Cover Image
փակիր այս գիրքըԽոջամիրյան Ալեքսանդր (1951-)
Դիտել փաստաթուղթըԱ. ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Խոջամիրյանը ծնվել է Երևանում, 1951 թ. սեպտեմբերի 28-ին, մտավորականի ընտանիքում:
Հայրը` Յուրի Խոջամիրյանը, կրթությամբ ինժեներ էր և աշխատում էր Հայաստանի էներգետիկայի համակարգում, այնուհետև Հայաստանի կառավարությունում և դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Յուրի Խոջամիրյանը 1990-ական թվականներին հիմնել է Հայաստանի ինժեներական ակադեմիան և նախագահել մինչև 2003 թ.: Մայրը՝ Սուսաննա Ավշարովան, կրթությամբ քիմիկոս էր, աշխատել է քիմիական լաբորատորիայում:
Ալեքսանդր Խոջամիրյանը հաճախել է Երևանի Չեխովի անվան դպրոցը, որտեղ սովորել է ֆիզիկամաթեմատիկական թեքում ունեցող դասարանում: 8-րդ դասարանից պատանի Ալեքսանդրը գիտակցեց, որ իր մասնագիտական ուղղությունը պետք է կապել ֆիզիկայի հետ: Իր բարձր գիտելիքների շնորհիվ մասնակցեց ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական օլիմպիադաների: Նրա վրա մեծ ազդեցություն էր թողել հատկապես Ա. Ալիխանյանի հիմնած Երևանի ֆիզիկայի ինստիտուտում գործող էլեկտրոնային հզոր արագացուցիչը:
1968 թ. գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը Ալեքսանդր Խոջամիրյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որն էլ ավարտում է 1973 թ.: Սովորելու տարիներին նա հասկացավ, որ պետք է խորամուխ լինել հատկապես տարրական մասնիկների տեսության մեջ, որը նրա կարծիքով ֆիզիկայի ամենասկզբունքային բնագավառն է: Ուսանելու տարիներին Անդրեյ Ամատունու գլխավորությամբ զբաղվեց տարրական մասնիկների այսպես կոչված տրամաչափային տեսությունով, որը հետագայում դարձավ «Ստանդարտ մոդելի» հիմքը: Խոջամիրյանը դիտարկեց այդ տեսության մի կոնկրետ խնդիր՝ կապված քվարկների՝ ուժեղ փոխազդող տարրական մասնիկների հետ կատարվող որոշ պրոցեսներ:
Բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո Խոջամիրյանը 1974 թ. աշխատանքի ընդունվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնում և սկսեց ուսումնասիրել ավելի կոնկրետ ֆիզիկական խնդիրներ, որոնք անմիջապես կապված են արագացուցիչների վրա կատարվող փորձերի հետ, որոնք թույլ են տալիս տեսության միջոցով բացահայտել այդ փորձերի արդյունքերը:
Նա նույն թվականին ընդունվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որից հետո իր հետազոտական աշխատանքները շարունակեց Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ նրա թեզի ղեկավարն էր պրոֆեսոր Լ և Օկունը: 70-ական թվականներին հայտնաբերվեցին, այսպես կոչված, ծանր քվարկներ, և նրանց հատկությունների ուսումնասիրումը դարձավ Ալեքսանդրի գիտական աշխատանքի հիմնական ուղղությունը: 1974 թ. ձևավորվեց քվարկների ուժեղ փոխազդեցության տեսությունը (քվանտային խրոմոդինամիկան), որի միջոցով հնարավոր եղավ ուսումնասիրել քվարկների կապված վիճակները՝ հադրոնները, նկարագրել դրանց հատկությունները, գուշակել զանգվածները և տրոհման հավանականությունը: 1980 թ. Խոջամիրյանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը:
1992 թ. Ալեքսանդր Խոջամիրյանը տեղափոխվեց Գերմանիա, որտեղ սկսեց համագործակցել տարբեր համալսարանների հետ՝ Լուդվիգ-Մաքսիմելյան և Վուրդզբուրգի համալսարաններում: 1997 թ. Ալեքսանդր Խոջամիրյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը և 2004 թ.-ից աշխատանքի անցավ Զիգենի համալսարանում. 2009-ից նույն համալսարանի պրոֆեսոր է:
Նա այսօր էլ զբաղվում է ծանր քվարկների տրոհման պրոցեսներով և նրան հաջողվել է զարգացնել քվարկների կապված վիճակների (հադրոնների) ուժեղ փոխազդեցության հաշվառման նոր մեթոդներ: Նրա և գործընկերների արդյունքները լայն կիրառում են ստացել տարբեր արագացուցիչներում ծանր քվարկների ֆիզիկային նվիրված փորձերում: Թեպետ Զիգինի համալսարանը փոքր է, սակայն տարրական մասնիկների ֆիզիկայի խումբը բավականին ակտիվ է և հայտնի է իր կատարած աշխատանքրենով Նա 120 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց ծանրակշիռ մասը ցիտման բարձր ինդեքս ուցեող գիտական ամսագրերում են:
Խոջամիրյանը թեև տարիներ շարունակ աշխատել է Գերմանիայում, միևնույն է պահում է իր գործնական կապերը Երևանի Ա. Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) գիտնականների հետ: Նա 1990-ական թվականներին Գերմանիայից համակարգել է INTAS գրանտային ծրագիրը, որի միջոցով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնի աշխատակիցները գրանտներ են ստացել: Նրա ջանքերով Հայաստանում անցկացվել են մի շարք գիտական սեմինարներ և դասախոսություններ, մասնակցել է մի շարք թեզերի պաշտպանության գործընթացին: Միևնույն ժամանակ Խոջամիրյանը ՀՀ գիտության պետական կոմիտեի ֆիզիկայի բնագավառի փորձագետներից է:
2014 թ. սկսած Խոջամիրյանը մասնակցում է Գերմանիայի կողմից աջակցվող տեսական ֆիզիկայի ռեգիոնալ ցանցի գործունեությանը, որի աշխատանքներին ընդգրկված է նաև Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
Նա մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքները ի սպաս դրել հայրենական գիտության զարգացմանը:
Հաշվի առնելով Ալեքսանդր Խոջամիրյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության զարգացման գործում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը, Ալեքսանդր Խոջամիրյան ձգտում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպություննների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, հոկտեմբեր, № 10