Cover Image
փակիր այս գիրքըԲաղդասարով Խաչիկ Սահակի (1929-)
Դիտել փաստաթուղթըԽ. Ս. ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Վ. Շուբնիկովի անվան բյուրեղագրաֆիայի ինստիտուտի բարձրջերմաստիճանային բյուրեղացման լաբորատորիայի վարիչ, Ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Սահակի Բաղդասարովը ծնվել է 1929 թվականի մայիսի 21-ին, Սամարղանդ քաղաքում, ավանդական հայկական ընտանիքում: Խ.Ս. Բաղդասարովը դպրոցն ավարտել է Սամարղանդում, ապա մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է պողպատի և ձուլվածքների ինստիտուտ:
Խաչիկ Բաղդասարովի գիտական գործունեությունը սկսվել է ասպիրանտական տարիներից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտում, ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Վ. Շուբնիկովի ղեկավարությամբ, որտեղ նա ընդունվել էր 1953թ.: Նրա թեկնածուական թեզը, որը նա պաշտպանել է 1957թ., թույլ է տվել որոշել ուլտրաձայնի ազդեցության բնույթը բյուրեղացման վրա, մշակել ինքնատիպ մեթոդ՝ որոշելու մոնոբյուրեղներում դիսլոկացիաները, և հայտնաբերել ցինկի մոնոբյուրեղների ամրացման էֆեկտը ուլտրաձայնային դաշտում դրանց աճեցման ընթացքում:
Խ.Ս.Բաղդասարովի գիտական հետազոտությունները հիմնականում նվիրված են բարձրջերմաստիճանային բյուրեղացման և տեխնիկապես արժեքավոր մոնոբյուրեղների աճեցման յուրահատուկ մեթոդների ստեղծմանը, որոնց արդյունքները հրատարակված են ավելի քան 350 գիտական աշխատանքներում և ութ մենագրություններում: Խ.Ս. Բաղդասարովը նաև հեղինակ է 112 հեղինակային իրավունքի: Նա բարձրջերմաստիճանային բյուրեղացման խնդիրների լուծման համար, ի տարբերություն ուրիշ հետազոտողների, հիմնական ուշադրությունը դարձրել է նյութի հալման և բյուրեղացման ընթացքում բարձր ջերմաստիճանին ֆիզիկաքիմիական երևույթներին: Այս մոտեցումը Խ. Ս. Բաղդասարովին թույլ է տվել ստեղծել մոնոբյուրեղների աճեցման նոր մեթոդ, որն անվանվել է Բաղդասարովի մեթոդ և լայն տարածում գտել շատ երկրներում: Այս մեթոդի իրականացման համար, բացի նոր տեխնոլոգիայից, նա ճարտարագետների հետ մշակել է մի շարք բյուրեղացնող սարքեր:
Խ.Ս. Բաղդասարովը խոշոր ներդրում ունի արդիական օպտիկական մոնոբյուրեղների սինթեզի տեսության մեջ: Ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի հետ համատեղ նա զարգացրել է այն միտքը, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ռուբինի բյուրեղների վրա ստանալ ճառագայթում օպտիկական դիապազոնում: Այս խնդրի լուծումն ուներ սկզբունքային նշանակություն, քանի որ այդ ուղղությամբ միաժամանակ աշխատում էին նաև այլ երկրների, այդ թվում և ԱՄՆ-ի գիտնականները: Ռուբինի վրա ստեղծված օպտիկական գեներատորները թույլ են տալիս լուծել կարևոր խնդիրներ, որոնցից է ակադեմիկոս Ն. Գ. Բասովի ղեկավարությամբ հատուկ տեխնիկայի համար հեռաչափերի և լուսնի լազերային լոկացիայի ստեղծումը: Լուսնի լոկացիայի նշանակությունը ոչ միայն այն էր, որ առաջին անգամ հաջողվեց դեցիմետրի ճշտությամբ որոշել հեռավորությունը մինչև լուսին, այլ նաև այն, որ ցուցադրվեց օպտիկական լոկացիայի և կապի ակնհայտ հեռանկարային լինելը:
Խ.Ս. Բաղդասարովի գիտական ղեկավարությամբ լուծվել են լազերային տեխնիկայի մի շարք այլ կարևոր խնդիրներ: Շնորհիվ Խ.Ս. Բաղդասարովի հետազոտությունների՝ Ռուսաստանում հիմնադրվել է լազերային բյուրեղների արդյունաբերական արտադրություն: Մի շարք երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կորեայի Հանրապետությունը, Բուլղարիան ձեռք են բերել Բաղդասարովի մեթոդի լիցենզիոն արտոնությունը և սարքավորումները:
Կատարյալ մոնոբյուրեղների սինթեզի խնդրի լուծման գործում մեծ ներդրում ունենալու համար Խ.Ս. Բաղդասարովը 1972թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Մեծ է նաև Խաչիկ Բաղդասարովի ներդրումը՝ կապված փոքր չափերի, սակայն հզոր տեխնոլոգիական լազերների ստեղծման գործում, որի համար էլ 2000 թվականին արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի: Խաչիկ Բաղդասարովը ներկայումս զբաղված է խոշոր լեիկոսապֆիրի և կրեմնիի մոնոբյուրեղների աճեցման խնդրի լուծմամբ:
Խ. Բաղդասարովը օժտված է կազմակերպչական մեծ տաղանդով, ինքնատիպ տեխնիկական լուծումներ գտնելու և իրագործելու ունակությամբ:
Խ. Բաղդասարովը “Кристаллографияя” գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է, ավելի քան քսան տարի եղել է ԲՈՀ-ի փորձագետ: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել մոնոբյուրեղների աճեցման և բյուրեղացնող սարքերի արտադրության համար մի շարք խոշոր կենտրոնների հիմնադրման աշխատանքներում, որոնցից կարելի է առանձնացնել «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը (Երևան), մոնոբյուրեղների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը (Խարկով), էլեկտրաթերմային սարքավորումների գործարանը (Տագանրոգ), էլեկտրոնային մեքենաշինության գործարանը (Լուգանսկ, Ուկրաինա):
Հայաստանում քվանտային էլեկտրոնիկայի և ոչ գծային օպտիկայի զարգացումը զգալիորեն կախված էր լազերային և ոչ գծային բյուրեղների սեփական հետազոտական բազայի առկայությունից: Այդպիսի բազայի ստեղծման աշխատանքների կազմակերպման գործում նշանակալից դեր է խաղացել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտը: Խաչիկ Բաղդասարովի անմիջական մասնակցությամբ 60-ականների սկզբին Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատում ներդրվեց ռուբինի բյուրեղների աճեցման տեխնոլոգիան: Արդյունքում Կիրովականի քիմիկոմբինատը և Արզնիի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը դարձան ԽՍՀՄ նախկին տարածքի գիտահետազոտական կազմակերպություններին ռուբինի ակտիվ տարրերի հիմնական մատակարարողը:
Բաղդասարովի աջակցությամբ և մասնակցությամբ Կիրովականի քիմիկոմբինատի ֆիզքիմիական լաբորատորիայի և Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի հիմքի վրա 1967 թվականին ստեղծվեց լազերային բյուրեղների աճեցման, լազերային տեխնոլոգիայով նոր նյութերի ստեղծման և գոյություն ունեցող նյութերի արդիականացման միավորված լաբորատորիա: 1970 թվականին Աշտարակում՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տարածքում, սկսվեցին լազերային բյուրեղների ստացման և հետազոտման աշխատանքները: Այստեղ՝ առաջիններից մեկը ԽՍՀՄ տարածքում, ստացան նեոդիմով ակտիվացված իտրի-ալյումինային նռնաքարի լազերային բարձրջերմաստիճանային բյուրեղներ: Այսօր էլ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մեծ հաջողությամբ շարունակվում են աշխատանքներն այդ ասպարեզում, ինչպես նաև տարբեր բյուրեղների հետազոտությունները, որոնք ստացել են միջազգային մեծ ճանաչում:
2004թ. Խ.Ս.Բաղդասարովի մասնակցությամբ Հայաստանում հիմնադրվել է “Bagdasarov Crystal Group Production” (BCG Production) կազմակերպությունը, որտեղ Բաղդասարովի մեթոդով աճեցնում են արդյունաբերական սապֆիրի և նռնաքարի բյուրեղներ:
Բացի գիտատեխնիկական բազա ստեղծելուց, Բաղդասարովը կազմակերպել է նաև այդ ասպարեզներում աշխատող գիտական կադրերի պատրաստումը: 1968-1972 թվականներին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտի բարձրջերմաստիճանային բյուրեղացման նրա ղեկավարած լաբորատորիայում դիպլոմային աշխատանքներ են կատարել Երևանի պետական համալսարանի 15 ուսանող: Հետագայում նրանցից շատերը նաև վերապատրաստվել են այդ լաբորատորիայում, կատարելագործել մասնագիտական որակը: Խ.Ս.Բաղդասարովի անմիջական ղեկավարությամբ կամ նրա լաբորատորիայի աշխատակիցների ղեկավարությամբ Հայաստանի բուհերի 9 շրջանավարտներ ատենախոսություններ են պաշտպանել և առաջատար մասնագետներ դարձել բյուրեղային տարբեր միացությունների աճեցման և հետազոտման ասպարեզում:
1964թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Վ. Շուբնիկովի անվան բյուրեղագրաֆիայի ինստիտուտում Բաղդասարովի հիմնադրած բարձրջերմաստիճանային բյուրեղացման լաբորատորիան դարձել է խոշոր կառույց, որը մինչև հիմա լուծում է հիմնարար և կիրառական կարևոր խնդիրներ:
Հաշվի առնելով Խաչիկ Սահակի Բաղդասարով գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ Խաչիկ Բաղդասարովը աշխատում է նոր գաղափարների իրականացման, նոր մոնոբյուրեղների ստացման և դրանց կիրառության վրա: Նա մշտապես համատեղ աշխատանքներ կատարելու առաջարկներ է ստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսրայելի, Հունաստանի հետազոտական կենտրոններից:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2011, ապրիլ, № 4