Cover Image
փակիր այս գիրքըՀարությունով Արամ Վլադիմիրի (1956-)
Դիտել փաստաթուղթըԱ. Վ. ՀԱՐՈՒԹՅԵՒՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի ամբիոնի վարիչ Արամ Հարությունովը ծնվել է 1956 թ. հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում:
Հայրը` Վլադիմիր Հարությունովը, դասավանդել է օտար լեզու, մայրը` Ամալյա Սարգսյանը, աշխատել է որպես ճարտարապետ:
Արամ Հարությունովը ողջ կյանքը ապրել է Մոսկվայում, նախնական կրթությունը ստացել է այն տարիների մաթեմատիկական թեքումով Մոսկվայի լավագույն 2-րդ դպրոցում և ավարտելուն պես ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Գերազանց ավարտելով բուհը՝ 1978 թ. նա ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի օպտիմալ ղեկավարման ամբիոնում: 1981թ. Արամ Հարությունովը հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Արագաշարժության խնդիրներում օպտիմալ ժամանակի ֆունկցիայի ողորկությունը» թեմայով՝ Նիկոլայ Տինյասկիի ղեկավարությամբ: Պաշտպանելուց անմիջապես հետո նա սկսեց դասախոսել Ժողովուրդների բարեկամության համալսարանում, իսկ 1986 թ. նա արդեն դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնի դոցենտ էր:
1988թ. Արամ Հարությունովը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Օպտիմալ ղեկավարման խնդիրների գրգռումները և էքստրեմումի առաջին և երկրորդ կարգի անհրաժեշտ պայմանները» թեմայով:
1991թ. գիտական և մանկավարժական բեղուն աշխատանքի համար նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում:
1997թ. նա գլխավորում է այդ ամբիոնը, որը այժմ վերանվանվել է ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի:
Իր ոլորտի առաջնակարգ մասնագետ Հարությունովին 1993թ. առաջարկեցին դասախոսել նաև Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետում, որտեղ կարդում է «Բազմարժեք անալիզ»:
Հարությունովն այսօր Ռուսաստանում էքստրեմալ խնդիրների տեսության, ինչպես նաև օպտիմալ ղեկավարման և ոչ գծային անալիզի լավագույն մասնագետներից մեկն է:
Հարությունովը ստեղծել է ընդհանուր տեսքի սահմանափակումներով էքստրեմալ խնդիրներում օպտիմալության պայմանների հետազոտման մաթեմատիկական նոր ապարատ: Այդ տեսությունը լուրջ ներդրում է ինչպես ոչ նորմալ խնդիրների հետազոտման, այնպես էլ էքստրեմալ խնդիրների ընդհանուր տեսության զարգացման ոլորտում:
Հարությունովի աշխատանքներում մեծ տեղ են գրավում դասական վարիացիոն հաշվի խնդիրները: Այդ խնդիրների հետազոտման համար ուսումնասիրվել են չվերասերված ինտեգրալ քառակուսային ձևեր: Դրանք Յակոբիի և Լեժանդրի հայտնի արդյունքների զարգացումն են: Այդ ոլորտում նա ստացել է մի շարք հիմնարար արդյունքներ:
Վերջին տարիներին Ա. Հարությունովի կողմից առաջարկվել է նոր մոտեցում մետրիկական տարածություններում ծածկող արտապատկերումների հետազոտման համար: Նրա կողմից ապացուցվել են թեորեմներ համընկնող կետերի գոյության մասին, ինչպես միարժեք, այնպես էլ բազմարժեք արտապատկերումների դեպքում, ապացուցված է համընկնող կետերի կայունությունը: Բոլոր այդ արդյունքները ստացել են տարբեր կիրառություններ ոչ գծային անալիզում և օպտիմիզացիայում:
Արամ Հարությունովի կինը՝ Նատալյա Չեռնիկովան, մասնագիտությամբ քիմիկոս է և դասավանդում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում: Նրանք ունեն երկու զավակ՝ Մարջան Հարությունովան ճարտարապետ է, իսկ որդին՝ Անդրոնիկը, ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը, այժմ սովորում է Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:
Հարությունովը մեծ ուշադրություն է դարձնում հայազգի երիտասարդ մասնագետների մասնագիտական պատրաստմանը և մեծ ջանքեր գործադրում իր ղեկավարած ամբիոնի և Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ համատեղ մագիստրոսական ծրագրով ուսուցում կազմակերպելու ուղղությամբ:
Հարությունովը 150 գիտական հոդվածների և երեք մենագրության հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 10 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություն:
Նա «Դիֆերենցիալ հավասարում», «Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի տեղեկագրի», «Գործողությունների հետազոտման հարավսլավական հանդեսի», ինչպես նաև «Թայվանի մաթեմատիկական հանդեսի» խմբագրական խորհուրդների անդամ է:
Հարությունովը շուրջ վեց տարի եղել է Ռուսաստանի Դաշնության մաթեմատիկայի և մեխանիկայի գծով ԲՈՀ-ի փոխնախագահը: Նա ՌԲԳԱ իսկական անդամ է: Պրոֆեսորը, որպես հրավիրյալ դասախոս, հաճախ է մեկնում արտերկիր:
Հարությունովը 2010 թվականից պարբերաբար այցելում է Արցախի պետական համալսարան և դասախոսում որպես հրավիրյալ պրոֆեսոր: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թ. Հայաստանում և Արցախում կազմակերպված «Դինամիկ համակարգերի, ոչ գծային անալիզ և կիրառություններ» թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպմանը: Երևանում եղած ժամանակ Հարությունովը մի շարք սեմինարներ է անցկացրել ԵՊՀ-ի և Սլավոնական համալսարանի մասնագետների համար: Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը Հարությունովին պարգևատրել է ոսկե մեդալով:
Հաշվի առնելով Արամ Վլադիմիրի Հարությունովի գիտական, մանկավարժական վաստակը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արամ Հարությունովը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մաթեմատիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2013, հունվար, № 1