասախոս էր և մատենագետ: 14 տարի աշխատելով Հարվարդի համալսարանում՝ նա որոշեց տեղափոխվել Միչիգանի համալսարան, որտեղ ստեղծվել էր լեզվի և գրականության ամբիոն: 1987-1997թթ. նա Միչիգանի համալսարանի սլավոնական բաժնում աշխատում էր դոցենտի հաստիքով, քանզի բավական լավ տիրապետում էր նաև ռուսերենին: 1997-2001թթ. Բարդակչյանը տեղափոխվեց Միջինարևելյան ուսումնասիրության բաժին, ստացավ պրոֆեսորի կոչում։ Այստեղ էլ նա աշխատում է մինչև օրս:
Գ. Բարդակչյանը դասավանդում է հայոց լեզու (գրաբար, միջին հայերեն, արևելահայերեն և արևմտահայերեն), հայ գրականության, մշակույթի, մտքի և Հայաստանյայց եկեղեցու պատմություն: Նրա հետաքրքրությունների շրջանակը հիմնականում վերջին հազարամյակի գրական-մշակութային-պատմական-լեզվային կյանքն է՝ համեմատական մոտեցմամբ և մանավանդ՝ հարևան մշակույթների համեմատությամբ: Լեզվաբանությունից նրան խիստ հետաքրքրում են փոխառությունների մշակութային կոնտեքստը և հայերենի գրական տարերակների առաջացումը: Գիտնական Բարդակչյանին շատ է օգնում լեզուների իմացությունը: Միևնույն ժամանակ Գևորգ Բարդակչյանը եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահը՝ 1982-1984թթ. և 2010-ից մինչ այսօր:
Գ. Բարդակչյանը սերտ կապեր ունի նաև հայ համայնքի հետ, հաճախ է դասախոսություններ կարդում հայկական համայնքի ներկայացուցիչների համար: Ինչպես նշում է Բարդակչյանը, կան հայ բարերարներ, որոնք ֆինանսավորում են հայագիտության զարգացման մի շարք ծրագրեր:
Գ. Բարդակչյանի ղեկավարությամբ յոթ գիտնական (հիմնականում օտարազգի) հայագիտության ոլորտում պաշտպանել են իրենց գիտական թեզը: Օտարազգի գիտնականները ատենախոսությունները պաշտպանել են հայագիտության տարբեր ոլորտներում՝ Իսլամը և Հայաստանը արաբների տիրապետության շրջանում, Պանդխտության թեման հայ և հարևան ժողովուրդների գրականության մեջ, Երեմիա Քյոմուրճյանի մտավորական աշխարհը (ժամանակակից օսմանյան մտավորական կյանքի ֆոնի վրա), 19-րդ դարի երկրորդ կեսի Պոլսի հայ և հույն վիպագրությունն ու թարգմանությունները, Հայ-քրդական հարաբերությունները՝ ցարական և օսմանյան արտաքին քաղաքականության լույսի տակ (1870-1908թթ.), Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, «Կանանց բաժինը» (женский отделъ) Սովետական Հայաստանում 1920-ական թվականներին և այլն:
Երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար ամեն տարի Միչիգանի համալսարանում Բարդակչյանի անմիջական ջանքերով կազմակերպվում են գիտական հավաքներ՝ նոր պաշտպանած կամ պաշտպանելու եզրին գտնվող երիտասարդ գիտնականների համար, իրականացվում են քննարկումներ: 1987- 2007թթ. Բարդակչյանի անմիջական ղեկավարությամբ Երևանում անց են կացվել Միչիգանի համալսարանի հայոց լեզվի ամառային դասընթացներ:
Նրա կատարած աշխատանքը բարձր են գնահատել ինչպես արտերկրում, այնպես էլ մայր հայրենիքում. Գ. Բարդակչյանը 1979-ից Օքսֆորդի համալսարանի հայագիտության և արևելագիտության դոկտոր է, 2006թ. ստացել է ԵՊՀ Պատվավոր դոկտորի կոչում, 2011թ.՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր: Բարդակչյանն արժանացել է մի շարք պարգևների՝ 2011թ. արժանացել է Ջեկ Քոլիգյանի անվան մրցանակի «Հայագիտությանը մատուցած գովարժան նպաստի համար», 2000թ. «Արթուր Դադյանի անվան հայկական [մշակութային] ժառանգության մրցանակ»՝ Ամերիկայի Հայ ուսանողների ասոցիացիայի կողմից, իսկ 2011թ. ստացել է «Էլիս կղզու պատվավոր մեդալ»:
Հաշվի առնելով Գևորգ Բարդակչյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գևորգ Բարդակչյանը ունի երկու դուստր՝ Անին և Նաիրին: Անին իրեն գտել է բիզնեսի ոլորտում, իսկ Նաիրին լրագրող է:
Այսօր էլ Գ.Բարդակչյանը ակտիվ համագործակցում է Հայաստանի գիտնականների հետ և մասնակցում է Հայաստանում կազմակերպվող գիտակազմակերպչական միջոցառումներին՝ ջանալով իր ներդրումը բերել հայագիտության զարգացմանը:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, նոյեմբեր, № 11