Cover Image
փակիր այս գիրքըՂազարյան Արմեն (1963-)
Դիտել փաստաթուղթըԱ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ղազարյանը ծնվել է 1963 թ. հունիսի 15-ին Երևանում, ճարտարագետների ընտանիքում: Հայրը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ղազարյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ է: Երկար տարիներ ղեկավարում էր Մոսկվայի Գազի տնտեսագիտության գիտա-հետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղը: Մոսկվայում ծնված ու ամուսնանալուց հետո Երևան տեղափոխված մայրը՝ Էլիանորան, կոնստրուկտոր էր:
Գերազանցությամբ սովորում էր Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, երբ ծնողների խորհրդով Արմենը սկսեց հաճախել նաև Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոց: Այդ դպրոցում սովորելու տարիներին արդեն պարզ դարձավ նրա հետագա մասնագիտական կողմնորոշումը:
Այդ ժամանակ արվեստը կարծես Հայաստանի գաղափարախոսության անբաժանելի մասն էր կազմում: Արմեն Ղազարյանը երազում էր նկարիչ դառնալ, բայց ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և որոշեց մասնագիտանալ հայկական հին, ավերված տաճարների և հուշարձանների վերականգնման հայրենանվեր գործի մեջ:
Բուհն ավարտելուց հետո Ա.Ղազարյանը կրթությունը շարունակեց ասպիրանտուրայում: Նրա թեկնածուական թեզը նվիրված էր Հռիփսիմեատիպ քառախորան եկեղեցիների ծագումնաբանության հարցին: Թեման թելադրված էր ղեկավարի՝ խոշորագույն բյուզանդագետ, միջնադարի ճարտարապետության պատմաբան Ալեքսեյ Կոմեչի կողմից: Թեև նյութը շարունակում էր մնալ հայկական, մեթոդաբանական առումով նրա գնահատումը նորովի դարձավ:
1991թ. Արմեն Ղազարյանը պաշտպանեց գիտական իր ատենախոսությունը «Անդրկովկասի անկյունային խորշերով քառախորանների ծագումնաբանությունը» թեմայով: Արդեն որպես գիտությունների թեկնածու Ա. Ղազարյանը 1991 թ. աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, երկու տարի անց մեկնեց Մոսկվա:
Ա. Ղազարյանին հիմնականում հետաքրքրել են երեք ոլորտների հիմնահարցեր. 1) ճարտարապետական հուշարձանների բացահայտում, նկարագրում ու դասակարգում, 2) ուշ անտիկ և միջնադարյան ճարտարապետության հարցերի վերլուծություն, ընդ որում՝ հայկական ճարտարապետական ավանդույթների քննությունը համաշխարհային զարգացման, տարբեր երևույթների համատեքստում, 3) ժառանգության պահպանման հետկապված տեսական հիմնահարցեր: Վերջին տարիներին սրանց է գումարվել նաև Նոր դարաշրջանի ճարտարապետության վերլուծությունը, հատկապես հայկական ազգային ոճի վերստեղծման պայմաններն ու ծագումնաբանությունը:
2007 թ. Արմեն Ղազարյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ «Անդրկովկասյան երկրների 7-րդ դարի ճարտարապետությունը. Ավանդույթի ձևաստեղծման և զարգացման հիմնահարցը» վերտառությամբ:
Երկար տարիներ նրա հիմնական ձգտումը կապված է եղել 7-րդ դարի ճարտարապետության՝ հայկական ոսկեդարի լիարժեք ներկայացման և դրա հետ կապված հիմնահարցերի քննարկման հետ: Արդյունքում այն ավարտվեց 2012-13 թթ. լույս տեսած քառահատոր գրքով, որն ամենաբարձր գնահատականների է արժանացել Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի գիտական շրջանակներում: Հեղինակն արժանացել է Եվրախորհրդի EUROPA NOSTRA (2014), ինչպես նաև Թորոս Թորամանյանի անվան (2016) մրցանակների:
Այս աշխատանքի շնորհիվ էր, որ 2017 թ. Ա. Ղազարյ անն ընտրվեց ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ և Ռուսաստանի Ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
Այսօր նա ուշադրությունը կենտրոնացրել է Բագրատունյաց շրջանի ճարտարապետության ուսումնասիրության վրա: Բավական լուրջ աշխատանքներ են տարվում Անիի հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ: Նա մասնակցում է թուրքական և արևմտյան ինստիտուտների կողմից կազմակերպվող ցուցադրության պատրաստմանը: Անիի ճարտարապետությանը և պահպանման ներկա աշխատանքները պետք է ներկայացվեն Ստամբուլում, Երևանում, Նյու Յորքում, Օսլոյում և այլ քաղաքներում:
Արմեն Ղազարյանի համար ավելի հստակ է դարձել ճարտարապետության պատկանելությունն արվեստներին, և դա նոր հորիզոններ է բացում ճարտարապետական հորինվածքների ձևաստեղծման ուսումնասիրության գործում:
2000 թվականից մինչև այժմ Արմեն Ղազարյանն աշխատում է ՌԴ մշակույթի նախարարության արվեստագիտության ինստիտուտում և ճարտարապետության ու քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտում, որի գիտական գծով փոխտնօրենն է:
Արմեն Ղազարյանը միշտ աշխատել է սերտ կապեր պահպանել հայ գիտնականների հետ: Նա համագործակցում է ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ և 2017 թ. հայռուսական գիտական համագործակցության ծրագրով արվեստի ինստիտուտի գործընկերների հետ սկսել է ուսումն ասիրություն իրականացնել Ղրիմի հայկական արվեստի շրջանակներում: Լուրջ համագործակցության կապեր կան նաև Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի հետ: Հայաստանի մասնագետների հետ պատրաստել է համատեղ հոդվածներ, իսկ վերջերս ճարտարապետությանը վերաբերող գիտական վերլուծությամբ մասնակցել է Հոռոմոսի վանքին նվիրված Փարիզում լույս տեսած հայ-ֆրանսիական հետազոտությանը:
Արմեն Ղազարյանը ուժ ու եռանդ չի խնայում, որպեսզի Ռուսաստանի հայությանը տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնի հայկական մշակույթը և արվեստը:
Նրա գիտական աշխատանքների թիվն անցնում է 200-ից, ներառյալ 4 մենագրություն: Արվեստի և հայկական մշակույթի հետ կապված խնդիրներն Արմեն Ղազարյանը միշտ քննարկում է իր կնոջ՝ Նաիրա Հարությունյանի հետ, ով, նույնպես լինելով Երևանի Ճարտարագիտական ինստիտուտի սան, Մոսկվայում մասնագիտացել է լանդշաֆտային ճարտարապետության ոլորտում: Նրանց երկու դուստրերը՝ Հասմիկն ու Էլիանորան, սեր ունեն դեպի արվեստը: Էլիանորան ճարտարապետ է, երկու տարի առաջ երևանյան ճարտարապետական բիենալեին մասնակցել է իր աշխատանքներով:
Հաշվի առնելով Արմեն Ղազարյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արմեն Ղազարյանն այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում արվեստի ոլորտի զարգացման մեջ և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:


Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2017, սեպտեմբեր, № 9