Cover Image
փակիր այս գիրքըՄիրզոյան Ռազմիկ (1957-)
Դիտել փաստաթուղթըՌ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռազմիկ Միրզոյանը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում:
Տասնմեկամյա Ռազմիկը սիրում էր զբաղվել ընթերցանությամբ և մի անգամ ձեռքն ընկավ “Պատմություն ռադիոէլեկտրոնիկայի մասին’’ գիրքը, որն էլ կանխորոշեց նրա հետագա մասնագիտության ընտրությունը: Նա վստահաբար գիտեր, որ ֆիզիկոս է դառնալու:
Ռ.Միրզոյանը 1974թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ: Շուտով համալսարանում լուր տարածվեց, որ Մոսկվայից ժամանել են անվանի գիտնականներ և հարցազրույց են անցկացնում Ֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդների հետ`լավագույններին ընտրելու և տեղափոխելու Մոսկվա` կրթությունը այնտեղ շարունակելու համար: Ֆիզիկայի ֆակուլտետից ընտրեցին երկուսին:
Մի քանի ամիս անց Մոսկվայի ինժիներաֆիզիկական ինստիտուտից Ռազմիկ Միրզոյանը նամակ է ստանում, որտեղ առաջարկվում էր կրթությունը շարունակել իրենց բուհի` Ֆիզիկայի հատուկ ֆակուլտետում: Ամեն տարի յուրաքանչյուր հանրապետությունից վերցնում էին 2 երիտասարդի, հավաքվում էր 30 ուսանող և նրանք սովորում էին Ֆիզիկայի հատուկ ֆակուլտետում, որտեղ ուսանողները ունենում էին բավական շատ արտոնություններ: 1981թ. գերազանցությամբ ավարտելով Մոսկվայի Ինժիներաֆիզիկական ինստիտուտը, Ռազմիկ Միրզոյանը նույն տարում ընդունվեց գիտությունների ակադեմիայի Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Նրա ասպիրանտական գործունեությունը միտված էր ուսումնասիրելու գերհզոր լազերներով ջերմամիջուկային ռեակցիաները:
1984 թվականին արդեն լինելով 26 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ, Ռազմիկ Միրզոյանը հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը ակադեմիկոս Մ. Ա. Լեոնտովիչի գլխավորությամբ «Диагностика высокотемпературной лазерной плазмы» վերտառությամբ:
Արդեն ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռ. Միրզոյանը վերադարձավ Հայաստան և աշխատանքի անցավ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող: Տարիների ընթացքում Հայաստան վերադարձան այն երբեմնի լավագույն ուսանողները, որոնց յուրաքանչյուր տարի տարել էին Մոսկվա՝ կրթությունը շարունակելու ինժիներաֆիզիկական ինստիտուտում: Ստեղծվեց լուրջ գիտնականներից բաղկացած մի խումբ, որը սկսեց ռուսական արբանյակների համար պատրաստել դետեկտորներ և համագործակցել Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ: Խմբի հիմնական մասը 1984թ. սկսեց աշխատել գամա աստղադիտակների ստեղծման ուղղությամբ: Այս խմբի ջանքերով 1989 թ. ստեղծվեց առաջին աստղադիտակը: Ծրագրվում էր ստեղծել ևս 5 աստղադիտակ:
Այս խմբում իր ակտիվ դերակատարությունը ուներ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան մեկ այլ անդամ ևս՝ Ֆելիքս Ահարոնյանը: Սակայն սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, որը փաստացի ազդեց նաև գիտության զարգացման վրա:
1990թ. Ռազմիկ Միրզոյանը մասնակցեց Գերմանիայում տեղի ունեցած մի գիտաժողովի, որի ժամանակ առաջարկ ստացավ Կանարյան կղզիներում՝ Լա Պալմայում մասնակցել նոր դետեկտորի կառուցման աշխատանքներին: Առաջին համագործակցությունը սկսվեց Գերմանիայի Քիլ համալսարանի հետ, որը պետական մակարդակի համագործակցություն էր և պետք է տևեր 13 ամիս: Ի վերջո կառուցվեց աստղադիտակը (Ռազմիկ Միրզոյանը գաղափարի հեղինակն էր (know- how), այդ աստղադիտակը տեղադրվեց Կանարյան կղզիներում: Այս ընթացքում Միրզոյանը հրավեր է ստանում Մաքս Պլանկ համալսարանից՝ ինը ամիս աշխատելու իրենց մոտ:
Այսօր, արդեն Ռ. Միրզոյանը Մյունխենում և Իրկուտսկում լաբորատորիաների ղեկավար է: 2013թ. Միրզոյանի ղեկավարած խումբը շահեց ՌԴ նախագահի հրամանով կազմակերպած «մեգագրան- տը», որի արդյուքնում Բայկալ լճի ափին կառուցվում է մեծ աստղադիտակ և այդ աշխատանքները իրականացնում են Իրկուտսկի լաբորատորիայի 74 գիտնականներ Միրզոյանի գլխավորությամբ:
Միրզոյանը նաև Գերմանիայի Մաքս Պլանկ համալսարանի հիմնական աշխատող է և լաբորատորիայի ղեկավար:
Նա նաև նոր՝ Cherenkov Telescope Array միջազգային ծրագրի ղեկավար է, որի շրջանակներում պատրաստվում են կառուցել 24 մետրանոց մոտ հարյուր աստղադիտակներ: Ռ. Միրզոյանը այժմ բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում լուսազգայուն էլեմենտների նկատմամբ: Նա խիստ կարևորում է Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների խումբը, որը նրա գնահատմամբ շատ կարևոր աշխատանքներ է տանում՝ ուսումնասիրելով ամպրոպային ամպերը: Նա ամեն տարի գալիս է Հայաստան, որպեսզի մասնակցի այդ խմբի կազմակերպած գիտաժողովներին:
Այս տարիների ընթացքում Ռազմիկ Միրզոյանը ակտիվորեն համագործակցել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ: Այժմ էլ նա ակտիվորեն համագործակցում է հատկապես Ֆիզիկայի ինստիտուտի (այժմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի) տնօրեն Ա. Չիլինգարյանի հետ: Այսօր արդեն կայացած գիտնականը 7 արտոնագրի հեղինակ է: Նա 400 գիտական հոդվածի համեհեղինակ է, որից 100-ի հեղինակն է, երկու մենագրություններում ունի պարագրաֆներ:
Այս տարիների ընթացքում Միրզոյանի ղեկավարությամբ գիտությունների թեկնածու են դարձել 15-ից ավելի գիտնականներ, որոնց մեջ, ինչպես ցավով նշում է նա, ոչ մի հայ երիտասարդ չի եղել:
Հաշվի առնելով Ռազմիկ Միրզոյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ռազմիկ Միրզոյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում աստղաֆիզիկայի ոլորտում նոր գիտական մշակումներ իրականացնելու գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2017, ապրիլ, № 4