Cover Image
փակիր այս գիրքըԱյվազյան Սերգեյ Արտեմի (1934-)
Դիտել փաստաթուղթըՍ. Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Սերգեյ Այվազյանի ողջ կենսագրությունը գիտության նվիրյալի փայլուն օրինակ է:
Ս. Այվազյանը ծնվել է 1934 թ. հունիսի 24-ին Մոսկվայում, հռչակավոր կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ընտանիքում: 1952 թ. ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի 186-րդ միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1957 թվականին՝ գերազանցությամբ: Ս. Այվազյանի առաջին գիտական ղեկավարներն են եղել հռչակավոր գիտնականներ, ակադեմիկոսներ Ա. Ն. Կոլմագորովը և Յու. Վ. Պրոխորովը: Նրա դիպլոմային աշխատանքի արդյունքները տպագրվել են ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ արտասահմանյան հրատարակություններում:
1957թ. համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ նա աշխատել է Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ: Այս ինստիտուտում Այվազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց կիրառական եղանակներով հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության լաբորատորիա, որը մինչև օրս ղեկավարում է Սերգեյ Այվազյանը:
1960 թվականից նրա հետազոտությունները ներդրվեցին տնտեսության, մետալուրգիայի, տեքստիլ արտադրության, մեքենաշինության, բժշկագիտության և այլ ոլորտներում: Նրա ղեկավարությամբ ստեղծված ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովումը կիրառական վիճակագրության վերլուծությամբ գիտական մեծ ճանաչում ունի ԱՊՀ և արտասահմանյան մի շարք երկրներում:
1967 թ. Ս.Այվազյանը պաշտպանեց գիտական ատենախոսություն և ստացավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ հավանականությունների տեսության մասնագիտությամբ՝ «Сравнение оптимальных свойств критериев Неймана Пирсона и Вальда» թեմայով :
1973թ. Ս. Այվազյանի անձնական նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում է միջազգային գիտական դպրոց-սեմինարներ, որտեղ հիմնական շեշտը դրվում է բազմաչափ վիճակագրական վերլուծության վրա, որը իրականացվում է Ծաղկաձորում: Գիտական այդ աշխատանքներին մասնակցում են այդ ոլորտի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մասնագետներ:
Ս. Այվազյանը 1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն մաթեմատիկական կիբեռնետիկա մասնագիտությամբ՝ «Вероятностностатистическое моделирование социально-экономических процессов и некоторые проблемы многомерного статистического анализа»:
Ս. Այվազյանը շուրջ 100 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 8 մենագրությունների, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և այլուր: 1988-2001թթ. հրատարակել է երկու դասագիրք՝ «Կիրառական վիճակագրություն և էկոնոմետրիայի հիմունքներ», «Կիրառական վիճակագրությունը խնդիրներում և վարժություններում»:
Սերգեյ Այվազյանը աչքի ընկնող մանկավարժ է: Նա դասավանդում է նաև իր մայր ԲՈՒՀ-ում՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Ս. Այվազյանի ղեկավարությամբ 20-ից ավելի գիտնականներ պաշտպանել են գիտական թեզեր:
Այսօր ևս Այվազյանը շարունակում է իր համագործակցությունը Հայաստանի գիտնականների վերապատրաստման գործում: Նա ղեկավարն է ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Արամ Հովհաննիսյանի, ով սովորում է միջպետական համաձայնագրով:
Սերգեյ Այվազյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ռուս-հայկական համալսարանի հետ մշակվում է «Հայաստանի Հանրապետության մակրո էկոնոմոմետրիկական մոդելավորումը» նախագծի տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները: Եվ, ընդհանրապես, Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր առիթ նա օգտագործում է զեկուցումներով և դասախոսություններով հանդես գալու համար, ինչպես Հայաստանի ԳԱԱ համակարգի ու ԲՈՒՀ-ական կազմակերպություններում, այնպես էլ Արցախի պետական համալսարանում, ինչը մեծ խթանիչ ուժ է հատկապես երիտասարդ գիտնականների համար:
Հաշվի առնելով նրա դասախոսական գործունեությունը 1978թ. նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում: Այվազյանը դասավանդել է նաև արտերկրների համալսարաններում՝ Դիժոնի համալսարանի տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտում (Ֆրանսիա), Թագավորական Հոլովեի Լոնդոնի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Հեիվորդի կալիֆոռնիական պետական համալսարանում (ԱՄՆ) և այլն:
1986թ. Այվազյանը զբաղեցնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի էկոնոմիկամաթեմատիկական կենտրոնական ինստիտուտի գիտական փոխտնօրենի պաշտոնը: Նա «Էկոնոմիկա և մաթեմատիկական մեթոդներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն է: 1991թ. անդամակցում է միջազգային վիճակագրության ինստիտուտին, 1994-թվականից՝ Ամերիկյան վիճակագրության միությանը:
Հայազգի մեծանուն գիտնականը 1986թ. դարձել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր, նույն թվականին ստացել է Ֆրանսիայի վիճակագիրների ազգային կոնգրեսի պատվավոր շքանշան, 1988թ.՝ Եվրոպական էկոնոմետրիական կոնգրեսի պատվավոր շքանշան:
Հաշվի առնելով Սերգեյ Այվազյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սերգեյ Այվազյանը մասնակցում է ԳԱԱ ընդհանուր ժողովներին և հանդես գալիս գիտական զեկուցումներով:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, մայիս, № 5