Cover Image
փակիր այս գիրքըՊետրոսյան Վալերի Սամսոնի (1942-)
Դիտել փաստաթուղթըՎ. Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Սամսոնի Պետրոսյանը ծնվել է 1942թ. մարտի 7-ին Բաքվում:
Ծնողները՝ Սամսոն Պետրոսյանը և Թամարա Չիլինգարովան ծնվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Ավարտելով Մարտակերտի դպրոցը՝ հայրը 1935թ. մեկնում է Լենինգրադ, ստանում ինժեներ-շինարարի դիպլոմ, սակայն աշխատանք չգտնելով Ղարաբաղում, Երևանում և Թբիլիսիում՝ մեկնում է Բաքու, որտեղ էլ ծնվում են նրա երկու զավակները: Սամսոն Պետրոսյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
Վալերի Սամսոնի Պետրոսյանը սովորել է Բաքվի ռուսական 6-րդ դպրոցում, որը բավական մեծ համբավ ուներ հատկապես սպորտային ոլորտում, որտեղ էլ Վալերին զբաղվում էր բասկետբոլով և ձեռքի գնդակով: Վալերի Պետրոսյանը մեծագույն ակնածանքով է հիշում իր ուսուցիչներին՝ Ռոզալյա Սանդլերին (քիմիա), ՍՍՀՄ վաստակավոր ուսուցիչ Նիկոլայ Շիշկինին (ֆիզիկա), Սիմոն Պետրոսյանին (մաթեմատիկա): 9-րդ դասարանում պատանի Վալե- րին, ընթերցելով Օլեգ Ռիուտովի «Մոլեկուլների ճարտարապետը» գիրքը, հասկացավ, որ ամենից շատ ցանկանում է հանդիպել քիմիկոս պրոֆեսոր Ռիուտովի հետ: Այդ գիրքը իրոք ճակատագրական եղավ նրա մասնագիտության ընտրության հարցում:
Վալերի Պետրոսյանն ավարտեց դպրոցը արծաթե մեդալով և 1959թ. ընդունվեց Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի բաժին և հենց առաջին կուրսում ծանոթացավ Օլեգ Ռիուտովի հետ, որը ղեկավարում էր օրգանական քիմիայի տեսական պրոբլեմների լաբորատորիան: Սովորելուն զուգընթաց աշխատանքի անցավ այդ լաբորատորիայում:
1964թ. Վալերի Պետրոսյանը, ավարտելով համալսարանը, ընդունվեց ասպիրանտուրա. նրա գիտական ղեկավարն էր ակադեմիկոս Օլեգ Ռիուտովը: Վալերի Պետրոսյանը շուտով նաև աշխատանքի անցավ Ռիուտովի լաբորատորիայում, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն դասավանդում էր Մոսկվայի պետական համալսարանում:
1967թ. պաշտպանելով ատենախոսությունը՝ Վալերի Պետրոսյանը ձեռնամուխ եղավ իր գիտական թեման առավել զարգացնելու և այն դոկտորական ատենախոսություն դարձնելու գործին: 1971թ. Պետրոսյանը դարձավ ավագ գիտաշխատող, իսկ 1974թ. նա արդեն դոցենտ էր:
Վալերի Պետրոսյանը 1976թ. գիտական ղեկավար Օլեգ Ռիուտովի աջակցությամբ մեկնում է ԱՄՆ՝ Լոս Անջելես՝ Փասադենայի Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվում և, մեկ տարի շարունակ ուսումնասիրություններ կատարելով՝ կարողանում է ավարտին հասցնել դոկտորական ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանում է 1979 թվականին:
1981թ. Վալերի Պետրոսյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում, իսկ 1988թ. Օլեգ Ռիուտովը Վալերի Պետրոսյանին հանձնեց իր կողմից ստեղծված լաբորատորիան, և մինչև այսօր՝ արդեն 24 տարի, Վալերի Պետրոսյանը ղեկավարում է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիան: Հատկանշական է, որ Վալերի Պետրոսյանը մեծագույն ակնածանքով և երախտագիտությամբ է խոսում իր գիտական ղեկավար Օլեգ Ռիուտովի մասին:
Այսօր Վալերի Պետրոսյանը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, ինչպես նաև այդ ակադեմիայի քիմիական բաժանմունքի ղեկավարը, որտեղ գործում են ավելի քան 42 հայտնի գիտնականներ:
Նրա ղեկավարությամբ պաշտպանել են 32 գիտության թեկնածուներ, 8 գիտության դոկտորներ, որոնց Վալերի Պետրոսյանն աջակցել է աշխատանքանյին խմբեր պատրաստելու և լաբորատորիաների տարածք ձեռք բերելու համար:
2007 թ. Վալերի Պետրոսյանն ընտրվեց Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, որը խիստ պատվաբեր է յուրաքանչյուր գիտնական մանկավարժի համար:
1975 թ.-ից ի վեր Վալերի Պետրոսյանը, իր մասնագիտությունից բացի, մեծ աշխատանք է կատարել էկոլոգիայի ոլորտում, հատկապես ջրի էկոլոգիայի բնագավառում: 1992թ. նա արժանացել է Եվրոպայի պարգևին՝ էկոլոգիայի ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար:
Վալերի Պետրոսյանը բավական ակտիվ է եղել նաև հասարակական ոլորտում: Համագործակցելով ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ՝ մշտապես օգնել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքին: Նրանք հատկապես աջակցել են երիտասարդներին՝ բարձրագույն կրթություն ստանալու, ասպիրանտուրայում սովորելու, Հայաստանից եկած երիտասարդ գիտնականներին Ռուսաստանում վերապատրաստվելու հարցում:
Վալերի Պետրոսյանը բավական սերտ կապեր ունի հայրենական գիտական կենտրոնների հետ: Քիմիայի բնագավառում տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել է ՀՀ ԳԱԱ վաղամեռիկ ակադեմիկոս Աիդա Ավետիսյանի՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչի, քիմիական ֆակուլտետի դեկանի հետ՝ համատեղ կազմակերպելով հայ-ամերիկյան, հայ-գերմանական սիմպոզիումներ: Այսօր Պետրոսյանը բավական ակտիվ համագործակցում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ, իսկ ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ղեկավարի հետ ձեռք են բերել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ:
Հաշվի առնելով Վալերի Սամսոնի Պետրոսյանի գիտական, մանկավարժական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Վալերի Պետրոսյանն ամուսնացած է, ունի մեկ տղա՝ Ալեքսանդր Պետրոսյանը, ով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի օվկիանոսագիտության բաժինը, և մեկ աղջիկ՝ Ելենան, ով մասնագիտանում է հոգեբանության ոլորտում:
Վալերի Սամսոնի Պետրոսյանը շարունակում է մեծ ջանքեր ներդնել քիմիայի և էկոլոգիայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, հոկտեմբեր, № 10