Cover Image
փակիր այս գիրքըԳաբրիելյանց Գրիգորի Արկադիի (1934-)
Դիտել փաստաթուղթըԳ. Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի ողջ կենսագրությունը մեծանուն հայի և գիտության նվիրյալի փայլուն օրինակ է:
Գրիգորի Գաբրիելյանցը ծնվել է 1934թ. փետրվարի 2-ին Բաքվում: Նրա նախնիները ծնունդով Շամախեցի են: Ապրում էին լեռնահովտում ծվարած մի գյուղում և խաղող մշակում: Յոթ տարեկանից պատանի Գաբրիելյանցը ամառները անց էր կացնում հայրենի գյուղում: Իր իսկ խոսքերով՝ դպրոցական տարիներին ոչնչով աչքի չի ընկել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց առաջին օրերից նրա հայրը՝ Արկադի Գաբրիելյանցը, մեկնեց ռազմաճակատ. մայրը ստիպված էր աշխատել երկու հերթափոխով, որպեսզի կարողանա ապահովել ընտանիքի կարիքները:
Դպրոցն ավարտելուց հետո Գրիգորի Գաբրիելյանցն ընդունվում է Ադրբեջանական ԽՍՀ Նավթի ու գազի ինստիտուտ, որը 1956 թ. ավարտում է գերազանցությամբ և գործուղվում Թուրքմենիա: Այստեղ իրականանում է նրա երազանքը. զբաղվում է երկրաֆիզիկական հետազոտություններով, և արդեն 25 տարեկանում դառնում է Թուրքմենիայի գլխավոր երկրաբանը: Գրիգորի Գաբրիելյանցի գլխավոր առաքելությունն էր Կարա-Կումում հայտնաբերել գազի հանքավայրեր և խմելու ջրի պաշարներ:
Նա ինքնամոռաց նվիրվում է իր սիրած աշխատանքին, որը շուտով տալիս է իր պտուղները: Գրիգորի Գաբրիելյանցը պատմում է, թե նավթի հայտնաբերման կապակցությամբ առաջին անգամ ինչպես իրականացավ իր կանխատեսումը: «1959թ. մայիսյան մի օր անապատում նստած ընթերցում էի «Երեքը մակույկում, չհաշված շունը» գիրքը և հենց այդ պահին Կարա-Կումում ժայթքեց նավթի առաջին շատրվանը: Պատկերացնում եք երջանկության ինչպիսի զգացողություն ունեցա ես: Հսկայական Կարա-Կումում ընտրել հենց այն փոքրիկ հողակտորը և չսխալվել: Դա նույնն է, ինչ առաջին երեխայիդ ծնունդը»:
Այս հանքավայրի բացահայտումը հիրավի մեծ ճանաչում բերեց Գաբրիելյանցին. նրան հրավիրեցին Մոսկվա՝ աշխատելու աշխարհահռչակ երկրաբանների և աշխարհագրագետների հետ:
1963 թ. նա ավարտեց համամիութենական երկրաբանահետախուզական նավթային գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական ատենախոսությունը: Մոսկվա ժամանելուց կարճ ժամանակ անց Գաբրիելյանցը նշանակվում է բնական գազի համամիութենական ինստիտուտի գլխավոր երկրաբան:
1965-1969 թթ. Գաբրիելյանցը արդեն բնական գազի գիտահետազոտական համամիութենական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենն էր: Միևնույն ժամանակ նա զբաղվում էր գիտամանկավարժական գործունեությամբ: 1968-1987 թթ. դասավանդել է Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտում: 1969-1972 թթ. Մոսկվայի նավթաքիմիական և գազի արտադրության ինստիտուտի դոցենտ էր, 1972-79 թթ. երկրաբանական հետախուզական նավթային ինստիտուտի բաժանմունքի ղեկավար: 1987-1989 թթ. Գաբրիելյանցը գլխավորեց համամիութենական նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 1989-1991 թթ. նա հասավ իր կարիերայի բարձրակետին՝ ստանձնելով ԽՍՀՄ երկրաբանության և ընդերքի պահպանման նախարարի պաշտոնը:
Գրիգորի Գաբրիելյանցը Հայաստանի հետ առաջին անգամ ծանոթացել է Կիմ Բակշիի գրքերի շնորհիվ: Այնուհետև, Դելիում տեղի ունեցած աշխարհագրական միջազգային կոնգրեսի ժամանակ Գաբրիելյանցը հանդիպում է Հայաստանից մեկնած աշխարհագրագետների հետ, ովքեր էլ նրան հրավիրում են Հայաստան: Գաբրիելյանցը մեծ սիրով ընդունում է առաջարկը և որոշ ժամանակ անց նա արդեն Հայաստանում էր: Այստեղ նրան ուղեկցում էր Հայաստանի երկրաբանության և ընդերքի պահպանման վարչության պետ Է. Գուլյանը: Մեծանուն գիտնականը առաջին անգամ իրեն զգաց իր տանը: Դրանից հետո ամեն տարի 2-3 անգամ Գաբրիելյանցը այցելում էր Հայաստան՝ արդեն ոչ թե հիանալու տեսարժան վայրերով, այլ համագործակցելու հայ երկրաբանների ու աշխարհագրագետների հետ, օգնելու Արցախի իր գործընկերներին:
Հատկաշնական է, որ գիտամանկավարժական բեղուն գործունեությունից զատ, Գաբրիելյանցը ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ: «Իմ առաջին բարեգործական քայլը Պյատիգորսկում հայկական եկեղեցու կառուցմանն աջակցելն էր, իմ քայլով ես խրախուսեցի տեղաբնակ հայերին, որպեսզի նրանք ևս մասնակցեն այս գործընթացին»: Ի նշան շնորհակալության Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային թեմը 2004 թ. Գրիգորի Գաբրիելյանցին պարգևատրեց «Սուրբ Սարգիս» շքանշանով: 2010 թ. Գաբրիելյանցը հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ. Մոսկվայում իրականացրեց բարեգործական աննախադեպ մի ձեռնարկ: Հավաքեց աշխարհի տարբեր երկրների նկարիչների գործեր՝ որպես նվեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար:
Գաբրիելյանցը մի քանի տարի շարունակ աջակցում է գրականագիտական նկարազարդ «Արագած» ամսագրի տպագրմանը, որի էջերում նյութեր են տպագրվում Հայաստանի պատմության և մշակույթի մասին:
Գրիգորի Գաբրիելյանցը 130 բացառիկ հանքաքարերից բաղկացած իր հավաքածուն նվիրեց Արցախի հայրենագիտական թանգարանին:
Գրիգորի Գաբրիելյանցը հեղինակ է 153 գիտական հոդվածի, 7 մենագրության և 2 դասագրքի: Նա 16 գյուտի հեղինակ է, նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 17 և դոկտորական 3 ատենախոսություններ: Նա Ռուսաստանի նավթի և գազի ակադեմիայի գիտական խորհրդի անդամ է, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է:
Հաշվի առնելով Գրիգորի Գաբրիելյանցի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Վերջին տարիներին Գրիգորի Գաբրիելյանցը լրջորեն զբաղվում է Արցախի երկրաբանության հարցերով: Նրա նախաձեռնությամբ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցների հետ պատրաստվել և տպագրվել է “Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики” («Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանությունը և հանքային պաշարները») գիրքը: Ավարտում է «Նավթի հետախուզման տեսական հիմունքները» դասագիրքը:
Գրիգորի Գաբրիելյանցի կյանքի ամենահուզիչ քայլը թերևս այն է, որ նա թողնելով իր ողջ աշխատանքային գործունեությունը Ռուսաստանում, վերադարձել է իր ակունքներին: 2011 թ. սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրաման է ստորագրել Գաբրիելյանցին ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Գրիգորի Գաբրիելյանցը կարծես պատասխանեց, թե ինչով է պայմանավորված հենց ազատ Արցախում ապրելու և աշխատելու ձգտումը. Պապիկս անդադար կրկնում էր. «Չմոռանաս, բալիկ ջան, մենք ղարաբաղցի ենք»:
Գրիգորի Գաբրիելյանցը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում երկրաբանության ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, ապրիլ, № 4