Cover Image
փակիր այս գիրքըԿարախանով Էդուարդ Ավետիսի (1937-)
Դիտել փաստաթուղթըԷ. Ա. ԿԱՐԱԽԱՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Էդուարդ Կարախանովի արմատները գնում են Զանգեզուր. նրա ծնողները ծագումով Կապանից էին: Հայրը՝ Ավետիս Կարախանովը, ծխախոտագետ-տեխնոլոգ էր, 1918թ. մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին: Այս հանգամանքը հետագայում լուրջ դեր է խաղացել զավակների հայրենասիրական դաստիարակության գործում:
Էդուարդ Կարախանովը ծնվել է 1937-ին Թբիլիսի քաղաքում, այստեղ էլ ստացել է նախնական կրթությունը: Նրա մասնագիտական կողմնորոշմանը մեծապես նպաստել է դպրոցի քիմիայի ուսուցչուհին. երիտասարդ Կարախանովը սիրել է քիմիան և ցանկացել է մասնագիտանալ այդ ոլորտում: Նմանատիպ որոշում էր կայացրել նաև ավագ եղբայրը՝ Ռոբերտ Կարախանովը, ով հետագայում ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայում աշխատելու տարիներին մեծ հաջողությունների հասավ քիմիայի ոլորտում:
Մասնագիտության ընտրության գործում Կարախանովին օգնել է նաև այն, որ 1950-ական թվականներին ԽՍՀՄ-ում մեծ ուշադրություն էր դարձվում քիմիայի զարգացմանը: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը, 1955թ. նա ընդունվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ: Հատկանշական է, որ հենց 1955թ.-ից էլ նա իր կյանքն ու գործունեությունը կապեց այդ հաստատության հետ: 1960 թ. գերազանցությամբμ ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը՝ նույն թվականին նա ընդունվում է ասպիրանտուրա: 1963 թ. Կարախանովը պաշտպանում է թեկնածուական, իսկ 1977-ին՝ դոկտորական ատենախոսությունները:
1974-75թթ. նա վերապատրաստվում է Ավստրալիայի Ազգային համալսարանում՝ հանրահռչակ գիտնական Արթուր Բիրչի ղեկավարությամբ, որը մեծ ազդեցություն ունեցավ նրա մասնագիտական որակա-վորման վրա:
Հաջորդ տարիներին Էդուարդ Կարախանովը հաջողությամբ աշխատում է նավթաքիմիայի սինթեզի և կատալիզի ոլորտում: Նա հեղինակ է ավելի քան 500 գիտական հրապարակումների և 5 մենագրության, որոնք մեծ համբավ և ճանաչում բերեցին քիմիկոս-գիտնականին:
Մեծանուն գիտնական լինելու հետ միասին Էդուարդ Կարախանովը զբաղվում է մանկավարժական արդյունավետ գործունեությամբ: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում կարդում է դասընթաց՝ օրգանական քիմիա, և վարում հատուկ դասընթաց նավթաքիմիա և կատալիզ թեմայով:
Հմուտ գիտնական և մանկավարժ Էդուարդ Կարախանովն այդ տարիների ընթացքում կարողացել է ստեղծել գիտնականների մի մեծ «բանակ»: Նրա ուսանողներից 60-ն արդեն գիտությունների թեկնածու են, իսկ 6-ը դարձել են դոկտորներ: Միևնույն ժամանակ նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նավթաքիմիայի բաժանմունքի գիտական խորհրդի ղեկավարի առաջին տեղակալն է: Հաշվի առնելով նրա գիտամանկավարժական գործունեությունը՝ 1981 թվականին նա արժանանում է պրոֆեսորի կոչման:
Էդուարդ Կարախանովը նաև հրավիրված դասախոս է եղել Ճապոնիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և ուրիշ երկրներում, բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային կոնգրեսներում և սիմպոզիումներում: Նա IUPAC անդամ է մոլեկուլային քիմիայի և մակրոմոլեկուլային կոմպլեքսի ոլորտում:
Էդուարդ Կարախանովը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր գործիչ: 2002թվականին օրգանական քիմիայի և նավթաքիմիայի ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար նա դարձել է Զելինսկու անվան մրցանակի դափնեկիր, 2005թ.՝ Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան դափնեկիր, 1987 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների համար:
Աշխատելով և ստեղծագործելով հայրենիքից հեռու, Էդուարդ Կարախանովը համագործակցում է մայր հայրենիքի գիտնականների և ինստիտուտների հետ:
Նա սերտ կապեր է հաստատել ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ և մեծ ցանկություն ունի աջակցել Հայաստանում քիմիական գիտության զարգացմանը: Նա պատրաստակամություն է հայտնել անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի քիմիական ոլորտի գիտական հաստատություններում:
1983 թվականից Էդուարդ Կարախանովը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նավթաքիմիայի և օրգանական կատալիզի μաժնի ղեկավարն է: Նրա հետաքրքրությունների ոլորտում շարունակում են մնալ նավթաքիմիան, հոմոգեն և հետերոգեն կատալիզը, սուպրամոլեկուլային քիմիան, նոր հիբրիդային նյութերի քիմիան:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր գնահատելով Էդուարդ Կարախանովի գիտական վաստակը, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի գիտնականների հետ, 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 2010թ. սեպտեմբերին Էդուարդ Կարախանովը կրկին Հայաստանում էր. այս անգամ մի խումբ քիմիկոսների հետ նա ժամանել էր մասնակցելու «Քիմիա, քիմիական տեխնոլոգիաներ» միջազգային 2-րդ կոնֆերանսին, որտեղ հանդես եկավ “Создание каталитических систем для окисления углеводородов в альтернативных средах” զեկուցումով:
Այսօր էլ մեծանուն քիմիկոսը շարունակում է գիտական իր ազգանվեր գործունեությունը և պատրաստ է իր գիտելիքները ի սպաս դնել հայ գիտականմտքի զարգացմանը:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2011, հունվար, № 1