Cover Image
փակիր այս գիրքըԿազարյան Սերգեյ Գուրգենի (1958-)
Դիտել փաստաթուղթըՍ. Գ. ԿԱԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր Սերգեյ Կազարյանը ծնվել է 1958 թ. հունվարի 1-ին, Ղազախստանում: Հայրը`Գուրգեն Կազարյանը, Հայաստանում ավարտելով ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, աշխատանքի էր մեկնել Ղազախստան: Հենց այնտեղ էլ հանդիպել էր Սերգեյ Կազարյանի մորը: Հայրը ղեկավարում էր երկրաբանական խոշոր կազմակերպություն, որը զբաղված էր Ղազախստանի ընդերքի ուսումնասիրմամբ:
Դպրոցում սովորելու տարիներին Սերգեյ Կազարյանը աչքի էր ընկնում իր ունակություններով, որի գրավականներից մեկն էլ եղավ 8-րդ դասարանում մաթեմատիկայի շրջանային օլիմպիադայում հաղթանակելը, ինչի արդյունքում նա հրավեր ստացավ մեկնել Նովոսիբիրսկ՝ շարունակելու կրթությունն ակադեմիական քաղաքում գործող ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, ուր դասավանդումը և ուսուցման պայմանները, ըստ նրա, լավագույնն էին Խորհրդային Միությունում: Այնտեղ էլ նա ընդունվեց համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց հայրը՝ Գուրգեն Կազարյանը, ցանկանում էր վերադառնալ Հայաստան, և 3 տարի Նովոսիբիրսկում կրթություն ստանալուց հետո Սերգեյ Կազարյանը տեղափոխվեց Երևան և կրթությունը շարունակեց Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նա երկու տարի աշխատել է Երևանում՝ Քիմիական ռեակտիվների և հատուկ մաքրության քիմիական նյութերի գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում:
Կազարյանը Հայաստանում ապրեց ընդամենը 4 տարի, բայց այդ տարիները էական նշանակություն ունեցան նրա հետագա գործունեության վրա, այդ թվում նաև մասնագիտական վերջնական կողմնորոշման. նա ֆիզիկայից աստիճանաբար անցում կատարեց դեպի քիմիա:
Այնուհետև Մոսկվայի գիտությունների ակադեմիայից հրավեր ստացավ գիտնական Վիլեն Ալեքսանյանից՝ վերապատրաստում անցնելու Մոսկվայում: Այստեղ Կազարյանը ընդունվեց ասպիրանտուրա և պաշտպանեց գիտական թեզը՝ «Interaction of transition metal complexes with proton donors in solution of liquid inert gases» թեմայով (1987թ.), աշխատանքի անցավ ՌԳԱ սպեկտրոսկոպիայի ինստիտուտում: 1991թ. Սերգեյ Կազարյանը համատեղ գրանտ ստացավ ՆԱՏՕ-ի և Լոնդոնի թագավորական միության կողմից, որի շնորհիվ էլ երիտասարդ գիտնականը հայտնվեց Մեծ Բրիտանիայում: Նրան հրավիրել էր ոլորտի հայտնի քիմիկոս Մարտին Պոլյակոֆֆը, ով ներկայումս Թագավորական միության փոխնախագահն է:
1994թ. Կազարյանը աշխատանքային հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից և, չորս տարի աշխատելով Ատլանտայի Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանում, 1998 թ. կրկին վերադառնում է Մեծ Բրիտանիա: Վերադառնալով Անգլիա Սերգեյ Կազարյանը սկսում է զբաղվել դասավանդմամբ: Նա դասախոսություններ էր կարդում Լոնդոնի Կայսերական քոլեջում, որը աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է: Մի քանի տարի անց նա ստանում է պրոֆեսորի կոչում: Այդ տարիներին գիտնականի ուշադրության ծիրում հայտնվեց նաև սպեկտրոսկոպիայի ուսումնասիրությունը՝ քիմիական պատկերներ (chemical imaging) ստանալու տեսանկյունից:
Սերգեյ Կազարյանը այսօր մի շարք գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաև հանդիսանում է Fellow of the Royal Society of Chemistry (UK), Fellow of the Society for Applied Spectroscopy (USA). Կազարյանը այս պահին համագործակցում է BASF, BP հայտնի ընկերությունների հետ, իրականացվում են համատեղ հետազոտություններ:
2016 թ. ապրիլին Քեմբրիջի համալսարանում տեղի ունեցած գիտաժողվի շրջանակներում Կազարյանին շնորհվել է Սեր Ջորջ Ստոքսի անվան մեդալ, որը տրվում է անալիտիկ քիմիայի բնագավառում ունեցած ակնառու ներդրման համար: Սերգեյ Կազարյանը համագործակցել է Հայաստանի իր ոլորտի մի շարք գիտնականների հետ: Նա արդյունավետ է համարում Գարի Մարտիրոսյանի հետ կատարած համատեղ աշխատանքները: Գ. Մարտիրոսյանը թեկնածուական ատենախոսությունից հետո մեկնել է Կազարյանի մոտ և շուրջ մեկ տարի իրականացրել է հետազոտություներ, տպագրել հոդվածներ:
Կազարյանի ղեկավարությամբ շուրջ 30 երիտասարդ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Նա հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, ինչպես նաև 15 գրքի համահեղինակ է:
Սերգեյ Կազարյանի գերակա նպատակներից է այսօր Հայաստանում բացել իր լաբորատորիան, որը կնպաստի համագործակցության խորացմանը թե՛ Մատենադարանի, թե՛ մյուս թանգարանների ու նաև ներքին գործերի նախարարության հետ:
Այսօր Սերգեյ Կազարյանը սերտորեն համագործակցում է Մատենադարանի հետ՝ մշակութային արժեքների պահպանման և վերականգնման շրջանակում՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է քիմիական կառուցվածքը փոփոխվում դեգռադացիայի ժամանակ: Կազարյանը փորձում է համագործակցել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ (պրոֆեսոր Արտաշես Ջավադյանի)։ Նա առաջարկում է օգտագործել մի համակարգ, որի շնորհիվ հնարավոր է ուսումնասիրել մատնահետքի քիմիական կառուցվածքը, որը պետք կգա նաև քրեագիտության բնագավառում:
Նրա մեթոդներն այսօր ակտիվորեն կիրառվում են Լոնդոնի Ազգային պատկերասրահի և մի շարք այլ թանգարաններում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Home Office-ը մեծապես կիրառում է Կազարյանի գիտական ձեռքբերումները ոստիկանական համակարգում:
Կազարյանի աղջիկը՝ Աննան ևս հավատարիմ է իր արմատներին, նա մասնակցել է «Birthright Armenia» ծրագրին և որոշ ժամանակ աշխատել է մանկական հիվանդանոցում:
Հաշվի առնելով Սերգեյ Կազարյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ընտրվելով ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ս.Կազարյանը առանձնակի նվիրումով է համագործակցում Հայստանի գիտական խմբերի և կազմակերպությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, մայիս, № 4