Cover Image
փակիր այս գիրքըԱդյան Սերգեյ Իվանի (1931-)
Դիտել փաստաթուղթըՍ. Ի. ԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


1991 թ. ՌԴ ԳԱ թղթակից անդամ։
2000 թ. ՌԴ ԳԱ ակադեմիկոս։
Պերգևները՝ Մոսկովայն մաթեմատիկական ընկերության մրցանակ (1956 թ.), ԽՍՀՄ ԳԱ Պ. Լ. Չեբիշևի անվան մրցանակ (1963 թ.), Ալեքսանդր ֆոն Հումբոլտի անվան միջազգային մրցանակ (1993 թ.), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1999թ.)։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։
Պաշտոնը՝ ՌԴ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության բաժնի վարիչ։
Սերգեյ Իվանի Ադյանը ծնվել է Կիրովաբադից 40 կմ հեռավորության վրա գտնվող Քուշչի լեռնային գյուղում։ Թեև նրանց ընտանիքում բոլոր խոսում էին հայերեն, սակայն հայրը պնդեց, որ տղան գնա ռուսական դպրոց։
1941-ին հայրը մեկնեց ռազմաճակատ։ 10-ամյա Սերգեյը, որ երեխաների մեծն էր, իր վտիտ ուսերին առավ ընտանիքի բեռը։ Կիրովաբադի այն դպրոցում, որտեղ սովորում էր Սերգեյը և որտեղ հիրավի լավ մանկավարժներ կային, շուտ նկատվեցին նրա մաթեմատիկական արտասովոր ընդունակությունները։
Մի անգամ 10-րդ դասարանում, դպրոցի տնօրենը, որը նաև մաթեմատիկա էր դասավանդում, աշակերտներին հանձնարարեց գարնանային արձակուրդի օրերին լուծել մի քանի խնդիր։ Ինչպիսին եղա՜վ ուսուցչի զարմանքը, երբ Սերգեյը նրան հանձնեց մի հաստափոր տետր, ուր լուծված էին խնդրագրքի հանձնարարված բաժնի բոլոր խնդիրները։
Ապշած և հիացած ուսուցիչը հայտարարեց, որ ինքը Սերգեյի այդ տետրը պահելու է դպրոցի թանգարանի համար։ Ամենևին զարմանալի չեղավ, երբ Կիրովաբադի ժողկրթբաժինը միջնորդագիր ուղարկեց Բաքու՝ Սերգեյ Ադյանին ուսանելու ուղարկեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան։
ԵՎ նորից ամենևին զարմանալի չեղավ Ադյանների ընտանիքում, երբ Բաքվում ջնջեցին հայի ազգանունով տղայի անունը։ Սերգեյը ստիպված եղավ գալ Երևան և ընդունվել Վ. Բրյուսովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտ։ Մեկ տարի անց Երևանի բուհերի մի խումբ լավագույն ուսանողների հետ Սերգեյը գործուղվեց Մոսկվա՝ ուսումը երկրի մայրաքաղաքում շարունակելու։ Այստեղ էլ նրան չհաջողվեց ընդունվել Լոմոնոսովի համալսարան, որովհետև բաշխումը կատարվում էր ըստ մասնագիտական բուհի։ Ճակատագրի կամոք նա ընդունվեց Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտ։
Ողջ կյանքի ընթացքում Սերգեյը պիտի շնորհակալություն հայտներ այս դիպվածին, որ ինքը դարձավ նշանավոր մաթեմատիկոս Պյոտր Նովիկովի՝ իր ապագա ուսուցչի, դաստիարակի և խորհրդատուի սանը։ Զարմանալի եղավ հրաշամանուկ աշակերտի և անվանի ուսուցչի ջերմ կապը, որը առաջին իսկ օրից ստեղծվեց այդ երկու ականավոր անհատների միջև։
Պյոտր Նովիկովի ղեկավարությամբ շատ արագ կայացավ նշանավոր մաթեմատիկոսը։ Սերգեյ Ադյանը իր գիտական բեղմնավոր գործունեությունն սկսեց ֆունկցիաների դեսկրիպտիվ տեսության բնագավառում... և փայլուն կերպով կատարեց այդ աշխատանքը... Սա սկիզբն էր միայն...
Միջանկյալ նշենք, որ Սերգեյ Ադյանը հրաշալի ընտանիք ունի. երկու դուստր և մեկ որդի։ Ավագ դուստրը ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանի մաթենատիկայի ֆակուլտետը և ներկայումս դասավանդում է Անգլիայում։ Կրտսեր դուստրը նկարչուհի է, զբաղվում է նաև գունավոր խեցեգործությամբ։
Այսօր Սերգեյ Ադյանը մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության, հանրահաշվում դրանց կիրառությունների աշխարհահռչակ մասնագրտ է, ականավոր մաթեմատիկոս, որի անունը գրվում է աշխարհի ամենաճանաչված գիտնականների կողքին։
Առաջին ակնառու արդյունքները Սերգեյ Ադյանը ստացել է դեռևս անցյալ դարի 50-ական թվականներին։ Դասական է դարձել գրեթե բոլոր ոչ տրիվիալ խմբային հատկությունների ալգորիթմական անճանաչելիության մասին նրա թեորեմը, որը աշխարհում հայտնի է որպես Ադյան-Ռաբինի թեորեմ։
Նշվածներից են խմբի այնպիսի կարևորագույն հատկությունները, ինչպիսիք են միակիությունը, վերջավոր լինելը, պարբերականությունը, խմբային ցանկացած ոչ տրիվիալ նույնականության առկայությունը և այլն։ Հատկապես այս թեորեմից հետո պարզ դարձավ, որ խմբի այս կամ այն բովանդակային հատկության ճանաչման արդյունավետ ալգորիթմի կառուցման ցանկացած փորձ կանխապես դատապարտված է անհաջողության։
Հանրահաշվում լավ հայտնի Բերնսայդի հիմնախնդիրը պարբերական խմբերի մասին, որը բրիտանացի մաթեմատիկոսը առաջադրել էր 1902 թվականին, գրավել էր շատ երկրների հանրահաշվի ականավոր մասնագետների ուշադրությունը՝ առաջադրման բնականության և առավելագույն պարզության պատճառով։ Բերնսայդի հիմնախնդիրի լուծումը 1968 թ. առաջին անգամ իրենց հիմնարար աշխատությունում ստացել են Պ. Ս. Նովիկովը և Ս. Ի. Ադյանը։ Նրանց ստեղծած եղանակը նունպես հանգեցրել է խմբերի տեսության մեջ երկար ժամանակ չլուծված մի շարք սկզբունքային ուրիշ խնդիրների լուծմանը։ Դրանցից կարելի է նշել Սերգեյ Ադյանի կողմից կառուցված խմբային անկախ նշանակության անվերջ համակարգերի օրինակները։ Ադյանը առաջարկել է նաև խմբերի բազմապատկման նոր գործողություններ, որոնք հայտնի են որպես պարբերական արտադրյալներ։ Այդ գործողություններն ունեն խմբերի ազատ և ուղղակի արտադրյալների դասական գործողությունների բոլոր հատկությունները։
Նովիկով-Ադյանի եղանակի ստեղծումը և նրա օգնությամբ ստացված բազում արդյունքները խոշոր ներդրում են Ռուսաստանի հիմնարար գիտության մեջ։ Ըստ էության դրանք նշանավորում են ռուսաստանյան մաթեմատիկական գիտության միջազգային չափանիշներով անվիճելի առաջընթացը խմբերի տեսության բնագավառում։
Սերգեյ Ադյանը հանրահաշվի ալգորիթմական հարցերի և տրամաբանության, ինչպես նաև խմբերի կոնբինատոր տեսության բնագավառի գիտական դպրոցի հիմնադիրն է։
Սերգեյ Ադյանի կյանքն ու գիտական նվաճումները, նրա անուրանալի վաստակը հայրենական և միջազգային մաթեմատիկական գիտության զարգացման մեջ համաշխարհային մեծության գիտնականի կայացման ապշեցուցիչ օրինակ են։ Այսօր էլ Սերգեյ Ադյանը ռուսական մաթեմատիկական հզոր դպրոցի հպարտություններից մեկն է։
Ուրմն, մենք էլ հպարտանանք մեր նշանավոր հայրենակցով՝ մեր ժամանակների աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկով և մաղթենք նրան քաջառողջություն, ստեղծագործական մտքի նոր փայլատակումներ՝ ի փառս գիտության և, իհարկե, մեր ժողովրդի։

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2009, հոկտեմբեր, № 10