Cover Image
փակիր այս գիրքըԶորյան Երվանդ (1956-)
Դիտել փաստաթուղթըԵ. ԶՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Սինոփսիս Հայաստան ընկերության նախագահ, հաշվողական տեխնիկա և միկրոէլեկտրոնիկայի հայտնի մասնագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը ծնվել է 1956 թ. մայիսին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայկական ինքնությունը ժառանգած Երվանդ Զորյանի հա մար հայրենիքին ծառայելը դարձել է կյանքի անբաժան մասը, ինչ արել էին ժամանակին նրա պապ Երվանդը և հայր Աբիկը:
Երվանդ Զորյանի ծնողները՝ Աբիկն ու Հիլդան, ծառայել են Հալեպի հայ համայնքին ՝ զբաղվելով գերազանցապես կրթության ոլորտով: Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի ճարտարագիտության բաժինն ավարտելուց հետո հայրը ՝ Աբիկը, 30 տարի աշխատել է որպես Հալեպի Էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ընկերության տեխնիկական տնօրեն: Ազատ ժամանակ, ի հավելումն ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղի կրթական կոմիտեն գլխավորելուն, նա ուսումնասիրել է հայկական արվեստ և ճարտարապետություն՝ արդյունքում հրատարակելով հայ մշակույթի ազդեցության վերաբերյալ երեք մենագրություն, որոնք արժանացել են բազմաթիվ պարգևների:
Հալեպում Երվանդը ուսում է ստանում ՀԲԸՄ ավագ դպրոցում: Ապա կրթությունը շարունակելու համար մեկնում է Միացյալ Նահանգներ ՝ Լոս-Անջելես, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մասնագիտանալով համակարգչային ճարտարագիտության ոլորտում: Բակալավրիական կրթությունը ստանում է Փենսիլվանիայում, մասնագիտանում ընդհանուր կառավարման ոլորտում: Այնուհետև մեկնում է Կանադա և Մոնրեալում պաշտպանում գիտական ատենախոսությունը ՝ ստանալով էլեկտրատեխնիկայի դոկտորի աստիճան: Մոնրեալի բժշկական համալսարաններից մեկում սովորում էր նաև նրա ապագա կինը՝ Ռիտա Շատարևյան-Զորյանը: Զույգն ի վերջո հաստատվում է Սիլիկոնային հովտում, որտեղ Երվանդը հիմնում է Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղը:
Հայաստանի անկախության առաջին տարիներից Երվանդ Զորյանը ծրագրում էր աշխատանքներ իրականացնել հայրենիքում, օգտագործել հայկական միտքը զարգացնելու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
1995 թ. Երվանդ Զորյանի գլխավորությամբ հիմնվեց (STaR) Lab-ը (System Test and Reliability), որտեղ արդեն 1996 թ. աշխատում էին 22 գիտնականներ: STaR Lab-ի շրջանակներում համախմբվել էին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ամերիկյան համալսարանը, ԵՊՀ-ն: Նպատակն էր սկսել համագործակցություն արդյունաբերության և համալսարանի միջև, էլեկտրոնային թեստավորման ենթակառուցվածքի օժանդակման նպատակով ստեղծել կրթական, վերապատրաստման և հետազոտական ծրագրեր:
1996 թ. Հայաստանում հիմնվել էր «Վիրաժ Լոջիք» կորպորացիան, որն արագորեն դարձավ շուկայի առաջատար ՝ բարդ ինտեգրալ սխեմաների գծագրման համար ժամանակակից ներկառուցված հիշողության մտավոր սեփականության մատակարարման ոլորտում: Երվանդ Զորյանը «Վիրաժ Լոջիքի» փոխնտնօրենն էր և նրա գնահատմամբ կորպորացիան մեծ ներդրում ունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ: «Վիրաժ Լոջիքի» միայն հայաստանյան մասնաճյուղում աշխատում էին135 մասնագետներ, որոնք համագործակցում էին թե ՀՀ, թե արտասահմանյան ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Ընկերությունը իր ներկայացուցչություններն ուներ Ռուսաստանում, Հնդկաստանում և Հոլանդիայում: «Վիրաժ Լոջիք» ընկերության գլխավոր մենեջմենթը կարևորում էր ոչ այնքան արտադրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որքան Know-How ստեղծումը:
2005 թ. Երվանդ Զորյանը հանդիպում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկման հիմնական թեման կիսահաղորդիչների տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մանրակրկիտ հետազոտությունների անցկացման հարցն էր: Քննարկվել է նաև Երևանում «Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային գիտաժողովի անցկացման դրույթները: Նշենք, որ Երվանդ Զորյանն արժանացել է ամենամյա պարգևի Բարձր տեխնոլոգիաների և թվային համակարգերի ոլորտում: Պարգևը գիտնականին է հանձնվել բյուրեղի հիման վրա հիշող սարքի մշակման և արտադրման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ե. Զորյանի ներկայացրած տեխնոլոգիան հիմնված է ինքնավերահսկման վրա, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել թվային համակարգիչների արտադրողականությունը և հուսալիությունը:
2009 թ. Երվանդ Զորյանի անմիջական նախաձեռնությամբ հիմնվեց Հայկական վիրտուալ համալսարան, ուր կարող են դիմել և սովորել աշխարհի բոլոր կողմերից: Երվանդ Զորյանը այս համալսարանի հիմնադիր նախագահն է: Մոտավորապես ունեն 2000 ուսանող, որի մեծ մասը ԱՄՆ-ից է, ուսանողներ կան նաև Ռուսաստանից և այլ երկրներից: Համալսարանում դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ, աշխարհագրություն:
2015 թ. դեկտեմբերի 4-ին Երվանդ Զորյանն ընտրվեց Սինոփսիս Արմենիայի նախագահ. այսօր ընկերության շրջանակներում աշխատում են ավելի քան 700-իցավելի մասնագետներ, այդ թվում 600-ից ավելի ճարտարագետներ: Ըստ էության «Սինոփսիս» ընկերության ամբողջ ճարտարագիտական ներուժի մոտ 10%-ը գտնվում է Հայաստանում:
«Սինոփսիսը» համագործակցում է աշխարհի ավելի քան 1850 համալսարանների հետ՝ իրականացնելով տարբեր կրթական ծրագրեր: Հայաստանում «Սինոփսիսի» համագործակցությունը բուհերի հետ յուրահատուկ բնույթ ունի: Այն հիմնված է բիզնես-բուհ կրթական մոդելի վրա, որ վերջին 12 տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունն ու օգտակարությունը: Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու ոլորտի մի քանի առաջատար ընկերությունների հետ միասին 5 ավագ դպրոցներում կյանքի կոչվեց պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է օգնել բարձր դասարանցիներին՝ ընդհանուր պատկերացում ունենալու ՏՏ ոլորտի, մասնավորապես ՝ միկրոէլեկտրոնիկայի մասին: Նախատեսվում է առաջիկա տարիներին ընդլայնել ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը:
Երվանդ Զորյանն ավելի քան 300 գիտական հոդվածների, 4 գրքի և ԱՄՆ-ի 33 արտոնագրերի հեղինակ է։ նա արժանացել է գիտական հոդվածների մրցանակաբաշխությունների բազմաթիվ պարգևների, IEEE առաջատար անդամ է: 2003 թ. նա Electronic Engineering Times-ի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիներին կիսահաղորդչային արդյունաբերության 13 ազդեցիկ գործիչներից մեկը: Դոկտոր Զորյանը 2005 թ.-ին պարգևատրվել է Industrial Pioneer մրցանակով, իսկ 2006 թ.-ին IEEE Հանս Կարլսսոնի մրցանակով: Նա եղել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ընդհանուր և ծրագրային կոմիտեների նախագահ, ինչպես նաև ծրագրային կոմիտեների անդամ, իսկ 2013թ.-ի հունիսին նախագահել է Տեխասում կայացած 50-րդ Design Automation Conference-ը: Նա նաև եղել է միջազգային ճանաչում ունեցող տարբեր էլեկտրոնային նախագծման և թեստավորման ամսագրերի գլխավոր խմբագիր և խմբագրական կազմի անդամ:
Հաշվի առնելով Երվանդ Զորյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Երվանդ Զորյանի և ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի կողմից 2000-2013 թվականների ընթացքում էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորման բնագավառում, տպագրություններում ներկայացված բարդ և զարգացած ինտեգրացված թեստավորման, վերականգման և ախտորոշման լուծումներում ներդրված հիշողությունների և SoC-ների IP բլոկների համար աշխատանքներից ավելի քան 3000 անգամ հղումներ են եղել այլ հետազոտողներ կողմից և լայնորեն կիրառվել հետագա հետազոտություններում:
2013 թ. դեկտեմբերի 29-ին այդ աշխատանքների համար նրանք արժանացան Պետական մրցանակի Ճշգրիտ և բնական գիտությունների անվանակարգում «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:
Երվանդ Զորյանը այսօր շարունակում է ջանքերը ՀՀ ՏՏ ոլորտը զարգացնելու, ճանապարհ հարթում հատկապես երիտասարդության համար:


Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2017, նոյեմբեր, № 11