Cover Image
փակիր այս գիրքըՀարությունյան Ռոբերտ (1937-)
Դիտել փաստաթուղթըՌ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1937թ. մայիսի 23-ին Խորհրդային Հայաստանի Արտաշատի շրջանի Դալար գյուղում:
Ծնողները՝ Աշոտ և Վարդուշ Հարությունյանները, մեծ դժվարություններ են հաղթահարել, որպեսզի կարողանան պահպանել ընտանիքը: Հայրը՝ աղքատ գյուղացի, առանց որևէ հիմնավորման1929, 1937, 1949թթ. բռնադատվել է, արտաքսվել և շուրջ 15 տարի անցկացրել տարբեր ճամբարներում, իսկ 1949թ. ողջ ընտանիքը իբրև «հայրենիքի դավաճան» արտաքսվել է Ալթայի երկրամաս, գյուղ Բոյեվո: Հետագայում`1965թ. հայրը և ողջ ընտանիքը լիովին արդարացվեցին:
Ռոբերտ Հարությունյանը 1954թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Տաշքենդի Միջինասիական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ` մասնագիտանում մեխանիկա մասնագիտությամբ: 1959թ. բուհ-ը ավարտելուն պես, աշխատանքի է անցնում Օ.Կ. Անտոնովի անվան ավիացիայի գիտափորձարարական բյուրոյում` իբրև ինժեներ-նախագծող:
1960թ. Ռոբերտ Հարությունյանը վճռեց շարունակել իր կրթությունը և ընդունվեց Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկա ֆակուլտետի առաձգականության տեսության ամբիոնի ասպիրանտուրան` ակադեմիկոս Վ.Վ. Նովոժիլովի գիտական ղեկավարությամբ: Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին առաջատար մի շարք ամսագրերում տպագրեց պլաստիկության տեսության վերաբերյալ գիտական հոդվածներ: Այդ հետազոտությունների հիման վրա 1965թ. նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը «О многократном нагружении упруго-пластической среды» թեմայով: 1963-թ-ից մինչև օրս Ռոբերտ Հարությունյանը աշխատում է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:
1967-1971թթ. նա աշխատանքի է մեկնել Սուդանի Հանրապետություն և Խարթումի համալսարանում դասավանդել մաթեմատիկա և մեխանիկա: Վերադառնալով ԽՍՀՄ զբաղվել է ծերացող միջավայրի մեխանիկայի արդիական թեմաներով: Այս ոլորտում հնարավոր եղավ ստանալ նոր արդյունքներ, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպել պլաստիկության տեսության որոշիչ առնչությունները և այդպիսի միջավայրերի համար քայքայման սկզբունքները:
Տարիների աշխատանքի արդյունքում հավաքած նյութերի հիման վրա էլ Ռոբերտ Հարությունյանը 1996թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Экспериментальнотеоретическое исследование процессов деформационного старения и длительного разрушения конструкционных материалов» թեմայով:
1999թ. արդեն գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հարությունյանը դասախոսություններով հանդես եկավ Ճապոնիայի Օսակա, Կիոտո, Հերոսիմա քաղաքների համալսարաններում, իսկ 2006թ.` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբինի տեխնոլոգիական համամալսարանում: Ռոբերտ Հարությունյանը ավելի քան 200 գիտական հոդվածների, ինչպես նաև «Проблема деформационного старения и длительного разрушения в механоке разрушения» մենագրության հեղինակ է:
Տարիների ընթացքում կատարած իր գիտական աշխատանքի համար, որոնք ամփոփվել են մենագրության մեջ, 2006թ. նա արժանացավ Սանկտ Պետերբուրգի համալսարանի ՚Գիտական աշխատանքների համար՚ մրցանակի:
Պրոֆեսոր Ռ. Հարությունյանը ակտիվ համագործակցելով ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գիտական կոլեկտիվի հետ իր ավանդն է ունենում Հայաստանում պարբերաբար կազմակերպվող մեխանիկային նվիրված միջազգային գիտաժողովներին: Մասնավորապես, նա եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ն.Խ.Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ:
Նա ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակվող «Մեխանիկա» տեղեկագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ է: Հաշվի առնելով Ռոբերտ Հարությունյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ռոբերտ Հարութունյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մեխանիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2014, փետրվար, № 2