Cover Image
փակիր այս գիրքըԳևորգյան Սպարտակ Շաքարի (1948-)
Դիտել փաստաթուղթըՍ. Շ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկոս Սպարտակ Գևորգյանը ծնվել է 1948թ. մարտի 15-ին Խորհրդային Հայաստանում, Լոռու մարզի՝ Արեգունի լեռան ստորոտում գտնվող Լեջան գյուղում:
Ծնողները՝ Անահիտ և Շաքար Գևորգյանները, կրթություն չունեին, կոլտնտեսականներ էին և չէին կարող ազդել Սպարտակ Գևորգյանի մասնագիտական ընտրության վրա: Սակայն նրանք կարողացել էին իրենց որդու մեջ դաստիարակել այն բարձրագույն արժեքները, որոնց անունն է՝ պարզություն, մաքրություն, աշխատասիրություն:
Սպարտակը նախնական կրթությունը ստացել է Լեջանի դպրոցում, ամենասիրած առարկան հայոց լեզուն էր, քանզի հայոց լեզվի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը ճշմարիտ ուսուցչուհու և մանկավարժի տիպար էր:
Հատկանշական է, որ հաճախ ճակատագիրն է որոշում մարդու մասնագիտական ընտրությունը: Սպարտակ Գևորգյանը, որքան էլ տարօրինակ հնչի, ֆիզիկայից հիմնարար կրթություն չի ստացել: Նա ֆիզիկա է սովորել ինքնուրույն, սկզբում որպես հոբի, հետագայում նաև գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությունից դրդված:
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Սպարտակ Գևորգյանն ընդունվեց ռադիոէլեկտրակապի տեխնիկում՝ ռադիոսարքաշինություն մասնագիտության բաժինը: Այս ընտրությունը մեծ եղբոր խորհրդով էր: Տեխնիկումից անմիջապես հետո արդեն իր ցանկությամբ դիմեց պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոսարքերի նախագծման բաժին:
Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Սպարտակ Գևորգյանն ընդունվեց Լենինգրադի Էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան: Թեման վերաբերում էր սիլիցիումի հիման վրա գերբարձր հաճախականության (ԳԲՀ) սարքերի մշակմանը: Այն պահանջում էր խոր գիտելիքներ կիսահաղորդիչների ֆիզիկայից: Հենց այստեղ էր, որ Սպարտակ Գևորգյանի համար սկսվեց իսկական կիրառական ֆիզիկան, որն ուղեկցեց նրան ողջ գիտական գործունեության ընթացքում: 1977թ. նա հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Ասպիրանտուրան ավարտելուց հետո տարբեր ժամանակներում զբաղվել է ինտեգրալային օպտիկայով, օպտիկական ղեկավարմամբ ԳԲՀ կիսահաղորդչային սարք երով, բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչների, ֆերոէլեկտրիկների և բոլորովին վերջերս՝ պիեզոէլէկտրիկ ու բազմաֆերոիկ նյութերի հիման վրա ղեկավարվող ԳԲՀ սարքերի մշակումով: Բոլոր դեպքերում հիմնական սկզբունքը եղել է նույնը՝ ուսումնասիրել և օգտագործել նոր ֆիզիկական էֆեկտները տարբեր նյութերում՝ նոր ղեկավարվող ԳԲՀ սարքեր նախագծելու համար: ԳԲՀ տեխնիկան իմանալուց բացի այն պահանջել է խոր իմացություն պինդ մարմնի ֆիզիկայում: Մի խոսքով, նա ստիպված, բայց մեծ հաճույքով խորացել է կիրառական ֆիզիկայում: 1992-1993թթ. նա դասավանդել է Հայաստանում՝ պոլիտեխնիկական համալսարանում, զուգահեռ դասավանդելով նաև Սանկտ Պետերբուրգի էլեկտրատեխնիկական համալսարանում: Սպարտակ Գևորգյանը 1982թ. ստացավ դոցենտի աստիճան:
Գործընկերների հրավերով Սպարտակ Գևորգյանը 1993թ. կարճ ժամանակով, գիտական աշխատանք կատարելու համար, մեկնեց Շվեդիա: Հետո այդ կարճ ժամանակը երկարեց ու էլի երկարեց... Հիմա նա մշտական բնակություն է հաստատել Շվեդիայի Գյոթեμորգ քաղաքում: Սպարտակ Գևորգյանը Չալմերս տեխնոլոգիական համալսարանի միկրոտեխնոլոգիայի և նանոտեխնոլոգիայի բաժնի պրոֆեսոր է:
Սպարտակ Գևորգյանը միշտ ձգտել է չանել գիտություն հանուն գիտության: Նրա համար կարևոր է, որ գիտական արդյունքներն օգտագործվեն արտադրության մեջ: Այս տեսակետից արդյունավետ է համարում իր աշխատանքը Էրիքսոնում: Էրիքսոնի միջոցով նա պատենտավորել է ավելի քան երեսուն նորարարական առաջարկություն: Սպարտակ Գևորգյանը մեծապես կարևորում է առանձնապես վերջին տասը տարիների արդյունքները ֆերոէլեկտրիկների բնագավառում, որտեղ, սկսելով հիմնարար ֆիզիկական հետազոտություններից, մշակվել են ԳԲՀ սարքեր և ներդրվել արտադրության մեջ: Արդյունքներն ամփոփվել են երկու մենագրություններում, որոնցից մեկը արդեն հրատարակվել է Springer-ի կողմից, իսկ մյուսը պատրաստ է հրատարակության: Սպարտակ Գևորգյանը հեղինակ է չորս հարյուր հիսունից ավելի գիտական աշխատությունների, որոնք հրատարակվել են հիմնականում առաջատար միջազգային ամսագրերում և գիտաժողովների նյութերում:
Սպարտակ Գևորգյանը ոչ մի օր չի ընդհատել իր կապը մայր հայրենիքի հետ: Նա նախաձեռնել է INTAS նախագծեր, որում ընդգրկվել և ֆինանսավորվել են ակադեմիկոս Վ.Հարությունյանը և պրոֆեսոր Վ.Բունիաթյանը: Ներկայումս շարունակվում է համագործակցությունը պրոֆեսոր Բունիաթյանի և նրա ամբիոնի աշխատակիցների հետ:
Սպարտակ Գևորգյանը գտնում է, որ եթե չլիներ իր մեծ ընտանիքի աջակցությունը, ինքը դժվար թե հասներ գիտական այն բարձունքին, որն ունի այսօր: Նախ՝ եղբայրներն ու քույրերը նրա բոլոր նախաձեռնությունների ժամանակ եղել են կողքին, այնուհետև կինը, ով համբերատար, անտրտունջ հոգացել է ընտանիքի և երեխաների հոգսերը: Սպարտակ Գևորգյանի զավակները ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը, նա չի փորձել ազդել նրանց մասնագիտական ընտրության վրա: Միայն մեծ տղան է, որ երկար սպասումներից հետո որոշեց ֆիզիկոս դառնալ: Նա ֆիզիկոսին հատուկ անալիտիկ մտածելակերպ ունի:
Հաշվի առնելով Սպարտակ Գևորգյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Սպարտակ Գևորգյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում ֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, հուլիս-օգոստոս, № 7-8