Cover Image
փակիր այս գիրքըՓանոսյան Հակոբ (1946-)
Դիտել փաստաթուղթըՀ. ՓԱՆՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հակոբ Փանոսյանը, ծնվել է 1946 թ. հունիսի 8-ին, Լիբանանի Անճար գյուղում: Հայրը՝ Օննիկ Փանոսյանը և մայրը՝ Սաթենիկ Փանոսյանը, Մուսալեռցի են: Դժբախտաբար հայրը մահացավ մինչ կծնվեր Հակոբը. մայրը՝ Սաթենիկ Փանոսյանը, հանապազօրյա հացը ապահովելու և իր երկու զավակներին պահելու համար աշխատանքի անցավ Անճարի Ավետարանական համայնքում ծառայող գերմանացիների մոտ, որպես խոհարար:
Հակոբ Փանոսյանը հաճախել է Անճարի Ավետարանական երկրորդական դպրոցը, որն ավարտել է 1963-ին։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Հակոբը մեկնում է Բեյրութ և ընդունվում Ամերիկյան համալսարան՝ մասնագիտանալով մաթեմատիկայի բնագավառում: Համալսարանն ավարտելով բարձր առաջադիմությամբ, նա շուրջ հինգ տարի աշխատեց որպես ուսուցիչ իր հայրենի Անճար գյուղի Գալուստ Գյուլբենկյան վարժարանում:
1973 թ. Հակոբ Փանոսյանը մեկնում է Միացյալ Նահանգներ և ընդունվում ԱՄՆ- ի Հարավային Քարոլինայի համալսարան, ստանում մագիստրոսի որակավորում կիրառական մաթեմաթիկայի բնագավառում՝ պաշտպանելով «Ջերմային հավասարման ղեկավարումը եզրային պայմաններով անորոշությունների դեպքում» (Boundary control of the heat equation under uncertainty) մագիստրոսական թեզը: Իբրև մագիստրոս նա կրկին վերադառնում է հայրենի գյուղ՝ Անճար, շարունակոմ դասավանդել Գալուստ Գյուլբենկյան վարժարանում: Այս ընթացքում, 1975 թ. նա հանդիպում է իր ապագա կնոջը՝ Անահիտ Փանոսյան-Գուշագճյանին: Սակայն հենց նրանց ամուսնության օրը սկսվեց Լիբանանյան քաղաքացաիական պատերազմը, ինչի պատճառով էլ նրանք շտապ հեռացան Լիբանանից՝ հանգրվանելով Միացյալ Նահանգներում: Հակոբ Փանոսյանը Յու ՍԻ էԼ Էյի մաթեմաթիկայի ֆակուլտետի նշանավոր պրոֆեսոր Հեքթոր Ֆաթորինիի երաշխավորմամբ ընդունվեց Յու ՍԻ էԼ Էյ համալսարան՝ գիտական թեզի շուրջ հետազոտություններ իրականացնելու: Նա մասնագիտանում է ինչպես կիրառական մաթեմատիկայի, այնպես էլ կառավարման համակարգերի բնագավառում: Ի վերջո, 1980թ. Փանոսյանը պաշտպանում է իր գիտական աշխատությունը (Optimal Adaptive Stochastic Control of Linear Dynamical Systems With State-dependent and Control-dependent Uncertainty) թեմայով: Իր գիտական ղեկավար պրոֆ. Կոռնելիուս Լեոնտիսի ղեկավարությամբ նա ընդգրկվում է պետական, ռազմական մի շարք ծրագրերի մեջ: Հիմնականում աշխատաքներ էր տարվում հրթիռային և հեռահար կառավարվող ռումբերի ստեղծման ուղղությամբ: Այդ աշխատանքները շարունակվեցին մինչև 1987 թ.:
Երիտասարդ գիտնական Փանոսյանը ձգտում էր իր գիտահետազոտական աշխատանքում նոր տեխնոլոգիաներ մշակել, որի արդյունքը եղավ շուրջ վեց տարի Թեքստրան ընկերությունում ուղղաթիռների բաժնում աշխատելը, որի ժամանակ նա ստեղծեց և արտոնագրեց զույգ հիտրոլիք շարժիչը (dual control hydraulic actuater, for helicopter control), որի նպատակն էր սինքրոնացնել ուղղաթիռների պտուտակների շեղբերը, որի մեկի խափանման դեպքում հնարավոր կլիներ մյուսով կառավարել ուղղաթիռը: Այնուհետև Փանոսյանը աշխատանքի անցավ Ռաքուել Ինթըրնաշընըլ ընկերության հրթիռային բաժնում, որը հետագայում դարձավ Բոինգ ընկերության մասնաճյուղերից մեկը: Այստեղ նրա աշխատանքի արդյունքը եղավ մասնիկներով տատանման մարման գաղափարը (non-ostructive particle damping): Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի հրթիռային տեխնիկայի նախագծման և նախահաշվարկի աշխատանքներին՝ կառավարման համակարգի բնագավառում:
Բացի գիտական ձեռքբերումներից, Հակոբ Փանոսյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Նա համագործակցում էր Ամերիկահայ ճարտարագետների և գիտական ընկերակցության հետ, միևնույն ժամանակ կապեր է հաստատել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի համալսարանների հետ: Ի դեպ, նա համագործակցում է ՀՀ և աշխարհի շատ երկրների հայ գիտնականների հետ: Բավական սերտ է նրա համագործակցությունը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ: Բնակվելով Միացյալ Նահանգներում Հակոբ Փանոսյանը ակտիվորեն ինտեգրվել է նաև համայնքային աշխատանքների մեջ և ԱՄՆ-ում հիմնադրել է հայկական երկու հասարակական կազմակերպություն. առաջինը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միությունն էր, որը հիմնեց 1983-թվականին. այն մինչ այժմ ակտիվորեն գործում է: Երկրորդը 1992թ. հիմնած ԱՐՓԱ ինստիտուտն է՝ «Ուսումնասիրություն, Հետազոտություն և Ծրագրավորում Հայաստանի Համար» Analysis, Research and Planning for Armenia (ARPA) Institute): Նա այս կազմակերպության հիմնադիրն է ու նախագահը: Այս կազմակերպության հիմնական նպատակն է Հայաստանի տարբեր կազմակերպություններին և հայությանը տրամադրել մասնագիտական և խորհրդատվական տեղեկություններ: Կազմակերպության անդամները տարբեր բնագավառներում մասնագիտացած անձինք են, որոնք անվճար իրենց գիտելիքներն ու փորձառությունը ի սպաս են բերում Հայաստանի գիտական կենտրոններին: Այդ ծրագրերի մեջ թերևս ամենակարևորը երիտասարդ գիտնականների նորարարության համար ամենամյա մրցույթի կազմակերպումն է և պարգևատրումը: Նաև իրականացվում է հեռահար ուսուցման ծրագիր: Փանոսյանի գիտական գործունեությունը այսօր էլ բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում այդ ոլորտի գիտնականների համար: Նա ավելի քան ութսուն գիտական աշխատությունների և մի քանի մենագրությունների հեղինակ է, որոնք վերաբերում են կառավարման համակարգերին:
Հաշվի առնելով Հակոբ Փանոսյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Փանոսյանը այսօր էլ սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, դեկտեմբեր, № 12