Cover Image
փակիր այս գիրքըԲազյան Արա (1948-)
Դիտել փաստաթուղթըԱ. ԲԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արա Բազյանը ծնվել է 1948 թ. հունվարի 22-ին Երևանում, մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Սահակ Բազյանը, եղել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, մասնագիտությամբ՝ գրականագետ, մայրը՝ Երանուհի Գրիգորյանը, բժշկուհի էր: Բազյանների ընտանիքում միշտ կարևորվել է սերը առ գիտություն, և Արա Բազյանը մեծացել է այդ մթնոլորտում։
Ա. Բազյանը հաճախել է Երևանի սրտում գործող թիվ 58 ութամյա դպրոցը, այնուհետև սովորել Շևչենկոյի անվան դպրոցում: Սովորելու տարիներին նա աչքի էր ընկնում հատկապես ֆիզիկայի և մաթեմատիկական գիտելիքներով: Սիրում էր կարդալ ֆիզիկոսների կենսագրությունները « Жизнь замечательных людей» մատենաշարում՝ Էյնշտեյն, Ռեզերֆորդ և այլն: Այդ տարիներին Արա Բազյանը կարծում էր, թե գտել է իր մասնագիտությունը և ցանկանում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Սակայն հենց այդ ժամանակ նրան հետաքրքրեց հատկապես ֆիզիկոսների օժտվածության և տաղանդի հարցը: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մի մարդ տաղանդավոր է ծնվում, մյուսը՝ ոչ այնքան, ինչի՞ց է դա կախված: Եվ Բազյանը որոշեց, որ իր ապագան պետք է կապի կենսաֆիզիկայի հետ՝ ուսումնասիրելու մարդու ուղեղի ֆունկցիաները:
1966 թ. նա ընդունվեց Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետ, կենսաֆիզիկա մասնագիտությամբ: Գերազանցիկ ուսանողին 4- րդ կուրսից ուղարկեցին Մոսկվայի պետական համալսարան՝ շարունակելու կրթությունը և պատրաստելու ավարտական աշխատանքը: Այդ տարիների մշակումները և հավաքած նյութերը հետագայում դարձան նրա թեկնածուական ատենախոսության հիմքը: 1977 թ. Արա Բազյանը Մոսկվայում պաշտպանեց իր գիտական ատենախոսությունը, Ռ. Ի. Կռուգլիկովի ղեկավարությամբ: Ատենախոսության թեման էր «H13-լեյցինի՝ գլխուղեղի սպիտակուցների մեջ ներառման աուտոռադիոգրաֆիկ ուսումնասիրությունն ուսուցումից հետո»։ Նրա նպատակն էր հասկանալ, թե ինչպես է աշխատում մարդու ուղեղը: Նա գտնում էր, որ ֆիզիկապես բոլոր մարդկանց ուղեղը նույնն է:
Թեկնածուական ատենախոսությունն ավարտելուց հետո Բազյանը եկավ այն եզրակացության, որ այդպես աշխատել չի կարելի, անընդհատ անհրաժեշտ էր հաշվել, թե որ բջջի մեջ որքան սպիտակուց է ավելացել կամ պակասել, որն էլ խթանում է տաղանդի ձևավորմանը: Բազյանը առավել հակված էր աշխատելու գլխուղեղի գործունեության միացյալ հայեցակարգի շրջանակում, որի զարգացման վրա մեծապես ազդում է մարդու հուզական համակարգը: Սպիտակուցների լավագույն սինթեզն է ապահովում մարդկանց տաղանդավոր լինելու կամ չլինելու հարցը:
Տարիների փորձի և բազմաթիվ փորձարկումների ու հավաքած նյութերի հիման վրա 1988 թ. Արա Բազյանը պաշ պանեց դոկտորական ատենախոսությունը՝ «Աուտոադրենոռեցեպտորների ֆիզիոլոգիական դերը»:
Բազյանի գիտական ղեկավար Ռոման Կռուգլիկովը, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի ուսման և հիշողության նեյրոքիմիական մեխանիզմների լաբորատորիայի վարիչն էր, կյանքի վերջին տարիներին առաջարկեց Արա Բազյանին մտածել իրեն փոխարինելու մասին: 1995 թ.-ից մինչև այսօր Արա Բազյանը գլխավորում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի ուսուցման և հիշողության նեյրոքիմիական մեխանիզմների լաբորատորիան: Նա արտոնագրի, «Աուտոադրենոռեցեպտորների ֆիզիոլոգիական դերը» վերնագրով մենագրության, 187 գիտական հոդվածների հեղինակ է:
Այս տարիներին նա ղեկավարել է 12 ասպիրանտի և մեկ դոկտորանտի: Ողջ այս ընթացքում նա չի դադարել համագործակցել Հայաստանի գիտնականների հետ. բավական ակտիվ համագործակցում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցների, մասնավորապես՝ Հակոբ Դևեջյանի հետ: Համագործակցում է նաև Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակիցների հետ, կապեր կան նաև ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի հետ:
Նա բավական հաճախ հանդես է գալիս ընդդիմախոսություններով կամ կարծիքներով՝ Հայաստանում պաշտպանվող ատենախոսությունների վերաբերյալ: Բազյանը բավական հաճախ դասախոսությունների շարք է անցկացնում Հայաստանում՝ Ռուս-հայկական համալսարանում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում:
Հաշվի առնելով Արա Բազյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Այսօր էլ Բազյանը իր ուժերի ներածին չափով աշխատում է մասնագիտական իր գիտելիքներով ու փորձով օգտակար լինել իր հայրենակիցներին:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2017, մայիս, № 5