Cover Image
փակիր այս գիրքըՈւլուհոջյանը Գաբրիելլա (1934-2016)
Դիտել փաստաթուղթըԳ. ՈՒԼՈՒՀՈՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Գաբրիելլա Ուլուհոջյանը ծնվել է Իտալիայում 1934թ., Արևմտյան Հայաստանից մազապուրծ հայ գաղթականի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է Իտալիայի պետական գիմնազիայում, այնուհետև ընդունվել է Միլանի Կաթողիկե համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետ և խորացել հունա-լատինական մասնագիտության մեջ:
Գաբրիելլա Ուլուհոջյանը այդ տարիների մեծ հայագետ Ջանկարլո Բոլոնեզի ղեկավարությամբ ուսումնասիրել է հունական դպրոցի երկերը, մասնավորապես բյուզանդացի բանաստեղծ Գեորգ Պիսիդեսի «Վեցօրյա» հայերեն թարգմանությունը՝ համեմատելով այն հունարեն բնագրի հետ: Սա էլ դարձավ Գաբրիելլա Ուլուհոջյանի ատենախոսության թեման, որը նա փայլուն պաշտպանեց 1958թ. և ստացավ դոկտորի գիտական աստիճան:
Գաբրիելլա Ուլուհոջյանը մասնակցեց և հաղթեց պետական մրցույթում, որից հետո միայն ստացավ իր պաշտոնը իտալական պետական լիկեոներում, որտեղ 13 տարի դասավանդեց հին հունարեն և լատիներեն:
Գաբրիելլա Ուլուհոջյանը երբեք չէր մոռանում իր արմատների մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում գալիս էր Հայաստան՝ փորձի փոխանակման նպատակով: Առաջին անգամ նման առաքելությամբ նա Հայաստան այցելեց 1972-73թթ. տասն ամսով, իսկ երկրորդ անգամ՝ 1979-1980թթ. Սփյուռքի կոմիտեի աջակցությամբ։ Աշխատեց Հայաստանում որպես ստաժոր:
Այս ընթացքում Գաբրիելլա Ուլուհոջյանը հաճախեց Երևանի պետական համալսարան, ուսանեց գրաբար, արևելահայերեն, հայ հին և ժամանակակից գրականություն: Միևնույն ժամանակ առանձին հետազոտություններ էր կատարում Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ուսումնասիրելով Բարսեղ Կեսարացու «Գիրք Հարցողաց» հայերեն թարգմանության ձեռագրերը, հետագայում նա այդ երկը պատրաստեց գիտահամեմատական հրատարակության համար:
1979-1989թթ. Ուլուհոջյանը համագործակցել է Միլանի Հայ ուսումնասիրության և վավերագրումի կենտրոնի հետ, որի ընթացքում երկու անգամ մասնակցել է կենտրոնի կազմակերպած գիտարշավներին, մեկնել Իրան և կատարել հետազոտական աշխատանքներ: Գիտարշավի ժամանակ ուսումնասիրել է հայերեն վիմագիր արձանագրությունները, որի արդյունքում հրատարակել է մի մենագրություն, որը նվիրված էր Ս. Ստեփանոս Նախավկա վանքի արձանագրությունների հավաքածուին:
Գաբրիելլա Ուլուհոջյանը 1973-ից մինչև 1982թ. Բոլոնիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Իսկ 1982թ., հաղթելով պետական մրցույթում, դարձել է հայագիտության ամբիոնի վարիչ. նախ ղեկավարել է լեզավագիտության, ապա միջնադարյան պատմության բաժինները: Այդ տարիների ընթացքում Գաբրիելլա Ուլուհոջյանին հաջողվեց ամրապնդել Բոլոնիայի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության մակարդակը, նրա ջանքերով հիմնվեց համապատասխան գրադարան:
Որպես իսկական մանկավարժ՝ նա կարողացել է պատրաստել արժանի հետևորդներ: Նրա ուսանողներից հինգը պաշտպանեցին դոկտորական ատենախոսությունները, իսկ նրանցից երկուսը իրենց կայուն տեղը զբաղեցրին նույն համալսարանում: Մեկը՝ Վալենտինա Կալզոլարին է, մյուսը՝ Աննա Սիրիյանը:
Գաբրիելլա Ուլուհոջյանը դարձավ Հայ ճարտարապետական վավերագիրների շարքի խմբագրության, միջազգային և իտալական բազմաթիվ ընկերակցությունների, Հայկական հետազոտությունների միջազգային ընկերակցության անդամ և մասնակցեց Պո-Արաքս ընկերության հիմնադրմանը: 1991–ից Revue des Etudes Armռniennes գիտական խորհրդի անդամ է: Բարձր գնահատելով Գաբրիելլա Ուլուհոջյանի ներդրումը հայագիտության զարգացման մեջ 1996թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում:
Հատկանշական է, որ Գաբրիելլա Ուլուհոջյանը մանկավարժական և գիտական գործունեությանը զուգընթաց մեծ ավանդ ունի Բոլոնիայի և Երևանի պետական համալսարանների միջև դասախոսների փոխանակման և ծրագրերի համակարգման ոլորտում: Իսկ 1988թ. նրա ջանքերով երկու համալսարանների միջև ստորագրվեց պայմանագիր, որը վերաստորագրվեց 1997թ.՝ Բոլոնիայի համալսարանի ռեկտորի Հայաստան կատարած այցի ժամանակ: Այդ պայմանագրի շնորհիվ մինչ այսօր մոտ երկու տասնյակ գիտնականներ և դասախոսներ (յուրաքանչյուր կողմից) փոխայցելություններ կատարեցին Երևան և Բոլոնիա, իրականացրին փորձի փոխանակում և ավելի խորը ճանաչեցին միմյանց:
Գաբրիելլա Ուլուհոջյանի շնորհիվ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության եզրեր է գտել Թորինոյի և Վենետիկի համալսարանների հետ, նրա ջանքերով կազմակերպվել է հայագիտական ցուցահանդեսներ, գիտաժողովներ: Դրա լավագույն օրինակ են՝ 1979թ. Միլանի Կաթողիկե համալսարանում կայացած հայատիպ գրքերի ցուցահանդեսը, 1981թ. և 1988թ. Միլան-Վիչենցա-Վենետիկում հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումը, 1998թ. Armin Wegner-ին նվիրված ցուցահանդեսը՝ կազմակերպված Ռավեննայի և Բոլոնիայի համալսարաններում:
Գաբրիելլա Ուլուհոջյանը հայագիտական թեմաներով զեկուցումներ է կարդացել Իտալիայում, Հայաստանում և միջազգային տասնյակ գիտաժողովներում, հեղինակ է ութ մենագրությունների, 70-ից ավելի գիտական հոդվածների:
Հաշվի առնելով Գաբրիելլա Ուլուհոջյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, սեպտեմբեր, № 9


Գաբրիելլա Ուլուհոջյանի հիշատակին


Ի hիշատակ Գաբրիելլա Ուլուհոջյանի