Cover Image
փակիր այս գիրքըՏատրյան Վահագն (1926-)
Դիտել փաստաթուղթըՎ. ՏԱՏՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Մեծանուն գիտնական, նշանավոր ցեղասպանագետ և Հայոց ցեղասպանության պատմության նշանավոր գիտակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Վահագն Տատրյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 26-ին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ):
Պրոֆեսոր Տատրյանը բազմակողմանի կրթություն է ստացել Եվրոպայում և ԱՄՆում: Նախ նա մաթեմատիկա է ուսանել Բեռլինի համալսարանում, ապա պատմություն՝ Վիեննայի համալսարանում և միջազգային իրավունք՝ Ցյուրիխի համալսարանում: Տեղափոխվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Տատրյանը շարունակել է իր ուսումը Չիկագոյի համալսարանում՝ ստանալով փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտորի գիտական աստիճան: Դրան զուգահեռ Վ. Տատրյանը մեծ ուշադրություն է դարձրել լեզուների ուսումնասիրմանը: Նա ազատորեն տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին, օսմաներենին, ինչպես նաև ժամանակակից թուրքերենին և հայերենին, որի շնորհիվ մեծածավալ ուսումնասիրություններ է կատարել տարբեր երկրների արխիվներում:
Ստանալով հիմնարար կրթություն և ունենալով լեզուների փայլուն իմացություն՝ Տատրյանը հմտորեն և հաջողությամբ դասախոսական աշխատանք է կատարում: Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով նա հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական կենտրոններում, միջազգային իրավական ատյաններում: Շուրջ քսան տարի նա դասախոսել է ամերիկյան բուհերում՝ Նյու Յորքի պետական համալսարանում, Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Միջին Արևելքի ուսումնագիտական և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների կենտրոններում: Նա դասախոսություններով հանդես է եկել նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Բելգիայի և այլ երկրների առաջատար համալսարաններում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի փարիզյան գրասենյակում:
Դասախոսական գործունեությանը զուգահեռ պրոֆեսոր Տատրյանն իր կոչումը տեսնում է տարբեր երկրների արխիվային նյութերի ուսումնասիրության միջոցով Հայոց ցեղասպանության և հիմնախնդիրների լուսաբանման մեջ: Մասնավորապես, երկար տարիներ նա ղեկավարել է “Guggenheim” հիմնադրամի կողմից հովանավորվող “Ցեղասպանության ուսումնասիրման” լայնածավալ նախագիծը:
Պրոֆեսոր Տատրյանն առաջին հայ գիտնականն էր, ով 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրվեց Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ՝ դասախոսություն կարդալու:
Պրոֆեսոր Տատրյանի գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում են ցեղասպանագիտական ուսումնասիրությունները, հատկապես Հայոց ցեղասպանության պատմության, համեմատական ցեղասպանագիտության հարցերի, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների ուսումնասիրությունը և վերլուծությունը: Նրա ավանդն այդ հարցերի հետազոտման մեջ, հիրավի, վիթխարի է: Հենց նրա գիտական գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը հուզականից տեղափոխվեց գիտական մակարդակ, ինչը մեծապես նպաստեց հարցի ուսումնասիրման միջազգայնացմանը և միջազգային գիտական հանրությանն ընկալելի դարձնելուն: Կարելի է միանշանակ փաստել, որ գիտական և հասարակական իր գործունեության շնորհիվ Վահագն Տատրյանը մեծապես նպաստել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հայոց ցեղասպանության պատմության տաnμեր դրվագների ուսումնասիրմանն են նվիրված Վահագն Տատրյանի երկու տասնյակից ավելի մենագրությունները և հարյուրից ավելի հոդվածները, որոնք հրատարակվել են անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով, գերմաներենով, ռուսերենով, հայերենով և այլ լեզուներով: Հարկ է առանձնահատուկ նշել Վ. Տատրյանի՝ 1995 թվականին Ստամբուլում թուրքերենով հրատարակված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի խնդիր: Հայկական հարցն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրա արդի իրավական հետևանքները» խորագիրը կրող մենագրության մասին: Այդ գիրքը սկզբում դատարանի որոշմամբ արգելվեց, սակայն այդ արգելքը վերացվեց թուրքական վճռաբեկ դատարանի որոշմամբ:
Պրոֆեսոր Տատրյանի հրատարակած աշխատություններից առանցքային է 1995 թվականին Անգլիայում լույս ընծայված «Հայոց ցեղասպանության պատմությունը (Էթնիկական ընդհարումները Բալկաններից մինչև Անատոլիա)» մենագրությունը՝ հեղինակի քսան տարվա ուսումնասիրությունների հանրագումարը: Այդ գրքում հեղինակը հետապնդել է երկու հիմնական նպատակ.
1. Արխիվային և փաստական հարուստ նյութի հիման վրա ուսումնասիրել և բացահայտել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանությունը,
2. Ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմական գնահատականը:
Նույն թվականին հրատարակվում է նաև «Հայկական ցեղասպանությունը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով» ուսումնասիրությունը:
1996 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակվեց պրոֆեսոր Տատրյանի մեկ այլ մեծակտավ աշխատությունը՝ «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» մենագրությունը, որտեղ հեղինակը փաստական նյութի հիման վրա բացահայտել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակից Կայսերական Գերմանիայի դերակատարությունը և պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրականացման գործում:
1999 թվականին լույս է տեսնում երկու արժեքավոր մենագրություն՝ «Ցեղասպանության երաշխիք. հայ-թուրքական կոնֆլիկտի առանցքային բաղադրիչները» և «Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման առանցքային բաղադրիչները»:
Պրոֆեսոր Տատրյանի հեղինակած ուսումն ասիրությունների ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն բավարարվենք այսքանով:
Վահագն Տատրյանը մշտապես սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ:
Հաշվի առնելով Վահագն Տատրյանի վիթխարի դերակատարումը պատմագիտության, Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման և լուսաբանման մեջ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 1995 թվականին նրան շնորհել է ՀՀ ԳԱԱ Պատվավոր դոկտորի կոչում: 1998 թվականին պրոֆեսոր Տատրյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Բարձր գնահատելով Վահագն Տատրյան գիտնականի մեծ ծառայությունները և սերտ կապերը Հայաստանի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 1998 թվականին նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի կապակցությամբ 2005թ. ապրիլին Հայաստանում կարդացած դասախոսություններից հետո Հայաստանի չորս համալսարանների կողմից Տատրյանը հռչակվել է պատվավոր պրոֆեսոր և արժանացել երեք ոսկե մեդալի:
2009 թվականին նա մասնակցել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյա տարելիցին: Այդ գիտաժողովում պրոֆեսորը ներկայացրել է «Հետադարձ հայացք 1909թ. Ադանայի երկու կոտորածներին» արժեքավոր զեկույցը: Բացի այդ, նույն ժամանակ Վահագն Տատրյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացրել է հրապարակային դասախոսությունների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարբեր հիմնախնդիրներին:
Ներկայումս պրոֆեսոր Տատրյանը բնակվում է ԱՄՆ-ում և ղեկավարում է «Զորյան» ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը:
Այսօր էլ մեծանուն գիտնականը շարունակում է համագործակցել ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ և իր ազգանվեր գիտական գործունեությամբ մեծապես նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Օրերս լրացավ մեծանուն գիտնականի ծննդյան 85-ամյակը: Ջերմորեն շնորհավորում ենք ականավոր պատմաբանին, ցանկանում քաջառողջություն և ամենալուսավորն ու պայծառը:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2011, հունիս, № 6