Cover Image
փակիր այս գիրքըՊետրոսյան Լևոն Հովհաննեսի (1940-)
Դիտել փաստաթուղթըԼ. Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Պետրոսյանը ծնվել է 1940թ. Սանկտ Պետերբուրգում (անցյալում՝ Լենինգրադ), մտավորականների ընտանիքում: Այդ տարիներին հայրը՝ Հովհաննես Պետրոսյանը, սովորում էր Լենինգրադի բժշկական ինստիտուտում, մայրը՝ Գոհար Համբարձումյանը, դասավանդում էր Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Հետագայում նա Երևանի պետհամալսարանում հիմնեց և ղեկավարեց հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնը:
1946 թ. Լ.Պետրոսյանը ծնողների հետ տեղափոխվում է Երևան: 1947 թ. նա հաճախում է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը, որն ավարտում է 1957 թ. արծաթե մեդալով: Սերը դեպի մաթեմատիկան նրան տանում է ԵՊՀ-ի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ:
Նա 3-րդ կուրսի ուսանող էր, երբ 1959 թ. Հայաստանում անցկացվեց հավանականությունների տեսությանը նվիրված համամիութենական կոնֆերանս, որին մասնակցում էին երկրի լավագույն գիտնականները: Այն ժամանակվա համար մաթեմատիկայի նոր բնագավառի՝ մաթեմատիկական խաղերի տեսությանը, նվիրված պլենար նիստում հանդես եկավ ականավոր մաթեմատիկոս Նիկոլայ Վորոբյովը: Դա իրական հնարավորություն էր ապագա փայլուն գիտնականի համար, ով լավագույնս դրսևորեց իրեն այդ ոլորտում: Նա Ն.Ն. Վորոբյովից խնդրեց անհատական թեմա, որով կզբաղվեր խորությամբ: Նա ստացավ այդպիսի հնարավորություն: Նրան հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ամերիկացի մաթեմատիկոս Գ. Կունի՝ խաղերի տեսության վերաբերյալ անգլերեն հոդվածին: Պետք է նշել, որ Գ. Կունը եղել է Մոբելյան մրցանակակիր Ջ. Նեշի (նրան է նվիրված հանրահայտ “Игры разума” ֆիլմը) գիտական ղեկավարը: Վերջինիս հետ նա հանդիպել է հետագայում: Այդուհետ Լ. Պետրոսյանն իր կյանքը կապեց խաղերի տեսության ուսումնասիրմանը, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում՝ այդ ոլորտի մասնագետ չկար. ո՞վ կարող էր ղեկավարել և ուղղություն ցույց տալ երիտասարդ գիտնականին: Նա տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս՝ ուսումը շարունակելու համար: 4-րդ կուրսի ավարտին նա իր գիտական ղեկավար Ն.Ն. Վորոբյովին ներկայացրեց գիտական աշխատանքը՝ “СТРАТЕГИЯ ПОВЕДЕНИЯ В БЕСКОНЕЧНЫХ ПОЗИЦИОННЫХ ИГРАХ”, որը Գ.Կունի հոդվածի ընդհանրացումն էր անվերջ քայլերի դեպքում: 1961 թվականին նա արդեն նույն թեմայով Լենինգրադում, մաթեմատիկոսների համամիութենական համագումարում, հանդես եկավ զեկուցումով: Վերջին կուրսում Լ.Պետրոսյանն արդեն ստանում էր Չեբիշևի անվան կրթաթոշակ:
Լենինգրադի պետական համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվում է նույն ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի ասպիրանտուրա: Իր գիտական ղեկավար Ն. Վորոբյովի խորհրդով Լ.Պետրոսյանը զբաղվում է հետապնդման դիֆերենցիալ խաղերի տեսությամբ:
1965թ. Պետրոսյանը պաշտպանում է իր թեկնածուական թեզը՝ “Об одном классе дифференциальных игр преследования” թեմայով. այն ԽՍՀՄ-ի տարածքում առաջին թեկնածուական թեզն էր այդ ոլորտում: Ընդ որում, պետք է նշել, որ այդ շրջանում կառուցած հետապնդման օպտիմալ ստրատեգիաները օպտիմալ են նաև հետապնդման այլ խնդիրներում, որը հեղինակի կողմից ցույց է տրվել հետագայում: Միաժամանակ Լ.Պետրոսյանը զբաղվում է անկախ դինամիկայով խաղացողների հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդիրների լուծումների կառուցմամբ: Նրա կողմից մշակվում է հետապնդման ինվարիանտ կենտրոնի եղանակը, որը թույլ է տալիս ռեգուլյար դեպքում լուծել փախչողի օպտիմալ ծրագրային ստրատեգիայի գոյության խնդիրը: Այդ շրջանի տպագրված աշխատանքներից ոչ լրիվ ինֆորմացիայով հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդրի լուծմանը նվիրված հոդվածն առաջինն էր համաշխարհային գրականության մեջ: Իսկ 1969թ. Դրեզդենի տեխնիկական համալսարանում դիֆերենցիալ խաղերին նվիրված գերմաներեն լեզվով նրա զեկուցումը տպագրված առաջին աշխատանքն էր: Այդ ուղղությամբ գերմանացիների աշխատանքները հրատարակվել են միայն 10-15 տարի հետո: 1968թ. Պետրոսյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բազայի հիման վրա կազմակերպում է խաղերի տեսության առաջին համամիութենական կոնֆերանսը: 1969թ. Լենինգրադի պետական համալսարանում ստեղծվեց կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետ, որտեղ նաև աշխատանքի հրավիրվեց Պետրոսյանը: Նա մինչև օրս էլ կապված է այդ ֆակուլտետի հետ:
1972թ. նա պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ “Дифференциальные игры преследования” թեմայով: 1977թ. թվականին հրատարակում է նույն վերնագրով մենագրությունը, որն էլ 1993թ. թարգմանվում է անգլերեն:
1975թ. տեղի ունեցան կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետի դեկանի առաջին ընտրությունները: Լևոն Պետրոսյանն ընտրվեց դեկանի պաշտոնում և մինչև այժմ (արդեն 35 տարի) այդ ֆակուլտետի անփոփոխ դեկանն է: Միաժամանակ նա նույն ֆակուլտետի մաթեմատիկական վիճակագրության, զանգվածային ապահովման և հուսալիության տեսության ամբիոնի վարիչն է, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի նախագահը:
Լ.Պետրոսյանի և նրա աշակերտների կողմից ստացված և զարգացրած մի շարք հիմնարար արդյունքներ, որոնցից են համակարգերի (ոչ անտոգոնիստական դիֆերենցիալ խաղերի) բազմահայտանիշային ղեկավարման մաթեմատիկական տեսության կառուցումը՝ հիմնված օպտիմալ սկզբունքների ռեգուլյարիզացիայի վրա, ընդհանուր դինամիկական և դիֆերենցիալ հավասարումներով նկարագրող բարդ համակարգում դինամիկ կայունության ապահովումը թույլ են տալիս տաnբեր բնագավառներում ձևակերպելու մեթոդոլոգիական մոտեցումներ (տնտեսության, էկոլոգիայի, էներգետիկայի, քաղաքագիտության և այլ) ղեկավարման համակարգերի հետազոտման համար: Ստացված արդյունքները, ունենալով տեսական և կիրառական կարևոր նշանակություն, հիմք են հանդիսացել մշակելու տեսա-խաղային մեթոդներ, փնտրելու և հետևելու շարժվող օբյեկտներին ջրում, օդում և տիեզերքում՝ փնտրման հնարավորությունների, հակազդեցության համակարգերի և նպատակների բաշխման համար:
Լ. Պետրոսյանն այս տարիներին աշխարհով մեկ ձեռք է բերել մեծ համբավ: Նա դասավանդում է աշխարհի լավագույն համալսարաններում, այդ թվում՝ Քեմբրիջի և Լոնդոնի, Հումբոլդի և Դրեզդենի տեխնիկական համալսարաններում (Գերմանիա), 1988թ. Զագրեբի, Սարաևոյի և Հարավսլավիայի այլ համալսարաններում: 1990թ. դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Պորդյուի, 1991-2009 թթ.՝ Եգիպտոսի, Ճապոնիայի, Կորեայի, Կանադայի, Բրազիլիայի, Կուբայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Չինաստանի, Մոսկվայի, Տաշքենդի, Երևանի պետական համալսարաններում: Նա Ցին-դաոյի (Չինաստան) պատվավոր պրոֆեսոր է և Յոենսի (Ֆինլանդիա) պատվավոր դոկտոր:
Լևոն Պետրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ 25 մենագրությունների, որից չորսը անգլերեն և երկուսը՝ համահեղինակությամբ չինարեն:
Պետրոսյան-գիտնականի կերպարին հատուկ է նաև իր ստեղծած ուղղությունը զարգացնելու մեծ ձգտումը: Անցած տարիների ընթացքում նա պատրաստել է 7 գիտությունների դոկտոր, 49 գիտության թեկնածու, այդ թվում՝ նաև հայազգի: Այս եղանակով նա խաղերի տեսությունը դրեց որակական նոր հենքի վրա: Նա Սանկտ Պետերբուրգում պարբերաբար կազմակերպում է խաղերի տեսությանը նվիրված միջազգային կոնֆերանսներ, իսկ ամեն տարի կազմակերպվող «Խաղերի տեսությունը և մենեջմենթը» միջազգային կոնֆերանսին մասնակցում են աշխարհի բարձրակարգ գիտնականներ:
Նա մի շարք ռուսական և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է, “Internոtional Game Theory Review” (World Sci. Pbl., London, Singոpore) ամսագրերի խմբագիրն է, “Математическая теория игр и ее приложени” ամսագրի պատասխանատու խմբագիրը:
Մեր հայրենակիցը դինամիկական խաղերի միջազգային ընկերության (ISDG) նախագահն է և խաղերի տեսության միջազգային ընկերության հիմնադիր անդամներից:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, բարձր գնահատելով ականավոր գիտնականի գործունեությունը, նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով, Հայրենքի նկատմամբ մեծ ավանդ ունենալու համար՝ Երկրորդ աստիճանի շքանշանով և ՌԴ նախագահի շնորհակալագրով:
Հաշվի առնելով Լևոն Պետրոսյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ Պետրոսյանը ակտիվորեն համագործակցում է իր ալմա-մատերի՝ Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների հետ: Նա ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին, ազգային և ԵՊՀ գրադարաններին պարբերաբար նվիրել է երկու տասնյակից ավելի արժեքավոր մասնագիտական գրքեր և ուսումնական ձեռնարկներ: Բացի այդ գրքերից, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին է նվիրվել “Internոtional Game Theory Review” հանդեսի 3 տարիների բոլոր համարները: Այն իրական գանձ է արդիական ոլորտներից մեկի՝ խաղերի տեսությամբ զբաղվողների համար:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, մարտ, № 3