Cover Image
փակիր այս գիրքըՊապիսով Իվան Միխայիլի (1937-)
Դիտել փաստաթուղթըԻ. Մ. ՊԱՊԻՍՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվան Միխայիլի Պապիսովը ծնվել է 1937 թվականին, Թբիլիսիում: Հայրը` Միխայիլ Պապիսովը, եղել է Արևմտյան Վրաստանի գլխավոր էնտոմոլոգը, զոհվել է Մեծ հայրենականում: Մայրը` Յակովլևա Լիդիա Արեշկինան, կենսաբանական գիտությունների թեկնածու է, Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նրա ծնողները ավարտել են Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատել Մարգուշևանում (Ղարաբաղ):
1955 թ. Ի. Պապիսովն ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1960-ին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և մինչև 1980թ. աշխատել ակադեմիկոսներ Վ. Ա. Կարգինի և Վ. Ա. Կաբանովի ղեկավարությամբ:
1964 թ. Ի. Պապիսովը պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1975 թ. դարձել է քիմիական գիտությունների դոկտոր: Պապիսովը ՌԴ գիտությունների և բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ է:
1960-1980 թթ. Ի. Պապիսովը եղել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող և ապա դոցենտ: 1980 թ.-ից նա աշխատում է Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարանում (այժմ՝ Մոսկվայի տեխնիկական համալսարան), սկզբում որպես քիմիայի ամբիոնի վարիչ, ապա 2012 թ.` պրոֆեսոր, գլխավոր գիտաշխատող, իսկ 1993 թվականից բնագիտական ֆակուլտետի դեկանն է:
Ի. Պապիսովի հետազոտությունները լայնորեն հայտնի են Ռուսաստանում և արտասահմանում: Նա հիմնարար ներդրում է ունեցել պնդաֆազ պոլիմերացման տեսական հիմունքների, ներպոլիմերային փոխազդեցությունների, ներպոլիմերային կոմպլեքսների և նանոկոմպոզիտների սինթեզի մատրիցային և կեղծ մատրիցային պրոցեսների մշակման գործում: Նա առաջինն է հայտնաբերել մոնոմերների ցածր ջերմ աստիճանի պոլիմերացման վրա ֆազային անցումների ազդեցությունը հալման ջերմաստիճանից ցածր պայմաններում և տեսականորեն հիմնավորել սառեցված մոնոմերների արագ պոլիմերացումը՝ որպես ջերմային բոցավառում: Պապիսովն է առաջարկել վարկած պինդ մոնոմերների ռադիացիոն պոլիմերացման ժամանակ մետաստաբիլ պոլիմերային շղթաների ձևավորման վերաբերյալ, ինչպես նաև առաջին անգամ բացահայտել և տեսականորեն ապացուց ել է պարզ սինթետիկ մակրոմոլեկուլների միջև և մակրոմոլեկուլների ու նանոմասնիկների միջև ոչ կովալենտ կոոպերատիվ փոխազդեցությունների բարձր ընտրվածությունը` որպես մակրոմոլեկուլների հիմնարար հատկություն:
Նրա աշխատանքը պոլիկոմպլեքսների և մատրիցային պոլիռեակցիաների ոլորտում պսակվել է երկարատև ազդեցության դեղանյութերի և մի շարք ռեագենտների մշակմամբ, որոնք նախատեսված են քամու և հողի ջրային էրոզիայի դեմ պայքարի, փոշեգոյացման ճնշմանը ճանապարհների լանջերի և այլ ինժեներական կառույցների ամրացման համար: Այդ ռեագենտներից մեկը հաջողությամբ կիրառվել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի տարածքում` կանխելու ռադիոակտիվ աղտոտման տարածումը: Ի դեպ, Ի. Պապիսովն անձամբ ներգրավված է եղել առաջարկված ռեագենտի փորձնական կիրառման և անձնակազմի ուսուցման աշխատանքներում:
Պրոֆ. Պապիսովը հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և մենագրությունների, ավելի քան 20 արտոնագրերի: Նա « Высокомолекулярные соединения» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է, Ռուսաստանի ԳԱ «Բարձրմոլեկուլային միացություններ, կոլոիդ քիմիայի և ֆիզիկական ու քիմիական մեխանիկա» գիտական խորհրդի անդամ: 1979-1987 թվականներին Ի. Պապիսովը եղել է տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության մակրոմոլեկուլների անվանացանկի հանձնաժողովի անդամ, ապա դարձել է ասոցացված անդամ և խորհրդատու: Նրա ակտիվ մասնակցությամբ մշակվել են անվանացանկի հիմնական փաստաթղթերը, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում պոլիմերային գիտությունների ուսուցման ժամանակ, գիտական ամսագրերի, դասագրքերի, մենագրությունների և հանրագիտարանների համար:
Նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների 18 թեկնածուներ (այդ թվում` մեկ քիմիական գիտությունների թեկնածու Հայաստանից) և 2 դոկտորներ:
2014 թ. Ի. Պապիսովը դարձել է ՌԳԱ ակադեմիկոս Վ. Ա. Կարգինի անվան մրցանակակիր: 1997-ին և 2011-ին նա ստացել է «Լավագույն գիտական հրապարակում» մրցանակը` Наука Интерпериодика հրատարակչության կողմից:
Հաշվի առնելով Իվան Պապիսովի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության զարգացման գործում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, սեպտեմբեր, № 9