Cover Image
փակիր այս գիրքըՉալիկյան Տիգրան (1963-)
Դիտել փաստաթուղթըՏ. ՉԱԼԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տիգրան Չալիկյանը ծնվել է 1963թ. նոյեմբերի 18-ին Երևանում, ինժեներների ընտանիքում. նրա ծնողները, ի դեպ, եղել են համակուրսեցիներ:
Չալիկյանը ավարտել է Երևանի Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը: Հենց դպրոցական տարիներին դրսևորվեցին Տիգրանի նախասիրությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա: Դրան հավելվեց նաև ծնողների ակնհայտ ազդեցությունը, և 1980թ. Տիգրան Չալիկյանը որոշեց բարձրագույն կրթություն ստանալ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն էլ ավարտեց 1985թ.՝գերազանցության դիպլոմով:
Դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ, ճակատագրի բերումով նա մեկնում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտ՝ Պուշչինո քաղաք՝ կենսաֆիզիկական հետազոտությունների հետ կապված սարքերի ծրագրավորման թեմայով հետազոտություն կատարելու: Այս նոր միջավայրում էլ նրա մեջ հետաքրքրություն առաջացավ արդեն ոչ թե սարքերի, այլ կենսաֆիզիկական հետազոտությունների և չափումների նկատմամբ:
Բուհը գերազանցությամ ավարտելուց հետո Տիգրան Չալիկյանը ընդունվեց ասպիրանտուրա՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտում ՝ Պուշչինո քաղաքում:
1990թ. նա հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը պրոֆեսոր Արմեն Սարվազյանի ղեկավարությամ «Կենսաբանական նյութերի լուծույթներում ոչ գծային ակուստիկական հատկությունների և թերմոդինամիկական նութագրերի որոշման մեթոդի զարգացում» թեմայով:
1990թ. Տիգրան Չալիկյանը մեկնեց Գերմանիա, աշխատեց Մաքս Պլանկի անվան կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում: Մեկ տարի անց նա վերադարձավ հայրենիք՝ Հայաստան, և 3 տարի աշխատեց Երևանի բժշկական ինստիտուտի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ավագ գիտաշխատող:
1992թ. երիտասարդ գիտնականը հրավեր ստանալով ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանից, մեկնեց ԱՄՆ՝ բնավ մտադրություն չունենալով մնալ օտար հողում: Ինը ամիս անց գիտնականը, վերադարձավ հայրենիք:
Սակայն Հայաստանում աշխատանքային բավարար պայմանների բացակայության և ԱՄՆ-ից աշխատանքային առաջարկների առկայության պարագայում Տիգրան Չալիկյանը վճռեց մեկնել Միացյալ Նահանգներ՝ մասնագիտության մեջ նորանոր հաջողություններ արձանագրելու ակնկալիքով:
1992թ. նա արդեն աշխատում էր Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Ռաթգերս նահանգային համալսարանի քիմիայի բաժանմունքում: Գրեթե հինգ տարի աշխատելով համալսարանում՝ ստացավ դոցենտի կոչում: Սակայն ավելի ինքնուրույն աշխատանք կատարելու համար դիմեց այլ համալսարաններ: 1997թ. նա հրավեր ստացավ Կանադայի Տորոնտոյի համալսարանի դեղագործական ֆակուլտետից, որտեղ աշխատելով տասը տարի՝ 2007թ. ստացավ պրոֆեսորի կոչում: Չալիկյանը համալսարանում դասավանդում է դեղագործական քիմիա առարկան, որի հիմնական խնդիրն է ուսանողներին բացատրել դեղերի, դեղորայքային լուծույթների և կենսաքիմիական բաղադրությունների կարևոր ֆիզիկական և քիմիական հատկությունները, իսկ մագիստրոսներին և ասպիրանտներին դասավանդում է մոլեկուլային կենսաֆիզիկա:
Այսօր նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների յոթ թեկնածուներ. մագիստրոսների քանակը անգամ չի հիշում: Տիգրան Չալիկյանը գրախոսվող ամսագրերում հրապարակել է 70-ից ավելի գիտական հոդվածներ:
Հայաստանի հետ Տիգրան Չալիկյանը գիտական լուրջ կապեր ունի: 2002թ., ժամանելով Հայաստան, նպատակ ուներ գտնել լաբորատորիաներ, որպեսզի սկսեին համագործակցության ծրագրեր: Բավական լավ արդյունք գրանցվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հետ, որի արդյունքում շահեցին երկու դրամաշնորհ և աշխատեցին մինչև 2008թ.:
Այժմ համագործակցության նոր կապեր են ձևավորվում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության (տնօրեն՝ Աննա Բոյաջյան) և ֆիզիոլոգիայի (տնօրեն՝ Նաիրա Այվազյան) ինստիտուտների հետ:
Չալիկյանի անձնական նախաձեռնությամբ 2005 և 2010թթ. Հայաստանում (Ծաղկաձորում) կազմակերպվեցին միջազգային սիմպոզիումներ, որոնք բարձր են գնահատվել մասնագետների կողմից:
Նա անդամակցում է ամերիկյան քիմիայի, կենսաֆիզիկայի և սպիտակուցների ընկերություններին, մի շարք գիտական պարբերականների խմբագրական խորհրդի անդամ է:
Տիգրան Չալիկյանը ամուսնացած է, ունի երկու որդի. ավագ որդին մասնագիտանում է պատմության, առավելապես հնէաբանության մեջ: Վերջերս Հայաստանում էր և մասնակցում էր հնագիտական պեղումների: Տիգրան Չալիկյանը, բազմազբաղ լինելով հանդերձ, ջանում է չկտրվել համայնքային կյանքից և մասնակցում է համայնքային միջոցառումներին:
Հաշվի առնելով Տիգրան Չալիկյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ 2011 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը՝ Չալիկյանը ձգտում է էլ ավելի խոր ացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական կազմակերպություննների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2013, փետրվար, № 2