Cover Image
փակիր այս գիրքըԱպրեսյան Յուրի Դերենիկի (1930-)
Դիտել փաստաթուղթըՅ. Դ. ԱՊՐԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Ապրեսյանը ծնվել է 1930 թ. փետրվարի 2-ին Մոսկվայում, խորհրդային պետական անվտանգության համակարգի աշխատակից Դերենիկ Ապրեսյանի ընտանիքում: Հայրը մի քանի լեզուների գիտակ էր և, ըստ էության, սա մեծ ազդեցություն ունեցավ Ապրեսյանի մասնագիտական կողմնորոշման համար:
1953թ. Յու. Ապրեսյանը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: Նրան առաջարկվել է շարունակել կրթությունը նույն բուհի ասպիրանտուրայում, որն էլ Ապրեսյանը մեծ հաջողությամբ իրականացրեց: 1958 թ. նա պաշտպանեց,Ժամանակակից անգլերենում դարձվածաբանական հոմանիշներըե թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
Յու.Ապրեսյանի գիտական հետքրքրությունները բազմազան են, բայց հետազոտությունների հիմնական բնագավառը եղել է բառային իմաստաբանությունը: 1950-ական թթ. վերջերին, երբ նա նոր էր սկսել զբաղվել լեզվաբանությամբ, այդ բնագավառը համարվում էր «արտասովոր» և գտնվում էր լեզվի հետազոտությունների շրջանակներում: Այդ պատճառով Ապրեսյանի կողմից իմաստաբանության ուսումնասիրումը սկսվել է լեզվաբանության պատմության և ավանդույթների հետազոտումից: Նրա գրչին են պատկանում իմաստաբանության պատմության մի քանի լուրջ ուսումնասիրություններ, որի վերջնարդյունքում՝ 1966 թ. հրատարակեց «Ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության գաղափարները և մեթոդները» աշխատությունը: Ապրեսյանի առաջին գիրքը մեծ հետաքրքրություն և ժողովրդականություն վայելեց, և այն երկար տարիներ մնաց այդ ոլորտում ամենապահանջվ ած գրքերից մեկը: Այն նաև թարգմանվեց գրեթե բոլոր եվրոպական լեզուներով:
Ասպիրանտական ուսուցմանը զուգահեռ նրան վստահվեց դասախոսական աշխատանք։ 1954-1960 թթ. նա դասավանդել է Մոսկվայի Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, 1960-1972թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտում, որտեղից հեռացվել է քաղաքական պատճառն երով. նա պաշտպանել էր այլախոհ համարվող գրականագետների՝ Ա. Դ. Սինյավսկոյի, Յ. Մ. Դանիելի, Կ. Ի. Բաբիցկոյի և այլոց տեսակետները:
1960-ականների վերջերին Ապրեսյանի ուշադրության ծիրում հայտնվում է շարահյուսական իմաստաբանության խնդիրները: Այդ շրջանում նա համագործակցել է լեզվաբան Ս. Կ. Շահումյանի հետ, որը հեռանալով ԽՍՀՄ-ից, դասավանդում էր Միացյալ Նահանգների Յելլի համալսարանում: Այդ համագործակցության շնորհիվ Ապրեսյանը սկսեց զարգացնել «կիրառական քերականության» իր մոտեցումները: Արդյունքում 1967 թ. Ապրեսյանը լույս ընծայեց իր երկրորդ մենագրությունը՝ «Ռուսերեն բայի իմաստաբանության փորձարարական ուսումնասիրությունը» վերտառությամբ, որով փորձում էր կառուցել ռուսական բայերի մանրամասն դասակարգումը՝ հիմնվելով կառավարման մոդելների փոփոխականության տեսակների վրա:
Ռուսաց լեզվի ինստիտուտից հեռանալուց հետո Ապրեսյանը 1972-1985 թթ.. աշխատել է ինֆորմէլեկտրո ինստիտուտի մասնաճյուղում, որտեղ ղեկավարել է ավտոմատ թարգմանությամբ զբաղվողների խումբը: Ինֆորմէլեկտրո ինստիտուտում և ինֆորմատիկայի փոխանցման պրոբլեմների ինստիտուտում մեքենայացված թարգմանության վրա Ապրեսյանի աշխատանքը բերեց փորձնական համակարգերի ստեղծմանը, որի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է մինչ օրս‘ ՌԳԱ ինֆորմացիայի փոխանցման պրոբլեմների ինստիտուտում:
1974 թ. նա ավարատում է «Բառային իմաստաբանություն» աշխատանքը, որի հիման վրա պաշտպանում դոկտորական ատենախոսություն, սակայն այն պաշտոնապես հնարավոր եղավ իրականացնել միայն տասը տարի անց, 1984 թ., Մինսկում: Այդ գրքի հրապարակմանը իշխանությունները նույնպես փորձում էին խոչըդոտել:
1979 թ.-ին Ապրեսյանի գլխավորությամբ իրականացվում է կոլեկտիվ մի աշխատանք, որի արդյուքնում հրատարակվում է անգլերեն-ռուսերեն հոմանիշներիբառարանը, որը մինչ օրս պարբերաբար վերահրատարակվում է:
Հարկ է նշել, որ չնայած բազմաթիվ խոչընդոտների, 1980-ականներին Ապրեսյանը շարունակում էր զարգացնել «Իմաստ-տեքստ» տեսությունը: Հենց այդ շրջանում նա հրապարակեց հակադրական ռուս-հուն- գարական բառարանը, որը հրապարակվեց Վիեննայում:
1985 թ. ՌԳԱ տեղեկատվության փոխանցման հիմնախնդիրների ինստիտուտում Յու. Ապրեսյանը ղեկավարում էր համակարգչային լեզվագիտության լաբորատորիան: 1990 թ. նա վերադառնում է ՌԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտ, որտեղ 1994 թ.-ից ղեկավարում է տեսական իմաստաբանության բաժանմունքը: Այդ տարիների ընթացքում Ապրեսյանը դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում: Յու. Ապրեսյանը երկար տարիներ ղեկավարել է հայտնի «Տեսական իմաստաբանություն» սեմինարը, որն այդ տարիներին դարձել էր Մոսկվայի լեզվաբանության գլխավոր կենտրոններից մեկը:
Իսկ արդեն 1992 թ., երբ ԽՍՀՄ-ում այլախոհություն հասկացությունը անցել էր պատմության գիրկը, բարձր գնահատվեց նրա աշխատանքը և Ապրեսյանը ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:
1993 թ. Ապրեսյանի ջանքերով հրատարակվեց ծավալուն անգլերեն-ռուսերեն նոր բառարան, որտեղ բառարանային հոդվածների ստեղծումը կատարվում էր ժամանակակից տեսական և գործնական բառարանագրության ձեռքբերումների հաշվարկով. այդ աշխատանքը մինչ այժմ համարվում է չգերազանցված:
Հաշվի առնելով Յուրի Ապրեսյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, նոյեմբեր, № 11