Cover Image
փակիր այս գիրքըՇահղուլյան Հենրիկ (1960-)
Դիտել փաստաթուղթըՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյանը ծնվել է Թեհրանի հայկական Նարմակ թաղամասում: Հաճախել է հայկական դպրոց` մինչև ավագ դպրոցի առաջին տարին, ապա մի քանի անգամ փոխել է դպրոցները և վերջապես 1979 թ. ստացել ավագ դպրոցի վկայական։ Նույն տարվա հոկտեմբերին Հենրիկ Շահղուլյանը մեկնել է Շվեդիա։ Նա չէր կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում մինչև 1985 թ.: Չնայած դրան նա մաթեմատիկայի և այլ առարկաների մի քանի դասընթացների է հաճախել:
1985 թվականին վերջապես որոշում է լրջորեն զբաղվել մաթեմատիկայով և 1986 թ. ստանում է բակալավրի վկայական:
Բարձր առաջադիմության շնորհիվ 1987-ին նա դարձել է Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ՝ աշխարհահռչակ շվեդ մաթեմատիկոս Հարոլդ Շապիրոյի ղեկավարությամբ: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1991-ին: Այն նվիրված էր այսպես կոչված քառակուսիացման տիրույթներին և մակերևույթների ուսումնասիրությանը: Ատենախոսության պաշտպանությունից հետո նա շարունակում է իր գիտական գործունեությունը Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում և դասախոսում: 1997-ին ստանում է դոցենտի, իսկ 2001-ին՝ պրոֆեսորի կոչումը:
Սկզբնական շրջանում Հ. Շահղուլյանը մի տարօրինակ զգացողություն ուներ, թե այն, ինչով զբաղվում է, իր համար չէ, անգամ որոշում է թողնել այդ զբաղմունքը: 1989 թվականին սակայն նրա ղեկավար Հարոլդ Ս. Շապիրոն նրան առաջարկում է ուսումնասիրել հակադարձ խնդիրը: Ուղիղ երկու ամիս անց նա որոշում և գտնում է շատ տարրական և պարզ ապացույց: Այս հանգամանքը վստահություն է ներշնչում նրան և դրդում է շարունակել հետազոտությունները: 1991թ. Հենրիկ Շահղուլյանը ավարտում է թեզը՝ «Քառանկյուն դոմեյնի տեսություն» խորագրով։
Առաջին 3 տարին նա շատ է աշխատել՝ լրիվ դրույքով դասախոսել է և լրիվ դրույքով հետազոտական աշխատանք կատարել: Այլ խոսքով՝ օրական աշխատել է 18 ժամ:
1994 թվականին Հ. Շահղուլյանը ստանում է իր առաջին հետազոտական դրամաշնորհը: Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում գիտական հետազոտությանը հատկացնել իր ժամանակի 50%-ը: Նա կարողանում է աշխատել ավելի հանգիստ և առավել արդյունավետ:
1990-ականների կեսերից Հենրիկ Շահղուլյանը փորձում է կապ հաստատել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ: 1996-ին կատարվում է նրա վաղեմի երազանքը` այցելել Երևան և հանդիպել իր հայրենիքի հետ: Վերադառնալուց հետո նա դիմել է Շվեդիայի ինստիտուտներին` առաջարկելով դրամաշնորհներ տրամադրել հայ ուսանողներին Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ այցելելու նպատակով: Նրա ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Արդյունքում հաջորդ 10 տարիների ընթացքում ամեն տարի Երևանից առնվազն երկու երիտասարդ գիտնական այցելել է Շվեդիա: 1998 թ. Հենրիկ Շահղուլյանը ասպիրանտի տեղ է հատկացնում Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Արշակ Պետրոսյանին։ Արշակ Պետրոսյանը գործուղվում է Շվեդիա և երկու տարվա ընթացքում պաշտպանում թեզը:
Անցած տարիներին մոտավորապես 15-20 հայ գիտնական այցելել են Շվեդիա կամ ասպիրանտ են եղել Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում: 1998 թ. Հենրիկ Շահղուլյանը դասախոսություններ է կարդացել Օստինի տեխնոլոգիական համալսարանում, իսկ 1999-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարանում: Հ. Շահղուլյանը հրավիրված պրոֆեսոր է եղել Նանսում, Բեսսանկոնում (Ֆրանսիա), Շարիֆ համալսարանում և IPM Res. կենտրոնում (Իրան): Նա կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, երկարաժամկետ ծրագրերի հեղինակ է: Այսօր Հենրիկ Շահղուլյանը ազատ եզրերով խնդիրների բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից է: Ազատ եզրերով խնդիրները առաջանում և կիրառվում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած ֆիզիկական ֆազային անցումներից (ինչպես, օրինակ, սահմանագիծը հալչող սառույցի և ջրի միջև), մինչև ֆինանսներ (կիրառման տիրույթի եզր) և կենսաբանություն (կիսաթափանց թաղանթների ուսումնասիրություն): Հենրիկ Շահղուլյանի ամենանշանակալի արդյունքները վերաբերում են ազատ եզրերով խնդիրների լուծումների լավագույն ողորկության աստիճանին, ինչպես նաև ազատ եզրերի որակական հատկանիշներին: Վերջիններից են, օրինակ, ողորկությունը, գոգավորությունը, եզակիության բազմության կառուցվածքը և այլն: Ակտիվորեն զբաղվում է նաև ֆինանսական մաթեմատիկայով, որտեղ կիրառում է ազատ եզրերով խնդիրների մեթոդները: Վերջին տարիներին նա զբաղվում է նաև համասեռացման խնդիրներով, որոնք նկարագրում են արագ փոփոխվող (պարբերական թե պատահական) միջավայրում դիֆերենցիալ հավասարումերի լուծումների, ինչպես նաև ազատ եզրերի վարքը:
Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են վերը նշված դիֆերենցիալ հավասարումների լուծումների և ազատ եզրերի գոյությանը, եզակիության և ողորկության հարցերին: Գիտնականը մշակել է մեթոդ, որով կարողացել է բավականին լայն դասի խոչընդոտի տիպի ազատ եզրով դիֆերենցիալ հավասարումների համար ստանալ լուծում և ազատ եզրի օպտիմալ ողորկություն: Նա ունի 80-ից ավելի տպագրված աշխատանքներ, որոնց մեծ մասը` աշխարհում այդ ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ մագիստրոսական թեզեր և 10-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ, որոնցից 4-ը եղել են հայ ուսանողներ: Հենրիկ Շահղուլյանը ակտիվ կապ է պահպանում հայ մաթեմատիկոսների հետ և հաճախ է լինում Հայաստանում, համագործակցում մեր գիտնականների հետ: Հայաստանում նրա ակտիվ աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտական դպրոցներ և կոնֆերանսներ: Հաշվի առնելով Հենրիկ Շահղուլյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ներկայումս Հ. Շահղուլյանը ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի և ԵՊՀ գործընկերների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2014, ՀՈԿՏԵՄԲԵՐ, № 9