| Հարությունով Արամ Վլադիմիրի (1956-) |
|
| Ա. Վ. ՀԱՐՈՒԹՅԵՒՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
|
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի ամբիոնի
վարիչ Արամ Հարությունովը ծնվել է 1956 թ. հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում:
Հայրը` Վլադիմիր Հարությունովը, դասավանդել է օտար լեզու, մայրը` Ամալյա Սարգսյանը, աշխատել է որպես ճարտարապետ:
Արամ Հարությունովը ողջ կյանքը ապրել է Մոսկվայում, նախնական կրթությունը ստացել է այն տարիների
մաթեմատիկական թեքումով Մոսկվայի լավագույն 2-րդ
դպրոցում և ավարտելուն պես ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի
և կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Գերազանց ավարտելով բուհը՝ 1978 թ. նա ընդունվում
է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի
ֆակուլտետի օպտիմալ ղեկավարման ամբիոնում:
1981թ. Արամ Հարությունովը հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Արագաշարժության խնդիրներում օպտիմալ ժամանակի ֆունկցիայի ողորկությունը» թեմայով՝ Նիկոլայ Տինյասկիի ղեկավարությամբ: Պաշտպանելուց անմիջապես հետո նա
սկսեց դասախոսել Ժողովուրդների բարեկամության
համալսարանում, իսկ 1986 թ. նա արդեն դիֆերենցիալ
հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնի
դոցենտ էր:
1988թ. Արամ Հարությունովը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Օպտիմալ ղեկավարման
խնդիրների գրգռումները և էքստրեմումի առաջին և երկրորդ կարգի անհրաժեշտ պայմանները» թեմայով:
1991թ. գիտական և մանկավարժական բեղուն աշխատանքի համար նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում:
1997թ. նա գլխավորում է այդ ամբիոնը, որը այժմ վերանվանվել է ոչ գծային անալիզի և օպտիմիզացիայի:
Իր ոլորտի առաջնակարգ մասնագետ Հարությունովին
1993թ. առաջարկեցին դասախոսել նաև Մոսկվայի
պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետում, որտեղ կարդում է
«Բազմարժեք անալիզ»:
Հարությունովն այսօր Ռուսաստանում էքստրեմալ
խնդիրների տեսության, ինչպես նաև օպտիմալ ղեկավարման և ոչ գծային անալիզի լավագույն մասնագետներից մեկն է:
Հարությունովը ստեղծել է ընդհանուր տեսքի սահմանափակումներով էքստրեմալ խնդիրներում օպտիմալության պայմանների հետազոտման մաթեմատիկական
նոր ապարատ: Այդ տեսությունը լուրջ ներդրում է ինչպես ոչ նորմալ խնդիրների հետազոտման, այնպես էլ
էքստրեմալ խնդիրների ընդհանուր տեսության զարգացման ոլորտում:
Հարությունովի աշխատանքներում մեծ տեղ են գրավում դասական վարիացիոն հաշվի խնդիրները: Այդ
խնդիրների հետազոտման համար ուսումնասիրվել են
չվերասերված ինտեգրալ քառակուսային ձևեր: Դրանք
Յակոբիի և Լեժանդրի հայտնի արդյունքների զարգացումն են: Այդ ոլորտում նա ստացել է մի շարք հիմնարար արդյունքներ:
Վերջին տարիներին Ա. Հարությունովի կողմից առաջարկվել է նոր մոտեցում մետրիկական տարածություններում ծածկող արտապատկերումների հետազոտման
համար: Նրա կողմից ապացուցվել են թեորեմներ համընկնող կետերի գոյության մասին, ինչպես միարժեք, այնպես էլ բազմարժեք արտապատկերումների դեպքում, ապացուցված է համընկնող կետերի կայունությունը: Բոլոր
այդ արդյունքները ստացել են տարբեր կիրառություններ
ոչ գծային անալիզում և օպտիմիզացիայում:
Արամ Հարությունովի կինը՝ Նատալյա Չեռնիկովան,
մասնագիտությամբ քիմիկոս է և դասավանդում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում: Նրանք ունեն երկու զավակ՝ Մարջան Հարությունովան ճարտարապետ է, իսկ որդին՝ Անդրոնիկը, ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը, այժմ
սովորում է Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական
ինստիտուտի ասպիրանտուրայում:
Հարությունովը մեծ ուշադրություն է դարձնում հայազգի երիտասարդ մասնագետների մասնագիտական
պատրաստմանը և մեծ ջանքեր գործադրում իր ղեկավարած ամբիոնի և Երևանի պետական համալսարանի
մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ համատեղ մագիստրոսական ծրագրով ուսուցում կազմակերպելու ուղղությամբ:
Հարությունովը 150 գիտական հոդվածների և երեք
մենագրության հեղինակ է: Նրա ղեկավարությամբ
պաշտպանվել են ավելի քան 10 թեկնածուական և մեկ
դոկտորական ատենախոսություն:
Նա «Դիֆերենցիալ հավասարում», «Ռուսաստանի
ժողովուրդների բարեկամության համալսարանի տեղեկագրի», «Գործողությունների հետազոտման հարավսլավական հանդեսի», ինչպես նաև «Թայվանի մաթեմատիկական հանդեսի» խմբագրական խորհուրդների անդամ է:
Հարությունովը շուրջ վեց տարի եղել է Ռուսաստանի Դաշնության մաթեմատիկայի և մեխանիկայի գծով
ԲՈՀ-ի փոխնախագահը: Նա ՌԲԳԱ իսկական անդամ է:
Պրոֆեսորը, որպես հրավիրյալ դասախոս, հաճախ է
մեկնում արտերկիր:
Հարությունովը 2010 թվականից պարբերաբար այցելում է Արցախի պետական համալսարան և դասախոսում
որպես հրավիրյալ պրոֆեսոր: Նա ակտիվ մասնակցություն
է ունեցել 2011 թ. Հայաստանում և Արցախում
կազմակերպված «Դինամիկ համակարգերի, ոչ գծային
անալիզ և կիրառություններ» թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպմանը: Երևանում եղած ժամանակ Հարությունովը մի շարք սեմինարներ է անցկացրել
ԵՊՀ-ի և Սլավոնական համալսարանի մասնագետների
համար: Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը Հարությունովին պարգևատրել է ոսկե
մեդալով:
Հաշվի առնելով Արամ Վլադիմիրի Հարությունովի գիտական, մանկավարժական վաստակը, ինչպես նաև
սերտ կապերը մայր հայրենիքի հետ՝ ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է
ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արամ Հարությունովը
այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մաթեմատիկայի ոլորտի
զարգացման գործում և սերտորեն համագործակցում
Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2013, հունվար, № 1