Cover Image
փակիր այս գիրքըԿոստանյան Արտակ (1942-)
Դիտել փաստաթուղթըԱ.ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Կոստանյանը ծնվել է 1942թ. ապրիլի 10-ին Կապանի շրջանի Գյուտկում գյուղում, ուսուցիչների ընտանիքում: Հայրը` Երանոս Կոստանյանը, եղել է դպրոցի տնօրեն, մայրը` Արևհատ Մարտիրոսյանը, ուսուցչուհի:
Հայրենական պատերազմից Երանոս Կոստանյանի վերադառնալուց հետո՝ 1946 թ., նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1949 թ. Կոստանյանների ընտանիքը աքսորվել է Սիբիր: Ստալինի մահից հետո նրանց ընտանիքն արդարացվել է և վերադարձել Երևան: Երևանում Արտակ Կոստանյանն ուսումը շարունակում է Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում: Ավագ եղբայրը՝ Սպարտակը, համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես գլխավոր ճարտարագետ, գործարանի տնօրեն, ապա արտակարգ և լիազոր դեսպան: Կրտսեր եղբայրը՝ Հրանտը, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է որպես ինժեներ, «Էրեբունի» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, արդյունաբերության նախարարության վարչության պետ: Յոթնամյակն ավարտելուց հետո Ա. Կոստանյանը 1957 թ. ընդունվել է Երևանի քիմիկատեխնոլոգիական տեխնիկում և այն ավարտելուց հետո համակուրսեցիների հետ միասին՝ մեկնել է աշխատանքի Վանաձորի սինթետիկ մանրաթելերի գործարան: Մեկ տարի անց նա վերադարձել և ընդունվել է աշխատանքի ВНИИПОЛИМЕР փորձարարական գործարանում, որը գտնվում էր «Նաիրիտ» գործարանի համակարգում: Միաժամանակ նա սովորում է Մոսկվայի նուրբ քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի նախ հեռակա, ապա առկա բաժնում: Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1968 թ., նա ընդունվել է ասպիրանտուրա և ամուսնացել: 1971-ին Ա. Կոստանյանը պաշտպանել է «Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսները և սարքավորումները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և գործուղվել աշխատանքի ազոտական արդյունաբերության պետական գիտահետազոտական և նախագծման ինստիտուտ: Այնուհետև 25 տարի նա աշխատել է կապրոլակտամի գիտական բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող և բաժնի պետ: 1982 թ. պաշտպանել է սյունակավոր էկստրակտորների վերաբերյալ դոկտորական ատենախոսությունը:
1983-ին Ա. Կոստանյանին և մի խումբ համահեղինակների շնորհվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի պարգև՝ գիտության և տեխնիկայի ոլորտում նոր տեսակի սարքավորումների մշակման և արդյունաբերության մեջ ներդրման համար: 1986-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1995 թ. «Բայեր» կոնցեռնը Մոսկվայում կազմակերպել էր գիտաժողով, որտեղ Ա. Կոստանյանը հանդես եկավ քիմիական ռեակտորների և հեղուկ մեմբրանների վերաբերյալ երկու պլենար զեկույցներով: Երկրորդ զեկույցը հետաքրքրել էր գերմանացիներին, և նրանք ֆինանսավորել են իրականացնելու փորձարարական աշխատանք: Մեկ տարի անց նրան առաջարկել են հետազոտական աշխատանք Գերմանիայում: 1996-ին նա տեղափոխվում է ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուրնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, աշխատում որպես առաջատար գիտաշխատող, որտեղ էլ մինչ օրս աշխատում է որպես գլխավոր գիտաշխատող: 1997-1999 թթ. Ա. Կոստանյանը պայմանագրով աշխատել է «Բայեր»-ի հետազոտական կենտրոնում, Լևերկուզենում՝ որպես առաջատար հետազոտող: Նրա մի շարք գյուտեր նվիրված են հեղուկ թաղանթների տեխնոլոգիային և արտոնագրվել են զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Չինաստանում: Ա. Կոստանյանը մասնակցել է միջազգային ծրագրերի՝ “INTAS” և «ՄԳՏԿ» : Նա ՄԲՔՏԻ-ի մի խումբ դասախոսների հետ հեղինակելէ երկուհատորանոց «Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսներ և սարքավորումներ» դասագիրքը, որի համար 2005թ. ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կրթության ոլորտի պարգև: Վերջին տարիներին նրա հետազոտական գործունեությունը ծավալվել է հետևյալ թեմաների շուրջ՝ արդյունա հանման և ռեակցիայի գործընթացները բազմաֆազային համակարգերում և նոր նյութերի առանձնացումն էքստրակցիոն-խրոմատոգրաֆիկ մեթոդներով։ 2010 թ. Ա. Կոստանյանը Լիոնի (Ֆրանսիա) միջազգային սիմպոզիումում արժանացել է Էդուարդ Չու մեդալին: Նա եղել է բազմաթիվ կոնֆերանսների միջազգային կոմիտեների անդամ: Նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների 7 թեկնածուներ և 1 դոկտոր: Պրոֆ. Կոստանյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների, այդ թվում՝ ավելի քան 70 արտոնագրերի: Նա գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է, Ռուսաստանի ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաների գիտական հիմունքները» գիտական խորհրդի անդամ: Հաշվի առնելով Արտակ Կոստանյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ա. Կոստանյանը սերտորեն համագործակցում է ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ: Ներկայումս նրանք համատեղ նախնական հետազոտություններ են իրականացնում ապարների էքստրակցիոն եղանակով հազվագյուտ մետաղների կորզման արդյունավետ տեխնոլոգիայի մշակման ուղղությամբ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, փետրվար, № 279