Cover Image
փակիր այս գիրքըՄուրադյան Արշակ Տրդատի (1953-)
Դիտել փաստաթուղթըԱ. Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Միացյալ Նահանգների Սննդամթերքի և նյութափոխանակման խորհրդի նախագահ, բժիշկ- պրոֆեսորների ազգային կոմիտեի նախագահ, Շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի և ներքին հիվանդությունների ընկերության անդամ, Ֆլորիդայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արշակ Տրդատի Մուրադյանը, 1976թ. ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանը, ստացավ մանրէաբանություն և քիմիա մասնագիտության բակալավրի աստիճան, իսկ 1980թ.՝ մագիստրոսի: Ուսումնառության տարիներին նա ընտրվել է Ալֆա Օմեգա Ալֆա բժշկական միության պատվավոր անդամ, իսկ հետագայում ավագ բժշկական դպրոցում դարձել այդ միության տեղային մասնաճյուղի նախագահը: Ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանի օրդինատուրան, նա երեք տարի աշխատել է Մինեսոթի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որտեղ էլ ընտրվել է Ֆի Կապպա Ֆի միության անդամ: Արշակ Մուրադյանն ամերիկյան վիրաբույժների, էնդոկրինոլոգների, շաքարախտի և մետաբոլիզմի խորհրդի կողմից ատեստավորված վիրաբույժ է:
1985թ. Մուրադյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում վարում էր բժշկության պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը: 1988-ին նա տեղափոխվում է Արիզոնայի համալսարան՝ որպես բժշկության պրոֆեսոր, հետագայում նշանակվում ծերացման խնդրի հետազոտությունների բաժանմունքի տնօրեն: Այնուհետև Ա. Մուրադյանը տեղափոխվում է Սենթ Լուիսի համալսարան՝ որպես բժշկության պրոֆեսոր և էնդոկրինոլոգիայի, շաքարախտի և մետաբոլիզմի բաժանմունքի տնօրեն: Նա շուրջ 15 տարի եղել է էնդոկրինոլոգիայի բնագավառում կրթաթոշակների ծրագրի տնօրեն: Նրա հմուտ և եռանդուն աշխատանքի շնորհիվ բաժանմունքը որակապես աճել է և 1999թ. US News-ի և World Report-ի կողմից ճանաչվել ԱՄՆ-ի 14-րդ լավագույն բաժանմունքը: Արշակ Տրդատի Մուրադյանը 2002թ. դեկտեմբերին ընտրվում է ներքին օրգանների բժշկության Սենթ Լուիսի միության նախագահը: Նա Սենտ Լուիսի համալսարանում անդամակցել է մի քանի հիմնական կոմիտեների, ինչպիսիք են՝ համալսարանի բժշկական խմբի ղեկավարող մարմինը (2000-2002թթ. նա ղեկավարել է այդ կոմիտեն), համալսարանի բժշկIական խմբի կառավարչությունը և կլինիկական գործերի կոմիտեի վստահված անձանց կառավարչությունը:
2006թ. մայիսից Ա. Մուրադյանը Ֆլորիդայի համալսարանի բժշկության ամբիոնի վարիչն էր և միաժամանակ UF & Shands հիվանդանոցում ղեկավարել է բժշկական ծառայությունները:
Արշակ Մուրադյանի հետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացված են շաքարախտի և լիպիդ հիվանդությունների ոլորտին, մասնավորապես A-I ապոլիպոպրոտեինի դրսևորմանը: Նա էնդոկրինոլոգիայի միության և շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի անդամ է և որպես սննդի և մետաբոլիզմի խորհրդի ղեկավար, նաև մեծահասակների շաքարախտի փորձագետների խմբի ղեկավարը: Նա եղել է Կլինե- ֆելտերի սինդրոմի ամերիկյան ընկերության գիտական ղեկավարող խմբի անդամ, իսկ ներկայումս Therapeutics, Drugs, Drugs and Aging and Academic Internal Medicine ամերիկյան ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է, նաև խորհրդատու է մի շարք միջազգային դեղագործական ընկերությունների:
Արշակ Տրդատի Մուրադյանը բազմաթիվ մենագրությունների և ավելի քան 400 հրապարակումների հեղինակ է, դասախոսություններ է կարդացել հարյուրավոր քաղաքներում՝ ամբողջ երկրագնդով մեկ: Նա հրավիրված պրոֆեսոր է եղել մի շարք հաստատություններում և երկու տարի դասախոսել է Սուն Յաթ Սեն համալսարանում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն):
Գոհ իր նախկին ձեռքբերումներից՝ Արշակ Տրդատի Մուրադյանը և նրա ընտանիքը շատ բարձր գնահատեցին և հպարտ են, որ 2008-ին Մուրադյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ամենօրյա պարտականություններից և գիտական հետազոտություններից ազատ ժամանակը Արշակ Մուրադյանը սիրում է անցկացնել իր ընտանիքի հետ՝ Ջեկսոնվիլի իրենց առանձնատանը: Նա ունի երեք զավակ: 24-ամյա ավագ որդին տաղանդավոր կլառնետիստ է և Սենթ Լուիսում ուսանում է քիմիա: 20-ամյա դուստրը՝ Արիանան, այս տարի ավարտում է Բոստոնի համալսարանը, իսկ ամենափոքրը՝ 15-ամյա Դիանան, սովորում է դպրոցում և նվագում դաշնամուր: Երաժշտությունը միշտ շատ կարևոր է եղել այս ընտանիքում: Արշակի մայրն առաջնակարգ դաշնակահարուհի էր, իսկ քույրը, որ հայտնի նյարդաբան է, միաժամանակ նաև մենակատար-դաշնակահարուհի է: Ինքը՝ Մուրադյանը, կիթառ է նվագում: Արշակ Մուրադյանը շատ է սիրում ճանապարհորդել, պատմական հուշարձանների ուսումնասիրությունը նրա կարևոր նախասիրություններից է:
Այսօր պրոֆեսոր Արշակ Մուրադյանը Ֆլորիդայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի դեկանն է ու նաև Միացյալ Նահանգների Սննդամթերքի և նյութափոխանակման խորհրդի նախագահը, բազմաթիվ ասոցիացիաների և ընկերությունների անդամ:
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Մուրադյանն 2003թ.-ից համագործակցում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիայի հետ: Այդ համատեղ հետազոտություններն ուղղված են եղել շաքարախտի ժամանակ ուղեղ-արյունային պատնեշի ամբողջականության փոփոխության ուսումնասիրությանը: Ահա այդ համագործակցությունից մի օրինակ է հիշում Արշակ Մուրադյանը:
«2003թ. նոյեմբերին այդ լաբորատորիայի աշխատակից Մերի Հովսեփյանը ԳԱՏԱՀ-ի տրամադրած դրամաշնորհի ֆինանսական միջոցների հաշվին հնարավորություն ստացավ երեք ամսով այցելելու Սենթ Լուիսի համալսարան (Միսսուրի, ԱՄՆ) և աշխատել իմ լաբորատորիայում: Այդ ընթացքում Հայաստանից բերված շաքարախտով հիվանդների արյան նմուշներում որոշվեցին նեյրոններին յուրահատուկ էնոլազայի և S100 սպիտակուցի մակարդակները՝ որպես ուղեղ-արյունային պատնեշի ամբողջականության խախտման ցուցանիշներ: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ շաքարախտի զարգացման ուշ փուլերում հիվանդների ուղեղ-արյունային պատնեշի թափանցելիությունը փոխվում է դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այդ համագործակցության արդյունքներն արտացոլվեցին երկու համատեղ աշխատանքներում, որոնք լույս տեսան հեղինակավոր միջազգային ամսագրերում (Diabetes and Neuroscience letters)»:
Մեզ մնում է ցանկանալ, որ նման համագործակցությունն արտասահմանի և հայրենիքի հայ գիտնականների միջև ավելի սերտանա՝ հօգուտ հայրենական գիտության զարգացման:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2011, հուլիս-օգոստոս, № 7-8