Վ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս, Սթենֆորդի (ԱՄՆ)
համալսարանի պրոֆեսոր Վահե Արմենակի Պետրոսյանը ծնվել է 1938 թվականի
սեպտեմբերի 3-ին, Իրանի Արաք (Սուլթանաբադ) քաղաքում: Այն փոքրիկ քաղաք է, որտեղ ապրում էր թվով փոքր, բայց շրջակա հայաբնակ գյուղերի
հետ սերտ կապեր ունեցող աշխույժ հայ համայնք:
Աստղագիտության նկատմամբ սերը Վահեի մեջ ի
հայտ է եկել մանկուց, երբ ամառվա տապ օրերին նրանք
գիշերում էին տների հարթ տանիքներին: Զմայլվելով
աստղաշատ երկնքով փոքրիկ Վահեն մտածում էր աստղերի մասին, թե դրանք երբ, ինչպես և ո՞վ է ստեղծել,ինչու՞ են այդքան շատ ու ինչպե՞ս է, որ չեն ընկնում:
Նախնական կրթությունը Վահե Պետրոսյանը ստացել է նույն քաղաքի հայկական դպրոցում, իսկ հետո տեղափոխվել է մայրաքաղաք Թեհրան, որտեղ էլ գերազանց գնահատականներով ավարտում է դպրոցը:
Այդ ժամանակ Իրանում տեղի է ունենում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համաիրանական մրցույթ, որին մասնակցում է նաև Վահեն:
Արժանանալով Իրանի ազգային կրթաթոշակի, նա մեկնում է ԱՄՆ՝ շարունակելու բարձրագույն կրթությունը Քոռնելի համալսարանում (1958-1962 թթ.) ուսանում է
ֆիզիկա և աստղաֆիզիկա:
1963-ին ավարտելով Քոռնելի համալսարանը, ցուցաբերելով բարձր առաջադիմություն, նրան առաջարկվում
է շարունակել կրթությունը: 1963-67-ին պրոֆ. Էդվին
Սալպիտերի ղեկավարությամբ նա աշխատանքներ է իրականացնում դոկտորական թեզի վրա, որը պաշտպանում է 1967թ. և ստանում աստղագիտության դոկտորի
գիտական աստիճան:
Վահե Պետրոսյանը ժամանակակից խոշորագույն
աստղաֆիզիկոսներից է, նրա աշխատանքներն ու գիտական արդյունքները հայտնի են ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Նա քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայի, տիեզերաբանության, բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և մասնիկային ֆիզիկայի ոլորտներում աշխարհի ճանաչված մասնագետներից մեկն է:
Պետրոսյանի մասնագիտական գործունեությունը
սկսվել է 1961-ին. նա Քոռնելի համալսարանում դասախոսի օգնական էր, այնուհետև՝ 1962-67-ին, նույն համալսարանի գիտական ասիստենտ, 1967-ին՝ գիտաշխատող,
1967-69-ին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող, 1969-ին՝ Քեմբրիջի համալսարանի հրավիրյալ դասախոս, 1969-71-ին՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորի օգնական, 1971-ին՝ ԱՄՆ-ի Քիտ
Պիկի ազգային աստղադիտարանի խորհրդատու, 1972-79-ին՝ Սթենֆորդի համալսարանի դոցենտ և 1980-ից՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր: 1981-82-ին աշխատել է նաև Արչետրիում (Ֆլորենցիա, Իտալիա), ԱՄՆ- ի Ազգային օպտիկական աստղադիտարանում (NOAO,Թուսոն, Արիզոնա), Նորդիտայում (Կոպենհագեն, Դանիա), Մեդոնի աստղադիտարանում (Ֆրանսիա, 1989-90), ԱՄՆ-ի Տիեզերական դիտակի գիտական ինստիտուտում (1996), կրկին NOAO-ում (1998) և Բոխումի համալսարանի Առաջատար հետազոտությունների ինստիտուտում (Գերմանիա, 2000):
Պրոֆ. Պետրոսյանի գիտական հետաքրքրությունները տարածվում են տեսական (հիմնականում՝ բարձր էներգիաների) աստղաֆիզիկայի և տիեզերաբանության
երկու լայն ոլորտների վրա: Առաջինը ներառում է ոչ ջերմային մասնիկների արագացման, տեղափոխման և ճառագայթման հետազոտությունները, որոնք մշակվել են գլխավորապես արեգակնային բռնկումների և դրանց
ռենտգենյան ճառագայթման նկատմամբ կիրառության
համար: Այս աշխատանքները կիրառություն են գտել նաև
բազմաթիվ այլ աստղաֆիզիկական աղբյուրներում և
բարձր էներգիաներով աստղաֆիզիկական գործընթացներում՝ ներառյալ աստղային բռնկումները, աստղերի և ակտիվ գալակտիկաների սև խոռոչների ակրեցիոն սկավառակները, գամմա բռնկումները և գալակտիկաների
կույտերը: Նա հետաքրքիր արդյունքներ է ստացել նաև
նեյտրինային աստղաֆիզիկայի բնագավառում, հետազոտել իոնացված ջրածնային ամպերում ինֆրակարմիր
աղբյուրները: Վահե Պետրոսյանի տիեզերաբանության աշխատանքներն ուղղված են գալակտիկաների և քվազարների (և ընդհանրապես ակտիվ գալակտիկական միջուկների) էվոլյուցիային, գալակտիկաների կույտերում
պայծառ աղեղների ուսումնասիրությանը (որոնց համահայտնաբերողն է Ռ.Լինդս և Վ Ա.Պետրոսյան, «Պայծառ աղեղներ գալակտիկաների կույտերում»), գրավիտացիոն ոսպնյակներին, Տիեզերքի էվոլյուցիայի վաղ փուլին և տիեզերաբանական մոդելների կառուցմանը: Մեկ այլ ոլորտ է աստղագիտական տվյալների վերլուծությանը վերաբերող վիճակագրական եղանակների բնագավառը: Սթենֆորդի համալսարանի վիճակագրության
բաժնի աշխատակից Բ.Էֆրոնի հետ համատեղ կատարած այս աշխատանքը վերաբերում է ոչ լրիվ տվյալների հիման վրա աստղագիտական աղբյուրների բաշխման որոշման ոչ պարամետրական նոր եղանակների
մշակմանը:
Պրոֆ. Պետրոսյանը տարբեր թեմաներով հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդված՝ ներառյալ գամմա բռնկումները, քվազարներն ու ակտիվ գալակտիկական միջուկները, արեգակնային բռնկումները, վիճակագրական եղանակները և այլն: 1973-ից սկսած նա ղեկավարել է բակալավրական և մագիստրոսական ավելի քան 30 թեզ և ունեցել է 7 հետդոկտորական աշխատակից:
Պրոֆ. Պետրոսյանը Միջազգային աստղագիտական
միության (ՄԱՄ), Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության և Հայկական աստղագիտական
ընկերության (ՀԱԸ 2007-ից) անդամ է, ինչպես նաև Էտա
Կապպա Նյու և Տաու Բետա Պի (Eta Kappa Nu, and Tau
Beta Pi) գիտական ընկերությունների անդամ: (Վ.Պետրոսյանի գիտական ձեռքբերումների մասին մեծապես
օգտվել ենք Հայկական աստղագիտական ընկերության
կայքից):
Վահե Պետրոսյանը ակտիվորեն մասնակցում է տեղի հայ համայնքի աշխատանքներին և տևական ժամանակ է, որ ԱՄՆ-ի մեծահասակների վոլեյբոլի հավաքականի ավագն է:
Հաշվի առնելով Վահե Պետրոսյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան
2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան
անդամ:
Վահե Պետրոսյանը այսօր էլ իր նպաստն է բերում
աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործին և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար