Cover Image
Zavři tuto knihuԳրիգորյան Սամվել Սամվելի (1929-)
Zobraz dokumentՍ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Սամվել Սամվելի Գրիգորյանը ծնվել է 1929թ. մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղում: Նախնական կրթությունը Գրիգորյանը ստացել է Ղարաբաղի և Բաքվի մի շարք դպրոցներում. 1948թ. ոսկե մեդալով ավարտել է Բաքվի № 164 ռուսական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1953 թվականին, գերազանցությամբ:
Գրիգորյանի ընդհանուր կրթության վրա մեծապես ազդել են այդ ժամանակաշրջանի լավագույն գիտնականների դասախոսությունները. Կ.Ա.Կուլիկովի, ով դասավանդում էր աստղագիտություն, Ա.Գ.Կուրոշի՝ բարձրագույն մաթեմատիկա, Ս.Բ.Բախվալովի՝ վերլուծական երկրաչափություն, Ա.Խինչինի՝ մաթեմատիկական անալիզ, Լ.Ի.Սեդովի՝ հիդրոմեխանիկա, Մ.Վ. Կելդիշի հատուկ կուրսը և այլն: 1953թ.-ին նա ընդունվում է մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, գիտական ղեկավարն էր ակադեմիկոս Լ.Ի.Սեդովը: 1956 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ նա պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Բարակ մարմինների հիդրոդինամիկայի որոշ խնդիրներ» թեմայով և ստանում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
1956-1959թթ. նա աշխատում էր Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի հիդրոմեխանիկայի ամբիոնում, որպես կրտսեր գիտաշխատող: Իսկ 1958-59թթ.- ին համատեղության կարգով աշխատում էր նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում՝ որպես ակադեմիկոս Մ.Ա. Լավրենտևի օգնական:
Շուրջ երեք ամիս երիտասարդ գիտնական Սամվել Գրիգորյանը հանդես է եկել գերձայնային արագության աէրոդինամիկայի մասին դասախոսություններով և գիտական աշխատանքներ է կատարել Պեկինի համալսարանի հիդրո-աէրոդինամիկայի բաժնում: Այդ աշխատանքների համար 1960թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը նրան պարգևատրեց «Խորհրդա-չինական բարեկամության» մեդալով:
1959թ.-ին, երբ Մոսկվայի պետական համալսարանում բացվեց Մեխանիկայի ինստիտուտ, նա այդ հաստատությունում դարձավ ավագ գիտաշխատող, իսկ 1962թ-ից մինչև 1981թ. զբաղեցրեց այդ նույն ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը: 1965թ. Սամվել Գրիգորյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Բնահողերի մեխանիկայի վերաբերյալ ուսումնասիրություններ» թեմայով և ստացավ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:
Սամվել Գրիգորյանի ողջ գիտական կյանքը կապված է Մոսկվայի պետական համալսարանի հետ: 1981-1992թ. ինստիտուտի Մեխանիկայի բնական պրոցեսների բաժնի վարիչն էր, իսկ արդեն 1992-ից մինչև 2001թ.՝ ինստիտուտի տնօրենը: 2001թ.-ից ի վեր մեծանուն գիտնականը ինստիտուտի մեխանիկայի բնական պրոցեսների լաբորատորիայի վարիչն է: Նրա անմիջական ղեկավարությամբ 40 գիտնական ստացել են գիտությունների թեկնածուի և 10-ը՝ դոկտորի աստիճան՝ ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, բժշկագիտության, կենսաբանության, աշխարհագրական, երկրաբանական և հանքային ջրերի գիտության ոլորտներում:
Հաշվի առնելով Սամվել Գրիգորյանի երկար տարիների մանկավարժական աշխատանքը՝ 1968թ. նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում, իսկ 1997թ. նա դարձավ Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր:
Չթվարկելով Սամվել Գրիգորյանի գիտական բազմաթիվ արդյունքները, միայն նշենք, որ այդ արդյունքների հիման վրա նա հրատարակել է 300 գիտական աշխատանք, այդ թվում “Аэромеханика сверхзвукового обтекания тел вращения степенной формы” (1975), “Механика ледников” (1977), “Количественная теория геокриологического режима” (1978) և այլ մենագրություններ: Նա 70 գյուտի և արտոնագրի հեղինակ է:
Գիտության մեջ նրա ներդրումն ըստ արժանվույն գնահատվել է պետության կողմից. 1986թ. ԽՍՀՄ ԳԱ-ի կողմից Սամվել Գրիգորյանը ստացավ Ոսկե մեդալ և Մ.Ա. Լավրենտևի անվան մրցանակ, 1970թ. Ս.Ա. Չապլիգինի անվան մրցանակ, 1967թ. Մ.Վ.Լոմոնոսովի անվան մրցանակ ստորգետնյա պայթյունների խնդրի լուծման համար, 1985թ. արժանացավ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակին, 1991թ. ստացավ Ուկրաինայի պետական մրցանակը, 2004թ. Ս.Ն.Ֆեոդորովի անվան մրցանակը, 2000թ. արժանացավ «Գիտության և արվեստի ասպետի» կոչման և շքանշանի:
Սամվել Գրիգորյանը ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000), Աստղագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1972), Ռուսաստանի հրթիռների և հրետանու գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993), նա նաև այլ ակադեմիաների անդամ է:
Հաշվի առնելով Սամվել Գրիգորյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ ու բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2000թ. նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Սամվել Գրիգորյանը մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է, այդ թվում «Կիրառական մաթեմատիկա և մեխանիկա», «Կիրառական մեխանիկա և տեխնիկական ֆիզիկա» ամսագրերի: Նա ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային կոմիտեի, ինչպես նաև կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի Միջազգային ասոցիացիայի անդամ է:
1990-ական թվականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Սամվել Գրիգորյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, հիմնականում Ռուսաստանում հայկական սփյուռքի խնդիրներով: Նա Մոսկվայի Հայ համայնքի առաջին հիմնադիրն էր և ղեկավարը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի համահիմնադիրը և անդամը: Պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն «Արծաթե խաչ» շքանշանով: Իր ակտիվ գործունեության համար Մոսկվայի կառավարության կողմից պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյակի» շքանշանով:
Ս.Գրիգորյանը ճշմարիտ հայրենասեր է, պատրաստել է մի շարք գիտական կադրեր հայրենիքի համար, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Հայաստանում և Արցախում:
Սամվել Գրիգորյանը Մոսկվայի կառավարությանը կից միջազգային խորհրդակցական խորհրդի մշտական անդամ է: 1990-ական թվականների սկզբներին նա ընտրվել է պատգամավոր անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում:
Սամվել Գրիգորյանը 2010թ. ապրիլի 21-23-ին մասնակցեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկավ “О некоторых современных задачах астрофизики” ուշագրավ զեկույցով:
«Գիտություն» 2010, ապրիլ, № 4