Cover Image
փակիր այս գիրքըՊողոսյան Արշակ (1949-)
Դիտել փաստաթուղթըԱ. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Աախենի համալսարանի նանո- և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ սենսորների և նանոկառուցվածքների լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Պողոսյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:
1966 թ., գերազանցությամբ ավարտելով դպրոցը, Արշակ Պողոսյանը ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) կիբեռնետիկայի ֆակուլտետ` ռադիոէլեկտրոնային սարքերի կոնստրուկտավորում և արտադրություն մասնագիտությամբ, որն ավարտեց 1972 թ.: ԵրՊԻ-ն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ Աշտարակի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ճարտարագետ:
1974 թ. Արշակ Պողոսյանը որոշեց շարունակել կրթությունը և ընդունվեց Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ կատարեց իր թեկնածուական աշխատանքը պրոֆեսոր Իրինա Վենդիկի ղեկավարությամբ‚ «Էլեկտրոնային գազի «տաքաց ման» երևույթների հետազոտությունները բիսմուտի նուրբ թաղանթում» թեմայով: 1979 թ. Լենինգրադում նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, վերադարձավ հայրենիք ու աշխատանքի անցավ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1980 թ. նա հրավիրվեց աշխատելու Երևանի սրտաբանական կենտրոն, որտեղ սկսեց զբաղվել իր համար լրիվ նոր, բայց և շատ հեռանկարային գիտական ուղղությամբ` իոնների և կենսաբանական մոլեկուլների նկատմամբ զգայուն տվիչների (սենսորների) մշակմամբ: Այդ տվիչները ժամանակակից կիսահաղորդչային տեխնոլոգիաներով պատրաստելու նպատակով, 1982 թ. տեղափոխվեց աշխատելու Աբովյանի «Սիրիուս» գործարանի ԿՏԲ (մինչև 1986 թ.): 1983-1984 թթ. նրա ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում պատրաստվեցին իոնների նկատմամբ զգայուն կիսահաղորդչային դաշտային տրանզիստորներ, որոնք հետագայում օգտագործվեցին ջրածնի, նատրիումի և կալիումի իոնների կոնցենտրացիան արյան մեջ չափելու համար: Այսպիսի միկրոսենսորները կարող են ինտեգրվել այսպես կոչված, «Labonchip» սարքերում` բժշկական ախտորոշման համար: Նրա մշակած սենսորները հետաքրքրություն էր առաջացրել նաև Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտում, տիեզերքում տիեզերագնացների մոտ «in vivo» չափումների նպատակով: Ավելի ուշ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանի (ներկայումս նույնպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ) աջակցությամբ Արշակ Պողոսյանը մշակեց նաև կիսահաղորդչային միկրոսենսոր` գլյուկոզայի կոնցենտրացիանմեզի մեջ չափելու համար:
1989 թ. նա սկսեց աշխատել պոլիտեխնիկական ինստիտուտում (ԵրՊԻ) որպես ավագ դասախոս, հետո դոցենտ (1991 թ.): Միաժամանակ ստեղծեց «Սենսոր» կոոպերատիվ ձեռնարկությունը (1989 թ.) գիտատեխնիկական աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների ներդրման նպատակով (օրինակ, մինիատյուր սարք հեղուկներում pH չափելու համար):
1991 թ. Արշակ Պողոսյանը գործընկերների հետ ստեղծեց «Միկրոսենսոր» փոքր ձեռնարկությունը: Նա իր գործընկերների հետ ապրանքային տեսքի հասցրեցին շարժական, չոր էլեկտրոլիտային մարտկոցներով լամպերը, որոնց անվանեցին «Սպիտակ»: Այդ լամպերը իրենց պարամետրերով, լիցքավորման կարճ և աշխատանքային ավելի երկար ժամանակով և մյուս շահագործողական բնութագրերով գերազանցում էին շուկայում եղած արտասահմանյան նմանօրինակ սարքերին և ավելի էժան էին ու մատչելի: Բացի այդ, դա հնարավորություն տվեց տնտեսական այդ դժվար անցումային տարիներին ստեղծել մոտ քսան աշխատատեղ, որը նույնպես կարևոր խնդիր էր: Արշակ Պողոսյանը 1994 թ. DAAD-ի ծրագրով երկու ամսով աշխատանքի գործուղվեց Գերմանիայի Կարլսրուհեի և Տյուբինգենի համալսարաններ:
1995 թ. Արշակ Պողոսյանը պաշտպանեց (ԵրՊԻ-ում) դոկտորական ատենախոսությունը`«Միկրոէլեկտրոնային սենսորների մշակում և հետազոտում» թեմայով: 1996 թ. Արշակ Պողոսյանն ընտանիքով տեղափոխվեց Գերմանիա՝ մշտական բնակության:
1998 թ. սկսեց աշխատել Դյուսսելդորֆի համալսարանում, իսկ հետո, 1999 թ. մինչև 2004 թ. Յուլիխ քաղաքի գիտահետազոտական կենտրոնում, որը Գերմանիայի ամենամեծ գիտական կենտրոններից է: Այստեղ նա նույնպես շարունակեց զբաղվել կենսաբանական միկրոսենսորների մշակմամբ: 2004 թ. Արշակ Պողոսյանն աշխատանքային հրավեր ստացավ Աախենի կիրառական գիտությունների համալսարանից, սկզբում որպես խմբի ղեկավար, իսկ հետո՝ 2006 թ., որպես «ԴՆԹ սենսորների և Նանոկառուցվածքների» լաբորատորիայի ղեկավար նոր բացված նանո և բիոտեխնոլոգիաների ինստիտուտում, որտեղ աշխատում է մինչև այժմ:
Արշակ Պողոսյանը հեղինակ է ավելի քան 220 տպագրված գիտական հոդվածների, որոնց մեջ 5 ընդհանրացված վերլուծական, 10 գլուխ տարբեր գրքերում, 1 գիրք, 7 արտոնագիր, որոնցից 4-ը գերմանական և եվրոպական, ավելի քան 180 զեկուցումներ տարբեր միջազգային գիտաժողովներում: Ներկայումս նա իր գործընկեր պրոֆ. Շոնինգի հետ, որպես խմբագիր, պատրաստում են նոր գիրք «Label-free biosensing» վերնագրով, որը պետք է հրատարակվի Springer-ում 2017 թ.:
Արշակ Պողոսյանը մի քանի գիտական ամսագրերի («Journal of Biosensors and Bioelectronics», «Analytical Chemistry Journal», etc.) խմբագրական կոլեգիաների անդամ է, 10-ից ավելի գիտական ամսագրերի գրախոս, ինչպես նաև մի շարք գիտական համաժողովների կազմակերպչական կոմիտեի անդամ:
Գերմանիա տեղափոխվելուց հետո էլ Արշակ Պողոսյանը չի խզել գիտական կապերը ՀԱՊՀ-ի, Երևանի պետական համալսարանի հետ և աշխատել է իր հնարավորությունների սահմանում օգտակար լինել: Նա մի քանի անգամ այցելել է ՀԱՊՀ և ուսումնամեթոդական և գիտական գրականություն նվիրել ՄԿԲՍ ամբիոնին, զեկուցումներ է կարդացել «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրական և մագիստրոսական խմբերի համար: 2013-2015 թթ. հանդես է եկել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից շնորհված դրամաշնորհային 13-2G-032 ծրագրի արտասահմանյան խորհրդատու, նպաստել նրան, որ ՆԲՏԻ-ի տեխնոլոգիական սարքերով պատրաստվեն և հետազոտվեն ֆերոէլեկտրական նանոթաղանթային տարբեր սենսորներ ՄԿԲՍ ամբիոնի համար: ՆԲՏԻ հագեցված է ճշգրիտ չափիչ սարքերով, ատոմական մակարդակով նյութերի հետազոտման ժամանակակից միկրոզննման համակարգերով, որոնք բավարար են բիո- և նանոսենսորների մշակման, նյութերի հատկությունների, սարքերի կառուցվածքների ուսումնասիրության ուղղությամբ բարձրորակ հետազոտություններ կատարելու համար:
Արշակ Պողոսյանի երաշխավորությամբ պրոֆ. Վ. Բունիաթյանը 2008-2016 թթ. երեք անգամ և պրոֆ. Ֆ. Գասպարյանը մեկ անգամ ԴԱԱԴ-ի ծրագրով երեք ամսով այցելել են ՆԲՏԻ և Յուլիխի գիտահետազոտական կենտրոն: Այս գիտահետազոտական բեղմնավոր համագործակցության ընթացքում հայաստանյան գործընկերների հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային և հայաստանյան գիտաժողովներում, տպագրվել են 15-ից ավելի համատեղ հոդվածեր գիտական ամսագրերում և գիտաժողովների ժողովածուներում, ինչպես նաև նպաստել են մի քանի մագիստրոսական և թեկնածուական աշխատանքների կատարմանը «կենսաբժշկական ճարտարագիտություն» և «միկրո- և նանոտեխնոլոգիաներ» մասնագիտություններով:
Արշակ Պողոսյանն աջակցել է գիտական կապերի հաստատմանը ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա ամբիոնի (ակադեմիկոս Վլ. Հարությունյան) և Դյուսսելդորֆի համալսարանի գազային սենսորների խմբի (պրոֆ. Շիերբաում, Schierbaum) միջև: 2005 թ.-ից նա ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ-ի և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» գիտաժողովներին:
Արշակ Պողոսյանը նաև համագործակցում է Գերմանիայի հայ համայնքի հետ:
Հաշվի առնելով Արշակ Պողոսյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Բարձր գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը, Արշակ Պողոսյանը ձգտում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2017, մարտ, № 3