Cover Image
փակիր այս գիրքըՄելքոնյան Ռուբեն Գարեգինի (1945-)
Դիտել փաստաթուղթըՌ. Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Մելքոնյանը ծնվել է 1945 թ. հուլիսի 12-ին Երևանում, մտավորականի ընտանքիում:
Հայրը՝ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի վաստակավոր գյուտարար էր, տեխնիկական գիտութունների թեկնածու, մայրը՝ Վերգինե Աղաբաբյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր:
Ռուբեն Մելքոնյանը միջնակարգ կրթություն ստացել է Երևանի Կամոյի անվան № 76 և Չեխովի՝ № 55 դպրոցներում: 1963 թ. երիտասարդ Ռուբեն Մելքոնյանն ընդունվեց Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկի ինստիտուտի քիմիական բաժին՝ մասնագիտանալով սիլիկատների տեխնոլոգիայի մեջ: Այդպիսով նա ցանկանում էր շարունակել իր ծնողների ուղին:
1965 թ. արդեն ուսանող Ռուբեն Մելքոնյանը վճռեց հետագա կրթությունը շարունակել Մոսկվայում՝ Մենդելեևի անվան համալսարանում: Դրա շարժառիթը եղավ այն, որ երիտասարդ գիտնականը դիտել էր «Օրվա նորությունները» կինոժապավեն, որտեղ ծանոթացել էր հանրահայտ գիտնական Իսահակ Իլյիչ Կիտայգորոդի գաղափարներին:
Ծնողների հետ երկար քննարկումներից հետո նա, մեկնեց Մոսկվա և միանգամից նստեց Մոսկվայի քիմիատեխնիկական ինտիտուտի 4-րդ կուրս: Նրան դասավանդում էին այնպիսի երևելի գիտնականներ, ինչպիսիք էին՝ Նիկոլայ Պավլուշկինը, Սերգեյ Սիլվեստրովիչը, Գեորգի Սենյուտրինը, Տիգրան Քեշիշյանը, Դավիթ Գինզբուրգը, Իվան Բուլավինը և այլք: Այստեղ Ռուբեն Մելքոնյանը մասնագիտացավ ապակու և սիտալների տեխնոլոգիայի մեջ:
1968 թ. ավարտելով Մոսկվայի քիմիատեխնիկական ինտիտուտը Ռուբեն Մելքոնյանը վերադարձավ Երևան և որպես ինժեներ աշխատանքի անցավ քարի և սիլիկատի ինստիտուտում: 1975-78 թթ. նա աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող ապակու ինստիտուտի Գուսևսկի ֆիլիալում, իսկ հետո՝ ապակու պետական ինստիտուտում: 1977 թ. Ռուբեն Մելքոնյանը պաշտպանեց ատենախոսությունը “Исследование процесса гидротермального приготовления шихты для хрусталя и эффективности ее использования в стекловарении” թեմայով: 1978-1980 թթ. նա արդեն ավագ գիտաշխատող էր համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ապակու բաժնում:
1988 թ. Ռուբեն Մելքոնյանը դարձավ ապակու բաժնում գլխավոր տեխնոլոգ և ԽՍՀՄ-ի Բժշկության նախարարության և միկրոկենսաբանական արդյունաբերության դեղագործական միջոցների բաժնի առաջատար մասնագետ: 1990 թվականից նախարարների խորհրդի նախագահին կից ինովացիոն խորհրդում առաջատար մասնագետ էր: Զբաղվելով ապակու արտադրության ոլորտի ուսումնասիրություններով, գիտնականը, բնականաբար, հաճախ էր այցելում ապակու արտադրության գործարաններ: Ռուբեն Մելքոնյանի ուշադրությունից չվրիպեց, որ ապակու արտադրությունը խիստ աղտոտում է շրջակա միջավայրը: Երիտասարդ գիտնականը փորձեր կատարեց, որպեսզի ուղիներ գտնի արտադրության ժամանակ էկոլոգիան առավել քիչ վնասելու համար:
Ռուբեն Մելքոնյանը գիտական հինգ մենագրության և նույնքան բուհական դասագրքի հեղինակ է, որոնք հիմնականում նվիրված են շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին: Մասնավորապես 1989թ. նա հրատարակեց “Использование промышленных отходов и стеклобоя при производстве новых декоративно-облицовочных материалов”, իսկ 2002 թ. “Аморфные горные породы и стекловарение”.
Հաշվի առնելով Ռուբեն Մելքոնյանի գործունեությունը շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, 1994թ. նրան աշխատանքի են հրավիրում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային ժողով՝ որպես բնապահպանության խորհրդի ղեկավարի տեղակալ: Բնապահպանության խորհրդում աշխատելու ժամանակ Ռուբեն Մելքոնյանի ջանքերով կյանքի են կոչվել ներքոհիշյալ օրինագծերը. “О твердых отходах производства и потребления”, “Об охране почв”, “Экологоэкономическая зона- Горный Алтай”. Հատկանշական է, որ Ռուբեն Մելքոնյանը բավական ակտիվ գործունեություն է ծավալել նաև հասարակական կյանքում: 1990-93 թթ. նա ընտրվեց Մոսկվայի հայ համայնքի խորհրդի առաջին նախագահ:
1997 թ. Ռուբեն Մելքոնյանը հրավիրվեց «Ռոսնեֆտեգազինտերստրոյի» փակ բաժնետիրական ընկերություն՝ զբաղեցնելու փոխտնօրենի պաշտոնը. այստեղ նա աշխատեց շուրջ 10 տարի, իսկ վերջին չորս տարին զբաղեցրեց «Ռուսաստանի Ռոսնեֆտեգազստրոյի բաժնետիրական ընկերության» փոխնախագահի պաշտոնը:
Նա հասարակական աշխատանքը միշտ էլ կարողացել է համադրել գիտության հետ: Ռուբեն Մելքոնյանը 2001-2003 թթ. զբաղվեց դոկտորական ատենախոսությամբ, որն էլ հաջողությամբ պաշտպանեց 2003թ. փետրվարի 20-ին “Создание природоохранных технологических процессов получения стекольного сырья и строительных материалов из аморфных горных пород” թեմայով:
Ներկայումս Ռուբեն Մելքոնյանը Ռուսաստանի բնապահպանության ակադեմիայի նախագահության ինժեներական բնապահպանության և տեխնոգենեզի բաժանմունքի անդամ է, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ինժեներական բնապահպանության և հանածոների խնայման բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
Մելքոնյանը 1984 թ. պարգևատրվել է ВДНХ - ի բրոնզե, իսկ 1986 թ. ոսկե մեդալով, ինչպես նաև «ԽՍՀՄ-ի գյուտարար» պարգևանշանով, Վ.Ի. Վերնադսկու անվան հոբելյանական արծաթե մեդալով, ակադեմիկոս Վ.Ա.Լագասովի անվան շքանշանով և Լոմոնոսովի անվան անվտանգության, պաշտպանության խնդիրների ակադեմիայի ոսկե մեդալով:
ՀՀ ԳԱԱ-ն բարձր գնահատելով Ռուբեն Մելքոնյանի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008 թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ռուբեն Մելքոնյանը 2009 և 2010 թթ. այցելել է Հայաստան, մասնակցել ԳԱԱ ընդհանուր ժողովին և հանդես եկել զեկույցով:
Ռուբեն Մելքոնյանը այսօր էլ համագործակցում է Հայաստանի հետ: 2009 թվականին ՀՀ կառավարությունում ուսումնասիրվել է ապակու որոշ տեսակների հումքի ստացման վերաբերյալ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռ. Մելքոնյանի կողմից մշակված «Կանազիտ» բիզնես-նախագծի ներդրման հարցը:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, հուլիս-օգոստոս, № 7-8