Cover Image
փակիր այս գիրքըԱպրահամյան Անի (1958-)
Դիտել փաստաթուղթըԱ. ԱՊՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անի Ապրահամյանը ծնվել է 1958 թ. օգոստոսի 15-ին Լիբանանում: Նրա հայրական և մայրական կողմից տատիկներն ու պապիկները գեհենի միջով ոտքով կտրել-անցել են Դեր-Զորի անապատը և ցեղասպանությունից մազապուրծ՝ հասել Բեյրութ: Նրանք երկար ժամանակ ապրել են գաղթականների ճամբարում, որտեղ էլ ծնվել ու մեծացել են Անիի ծնող- ները՝ Հասմիկ և Պետրոս Ապրահամյանները: Նրանք տարրական կրթություն են ստացել ֆրանսիացի միսիո- ներների դպրոցում: Ուսանելու ընթացքում սովորել են դերձակություն, որը դարձել է նրանց հիմնական զբաղ- մունքն ու աշխատանքը:
1969 թվականին, երբ ամերիկացիներն առաջին անգամ իջան Լուսնի վրա, Լիբանանում թերթերը ողողված էին Լուսնի վրա քայլող Արմսթրոնգի նկարներով: Այստեղից էլ սկսվել են Անիի հետաքրքրությունները երկնքի, աստղերի և ընդհանրապես գիտության նկատմամբ:
1970 թ. Անի Ապրահամյանի ողջ ընտանիքը մեկնում է ԱՄՆ (Մասաչուսեթսի նահանգ, Վուստեր քաղաք) մեծ ակնկալիքներով, որ իրենց հինգ զավակները հնարավորություն կունենան կրթություն ստանալու, ինչն իրենք չէին ունեցել: Վուստերում Անին սկսում է հաճախել օտարերկրացիների համար նախատեսված ամառային դպրոց: Այստեղ կարճ ժամանակահատվածում, հաշվի առնելով Անիի ընդհանուր զարգացածությունը, հատկապես հակումը մաթեմատիկական գիտելիքների նկատմամբ, ԱՄՆ-ում նրա առաջին ուսուցիչը՝ Քարփնտերը, որոշում է, որ Անին կարող է շարունակել իր դպրոցական կրթությունը 7-րդ դասարանից (6-րդի փոխարեն): Նա առաջին մարդն է եղել, որ օգնել է Անիին ճանապարհ հարթել ամերիկյան կրթության ոլորտում: Անի Ապրահամյանը, տիրապետելով հինգ լեզուների, նախ որոշում է դառնալ դիվանագետ, սակայն ավարտական դասարանում ուսուցիչների խորհրդով, ուշադրությունը բևեռում է բնագիտական առարկաներին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Վուստերի Քլարք համալսարան, քիմիայի բաժին և ստանում կրթաթոշակ: Ուսանողական առաջին տարիներին Անին հետաքրքրվում է միջուկային ֆիզիկայով և մասնակցում պրոֆեսոր Բրեների խմբի հետազոտական աշխատանքներին: Սիրելով հետազոտական աշխատանքը և գիտական ուղղությունը՝ որոշում է դիմել ասպիրանտուրա: Ասպիրանտական տարիներին աշխատում է Նյու Յորքի Բրուքհևեն ազգային լաբորատորիայում՝ դոկտոր Ռիչարդ Քաստենի ղեկավարությամբ, որտեղ ուսումնասիրում էին 235U-ի ատոմի ճեղքումը: Բրուքհևենում նա հանդիպում և աշխատում է միջուկային ֆիզիկայի ոլորտի աշխարհահռչակ գիտնականների հետ, այդ թվում նաև՝ Ռիկ Քաստենի և Դաեգ Բրեների: Մասնակցում է նաև դոկտոր Ռիչարդ Մեյերի փորձարարական աշխատանքներին՝ Լորենս Լիվերմոր ազգային Լաբորատորիայից և հետդոկտորական աշխատանքի առաջարկ ստանում Լիվերմորում: 1985 թվականի օգոստոսին, պաշտպանելով դոկտորական թեզը, մեկնում է Սան Ֆրանցիսկո‘ սկսելու հետդոկտորական աշխատանքը: Այստեղ, աշխատելով երեք տարի, մեծ փորձ և գիտելիքներ է ձեռք բերում, որոնք հետագայում կիրառում է Նոտր Դամի համալսարանի միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում աշխատելիս:
1988 թ. պրոֆեսոր Ումեշ Գարգի հրավերով Անի Ապրահամյանը զեկուցում է կարդում Նոտր Դամի համալսարանում և երկու շաբաթ անց ստանում միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում ասիստենտ պրոֆեսորի աշխատանքի առաջարկ: 1989-1994 թթ. նա դառնում է ասոցիացված պրոֆեսոր, իսկ 1999 թ. ստանում լրիվ պրոֆեսորի (full professor) պաշտոն: 2001 թվականից ընտրվել է Նոտր Դամի համալսարանի միջուկային ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, 2003 թվականից նա Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր, իսկ 2006 թվականին Միացյալ Նահանգների ազգային գիտական հիմնադրամի միջուկային ֆիզիկայի և միջուկային աստղաֆիզիկայի հետազոտական ծրագրերի ղեկավարն էր: 2009 թ. ստացել է Ֆրանկ Մ. Ֆրեյման անվանական պրոֆեսորի պաշտոն:
Հաշվի առնելով Անի Ապրահամյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
2009 թ. Յուրի Հովհաննեսյանի հրավերով Անի Ապրահամյանն ընդգրկվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդի աշխատանքներին‘ դառնալով նրանց ան- դամներից մեկը: Մասնակցել է Հայաստանում կազմակերպված միջուկային ֆիզիկային վերաբերող գիտաժողովների, գիտական նիստերի: Համագործակցում է ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների հետ: Անի Ապրահամյանը եղել է մի քանի ասպիրանտների գիտական ղեկավար: Նա շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է:
Անին Միացյալ Նահանգների միջուկային ֆիզիկայի ոլորտում իր ուրույն տեղն ու դերն է ունեցել և այսօր էլ ունի. նա զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ co-chair of the US science academies decadal survey of nuclear science, co-chair of the Department of Energy’s committee on Isotopes, a member of Nuclear Science Advisory Committee, and the elected chair of the American Physical Society’s Division of Nuclear Physics։ Նա Միացյալ Նահանգների ներկայացուցիչն էր տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության միջուկային ֆիզիկայի բաժնում:
Անին երբեք չի մոռանում իր արմատների մասին, ինչն արտահայտվում է թե՛ հայ համայնքի հետ ակտիվ շփման, թե՛ իր գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու միջոցով: Նա նվիրված է իր ժողովրդին, երիտասարդությանը և գիտությանը:
Անի Ապրահամյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, հունիս, № 6