Cover Image
փակիր այս գիրքըՊիոտրովսկի Միխայիլ Բորիսի (1944-)
Դիտել փաստաթուղթըՄ. Բ. ՊԻՈՏՐՈՎՍԿԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում։ Հայրը՝ նշանավոր հնագետ Բորիս Պիոտրովսկին, 1964-1990 թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը, մայրը Հռիփսիմե Ջանփոլադյանը նունպես հնագետ էր: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
1967 թվականին Միխայիլ Պիոտրովսկին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի արաբական բանասիրության բաժինը: 1965-1966 թթ. վերապատրաստվել է Եգիպտոսում՝ Կահիրեի համալսարանում: 1973 թ. Մ. Պիոտրովսկին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լեգենդ Հիմյարի թագավոր Ասսադ ալ-Կամիլի մասին» թեմայով, ապա 1985 թ.՝ դոկտորական ատենախոսություն‘ «Հարավային Արաբիան վաղ միջնադարում, միջնադարի հասարակության գործընթացները» թեմայով:
1967-1991 թթ. Մ. Պիոտրովսկին աշխատել է արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում:
Մ. Պիոտրովսկու գիտական հետաքրքրություններն են՝ Միջին արևելքի հին և միջնադարի պատմություն, Եմենի պատմություն, Ղուրան, իսլամի վաղ պատմություն, թանգարանային գործ, հնէաբանություն:
Նա մասնակցել է հնագիտական պեղումների Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Եմենում: 1981-1992 թթ. Մ. Պիոտրովսկին գլխավորել է ԽՍՀՄ-եմենական արշավախմբի ջոկատը, իսկ 1989-1991 թթ. եղել է արշավախմբի ղեկավարը:
Հոր՝ Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու մահից հետո, 1991 թ. նա հրավիրվել է Էրմիտաժ‘ որպես փոխտնօրեն, իսկ 1992 թ. հուլիսին Ռուսաստանի կառավարության որոշմամբ Մ. Պիոտրովսկին նշանակվել է Պետական Էրմիտաժի տնօրեն:
Մ. Պիոտրովսկին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից մշակույթի և արվեստի խորհրդի նախագահի տեղակալն է, ՌԴ նախագահին կից պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ:
Մ. Պիոտրովսկին Պետերբուրգցիների համաշխարհային ակումբի նախագահն է, Սանկտ-Պետերբուրգի «Ալյանս Ֆրանսեզի» նախագահը, Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Մ. Պիոտրովսկին «Քրիստոնյա Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Եվրոպայի խորհրդին կից՝ ցուցահանդեսների գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ:
Մ. Պիոտրովսկին Սանկտ-Պետերբուրգի մտավորականների համագումարի նախագահն է, Հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի թանգարանների միության նախագահը, թանգարանների միջազգային խորհրդի անդամ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի կոմիտեի անդամ:
Մ. Պիոտրովսկին ավելի քան 250 գիտական աշխ ատանքների հեղինակ և համահեղինակ է:
1996 թ. Նիդեռլանդներում նա պարգևատրվել է թագավորական տան Օրանսկ Նասսաու շքանշանով: Մ. Պիոտրովսկին գրականության և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր է, 1997 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանով:
1997 թ. ի հիշատակ հայր և որդի՝ Բորիս և Միխայիլ Պիոտրովսկիների, Աստղագիտական միջազգային խորհուրդը հայտնաբերված մոլորակներից մեկը անվանակոչել է Պիոտրովսկի:
1998 թ. նա պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանով: 1999 թ. Շվեդիայում նա պարգևատրվել է Հյուսիսային աստղ շքանշանով: 2004թ. դեկտեմբերի 27-ին Միխայիլ Պիոտրովսկին ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան:
2001 թ. նա ընտրվել է ԿՀՁ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ:
2007 թ. մայիսի 18-ին Ռուսաստանի և Ճապոնիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար Միխայիլ Պիոտրովսկուն շնորհեցին Ճապոնիայի պետական պարգևներ` Ծագող արևի աստղ շքանշան, ոսկյա և արծաթյա աստղեր: Այս կապակցությամբ նա նշում էր, որ աշխատանքի այդ բարձր գնահատականը ամբողջ Էրմիտաժինն է և կարևորվում է նրանով, որ այն շնորհվել է Թանգարանների միջազգային օրը:
Մ. Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ` բարելավման ու կատարելագործման մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում և այդ գիտագործնական ոլորտում իրականացնում առաջավոր փորձի փոխանակում: Պիոտրովսկին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել էրմիտաժում գործող գիտատեխնիկական փորձաքննությունների բաժնում:
Հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն ակտիվորեն համագործակցում է Միխայիլ Պիոտրովսկու հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, հոկտեմբեր, № 10