Cover Image
փակիր այս գիրքըՍումբատյան Մեժլում (1954-)
Դիտել փաստաթուղթըՄ. ՍՈՒՄԲԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Մեժլում Սումբատյան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեժլում Սումբատյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 5-ին Վորոշիլովգրադ (այժմ Լուգանսկ) քաղաքում: Հայրը` Ալբերտ Սումբատյանը, աշխատել է Լուգանսկի Ռուդի անվան հաստոցաշինական գործարանում որպես լոկոմոտիվների արդիականացման և արտահանման մատակարարման կոնստրուկտորական բաժնի պետ: Մայրը՝ Ռաիսա Սումբատյանը Մեծ հայրենականի մասնակից է (եղել է զենիթային հրանոթի կանանց ջոկատի հրամանատար), պատերազմի ավարտից հետո աշխատել է դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի:
1971թ. Մեժլում Սումբատյանը ավարտել է Ռոստովի 5-րդ մաթեմատիկական թեքումով դպրոցը: Դպրոցում ուսանելու տարիներին եղել է դպրոցի ֆուտբոլի, շախմատի և թեթև ատլետիկայի հավաքականների կազմում: 1971 թ. ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը «Մեխանիկա» մասնագիտությամբ, որը գերազանցությամբ ավարտել է 1976 թ.: 1975-1976 թթ. Մ. Սումբատյանը երկու անգամ հաղթել է Ռոստովի պետական համալսարանի ուսանողական օլիմպիադայում:
1976-1977 թթ. նա Ռոստովի պետական համալսարանի հիդրոմեխանիկայի ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ:
1977 թ. Մ. Սումբատյանը ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժին՝ դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա մասնագիտությամբ: Նրա ղեկավարն էր Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Նագուշ Հարությունյա նը: Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին նա խաղացել է ինստիտուտի ֆուտբոլի, շախմատի և թեթև աթլետիկայի հավաքականներում:
1980 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագիտական խորհրդում Մ. Սումբատյանը պաշտպանել է «Առաձգամածուցիկության ոչ դասական կոնտակտային որոշ խնդիրներ» թեմայով թեկնածուական ատենախոսություն:
1981-ին, Մոսկվայից վերադառնալով Դոնի Ռոստով, նա աշխատանքի է անցել Ռոստովի պետական շինարարական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնում (որպես ասիստենտ), որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը՝ Աննա Թաթոսյանին:
1985 թ. ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ի. Ի. Վորովիչի առաջարկով Մ. Սումբատյանը տեղափոխվել է Ռոստովի պետական համալսարանի մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ՝ աշխատելու որպես ավագ գիտաշխատող: Այստեղ նա աշխատել է մինչև 2000 թ.՝ զբաղեցնելով ուլտրաձայնային լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը: 2000թ.-ից նա Ռոստովի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր է (այժմ Հարավային դաշնային համալսարան): 2011թ.-ից Մ. Սումբատյանը զբաղեցնում է Հարավային դաշնային համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի տեսական և համակարգչային հիդրոաէրոդինամիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը:
1992-1995 թթ. նա սովորել է Ռոստովի պետական համալսարանի դոկտորանտուրայում: 1995 թ. ապրիլին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Առաձգական միջավայրերում բարձր հաճախականությամբ ալիքային պրոցեսների հետազոտումը կիրառելով չքայքայող ուլտրաձայնային հսկմամբ խնդիրներում» (Исследование высокочастотных волновых процессов в упругих средах с приложением к задачам ультразвукового неразрушающего контроля), թեմայով, նրա գիտական խորհրդատուն էր ՌԳԱ ակադեմիկոս Ի. Ի. Վորովիչը:
1993 թ. նոյեմբերից Մ. Սումբատյանը պարբերաբար հրավիրվում է Սալերնոյի, Բոլոնիայի, Նեապոլի և Կատանիայի իտալական համալսարաններ՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր: Նա եղել է նաև Մեծ Բրիտանիայի (3), Հունաստանի (2) և Շվեդիայի (1 այց) համալսարաններում:
Մ. Սումբատյանի գիտական հետաքրքրությունները առնչվում են դիֆրակցիոն ակուստիկ և առաձգական ալիքների խնդիրներին, ինչպես նաև հեղուկ և առաձգական միջավայրերում ակուստիկ մեթոդների օգտագործմամբ արատների (դեֆեկտների) ճանաչման և այլ անհայտ օբյեկտների բացահայտմանը: Նա ստեղծել է նոր գիտական ուղղություն՝ բարդ կառուցվածքի օբյեկտների բարձր հաճախականության դիֆրակցիոն տեսությունը: 2004 թ. և 2010 թ. Մ. Սումբատյանը ստացել է Հարավային դաշնային համալսարանի «Լավագույն գիտական աշխատանքի համար» մրցանակներ: 2009 թ. նրան շնորհվել է «Գիտական դպրոցի հիմնադիր» և «Կրթության և գիտության վաստակավոր գործիչ» կոչումները: Նա հրատարակել է 250 գիտական հոդված, այդ թվում՝ 103-ը Scopus ցանկի ամասագրերում: Մ. Սումբատյանը հրատարակել է երկու մենագրություն, մեկը՝ CRC Press (ԱՄՆ) հրատարակչությունում (2005թ.), իսկ մյուսը ФИЗМАТЛИТ (Մոսկվա) հրատարակչությունում (2013 թ.): Մեժլում Սումբատյանը Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ է, Ռուսաստանի և Ամերիկայի ակուստիկ միությունների իսկական անդամ, շինարարարական և ճարտարապետական ակուստիկայի Եվրոպական ակուստիկայի ասոցիացիայի տեխնիկական կոմիտեի և մի շարք այլ տեղական և միջազգային ամսագրերի խմբագրական գիտական խորհուրդների անդամ է: Նա նաև ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» հանդեսի միջազգային խմբագրական խորհրդի անդամ է: Մ. Սումբատյանը ղեկավարել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, ինչպիսիք են INTAS, ՀՂՂԼ, ՌԴ կրթության և գիտության նախարարության ՂՃկ դաշնային ծրագիրը՝ «Գիտական և գիտամանկավարժական կադրերը նորարարական Ռուսաստանում»: Նա պատրաստել է 7 գիտությունների թեկնածու և 1 գիտությունների դոկտոր: Մ. Սումբատյանը Հարավային դաշնային համալսարանի փորձառու դասախոսներից է: Նա մշակել է աէրօակուստիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի հակադարձ խնդիրների վերաբերյալ յուրահատուկ դասընթացներ ուսանողների և ասպիրանտուրայում սովորողների համար:
Հաշվի առնելով Մեժլում Սումբատյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Մեժլում Սումբատյանը ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կողմից պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովների և դպրոց-գիտաժողովների կազմկոմիտեի անդամ է և գործուն մասնակցություն ունի այդ կարևոր գործում: Որպես կանոն, նա մասնակցում է գիտաժողովների աշխատանքներին և լիագումար նիստերին հանդես գալիս զեկույցներով կամ դասախոսություններով: Մեժլում Սումբատյանը մասնակցում է նաև ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում գործող մասնագիտական խորհրդի աշխատանքներին՝ որպես ընդդիմախոս հանդես գալով այստեղ կազմակերպվող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների ժամանակ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, մայիս, № 5