Cover Image
close this bookԹամրազյան Հրանտ Սմբատի (1926-2001)
View the documentՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
close this folderՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentՀ. Ս. Թամրազյան աշխատությունների մատենագիտություն
View the documentԳրականություն Հ. Ս. Թամրազյան կյանքի և գործունեության մասին

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թ. սեպտեմբերի 26-ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում / ՀՀ Տավուշի մարզ /։
1943 թ. ավարտելով Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սովորելուն զուգընթաց աշխատելով ՀՍՍՌ Ռադիոկոմիտեում։
Հրանտ Թամրազյանը 1952 թ. ավարտում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ «Հայ գրականություն» մասնագիտացումով։ 1955 թ. ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես հայ գրականության դասախոս, հետո՝ նույն ամբիոնի դոցենտ։
1954 թվականից նա Հայաստանի Գրողների միության անդամ էր։ 1962 թ. «Շիրվանզադեի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Պրոֆեսորի կոչման է արժանացել 1964 թ.։
Պրոֆեսոր Հ. Թամրազյանը 21 տարի ղեկավարել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնը։
Կես դարից ավելի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանը եղել է հայ գրական կյանքի առաջին գծում և տիրական ազդեցություն է ունեցել գրականության ընթացքի վրա։
Ի սկզբանե գրականագետը հավասար հետաքրքրություն է ցուցաբերել հայ դասական գրականության նկատմամբ՝ անցյալի գրականության ուսումնասիրությունը դարձնելով ամուր հիմք՝ ժամանակակից գրական կյանքն իմաստավորելու համար։
Շիրվանզադեին նվիրված նրա առաջին աշխատությունը՝ «Շիրվանզադեի կյանքն ու գործը», Արսեն Տերտերյանի ուսումնասիրությունից հետո նոր խոսք էր գրականագիտության մեջ այդ ասպարեզում։ Հետագայում Հ. Թամրազյանի հետաքրքրությունները խորանալով ընդգրկեցին ողջ հայ գրականությունը՝ արևմտյանն ու արևելյանը, բոլոր դարաշրջանները. Խորենացուց մինչև Չարենց, մինչև Սփյուռքի գրողները՝ Հակոբ Ասատուրյանն ու Հակոբ Կարապենցը։
Պրոֆեսոր Թամրազյանի գիտական հարուստ ժառանգության մի մասը վերաբերում է հայ գրական մեծերից Թումանյանի, Չարենցի, Դեմիրճյանի, Տերյանի ստեղծագործությունների քննությանը։
Հրանտ Թամրազյանը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները քննում է լայն առնչությունների մեջ՝ շեշտելով Թումանյանի հոգևոր հարազատությունը հայոց միջնադարյան ավանդների, մասնավորապես Գրիգոր Նարեկացու հետ։
Բացահայտելով Թումանյանի էպիզմի առանձնահատկությունը՝ ընդգծում է, որ այն չի սահմանափակվում պատմողականությամբ կամ արտաքին աշխարհի օբյեկտիվ նկարագրությամբ, ինչը էպիզմի պարզունակ ըմբռնումն է։ Գրականագետը ցույց է տալիս, որ Թումանյանն առանց հեղինակային նվազագույն միջամտության շարժման մեջ է դնում ողջ տիեզերքը, ուր ամեն մի իր, առարկա, մարդ ու կենդանի գործում է ինքնուրույն, ապրում է սեփական կյանքով, իր բնական միջավայրում՝ հարազատ իր էությանը. «... Հենց այդ էպիկականի հատկանիշի շնորհիվ էլ Թումանյանի միասնական աշխարհում ամեն մի արարած ունի իր ձայնը, իր բախտն ու մտածմունքը, իր վարքն ու բնավորությունը»։
Հրանտ Թամրազյանը Թումանյանի մեծությունը բնութագրող ընդհանրացում է անում. «Ընդհանուր առմամբ ՝ հենց Թումանյանը կարողացավ ազատագրվել կենցաղի կապանքներից, բարձրանալ ստորոտից դեպի բարձունք, այսինքն՝ մտավ գեղարվեստական ընդհանրացումների ոլորտը՝ իմաստավորելով մարդկային հարաբերությունները, բացահայտելով հոգու գաղտնիքները, հայտնագործելով կերպարների բնական ու հուզական աշխարհը»։
Ակադեմիկոս Թամրազյանը ընթերցողին տանում և հաղորդակից է դարձնում հայ պոեզիայի կեսդարյա ուղու ներքին խմորումներին, ստեղծագործական որոնումներին, հայ գրականությանը տևական փառք բերող բանաստեղծական հաղթանակների պատմությանը, սքանչանում Թումանյան, Տերյան , Չարեց լուսավոր անունների պոեզիայի առանձնահատկությունների բացահայտումներով, համոզվում, որ նրանցից մեկի բացակայությունը անկատար կարող էր դարձնել հայ պոեզիան՝ նվազեցնելով և՛ նրա կենսունակությունը, և՛ ստեղծագործական ոգու թռիչքը։
Թումանյան-Տերյան-Չարենց բանաստեղծական շղթան պրոֆեսոր Թամրազյանի ուսումնասիրություններում ի հայտ է գալիս ժառանգական կապերով, ստացած և թողած ավանդներով, ստեղծագործական առնչություններով։
Եղիշե Չարենց Մարդը, Բանաստրղծը, Արվեստագետը շուրջ քսան տարի զբաղեցրել է Հ. Թամրազյանի միտքը՝ դառնալով գրականագետի վերլուծության ու գնահատանքի նյութը. Նա իր կյանքի վերջին քառորդ դարն ապրել է Չարենցով՝ բնավ չնվազեցնելով հայ մյուս մեծերի նկատմամբ ունեցած գիտական հետաքրքրությունը։
Չարենցի վերականգնումից հետո, երբ նրա անունն սկսեց նորից շռնդալից հնչել, նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր, ուսումնասիրություններ, մենագրություններ, հոդվածներ։
Թամրազյանն իր առջև խնդիր է դրել, ինչպես ինքն է նշում. «... ընտրել Չարենցի կյանքի և ստեղծագործության նշանակալից և շիկացած կետերը, կյանքի կարևոր դրվագները, առավել ուժեղ և ազդեցիկ երկերը, որոնք նոր սկիզբ են դարձել մայրենի գրականության զարգացման ճանապարհին և ազդել նաև հասարակական մտքի շարժման ընթացքի վրա»։
Անդրադառնալով բանաստեղծի ստեղծագործական թռիչքի բարձրակետերին՝ Թամրազյանն ստեղծել է Չարենցի աշխարհայացքային , ստեղծագործական զարգացումների ամբողջ զիգզագները, անցման փուլերն արտահայտող, տրամաբանական ճիշտ կառուցվածք ունեցող ամբողջական գրականագիտական աշխատություններ։ Չարենցին նվիրված երկերում Թամրազյանը հատուկ ուշադրություն է դարձնում Չարենցի անհատականության ձևավորմանը։ Քայլ առ քայլ հետևելով Չարենցի ստեղծագործական ուղու «շիկացած» կետերին՝ Թամրազյանը նկատում և առանձնացնում է մի հատկանշական գիծ, մի նրբերանգ , որն ընդգծում է բանաստեղծի յուրահատկությունը և նրա բերած նպաստը հայ պոեզիային։ Գրականագետը իր ասելիքը հաճախ հիմնավորում է զուգահեռների միջոցով, զուգահեռներ ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող գրողների, մասնավորապես Ապոլիների հետ։
Չարենցին նվիրված ուսումնասիրությունների «շիկացած» կետերից են «Երկիր Նաիրի» վեպի և «Խմբապետ Շավարշը» պոեմի վերլուծությունները, ինչն ապացույցն է Հ. Թամրազյանի՝ ազգային ճակատագրի նկատմամբ զգայուն վերաբերմունքի, իսկ Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի և Չարենցի «պոեմանման վեպի» նույնանունությունն արդեն իսկ նրանց միջև զուգահեռ անցկացնելու պահանջ է առաջացնում՝ դրդելով խոսել նրանց առնչությունների և հակասությունների մասին։
Հ. Թամրազյանը հստակորեն սահմանագծում է այն ավանդները, որ Չարենցը ժառանգել է իր նախորդից՝ Տերյանից ու նաև այն լիցքը, որ վեպում, թաքուն թե բացահայտ, ուղղված է Տերյանի դեմ։ Չարենցը Տերյանից ժառանգել է «Հոգևոր Հայաստանի գաղափարը», քանի որ «Երկիր Նաիրի» ձևակերպումն ունի նախ և առաջ հոգևոր, և ոչ ֆիզիկական, նյութական ու տարածքային իմաստ։ Նաիրի երկիրը հենց Տերյանի շնորհիվ է մեր գիտակցության մեջ Հայաստան աշխարհի հոգևոր տարբերակը դարձել։ Եվ, վերլուծելով Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը, Թամրազյանը եզրակացնում է. «Վահան Տերյանը իր հետնորդին՝ Չարենցին , թողնում է երկու ավանդ՝ հոգևոր Հայաստանը և հայրենասիրության մակերեսային ըմբռնումների ու քաղաքականության քննադատությունը, վերլուծման սթափ հայացքը ։ Ուրեմն՝ անվիճելի էր նախորդից զատվելու ճամփաբաժանի խնդիրը, որից էլ ծնվում են բարդություններ, արգելքներ, և ծագում է հոգևոր պայքարի անհրաժեշտությունը» , - գրում է Թամրազյանը։ Թամրազյանի բնորոշմամբ՝ «Չարենցը Տերյանի աշխարհն է մտնում «մռայլ ծիծաղով», պսակազերծում է երազից, ցավից , լուսե պատրանքներից հյուսած բանաստեղծական մթնոլորտը», նա ցույց է տալիս Նաիրյան երկրի մյուս երեսը։ Վեպի գաղափարական շեշտադրման և կերպավորման մեջ շարունակվում է Չարենցի վեճը Տերյանի հետ։ Դա հատկապես վերաբերում է Մազութի Համոյի կերպարին, որի ճառերը «ոճավորվում են Տերյանի բանաստեղծական խոսքերով»։ «Չարենցը հենց այս լեզվագարությունն ու անհիմն ոգևորությունն է երգիծում», - գրում է Թամրազյանը։
Պատմական այս հանգամանքների լույսի տակ է գրականագետը քննում խմբապետ Շավարշի վարքագիծը և պոեմն ամբողջությամբ։ Թամրազյանն իրավացիորեն վերանայում է պոեմի երգիծական անվանումը՝ այն համարելով հոգեբանական պոեմ։ Նա «Խմբապետ Շավարշը» համեմատում է «Դեպի լյառն Մասիս» պոեմի հետ։ Երկու պոեմների ծնունդն էլ մի գիշերվա հոգեկան ապրումների միջոցով ստեղծված մի ամբողջ կյանքի պատմություն է։ Թամրազյանը քայլ առ քայլ հետևում է գրական հերոսի /Շավարշի/ հոգեկան վայրիվերումներին, ցույց է տալիս դրանց ակունքները, կերպարի բնավորության և վարքագծի լույսն ու ստվերը։
«Խմբապետ Շավարշի» քննությունը չարենցագիտության նվաճումներից է, որի նշանակությունը չի նվազել ցայսօր։ Այն նաև պրոֆեսոր Թամրազյանի գրականագիտական ժառանգության առավել արժեքավոր էջերից է։
Դժվար է մեկ առ մեկ անդրադառնալ Հրանտ Թամրազյան գրականագետի ու քննադատի ծանրակշիռ վաստակը կազմող բոլոր ստեղծագործություններին, այն ամենին, որ վերլուծությունն են մեր նոր ու ժամանակակից գրականության նշանավոր երևույթների՝ կապված Դուրյանի ու Թումանյանի, Իսահակյանի ու Վարուժանի, Տերյանի ու Բակունցի և շատ ուրիշ հեղինակների կյանքի ու ստեղծագործության հետ՝ այդ ամենին անդրադառնալով նորովի, աշխատելով հաղթահարել սովորության և ավանդույթի ուժը, գրական երևույթներին նայել արվեստի ըմբռնման սեփական տեսանկյունից, առաջնորդվել սեփական զգացողություններով, որոնք միշտ եղել են առողջ, սթափ, հետևաբար՝ անվրեպ։
1953 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀԽՍՀ Պետական մրցանակի, Հայաստանի ԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, 1996 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Հրանտ Սմբատի Թամրազյանը նաև Ուսուցիչ էր, գիտնական-մանկավարժ, ինչպես ռուս քննադատ Ալեքսանդր Գոռլովսկին է նկատել. «...Հրանտ Թամրազյանը իր հոգեկան խառնվածքով արվեստագետ է»։ Թամրազյանը արվեստի բարձրագույն չափանիշներով էր առաջնորդվում՝ քննելով հայ միջնադարյան, արևմտահայ ու արևելահայ, ժամանակակից բանաստեղծների գործերը, չխնայելով ճշմարիտ քննադատական խոսքը, ստույգ նկատառումները հանուն կատարյալ գրականության բարձր մակարդակի ապահովման։
Կյանքում և աշխատանքում նա ազնիվ ընկեր էր, լավ խորհրդատու, անշահախնդիր սատարող, բարձր և յուրօրինակ մտավորական։